«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 24

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Հակոբ Հակոբյան
Էջեր ֆիզիկայի ապագա դասագրքից (Ֆունկցիա)

Դավիթ Մինասյան
«Ինչ է HTML-ը»

Մեթոդական մշակումներ

Յուրա Գանջալյան
«Լեզվական խաղեր»

Ժաննա Հակոբյան, Գայանե Յազիչյան
Методическая разработка к уроку-обсуждению на тему “Как мы общаемся”

Դպրոցականների վատ առաջադիմության մեղավորը եղանակն է

Ուսումնական նյութեր

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Թամեռլան Թադտաև
«Խաղաղության ծխամորճը»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

Անահիտ Պողոսյան
Կարինե Բաշխյան
«Խնդրահարույց ուսուցում. մաթեմատիկա»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սարգիս Գալոյան
«Շվեդիայի հանրակրթական համակարգը»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հեղինակային մանկավարժության հոկտեմբերյան բաց փորձաքննությունից

Սարգիս Գալոյան
««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը 20-ամյակի շեմին»

Մերի Գրիգորյան
«Կարևոր է, որ երեխայի գործունեությունն իրականությունից բխի»

Նաիրա Դալուզյան
«Չդանդաղեցնենք երեխայի զարգացման ընթացքը»

Սոնա Ազարյան
Արդյունավետ օտար լեզու

Սուսան Դավթյան
«5–6 տարեկան երեխաների ուսուցումը»

Հայկանուշ Գևորգյան
«Երեխայի նախապատրաստումը դպրոցին»

Մարինե Պետրոսյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի առաջին դասարանցու աճի բնութագիր

Մարինե Մարտիրոսյան, Լուսինե Վարդանյան
Երկարացված օրվա ծրագիր

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»


ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)


ԱՐՁԱԳԱՆՔ


Մարիա Մոնտեսորի

Երեխայի տունը

սկիզբը

Կարգապահությունն ազատության մեջ է. սա վեհ սկզբունք է, որը հասկանալը ավանդական դպրոցական մեթոդների կողմնակիցների համար դժվար է: Ազատ երեխաների դասարանում ինչպե՞ս հասնենք կարգապահության: Հասկանալի է, որ մեր համակարգում կարգապահության ըմբռնումը բոլորովին տարբեր է ընդունված հասկացությունից: Քանի որ կարգապահությունը հիմնված է ազատության վրա, ուրեմն հենց ինքը` կարգապահությունն էլ անպայման պիտի գործուն, ակտիվ լինի: Սովորաբար անհատին կարգապահ են համարում այն պահից, երբ նա խուլի նման լռակյաց և անդամալույծի նման անշարժ է դառնում: Բայց դա արդեն ոչնչացված անհատ է և ոչ թե կարգապահ: Մենք մարդուն կարգապահ ենք անվանում, երբ նա տիրապեում է ինքն իրեն և կարողանում է համապատասխանեցնել իր վարքը կենցաղային այս կամ այն կանոնին հետևելու անհրաժեշտությանը:

Ակտիվ կարգապահության նման ըմբռնումը հեշտ չէ գիտակցել և յուրացնել, բայց դա իր մեջ անշարժության անպայման և առարկություն չհանդուրժող պահանջից միանգամայն տարբերվող դաստիարակչական վեհ սկզբունք է ներառում: Երեխային նման կարգապահության պայմաններում պահել որոշած ուսուցչուհին պետք է հատուկ տեխնիկայի տիրապետի, եթե ցանկանում է հեշտացնել այդ ճանապարհը նրա ողջ կյանքի համար, ցանկանում է նրան իր գլխի տերը դարձնել: Քանի որ մեզ մոտ երեխան սովորում է շարժվել, ոչ թե անշարժ նստել, ապա նա պատրաստվում է ոչ թե դպրոցին, այլ կյանքին. սովորույթի և վարժանքի շնորհիվ սովորում է հեշտությամբ և ճշտորեն կատարել սոցիալական կյանքի պարզ գործողությունները: Կարգապահությունը, որին վարժեցնում ենք երեխային, իր բնույթով դպրոցական միջավայրով չի սահմանափակվում, այլ տարածվում է սոցիալական միջավայրի վրա:

Երեխայի ազատությանը միայն կոլեկտիվի հետաքրքրությունը պետք է սահման դնի, իսկ դրա ձևն այն է, ինչ մենք դաստիարակվածություն ենք անվանում: Հետևապես երեխայի մեջ պիտի ճնշենք այն ամենը, ինչը վիրավորում է կամ տհաճ է մյուսներին, կամ այն, ինչը կոպիտ կամ անհարգալից արարքի բնույթ ունի: Իսկ մնացածը, օգտակար նպատակ ունեցող ամեն մի երևույթ, ինչպիսին որ լինի կամ ինչ ձևով էլ որ արտահայտվի, ոչ միայն պիտի թույլատրելի լինի, այլև դաստիարակի համար պիտի դիտարկման առարկա դառնա: Սա միանգամայն էական հարց է. իր գիտական պատրաստության ժամանակ ուսուցչուհին պիտի բնության երևույթները զննելու ոչ միայն կարողություն, այլև ցանկություն ձեռք բերի:

Մեր համակարգի համաձայն նա ավելի շուտ կրավորական, քան գործուն ազդեցություն պիտի ունենա, և նրա այդ կրավորականությունը պիտի հիմնվի լարված հետաքրքրասիրության և անվերապահ հարգանքի վրա այն երևույթների նկատմամբ, որ պատրաստվում է զննել: Ուսուցիչը պիտի ընկալի և զգա դիտարկողի իր վիճակը. իսկ ակտիվությունը պիտի դիտարկվող երևույթի մեջ լինի: Ահա թե ինչպիսի սկզբունքներով պիտի ղեկավարվեն իրենց կյանքի առաջին հոգեբանական դրսևորումները հայտնաբերող փոքր երեխաների դպրոցները: Մենք չենք էլ կարող կանխատեսել այն հետևանքները, որ կարող է ունենալ երեխայի անմիջական, ինքնակազմակերպվող գործունեության ճնշումը այն ժամանակ, երբ նա նոր-նոր սկսում է գործունություն ցուցաբերել. գուցե հենց կյանքն ենք ճնշում: Այդ նուրբ հասակում մարդկայնությունն արտահայտվում է իր հոգևոր ողջ փայլով, ինչպես արևն է լուսաբացին ցուցադրում իր ողջ էությունը, իսկ ծաղիկը` իր առաջին ծաղկաթերթիկը բացելիս:

Անհատականության այդ առաջին դրսևորումները պետք է հավատով, երկյուղածորեն հարգենք: Նպատակահարմար է դաստիարակչական այն մեթոդը միայն, որը նպաստում է կյանքի լիարժեք դրսևորմանը: Իսկ դրա համար անհրաժեշտ է չխոչընդոտել ինքնաբուխ շարժումները և ոչ թե կամայական խնդիրներ պարտադրել: Հասկանալի է, որ այստեղ նկատի չունենք անօգուտ կամ վնասակար արարքները, որոնք պետք է ոչնչացնել, ճնշել... Գիտական դիտարկումների չպատրաստված ուսուցիչների կողմից այս մեթոդի յուրացումը միայն տեսական և գործնական հետևողական պարապմունքների միջոցով է հնարավոր. հատկապես դա անհրաժեշտ է նրանց, ովքեր սովորական դպրոցների հին, դաժան մեթոդներին են վարժվել: Իմ դպրոցի ուսուցչուհիներին իմ դպրոցներում աշխատելուն նախապատրաստելու իմ փորձը ցույց տվեց, թե հին մեթոդները որքան հեռու են նորերից: Նույնիսկ հիմնական սկզբունքը յուրացրած մտավորական ուսուցչուհին մեծ դժվարությամբ է այն կիրառում:

Նա չի կարողանում տոգորվել այն գիտակցությամբ, որ իր նոր դերը միայն արտաքուստ է կրավորական, ինչպես աստղագետի աշխատանքը, որը անշարժ նստած է աստղադիտակի մոտ, մինչդեռ տարածության մեջ աշխարհներ են պտտվում: Կյանքն իր հունով ընթանում է, և այն ուսումնասիրելու, նրա գաղտնիքները գուշակելու կամ նրա գործունեությունն ուղղորդելու համար անհրաժեշտ է այն դիտարկել և հասկանալ` առանց խառնվելու. այս գաղափարը, ասում եմ ձեզ, շատ դժվար է յուրացնել և գործնականում կիրառել: Ուսուցչուհուն շատ երկար ժամանակ սովորեցրել են միակ ակտիվ, ազատ գործող անձը լինել դպրոցում, չափազանց երկար ժամանակ նրա խնդիրն այն է եղել, որ երեխաների ցանկացած ակտիվություն ճնշի: Երբ «Մանկան տանն» աշխատելու առաջին օրերին նրան չի հաջողվում լռություն և կարգ ու կանոն հաստատել, նա շփոթված շուրջն է նայում, կարծես հասարակությանը խնդրում է ներել իրեն և վկայել, որ ինքը մեղավոր չէ: Մենք նրան իզուր ենք համոզում, որ առաջին պահերին անկարգությունն անխուսափելի է: Եվ, վերջապես, երբ նրան ստիպում ենք ոչինչ չանել, այլ միայն դիտարկել, հարցնում է` ավելի լավ չի՞ լինի՝ ինքը թողնի գնա, թե չէ էլ ի՞նչ ուսուցչուհի է: Վերջապես հասկանալով, որ իր պարտականությունը տարբերելն է՝ ո՛ր արարքներն են ենթակա արգելելու, որոնք՝ միայն դիտարկելու, հին դպրոցի ուսուցչուհին հոգում խորը դատարկություն է զգում և սկսում է տանջվել կասկածներից` արդյո՞ք այս նոր գործը իր ուժի բանն է:

Եվ իրոք, անպատրաստ ուսուցչուհին դեռ երկար ժամանակ մոլորված է զգում, տարակուսած. և որքան ընդարձակ է ուսուցչուհու գիտական պատրաստվածությունը, որքան շատ է նա տեղյակ փորձարարական հոգեբանությանը, այնքան նրա համար արագ է բացահայտվում ծավալվող կյանքի հրաշքը, և նրա նկատմամբ հետաքրքրություն է արթնանում: Նոտարիսն իր «Իմ քեռին միլիոնատեր է» (ժամանակակից բարքերին վերաբերող սատիրա) վեպում իրեն հատուկ կենդանի ոճով վրձնել է կարգապահության հին մեթոդների վառ պատկերը: «Քեռին»՝ դեռ երեխա, այնքան անկարգ բաներ է արել, որ իրար է խառնել ողջ քաղաքը, և հուսահատ հարազատները նրան «բանտարկել» են դպրոցում: Այստեղ «Ֆուֆուն», նրան այդպես էին կոչում, առաջին անգամ բարի լինելու ցանկություն է ունենում և շատ է հուզվում, երբ իմանում է, որ իր գեղեցկուհի հարևանուհին` փոքրիկ Ֆուֆետան, սոված է և նախաճաշ չունի: «Նա նայեց շուրջը, նայեց Ֆուֆետային, վերցրեց իր նախաճաշի զամբյուղը և առանց մի բառ ասելու՝ դրեց նրա ծնկներին: ...Հետո հեռու վազեց աղջկանից և, ինքն էլ չիմանալով ինչու, վշտացավ և աչքերը արցունքով լցվեցին: «Քեռին» ինքն իրեն չէր կարող բացատրել այս անսպասելի հուզմունքի պատճառը: Նա առաջին անգամ էր տեսնում տխուր արցունքներով լցված երկու բարի աչքեր, առաջին անգամ էր հուզմունք զգում, և միևնույն ժամանակ նրան խոր ամոթ էր պատել, ամոթ, որ կարող է քաղցը հագեցնել մեկի մոտ, որն ուտելու բան չունի: Չիմանալով` ինչպես արտահայտել իր սրտի հուզումը, ինչ ասել աղջկան, որ ընդունի իր զոհաբերությունը` իր զամբյուղը, ինչ պատրվակով բացատրի իր զոհաբերությունը, նա տրվել էր իր փոքրիկ հոգու առաջին խորը պոռթկումին: Ֆուֆետան լիակատար շփոթմունքի մեջ վազեց նրա մոտ: Քնքույշ-քնքույշ հեռացրեց ձեռքը, որով նա ծածկել էր դեմքը: «Լաց մի՛ լինիր, Ֆուֆու,- ցածր, խնդրագին ասաց նա»: Կարելի էր կարծել, թե նա իր սիրելի տիկնիկին է դիմում, այնքան հոգի, այնքան մայրական քնքշանք կար այդ խոժոռ կերպարի կողմը թեքված նրա դեմքին: Հետո աղջիկը համբուրեց նրան, և իմ քեռին, հանձնվելով իր սիրտը լցրած զգացմունքներին, գրկեց նրա պարանոցը և լուռ, արցունքների միջից համբուրեց նրան:

Վերջապես, խորը հոգոց հանելով, նա դեմքից և աչքերից սրբեց իր հուզմունքի թաց հետքերը և կրկին ժպտաց... Կտրուկ ձայնը բակի մյուս կողմից լսվեց. «Հեյ, դուք, երկո՛ւսդ: Արագ գնացեք ձեր սենյակները»: Տեսուչն էր: Նա ջերմ սրտի առաջին պոռթկումը խեղդեց նույն կույր դաժանությամբ, որով կգործեր երկու կռվող երեխաների բաժանելիս: Դպրոց վերադառնալու ժամանակն էր, և երեխաները պարտավոր էին վերադառնալ»: «Մանկան տանը» իմ գործնական աշխատանքի առաջին օրերին այդպես էին վարվում նաև իմ ուսուցչուհիները: Նրանք համարյա մեքենայորեն երեխաներին պահում էին անշարժ վիճակում` առանց նայելու և տարբերելու այն դրսևորումների բնույթը, որ կանխում էին: Այսպես, օրինակ` մի փոքրիկ աղջիկ, ընկերներին շուրջը հավաքած և ինքը կենտրոնում կանգնած, կտրուկ շարժումներով ինչ-որ բան էր ասում: Նույն պահին ուսուցչուհին վազեց նրա մոտ, բռնեց նրա ձեռքերը և հրամայեց լռել: Բայց հետևելով երեխային` ես նկատել էի, որ նա «ուսուցչուհի» կամ «մայրիկ» է խաղում մյուս երեխաների հետ, որոնց աղոթել էր սովորեցնում, խաչակնքել և այլն. արդեն նրա մեջ ղեկավարն էր արթնացել: Մի այլ, ճիշտ է, անկանոն ու աննպատակ շարժումներ կատարող և ոչ նորմալ համարվող, երեխա մի գեղեցիկ օր լրջորեն մտահոգված դեմքով սկսեց սեղանները տեղափոխել: Նրան հենց նույն պահին արգելեցին, քանի որ նա չափից շատ աղմուկ էր անում:

Ընդ որում, երեխայի մեջ դա կոորդինացված և օգտակար նպատակի ուղղված գործողությունների առաջին դրսևորումն էր, և, հետևաբար, նրա այդ արարքը պետք է հարգվեր: Այդ օրվանից երեխան ավելի հանգիստ դարձավ և գոհ էր լինում, ինչպես և մյուսները, երբ իրեն փոքր առարկաներ էին տալիս, որոնք կարող էր վերադասավորել կամ շարել իր սեղանին: Հաճախ էր պատահում, որ երբ տնօրենը տուփերի մեջ էր դնում այն նյութերը, որոնք ինքն էր օգտագործում, նրան երեխա էր մոտենում և հավաքում առարկաները` ուսուցչուհուն ընդօրինակելու բացահայտ միտումով: Առաջին շարժումը լինում էր երեխային հեռացնելը. «Թող, տեղդ գնա»:

Սակայն այդ գործողությամբ երեխան ծառայություն մատուցելու ցանկություն էր դրսևորում, և ուրեմն նրան կարգապահության դաս տալու ճիշտ ժամանակն էր: Մի անգամ երեխաները ծիծաղելով և շաղակրատելով հավաքվեցին ջրով լի թասի շուրջը, որի մեջ մի քանի խաղալիք էր լողում: Մեր դպրոցում մի տղա կար` ընդամենը երկուս ու կես տարեկան: Նրան շրջանից դուրս էին թողել, հեշտ էր տեսնելը, որ հետաքրքրասիրությունից վառվում է: Հեռվից ուշադիր հետևում էի նրան. սկզբում մոտեցավ երեխաներին ու, փորձեց խցկվել նրանց մեջ, բայց ուժը չպատեց, և նա սկսեց կողքերը նայել: Նրա դեմքի արտահայտությունն անսովոր հետաքրքիր էր: Ափսոսում եմ, որ այդ պահին ֆոտոխցիկ չունեի: Նրա հայացքն ընկավ մի փոքրիկ աթոռի, և երևի որոշեց դա մոտեցնել երեխաների խմբին ու հետո մագլցել դրա վրա: Փայլուն աչքերով նա մոտենում էր աթոռին, բայց այդ պահին ուսուցչուհին կոպտորեն (ինքը երևի կասեր` քնքշորեն) գրկեց նրան և, բարձրացնելով մյուս երեխաների գլուխներից վեր, ցույց տվեց ջրով թասը՝ ասելով. «Ահա, փոքրի՛կս, դու էլ նայիր»: Անկասկած երեխան, տեսնելով ջրում լողացող խաղալիքները, չզգաց այն բերկրանքը, ինչ պիտի որ զգար՝ դժվարություններն ինքնուրույն հաղթահարելով: Ցանկալի տեսարանը նրան օգուտ տալ չկարողացավ, մինչդեռ գիտակցված փորձը նրա հոգևոր ուժերը կզարգացներ: Այս դեպքում ուսուցչուհին խանգարեց երեխային դաստիարակել ինքն իրեն` փոխարենը նրան ոչ մի օգուտ չտալով: Մանչուկն իրեն արդեն հաղթող էր զգում, և հանկարծ անզոր զգաց իրեն կաշկանդող ձեռքերի մեջ:

Երեխայի դեմքի ուրախության, տագնապի, հույսի՝ ինձ այնպես հետաքրքրած արտահայտությունը փոխվեց բութ արտահայտության, որը հատուկ է երեխային, որ գիտի, որ իր փոխարեն կանեն ուրիշները: Իմ դիտողություններից հոգնելով՝ ուսուցչուհիները երեխաներին միանգամայն ազատ թողեցին: Երեխաները կոշիկներով բարձրանում էին աթոռներին, մատներով քչփորում էին քթերը, և նրանց ուղղելու համար ոչ մի քայլ չէր արվում: Ուրիշները հրում էին ընկերներին, և այդ երեխաների հայացքներում ես չարության արտահայտություն էի նկատում. իսկ ուսուցուհին այդ ամենի վրա բոլորովին ուշադրություն չէր դարձնում: Այդ ժամանակ միջամտեցի և ցույց տվեցի, թե ինչ անվերապահ խստությամբ պետք է կանխել և ճնշել այն արարքները, որոնք չի կարելի անել, որպեսզի երեխան չարն ու բարին կարողանա հստակ տարբերել:

Ահա կարգապահության ելակետը, և դրա հիմքը պետք է դրվի հենց այս ճանապարհով: Այս առաջին օրերը ամենադժվարն են ուսուցչուհու համար: Առաջին բանը, որ ակտիվ կարգապահություն մշակելու համար պետք է յուրացնի երեխան, չարն և բարին տարբերելն է: Դաստիարակի խնդիրը հետևելն է, որ երեխան բարին՝ անշարժության, չարը ակտիվության հետ չշփոթի, որը հին կարգապահության սովորական մեղքն է: Եվ դա այն պատճառով, որ ձեր խնդիրը կարգապահության ապահովումն է գործունեության, աշխատանքի համար, բարիքի համար, ոչ թե անշարժության, կրավորականության ու ենթակայության:

Ինձ բարձր կարգապահության դասարան է թվում այն սենյակը, որտեղ երեխաները, կոպիտ ու կտրուկ արարքներ չգործելով, նպատակաուղղված, մտածված և ինքնակամ շարժվում են: Երեխաներին շարքերով նստեցնել, ինչպես դա արվում է սովորական դպրոցներում, ամեն երեխային իր հատուկ տեղը հատկացնել և սպասել, որ դասարանի կարգ ու կանոնին հետևելով՝ նրանք ուղիղ ու անձայն նստեն, ինչպես ժողովների ժամանակ. ավելի ուշ` կոլեկտիվ դաստիարակության նախնական փուլի ժամանակ, կարելի է հասնել այս ամենին: Եվ կյանքում երբեմն ստիպված ենք լինում լուռ ու զգաստ նստել, օրինակ համերգների կամ դասախոսությունների ժամանակ: Բայց մեզ` մեծերիս համար էլ դա դժվար է և ջանքեր է պահանջում: Եթե, անհատական կարգապահությունը մշակելով, կարողանանք երեխաներին կարգով նստեցնել և նրանց հասկացնել, որ այդպես նրանց դիտելն ավելի հաճելի է, որ կարգով նստելը լավ բան է, որ նրանց հանգիստ և ճիշտ դիրքը դասարանին հարմար և տոնական տեսք է տալիս, այդ դեպքում տեղերում զգաստ ու լուռ նստելը յուրօրինակ դասի արդյունք կլինի, այլ ոչ թե հրամանի: Շատ կարևոր է նրանց ներշնչել այդ միտքը, նրանց յուրացնել տալ կոլեկտիվ կարգապահության սկզբունքը` առանց դրա վրա առանձնապես կենտրոնացնելու նրանց ուշադրությունը: Եվ երբ այդ միտքը հասկանալով` նրանք կանգնում են, խոսում, տեղից տեղ փոխվում, ապա դա արդեն ոչ թե անիմաստ կամ անգիտորեն են անում, այլ այն պատճառով, որ ուզում են կանգնել, խոսել և այլն, այսինքն` կարգից և հանգստի վիճակից դուրս են գալիս լիովին գիտակցելով, այս կամ այն կամավոր գործունեությամբ զբաղվելու նպատակով. իմանալով, որ կան արգելված արարքներ՝ նրանք բարին և չարը հիշելու և տարբերելու նոր ազդակ են ստանում:

Ժամանակի ընթացքում երեխաների շարժումները կարգի վիճակից դուրս գալիս ավելի կոորդինացված ու կատարյալ են դառնում. նրանք սովորում են կշռադատել իրենց գործողությունները: Այն բանից հետո, երբ երեխաները յուրացնում են կարգապահության գաղափարը, ուսուցչուհու սեղանի գիրքը պիտի լինի այն դիտարկումը, թե ինչպես են նրանք նախկին անհամաչափ շարժումներից անցնում կուռ և ինքնակառավարվող շարժումների: Այդ շարժումների զարգացման դիտարկման գիրքը: Այդ գիրքը պիտի ոգևորի նրա գործողությունները. դա միակ գիրքն է, որ նա անընդհատ պիտի կարդա ու վերընթերցի, եթե ուզում է իսկական դաստիարակ դառնալ:

Երեխան այդ տիպի վարժություններով ակնհայտորեն իր՝ սկզբում անգիտակից և անկարգ շարժումներով խճողված նախասիրությունների ընտրություն է անում: Հիանալի է, թե դրա հետ ի՛նչ հստակ են բացահայտվում անհատական տարբերությունները. երեխան գիտակցաբար և ազատորեն բացվում է մեր առջև: Կան իրենց տեղում հանգիստ, անտարբեր կամ քնկոտ նստած մանչուկներ. մյուսները վեր են կենում տեղերից, վիճում, կռվում են փայտի կտորներ ու խաղալիքներ շպրտում. երրորդները միանգամայն որոշակի և վճռական մտահղացումների իրականացմամբ են զբաղվում՝ աթոռն անկյուն են քաշում և նստում դրա վրա կամ ազատ սեղանը տեղափոխում և վրան շարում այն խաղը, որն ուզում են խաղալ:

Երեխայի ազատության մեր գաղափարը ազատության այն պարզ ըմբռնումը չէ, որ ստանում ենք բույսերի, միջատների և այլն, պարզ դիտումներից: Իրեն բնորոշ անօգնականության (դրանով ծնվում է), սոցալական էակ լինելու պատճառով երեխան իր ակտիվությունը սահմանափակող կապանքներով է կապկպված: Հիմքում ազատություն մեթոդն ունեցող դաստիարակությունը պետք է հեշտացնի երեխայի պայքարն այդ բազմազան արգելքների դեմ: Այլ կերպ ասած` դաստիարակությունը երեխային պետք է օգնի հնարավորինս թուլացնելու իր ակտիվությունը սահմանափակող սոցիալական կապանքները:

Եվ ըստ նրա, թե ինչպես է երեխան մեծանում է այդպիսի միջավայրում, նրա անմիջականության դրսևորումներն ավելի հստակ են դառնում և ավելի ակնհայտ դարձնում նրա բնույթը: Բոլոր այդ պատճառներով մանկավարժական միջամտության առաջին քայլերը պետք ուղղված լինեն երեխայի մեջ ինքնուրույնության զարգացմանը:

Ինքնուրույնություն

Մարդը չի կարող ազատ լինել, եթե ինքնուրույն չէ: Այդ պատճառով երեխայի անհատական ազատության առաջին դրսևորումները պետք է ուղղվեն նրան, որ այդ ակտիվությամբ նրա ինքնուրույնությունը մշակվի:

Փոքր երեխաները կրծքից կտրվելուն պես սկսում են ինքնուրույնություն պահանջել: Ի՞նչ է նշանակում կրծքից կտրված երեխա: Ըստ էության դա մոր կրծքից անկախացած երեխան է: Կերակրի այդ միակ աղբյուրի փոխարեն այժմ նա տարբեր տեսակի ուտելիքներ է տեսնում. նրա համար գոյության աղբյուրները բազմապատկվում են, և նա ինչ-որ չափով իր սնունդը ընտրելու հնարավորություն է ստանում, այն դեպքում, երբ առանց այլևայլության սահմանափակված էր սննդի մի տեսակով:

Սակայն նա դեռ անկախ չէ, որովհետև դեռ չի կարողանում քայլել, չի կարողանում ինքնուրույն լվացվել և հագնվել, չի կարողանում հասկանալի լեզվով որևէ բան խնդրել: Այդ շրջանում նա դեռ որոշակիորեն ցանկացած պատահականության ստրուկն է: Բայց երեք տարեկանում արդեն երեխան պետք է բավականին ինքնուրույնություն և ազատություն դրսևորելու հնարավորություն ունենա: Եթե դեռ ամբողջությամբ չենք յուրացրել ինքնուրույնության վեհ գաղափարը, ապա միայն այն պատճառով, որ ինքներս դեռ ապրում ենք ստրկական սոցիալական պայմաններում: Իսկ քաղաքակրթության այն փուլում, որը դեռ հանդուրժում է ծառային, այն կենսակերպի ըմբռնումը, ինչպիսին ինքնուրույնությունն է, չի կարող արմատավորվել կամ ազատ զարգացում ունենալ:

Այդպես ստրկության դարաշրջանում աղավաղվել և աղոտացել է ազատության գաղափարը: Մեր ծառաները մեզանից կախում չունեն, ավելի շուտ մենք ենք նրանցից կախված: Մարդասիրական տեսակետից այդքան խոր մեղքի վրա անհնար է սոցիալական կառույց հիմնել` առանց դրա ընդհանուր հետևանքները բարոյական անկման ձևով մեզ վրա զգալու: Հաճախ մեզ անկախ ենք համարում միայն այն պատճառով, որ մեզ ոչ ոք չի կարգադրում, իսկ մենք ղեկավարում ենք մեր ընկերներին. բայց տերը, որին անհրաժեշտ է ծառայի օգնությանը դիմել, ըստ էության ինքնուրույն չէ, որովհետև ստորադասված է իր ծառային:

Իր կոշիկները պաթոլոգիական պատճառներով հանել չկարողացող անդամալույծը և սոցիալական պատճառներով հանել չկարողացող արքայազնը իրականում նույն իրավիճակում են:

Ստրկության գաղափարի հետ համակերպված ազգը, որը մերձավորի ծառայություններից օգտվելն առավելություն է համարում, հաճկատարության բնազդով է ապրում. և իրոք, շատ հեշտ ենք ընդունում ստրկամիտ ծառայությունները՝ դրանց տարբեր գեղեցիկ անուններ տալով, ինչպիսիք են քաղաքավարությունը, նրբանկատությունը, բարությունը: Իսկ իրականում նրա ինքնուրույնությունն է սահմանափակ, ում ծառայում են:

Այս միտքը հետագայում պետք է դառնա մարդկային արժանապատվության հիմքը. «Ծառայություն չեմ ուզում, որովհետև անզոր չեմ»: Ահա, թե ինչ միտք պիտի յուրացնեն մարդիկ, եթե ուզում են իսկապես ազատ լինել:

Փոքր երեխաների դաստիարակության գործում քիչ թե շատ օգտակար մանկավարժական ցանկացած չափում պետք է հեշտացնի երեխաների մուտքը ինքնուրույնության ուղի: Նրանց պետք է սովորեցնենք առանց կողմնակի օգնության քայլել, վազել, աստիճաններով բարձրանալ ու իջնել, թափած խաղալիքները հավաքել, ինքնուրույն հագնվել ու հանվել, լողանալ, բառերը հստակ արտասանել և ճշգրիտ ձևակերպել ցանկությունները:

Երեխաների մեջ իրենց անհատական նպատակներին և ցանկություններին հասնելու կարողություն պիտի զարգացնենք: Այս բոլորը անկախության ոգով դաստիարակության փուլերն են: Սովորաբար մենք ծառայում ենք երեխաներին, և դա ոչ միայն նրանց նկատմամբ հաճոյակատարության գործողություն է, այլև ուղղակի վնաս, քանի որ դրանով կարող ենք արգելակել նրանց օգտակար, ինքնուրույն գործունեությունը:

Հակված ենք նրանց տիկնիկի նման ինչ-որ բան համարելու, նրանց լվացնում ու կերակրում ենք ճիշտ այնպես, ինչպես կանեինք, եթե տիկնիկ լինեին: Ոչ մի րոպե չենք մտածում, որ եթե երեխան ինչ-որ բան չի անում, ուրեմն չգիտի՝ ինչպես անի: Այնինչ շատ բան անել պիտի կարողանա. չէ՞ որ բնությունը բազմազան գործողություններ կատարելու համար նրան ֆիզիկական կարողություններով է օժտել և մտավոր կարողություներով՝ հասկանալու՝ դրանք ինչպես կատարի:

Երեխայի առաջ մեր պարտքը բոլոր դեպքերում այն է, որ նրան օգնենք տիրապետելու այն օգտակար գործողություններին, որ բնությունը պահանջում է նրանից: Երեխային կերակրող և նրան գդալը ճիշտ բռնել սովորեցնելու ուղղությամբ ոչ մի քայլ չանող մայրը, այն մայրը, որը նույնիսկ նրա ներկայությամբ չի ուտում, որ նա տեսնի, թե ինքն ինչպես է դա անում, ճիշտ չի վարվում:

Նա վիրավորում է իր որդու մարդկային արժանապատվությունը, նրա հետ վարվում է տիկնիկի նման, մինչդեռ նա բնության կողմից իր հոգածությանը վստահված մարդ է: Բոլորին է հայտնի, որ երեխային ինքնուրույն ուտելու, լվացվելու, հագնվելու արվեստին սովորեցնելն ավելի ձանձրալի ու դժվար, անսահման համբերություն պահանջող աշխատանք է, քան նրան կերակրելը, լվալն ու հագցնելը:

Սակայն աշխատանքի առաջին տեսակը դաստիարակի աշխատանք է, իսկ երկրորդը` ծառայի հեշտ ու ցածրորակ աշխատանք: Այդ աշխատանքը մոր համար հեշտ, իսկ երեխայի համար ծայրահեղ վնասակար է, որովհետև ճանապարհը փակում է, խոչընդոտում նրա կենսագործունեությանը: Այդպիսի վերաբերմունքի վերջնական արդյունքները կարող են չափազանց լուրջ լինել:

Հարուստ պարոնը, որ չափազանց շատ ծառաներ ունի, ոչ միայն իր ծառաներից ավելի ու ավելի մեծ կախման մեջ է ընկնում, այլև ի վերջո դառնում է ծառաների գերին. նրա մկաններն անգործությունից թուլանում են և վերջիվերջո կորցնում աշխատելու իրենց բնատուր ունակությունը: Իր պահանջմունքների բավարարաման համար չաշխատող, այլ ուրիշներից բավարարում պահանջող մարդու միտքը ծանրանում է և դառնում ոչ ճկուն:

Եթե այդպիսի մարդը երբևէ ուշքի գա և գիտակցելով խղճուկ վիճակը՝ ուզենա վերադարձնել իր ինքնուրույնությունը, կհամոզվի, որ դրա համար այլևս ուժ չունի: Ահա թե ինչ վտանգների մասին պիտի մտածեն արտոնյալ դասի ծնողները, եթե ցանկանում են, որ իրենց երեխաներն ինքնուրույն և իրավամբ կարողանան օգտվել իրենց տրված հատուկ արտոնություններից: Ավելորդ օգնությունն անկասկած արգելք է բնատուր ուժերի զարգացմանը:

Արևելյան կանայք տաբատ են հագնում, եվրոպացիները` փեշ, բայց առաջիններն ավելի լավ են սովորում չշարժվելու արվեստը՝ որպես դաստիարակության կարևոր տարր, քան վերջինները: Կնոջ նկատմամբ այսպիսի վերաբերմունքը հանգեցնում է նրան, որ տղամարդն աշխատում է և՛ իր, և՛ կնոջ փոխարեն. իսկ կինն իր բնատուր ուժն ու կենսունակությունը մաշում է՝ գալարվելով ստրկության մեջ:

Բավական չէ, որ նրան պահում են ու ծառայում, նա նվաստացած է, նսեմացած է այն անհատականությունը, որը մարդու կերպարով ծնվելու իրավունքով նրան է պատկանում: Որպես հասարակության առանձին անդամ` նա զրո է: Նա զրկված է կյանքը պահպանելն ապահովող բոլոր ուժերից և միջոցներից: Բերեմ այսպիսի օրինակ. գյուղական ճանապարհով կառք է գնում, որի մեջ հայրը, մայրը և երեխան են: Զինված ավազակը կանգնեցնում է կառքը «քսակդ կամ կյանքդ» հայտնի արտահայտությամբ: Կառքում եղած երեքն էլ այդ պահին միանգամայն տարբեր վարք են դրսևորում:

Զինված, դիպուկ կրակող տղամարդն արագ վերցնում է ատրճանակը և կրակում ավազակին: Միայն ազատությամբ և իր ոտքերի ճարպկությամբ զինված տղան բացականչում է և դիմում փախուստի: Ո՛չ դաստիարակության, ո՛չ բնության կողմից ոչնչով չզինված կինը (քանի որ վազելու անսովոր ոտքերը խճճվում են փեշերի մեջ) սարսափի աղաղակ է արձակում և ընկնում առանց գիտակցության: Արձագանքի այս երեք տարբեր միջոցները խիստ կապված են երեք անհատներից յուրաքանչյուրի ազատության և ինքնուրույնության աստիճանի հետ: Ուշագնաց լինողը կինն էր, որի վերարկուն մատուցում են պատրաստակամ, նրա գցած իրը վերցնելու նետվող, ամեն տեսակ հոգսից նրան ազատել ջանացող երկրպագուները:

Ստրկամտության և կախվածության աղետը ոչ միայն անօգնականություն մշակող անօգուտ «կյանք մսխելն» է, այլև անհատական՝ ակնհայտորեն նորմալ մարդկային բնույթի այլասերման, խեղման մասին վկայող գծերի զարգացումը: Նկատի ունեմ տիրականությունը, բռնակալությունը, որի օրինակները շատ լավ հայտնի են: Բռնակալությունն ու անօգնականությունը իրար հետ են զարգանում: Բռնությունն այն մարդու հոգեվիճակի արտաքին դրսևորումն է, որն ուրիշի աշխատանքով է գոյատևում:

Չափազանց հաճախ է տերն իր ծառայի նկատմամբ բռնակալ լինում: Բռնությունը ստրուկի վրա կարգված հսկիչի ոգին է: Պատկերացնենք խելացի և վարպետ, ոչ միայն հրաշալի աշխատանք կատարելու ունակ, այլև արհեստանոցում լավ խորհրդատու աշխատողի՝ ընդունակ ղեկավարելու և ուղղորդելու այն միջավայրի ընդհանուր գործունեությունը, որում աշխատում է:

Իր շրջապատի վրա իշխանություն ունեցող մարդը կժպտա այն ժամանակ, երբ ուրիշները կատաղած կլինեն, և իր մեջ կբացահայտի հսկայական ինքնատիրապետում, որը իր գերազանցության գիտակցության արդյունք է: Բայց բոլորովին չզարմանաք, եթե իմանանք, որ իր տանն այդ վարպետը իր կնոջը նախատում է ճաշի անհամության կամ ժամանակին չմատուցելու համար: Տանը նա դադարում է վարպետ լինելուց. այստեղ վարպետը նրա համար ճաշ պատրաստող կինն է: Նա բարեհոգի, հավասարակշիռ մարդ է այնտեղ, որտեղ իր աշխատանքով ուժեղ է, և բռնակալ է այնտեղ, որտեղ իրեն ծառայում են: Հնարավոր է, որ եթե ճաշ եփել կարողանար, ամենաբարի մարդը լիներ: Հարմարավետությանը և կյանքի կարիքները բավարարելուն անհրաժեշտ բոլոր գործերը սեփական ուժերով կատարող մարդը հաղթում է ինքն իրեն` դրանով բազմապատկելով իր ունակությունները և որպես անհատականություն՝ կատարելագործվելով:

Մանկուց ուժեղ մարդկանց պիտի դաստիարակենք. իսկ ուժեղ մարդ համարում ենք ինքնուրույն և ազատ մարդկանց:

Շարունակությունը

Ռուսերենից թարգմանեց Աիդա Պետրոսյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.