«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 26

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Հակոբ Հակոբյան
Էջեր ֆիզիկայի ապագա դասագրքից (Շփման ուժ)

Դավիթ Մինասյան
«Ենթածրագրեր և պրոցեդուրաներ»

Մեթոդական մշակումներ

Հասմիկ Ղազարյան
«Նորից Աբովյանի մասին»

Անահիտ Ավագյան
«Մի նախագծի մասին»

Նաիրա Դալուզյան
«Ուսումնական նյութի ընտրության մասին»

Արմինե Աբրահամյան
«Ի՞նչն է ավելի կարևոր»

Մարգարիտ Հարությունյան
«Դասի արդյունավետությունն ապահովելու լավագույն միջոցը համագործակցությունն է»

Մարգարիտ Սարգսյան
«ՏՀՏ-ն` պոեզիայի ուսումնասիրման գրավիչ և արդյունավետ միջոց»

Աշոտ Տիգրանյան,
Դավիթ Մինասյան
«Համակցված առաջադրանքներ»

Ուսումնական նյութեր

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Հեգել
«Գիմնազիայի տնօրենի ճառեր»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Քննարկում են քոլեջի սովորողները

Մարիա Մոնտեսորի

Երեխայի տունը

սկիզբը

ԻՆՉՊԵՍ ԴԱՍ ՎԱՐԵԼ

«Բառերիդ հաշիվը պահիր».- Դանթե «Դժոխք», X երգ: Որոշելով, որ երեխաներն իրենց բնական հակումները ազատության կենսակարգում կարող են դրսևորել, և որ հենց այդ նպատակին ծառայող ուսումնական միջավայր և նյութ (առարկաները, որոնցով պիտի աշխատի երեխան) ենք նախապատրաստել, ուսուցչուհին չի կարող բավարարվել միայն դիտարկմամբ, այլ պիտի փորձարարության անցնի:

Այս մեթոդով դասը համապատասխանում է գիտափորձին: Որքան հիմնավոր է ուսուցչուհին ուսումնասիրել փորձարարական հոգեբանության հնարքները, այնքան հեշտ է կողմնորոշվում, թե ինչպես պիտի վարի դասը: Իրոք, մեթոդի համապատասխան կիրառման համար հատուկ տեխնիկական հմտություն է անհրաժեշտ: Ուսուցչուհին, ծայրահեղ դեպքում, պետք է «Մանկան տներում» անցկացվող դասերին ներկա լինի, որ մեթոդի և նրա կիրառության սկզբունքներին ծանոթանա:

Դա սովորելու առավել դժվար մասը կարգապահության մշակումն է: Դպրոցում լինելու սկզբնական շրջանում երեխաները կոլեկտիվ կարգուկանոնի գաղափարները չեն յուրացնում. այդ գաղափարը հետո է ի հայտ գալիս` որպես կարգապահական վարժությունների արդյունք, որոնց միջոցով երեխան սովորում է բարին չարից տարբերել: Եթե դա այդպես է, ուրեմն ակնհայտ է, որ ամենասկզբում ուսուցչուհին չի կարող կոլեկտիվ դասեր վարել: Նման դասերը միշտ հազվադեպ կլինեն, քանի որ ազատություն ունեցող երեխաներին չի պարտադրվում տեղերում զգաստ նստել և լսել ուսուցչուհուն կամ հետևել, թե նա ինչ է անում:

Ըստ էության, խմբային դասերը մեզ մոտ երկրորդական նշանակություն ունեն և համարյա իսպառ վերացված են:

Անհատական դասերի որակներն են սեղմությունը, պարզությունը, անաչառությունը: Այսպիսով մեր դասերն անհատական են, և նրանց հիմնական հատկություններից մեկը հակիրճությունն է: Դանթեն ուսուցիչներին հրաշալի խորհուրդ է տալիս՝ ասելով՝ «Բառերիդ հաշիվը պահիր»: Որքան հետևողական ենք հանում ոչ հարկավոր բառերը, այնքան մեր դասն ամբողջական է: Դասի պատրաստվելիս ուսուցչուհին հատուկ ուշադրություն պետք է դարձնի այս կետին, պետք է ծանր ու թեթև անի, հաշվի առնի յուրաքանչյուր բառը:

«Մանկան տանը» դասի երկրորդ բնորոշ գիծը պարզությունն է: Հաստատ ճշմարտությունից բացի այն ոչինչ չպետք է պարունակի: Սեղմ խոսքի առաջին պահանջն այն է, որ ուսուցչուհին չպետք է ավելորդ խոսքեր շաղ տա, իսկ երկրորդ պահանջը շատ մոտ է առաջինին, այն է՝ խնամքով ընտրված բառերը պետք է հնարավորին չափ պարզ լինեն ու միայն ճշմարտություն հաղորդեն:

Դասի երրորդ հատկությունը օբյեկտիվությունն է: Դասն այնպես պետք է վարել, որ ուսուցչուհու անձը բոլորովին անտեսվի: Դիտարկման ենթակա պիտի մնա միայն առարկան, որի վրա ուզում է սևեռել երեխայի ուշադրությունը: Ուսուցչուհու համար այս պարզ ու հակիրճ դասը պետք է լինի առարկայի բացատրություն և նրա այն կիրառությունը, որը հասանելի է երեխային:

Այդպիսի դասերին ուսուցչուհու հիմնական ուղեցույցը զննման՝ նաև երեխայի ազատությունը ներառող և ենթադրող մեթոդը պետք է լինի: Հետևաբար ուսուցչուհին պետք է հետևի` երեխան արդյո՞ք հետաքրքրվում է առարկայով, որքան է այն հետաքրքիր, ինչքան ժամանակ է հետաքրքրվում և այլն: Ընդ որում նույնիսկ նրա դեմքի արտահայտությանը պետք է հետևել: Ուսուցչուհին պետք է մեծ ջանք գործադրի, որ չխախտի ազատության սկզբունքը. եթե նա ստիպի երեխային ինչ-որ անբնական ճիգ անել, ապա արդեն չի կարողանա հասկանալ, թե ինչպես է արտահայտվում երեխայի ինքնուրույն գործունեությունը:

Եվ եթե հակիրճության, պարզության, ճշմարտացիության պահանջներով այդքան խստորեն որոշակիացված դասը երեխան չի հասկանում, չի ընկալում որպես առարկայի բացատրություն, ուրեմն ուսուցչուհին երկու բան պետք է հիշի` նախ` չի կարելի դասի յուրացումը պարտադրել այն կրկնելով, երկրորդ` չի կարելի երեխային զգացնել, որ նա սխալվել է կամ չի հասկանում բացատրված նյութը: Այլապես ուսուցչուհին կպարտադրի հասկանալու համար ճիգ գործադրել և դրանով կխախտի երեխայի բնական վիճակը, որը ինքը հոգեբանական զննման է ենթարկում:

Լուսաբանենք այս հարցը տեսանելի օրինակով: Ենթադրենք ուսուցչուհին ուզում է երեխային սովորեցնել տարբերել երկու գույն` կարմիրը և կապույտը: Նա երեխայի ուշադրությունը հրավիրում է առարկայի վրա և ասում` նայիր: Հետո, որպեսզի սովորեցնի ճանաչել գույները, ցույց տալով կարմիր առարկան՝ ասում է` սա կարմիր է, ընդ որում ձայնը  թեթևակի բարձրացնում է և «կարմիր» բառը դադարով և պարզորոշ է արտասանում: Մյուս գույնը ցույց տալով՝ ասում է՝ սա կապույտ է: Ստուգելու համար, թե երեխան իրեն արդյոք լավ է հասկացել, ասում է. «Կարմիրն ինձ տո՛ւր: Կապույտը տուր»:

Հիմա ենթադրենք, որ երեխան վերջին դեպքում սխալ է անում: Ուսուցչուհին չի կրկնում և չի պնդում: Նա ժպտում է, երեխային փաղաքշում և գույների նմուշները հավաքում: Դասի պարզությունը սովորաբար շատ է զարմացնում ուսուցչուհիներին: Նրանք հաճախ ասում են. «Բայց չէ՞ որ ով ասես կարող է այդպես անել»: Ճիշտ է, դա նման է կոլումբոսյան ձվի պատմությանը, բայց ըստ էության` բնավ ոչ բոլորն են ընդունակ այդ պարզ բանը անելուն:

Սեփական գործունեությունը չափավորելը, պարզության, հակիրճության և ճշմարտացիության պահանջներին համապատասխանեցնելն իրականում շատ դժվար է: Դա հատկապես սա վերաբերում է հին մեթոդների ոգով կրթված և երեխայի գլուխն անպետք, հաճախ կեղծ խոսքերով լցնելու սովոր ուսուցչուհիներին: Օրինակ` հանրային դպրոցներում դասավանդելիս ուսուցչուհին հաճախ է դիմում խմբային դասավանդման մեթոդների: Բայց երբ խմբային դաս ես վարում, անհրաժեշտ է ընդգծել այն պարզ առարկայի նշանակությունը, որը ուզում ես բացատրել: Նշանակում է, անհրաժեշտ է ստիպել բոլոր երեխաներին ուսուցչուհու բացատրություններին հետևել, այնինչ ոչ բոլորն են տրամադրված հենց այդ դասին խորամուխ լինելու: Սովորաբար ուսուցչուհին դասն սկսում է այս խոսքերով. «Երեխանե՛ր, ապա գուշակեք` ինչ կա իմ ձեռքին»: Գիտի, որ երեխաները չեն կարող գուշակել, ուստի փորձում է երեխաների ուշադրությունը կեղծիքի միջոցով գրավել:

Ամենայն հավանականությամբ նա կավելացնի. «Երեխաներ, երկնքին նայեք: Առաջ այն տեսե՞լ եք: Դա տեսե՞լ եք գիշերը, երբ ծածկված է աստղերով: Ո՞չ… Ապա իմ գոգնոցին նայեք: Գիտե՞ք` ինչ գույնի է: Ձեզ չի՞ թվում, որ սա նույն գույնի է, ինչ երկինքը: Դե, իսկ հիմա նայեք՝ իմ ձեռքին ինչ գույն կա: Սա երկնքի, իմ գոգնոցի գույնն է: Սա կապույտ է:

Հիմա ձեր շուրջը նայեք և ասեք` սենյակում ինչ-որ կապույտ բան կա՞: Իսկ գիտե՞ք, թե ինչ գույնի է բալը: Ի՞նչ գույնի է վառարանում պայծառ վառվող ածուխը», և այլն և այսպես շարունակ: Եվ ահա գուշակելու անօգուտ ջանքերից երեխայի հոգում պատկերացումների ինչ-որ կույտ է առաջանում` երկինք, գոգնոց, բալ և այլն: Նրա համար դժվար կլինի այս ամբողջ շիլաշփոթից առանձնացնել այն գաղափարը, ինչը դասը նրան պիտի բացատրեր, այսինքն՝ երկու գույների` կարմիրի և կապույտի տարբերությունը:

Այդպիսի ընտրությունը երեխայի մտքին հասանելի չէ, նա դեռ ի վիճակի չէ հետևելու այդպիսի երկար խոսքի: Հիշում եմ, մի օր ներկա էի թվաբանության մի դասի, որի ժամանակ երեխաներին ապացուցվում էր, որ երկուսն ու երեքը միասին հինգ են կազմում: Այդ նպատակով ուսուցչուհին գունավոր գնդիկներով հաշվիչներ էր օգտագործում:

Նա, օրինակ, վերևի գծի վրա առանձնացրել էր երկու հատիկ, դրա ներքևի գծին` երեք հատիկ, իսկ ամենաներքևում` հինգը: Լավ չեմ հիշում, թե դասը հատկապես  ինչպես էր ընթանում, բայց գիտեմ, որ ուսուցչուհին անհրաժեշտ էր համարել վերևի երկու հատիկի կողքին կապույտ գոգնոցով տիկնիկ տեղավորել, որին տեղնուտեղը անվանեց դասարանում նստած աղջիկներից մեկի անունով` ասելով. «Սա թող Մարիետինան լինի»: Երեք հատիկի մոտ մի այլ տիկնիկ էր դրել` այլ գույնի գոգնոցով, և նրան Ջիջինա անվանեց: Ճշգրիտ չեմ հիշում, թե ուսուցչուհուն ինչպես հաջողվեց թվաբանական ճշմարտությունն ապացուցել, բայց նա շատ երկար խոսում էր այդ տիկնիկների մասին, տեղափոխում էր նրանց և այլն:

Եթե ես այդ տիկնիկներին ավելի հստակ եմ հիշում, քան թվաբանական գործընթացը, ապա երեխաներն ի՞նչը կարող էին հիշել: Եթե այդ մեթոդի շնորհիվ նրանք ի վիճակի եղան հասկանալու, որ երկուսն ու երեքը հինգ են կազմում, ապա պետք է որ մտավոր հսկայական ջանք թափած լինեն, իսկ ուսուցչուհին ստիպված եղավ երկար ժամանակ միայն տիկնիկների մասին խոսել:

Մի այլ դասի ժամանակ ուսուցչուհին ուզում էր բացատրել աղմուկի և ձայնի տարբերությունը: Նա սկսեց երեխաներին մի երկար պատմություն պատմելով: Հետո նրա հետ նախօրոք պայմանավորված մեկը դուռը բարձր թակեց: Ուսուցչուհին դադարեց պատմելուց և բացականչեց.
- Ի՞նչ կա: Ի՞նչ է եղել: Երեխաներ, չգիտե՞ք` ինչ արեցին դռան ետևում: Ես չեմ կարող հեքիաթը շարունակել: Մոռացա այն: Եկեք կիսատ թողնենք: Իսկ գիտե՞ք, թե ինչ է եղել այնտեղ: Դա աղմուկ էր: Հա~: Ավելի լավ է՝ ես այս մանկիկի հետ խաղամ: (Ընթացքում նա վերցնում է ծածկոցի մեջ փաթաթված մանդոլինան):

- Այո, երեխանե՛ր, ավելի լավ է նրա հետ զվարճանամ: Տեսնո՞ւմ եք իմ գրկի մանկիկին:

Երեխաներից ոմանք պատասխանեցին.

- Դա մանկիկ չէ:

Մյուսներն էլ թե` դա մանդոլինա է:

Ուսուցչուհին շարունակեց.
- Ոչ, ոչ, դա մանկիկ է, իսկապես մանկիկ է: Ես սիրում եմ նրան: Ուզո՞ւմ եք` ցույց տամ ձեզ: Այդ դեպքում լո~ւռ նստեք: Իսկ գուցե նա խոսո՞ւմ է: Գուցե ուզում է «մայրիկ», «հայրիկ» ասել:

Ձեռքը ծածկոցի տակ տանելով՝ նա դնպավ մանդոլինայի լարին.
- Վա´յ, լսո՞ւմ եք, մանկիկը լալիս է: Լսո՞ւմ եք` ինչպես է լալիս:

Երեխաները բացականչում են.
- Դա մանդոլինան է:

Եվ այդ ժամանակ ուսուցչուհին պատասխանում է.
- Լուռ, լուռ, երեխանե՛ր: Լսեք, թե ինչ եմ անելու:

Նա ծածկոցի միջից հանեց մանդոլինան և սկսեց նվագել՝ ասելով «Սա հնչյուն է»:

Ծիծաղելի է մտածելը, թե նման դասի ընթացքում է երեխան ընկալում աղմուկի և ձայնի տարբերությունը: Ամենայն հավանականությամբ երեխան այն տպավորությունը կունենար, որ ուսուցչուհին ուզում էր կատակել, կամ որ նա հիմար է, որովհետև պատմության թելը կորցրեց, հենց աղմուկը խանգարեց, ու դեռ մանդոլինան էլ երեխայի տեղ դրեց:

Անկասկած նման դասի ժամանակ երեխայի մտքում ավելի շատ ուսուցչուհու կերպարն է տպավորվում և ոչ թե այն առարկան, որի համար դաս էր արվում: Շատ դժվար է հասնել նրան, որ հին մեթոդների ոգով կրթություն ստացած ուսուցչուհին պարզ դաս վարի: Հիշում եմ, մի անգամ դիդակտիկ նյութերի նշանակությունը ամբողջությամբ և շատ մանրամասն բացատրելուց հետո իմ ուսուցչուհիներից մեկին առաջարկեցի երկրաչափական պատկերներով երեխաներին ցույց տալ քառակուսու և եռանկյունու տարբերությունը:

Ուսուցչուհու խնդիրը շատ պարզ էր` նա պետք է փայտե քառակուսին և եռանկյունին դներ իրենց համար պատրաստված բնիկների մեջ: Հետո նա երեխային պետք է ցույց տար, ինչպես պետք է մատը տանել այդ պատկերների և շրջանակների վրայով, և ասեր.

- Սա քառակուսի է: Սա եռանկյունի է:

Բայց ուսուցչուհին, որին կանչել էի, սկսեց նրանից, որ երեխային ստիպեց շոշափել քառակուսին և ավելացրեց.

- Ահա այս գիծը, էլի մի գիծ, էլի գիծ, մի գիծ էլ: Այստեղ չորս գիծ կա: Հաշվիր դրանք մատիկներով և ասա` քանիսն են դրանք: Ահա նաև անկյունները: Հաշվիր անկյուները և ասա, թե քանիսն են դրանք, և շոշափիր դրանք մատիկով: Տեսնո՞ւմ ես, անկյուններն էլ են չորս հատ: Լավ նայիր այս փայտիկին: Սա քառակուսի է:

Ես ուղղեցի ուսուցչուհուն: Ասացի, որ նա երեխային չի սովորեցնում ձևը ճանաչել, այլ նրան պատկերացում է տալիս կողմերի, անկյունների, թվերի մասին, և դա բոլորովին էլ այն չէ, ինչը նրանից պահանջվում էր իմանալ այդ դասին:

- Բայց դա նույն բանն է,- ասաց նա արդարանալով: Իրականում դա բոլորովին էլ նույն բանը չէ: Դա առարկայի երկրաչափական վերլուծություն է և մաթեմատիկական հետազոտում: Քառանկյան ձևի մասին պատկերացում կարելի է ունենալ նաև առանց իմանալու՝ ինչպես մինչև չորսը հաշվել, առանց որոշելու կողմերի և անկյունների թիվը:

Կողմերն ու անկյունները իրականում գոյություն չունեցող վերացարկում են, իսկ որոշակի ձևի փայտի կտորը գոյություն ունի: Ուսուցչուհու նման բացատրությունները ոչ միայն շփոթեցրին երեխային, այլև ավելի խորացրին իրականի ու վերացականի, առարկայի ձևի և ձևի մաթեմատիկական կողմի միջև եղած անդունդը: Ուսուցչուհուն ասացի՝ պատկերացրեք, որ ճարտարապետը Ձեզ տաճար է ցույց տալիս, որի ձևը Ձեզ շատ է հետաքրքրում:

Դրա համար նա կարող է երկու հնարք գործադրել. կարող է Ձեր ուշադրությունը հրավիրել գծերի գեղեցկության, չափսերի ներդաշնակության վրա, հետո կարող է Ձեզ կառույցի ներսը տանել, նույնիսկ գավիթ հասցնել, որպեսզի կարողանաք գնահատել բոլոր մասերի համաչափությունը, և որպես ամբողջություն՝ գավիթի վերաբերյալ Ձեր տպավորությունները կհիմնվեին նրա մասերի մասին գիտելիքի վրա: Մյուս կողմից նա կարող է ստիպել Ձեզ պատուհանները հաշվել, լայն կամ նեղ քիվերը, նույնիսկ կարող է ողջ կառույցի գծագրերը ցույց տալ. կարող է ստատիկայի օրենքները բացատրել, հաշվարկների համար անհրաժեշտ հանրահաշվական բանաձևեր ստանալ:

Առաջին դեպքում Դուք կմտապահեք գավիթի ձևը, երկրորդ դեպքում` ոչինչ չեք հասկանա և կհեռանաք այն զգացողությամբ, թե ճարտարապետին թվացել է, որ ինքը իր ընկեր-ճարտարագետի հետ է զրուցում, և ոչ թե ճամփորդի հետ, որի նպատակը շրջապատող գեղեցկությանը ծանոթանալն է: Նույնն է կատարվում, երբ երեխային «Սա քառակուսի է» ասելու փոխարեն ստիպում ենք շրջագծերը շոշափել, ձևի հասկացությունը նյութապես ընկալել, սկսում ենք շրջագծի երկրաչափական վերլուծությամբ զբաղվել:  

Կարծում եմ, որ երեխաներին երկրաչափական հարթ պատկերներին և թվաբանական հասկացություններին ծանոթացնելու համար դեռ վաղ է: Բայց չեմ կարծում, որ երեխան հասարակ ձևերին ծանոթանալուն պատրաստ չէ, հակառակը, երեխայի համար բոլորովին դժվար չէ տեսնել, որ սեղանը կամ պատուհանը ուղղանկյուն են. այս բոլորը նա ամեն օր տեսնում է իր շուրջը: Նրա ուշադրությունը ինչ-որ ձևի վրա կենտրոնացնելը նշանակում է որոշակիացնել այդ ձևից արդեն ստացած տպավորությունը և նրա մեջ ամրապնդել դրա ընկալումը:

Իրավիճակը նման է նրան, որ ասենք ցրված դիտելիս լինենք լճի ափերը, իսկ նկարիչը հանկարծ ասի.
- Ի՛նչ գեղեցիկ է լճի շրջադարձի կորությունը, երբ լիճն այս ժայռի մյուս կողմն է թեքվում:

Այս խոսքերից տեսարանը, որ մինչ այդ համարյա առանց գիտակցելու էինք դիտում, կարծես հանկարծակի դուրս եկած արևի ճառագայթով լուսավորած՝ տպվում է մեր ուղեղում, և մենք ուրախանում ենք, որ մինչ այդ պահը մեր կողմից ամբողջությամբ չգիտակցված տպավորությունը բյուրեղանում է: Այդպիսին է մեր պարտքը երեխայի նկատմամբ` լույս սփռել նրա տպավորութան վրա և անցնել առաջ:

Այս առաջին դասերի տպավորությունները կարելի է համեմատել այն մարդու զգացողությունների հետ, որը միայնակ խաղաղ զբոսնում է անտառում` ազատություն տալով իր ներքին զգացողությունների զարգացմանը: Հանկարծ հեռվից ժամերգության զանգը նրան հանում է մտախոհությունից, և արթնացումի այդ պահին նա առաջվանից ավելի խորն է զգում աշխարհը և գեղեցկությունը, որն ինքը աղոտ էր զգում: Խթանել կյանքը և թույլ տալ, որ այն ազատ զարգանա, բացվի. սա է դաստիարակության ամենաառաջին խնդիրը: Այս նուրբ խնդրի իրականացման համար պահը ճիշտ որսալու և միջամտության սահմանները որոշելու մեծ վարպետություն է պահանջվում:

Մեր նպատակը չշփոթեցնելն է, չշեղելը, այլ ապրել սկսող հոգուն օգնելը, հոգուն, որ իր կյանքը սեփական ուժերով պիտի ապրի: Սա արվեստին պիտի ուղեկցի գիտական մեթոդը: Միայն այն դեպքում, երբ ուսուցչուհին իր սաներին մոտենա այսպես՝ արթնացնելով և ոգեկոչելով նրանց մեջ կյանքը, նա կտիրի յուրաքանչյուրի հոգուն, և այդ ժամանակ նրա մի նշանը, մի բառը բավական կլինեն. ամեն երեխա կսիրի, կընդունի, կլսի նրան: Այդպիսի ուսուցչուհուն կսիրեն, կընդունեն, կլսեն: Մի գեղեցիկ օր նա կհամոզվի, որ բոլոր երեխաները սիրով ու քնքշությամբ են ենթարկվում իրեն, ոչ միայն լսող են, այլև լարած սպասում են նրա ամեն մի նշանին: Նրանք որպես նոր կյանքի աղբյուրի՝ կմղվեն դեպի նա, որ հարություն է տվել իրենց:

Այդ ամենն ինձ ցույց է տվել փորձը, և այս ամենը հատկապես զարմացնում է «Երեխայի տան» այցելուներին: Կարծես ինչ-որ կախարդական ուժով մենք խմբային կարգապահության ենք հասել: Երկուսուկեսից վեց տարեկան 50-60 երեխաներ բոլորը միասին ու միաժամանակ այնպիսի կատարյալ լռություն կարող են պահպանել, որ կարելի է համեմատել անապատային լռության հետ: Եվ երբ ուսուցչուհին կիսաձայն ասում է երեխաներին՝ կանգնեք, թաթերի վրա մի քանի անգամ շրջեք սենյակով և վերադարձեք ձեր տեղերը, երեխաները մի մարդու նման անաղմուկ կատարում են դա:

Ուսուցչուհու ձայնն ուղղված էր նրանցից յուրաքանչյուրին, և երեխաներից յուրաքանչյուրը նրանից նոր բացահայտումներ, նոր ուրախություններ է ակնկալում: Այդ գիտակցումով էլ նա խելոք և ուշադիր կատարում է ուսուցչուհու բոլոր ասածները, անշեղորեն դեպի իր նպատակը գնացող ճամփորդի նման:*** Սա էլ կարծես Կոլումբոսի ձվի պատմության նման է: Խմբավարն իր երաժիշտներին պետք է անհատապես պատրաստի, որ նրանց միասնական աշխատանքից մեծ և հրաշալի հարմոնիա ծնվի. և յուրաքանչյուր երաժիշտ պիտի կատարելագործվի որպես անհատ, մինչև կարողանա հետևել դիրիժորի փայտիկի լուռ հրամաններին:

Իսկ ինչպիսի են հանրային դպրոցներում կիրառվող մեթոդները: Կարելի է ասել, որ այստեղ խմբավարը նույն միատոն, իսկ երբեմն աններդաշնակության  հանգեցնող ռիթմով է աշխատում տարբեր գործիքների և ձայների հետ: Մենք համոզվում ենք, որ հասարակության ամենակարգապահ անդամները ամենալավ կրթված, առավելագույնս ինքնակատարելագործվող մարդիկ են: Բայց այդ դպրոցը կամ կատարելությունը ուրիշ մարդկանց հետ շփվելով են ձեռք բերվում:

Կոլեկտիվի կատարելությունը, օրինակ` անգլիայի քաղաքացիները, նյութական և կենդանական միասնությունը չէ, որ առաջանում է մեխանիկական կապից, դա զինվորական համերաշխություն չէ: Երեխայի հոգեբանության հարցում մենք ավելի շատ նախապաշարումով ենք հարուստ, քան առարկայի հետ ուղղակի կապ ունեցող իրական գիտելիքներով: Մինչև վերջերս մենք ձգտում էինք տիրականորեն իշխել երեխային՝ նրա վզին իր հետ կապ չունեցող օրենքներ փաթաթելով, և բոլորովին չէինք մտածում երեխայի նկատմամբ ներքին հաղթանակի, նրա մարդկային հոգին ղեկավարելու մասին:

Այսպես երեխաները ապրել են մեզ հետ կողք կողքի՝ հնարավորություն չունենալով ստիպել մեզ, որ իրենց լավ ճանաչենք: Սակայն եթե ցրենք արհեստականության մթնոլորտը, որով առանց գիտակցելու շրջապատել ենք նրանց, և բռնությունը, որով փորձել ենք նրանց կարգապահ դարձնել, նրանք մեր առջև կբացեն իրենց մանկական էության, բնույթի ողջ ճշմարտացիությունը: Երեխաների հեզությունն այնքան բացարձակ է, այնքան անսահման է նրանց քնքշանքը՝ հնազանդության պտուղը, որը դժվար չէ խլացնել բռնության ցանկացած ձևով, ցանկացած անարդարությամբ: Գիտելիքի նկատմամբ նրանց սերը վեր է մյուս բոլոր սերերից և ստիպում է մեզ մտածել, որ մարդկությունը իսկապես իր հոգու ամենախորքում մի կիրք ունի, որը մարդկանց մտքի նոր հաղթանակների է տանում և հարյուրամյակից հարյուրամյակ թուլացնում է ստրկության տարբեր տեսակների լուծը:

Շարունակությունը

Ռուսերենից թարգմանեց Աիդա Պետրոսյան

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.