«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 23

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աշոտ Տիգրանյան,
Հայկազ Մարգարյան
«Հայաստանի քաղաքակրթական ինքնությունը քաղաքակրթական բախումների և երկխոսության համատեքստում»

Հակոբ Հակոբյան
Էջեր ֆիզիկայի ապագա դասագրքից (շփման ուժ)

Մեթոդական մշակումներ

Ով է առաջնորդը

Եթե ծաղրածուի դեր է, արդեն ծիծաղելի  չէ

Ուսումնական նյութեր

Անրի Բարբյուս
«Քնքշություն»


Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Պաուլո Կոելիո
«Յոթ մահացու մեղքեր»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

«Երբ բացում են դասագիրքը... և փակում սովորելու ցանկությունը»


ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի «Երեխայի տունը»

Հեգել
«Գիմնազիայի տնօրենի ճառեր»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)


ԱՐՁԱԳԱՆՔ


Վոլտեր

Բաբելոնի արքայադուստրը

4-րդ գլուխ

2-3-րդ գլուխ

Արքայադուստրն ամբողջ գիշերն անցկացրեց Ամազանի մասին հարցուփորձով։ Հիմա նա տղային անվանում էր ոչ այլ կերպ, քան «իմ սիրելի հովիվ»՝ մականուն, որ շատ ժողովուրդների մոտ ի վերջո դարձավ «սիրեկան» բառի հոմանիշը։ Նա ուզում էր իմանալ, թե Ամազանն արդյո՞ք ուրիշ սիրելի չունի։ Թռչունը պատասխանեց՝ ոչ , և Ֆարմազանտան զգաց իրեն երջանկության գագաթնակետին։ Հետո հետաքրքրվում էր, թե ինչ կենսաձև է նա վարում, և ցնծությամբ իմացավ, որ տղան զբաղվում է բարենորոգությամբ, նպաստում է արվեստների զարգացմանը, թափանցում է բնության գաղտնիքների մեջ, ձգտում է ինքնակատարելագործման։ Մեկ էլ հարցնում էր՝ հարազա՞տ են արդյոք թռչունի և իր սիրելիի հոգիները, ինչպե՞ս է, որ թռչունն ապրել է քսանութ հազար տարի, իսկ իր սիրելին՝ ընդամենը տասնութ- տասնինը։ Նա հարյուրավոր այսպիսի հարցեր էր տալիս, որոնց թռչունը պատասխանում էր զուսպ, ինչով ավելի էր գրգռում աղջկա հետաքրքրասիրությունը։ Վերջապես քունը փակեց նրանց աչքերը և հանձնեց Ֆարմազանտային աստծուց առաքված քաղցր երազներին, որոնք գերազանցում են երբեմն նույնիսկ իրականությունը, և որոնց բացատրությունը ոչ միշտ է կարողանում տալ ինքը՝ խալդական փիլիսոփայությանը։

Ֆարմազանտան շատ շուտ արթնացավ։ Նրա ննջարանում դեռ մթնշաղն էր տիրում, երբ հայրը մտավ ներս։ Թռչունը նորին մեծությանը դիմավորեց նրբագույն բարեկրթությամբ. նրա դեմ ելավ, թափահարեց թևերը, ձգեց վիզը և հետ թռավ՝ դեպի իր նարնջի ծառը։ Արքան նստեց աղջկա մահճակալին, որի դեմքը երազներից ավելի էր գեղեցկացել։ Երկար մորուքով դիպչելով նրա գեղեցիկ դեմքին՝ արքան ասաց.

- Սիրելի՛դ իմ դուստր, երեկ դու չկարողացար քեզ, ինչպես ես հույս ունեի, ամուսին ընտրել։ Բայց դու պետք է ամուսնանաս. այդ է պահանջում իմ երկրի բարեկեցությունը։ Ես խորհրդակցեցի գուշակի հետ, որը, ինչպես գիտես, երբեք չի ստում և ղեկավարում է իմ բոլոր արաքները։ Նա կարգադրեց ինձ՝ քեզ ուղարկել օտար երկրներ։ Դու պետք է ճանապարհորդես։

- Ա՜խ,- բացականչեց արքայադուստրը,- իհարկե, գանգարիդների մոտ։- Եվ անգիտակցաբար դուրս թռած այս բառերն արտաբերելով՝ նա զգաց, որ ավելորդ բան ասաց։ Արքան, որ ոչ մի պատկերացում չուներ աշխարհագրությունից, հարցրեց, թե ովքեր են գանգարիդները։ Ֆարմազանտան հեշտությամբ տակից դուրս եկավ։ Արքան հայտնեց, որ նա պետք է ուխտագնացություն կատարի, որ ինքն արդեն նրա շքախմբի մարդկանց նշանակել է։ Պետական Խորհրդի ավագն է, Գերագույն հոգևորականը, պալատական մի տիկին, մի բժիշկ, դեղագործ և աղջկա թռչունը, ինչպես նաև անհրաժեշտ քանակի ծառաներ։ Ֆարմազանտան, որ մինչ երեք արքաների և Ամազանի պատվին տրված այդ տոնախմբությունը երբեք իր արքա հոր պալատից դուրս չէր եկել ու վարել էր շատ ձանձրալի կյանք՝ պալատական շարժուձևի ճոռոմության և խաբուսիկ ուրախության մեջ, ցնծում էր սպասվելիք ուխտագնացության մտքից։ «Ո՛վ գիտի,- մտածեց նա,- հնարավոր է՝ աստվածներն իմ թանկագին գանգարիդին նույնպես ներշնչեն ուխտագնացության միտքը դեպի նույն տաճարը, և բախտն ինձ ժպտա ու տեսնեմ ուխտավորին»։ Նա քնքշորեն շնորհակալություն հայտնեց հորը՝ հավատացնելով, որ միշտ գաղտնի հակում է ունեցել աստվածայինի նկատմամբ, որին խոնարհվելու են հիմա իրեն ուղարկում։

Արքան հյուրերի պատվին ընտիր ճաշ տվեց, որին ներկա էին միայն տղամարդիկ։ Հրավիրյալների ընտրությունը, պարզվեց, հաջող չէր. արքաներ, իշխաններ, նախարարներ, հոգևորականներ՝ բոլորն էլ միմյանց նախանձում էին, բոլորն էլ ծանրութեթև էին անում իրենց ամեն մի բառը, բոլորն էլ իրենց հարևանի և հենց իրենց համար բեռ էին։ Ճաշկերույթը ձանձրալի էր անցնում, չնայած որ խմիչքն անպակաս էր։ Երկու արքայադուստրերն էլ, զբաղված առաջիկա ճամփորդության պատրաստությամբ, դուրս չեկան իրենց սենյակներից։ Յուրաքանչյուրը ճաշեց համեստ միայնության մեջ։ Հետո Ֆարմազանտան գնաց պալատական զբոսայգում զբոսնելու՝ հետը տանելով իր թանկագին թռչունին։ Սա, որպեսզի զբաղեցնի տիրուհուն, ծառից ծառ էր թռչում՝ ցուցադրելով իր հրաշալի պոչն ու աստվածային փետրավորումը։

Եգիպտական փարավոնը, գինուց տաքացած, եթե չասենք՝ հարբած, իր մանկլավիկին հրամայեց տալ նետ ու աղեղը։ Ճիշտն ասած՝ այս տիրակալն իր տերության ամենավատ նետաձիգն էր. երբ նա նշան էր բռնում, ամենաապահով տեղը հենց նշան բռնածն էր։ Բայց հմայագեղ թռչունը՝ նույնքան արագաթռիչ, որքան նետը, խոցվեց նետի հարվածից ու ընկավ՝ արյունաքամ լինելով Ֆարմազանտայի ձեռքերի վրա։ Հիմարաբար ծիծաղելով՝ փարավոնը հեռացավ իր սենյակը։ Արքայադուստրը սուր ճչաց, հեծկլտաց, սկսեց ճանկռոտել իր երեսն ու կուրծքը։ Թռչունը վերջին շնչում շշնջաց.

- Այրեք ինձ և մոխիրն անմիջապես տարեք երջանիկ Արաբիա՝ Ադեմ թե Եդեմ (ճիշտ ձևը՝ Եդեմ՝ երկրային դրախտ, ուր ապրել են առաջին մարդիկ՝ Ադամն ու Եվան (ծանոթագրությունը՝ հրատարակչի)) քաղաքից արևելք։ Այնտեղ դրեք արևի տակ՝ դարչինի ու մեխակի փայտերից արած փոքրիկ խարույկի վրա։

Այս ասելով՝ թռչունը հոգին ավանդեց։
Ֆարմազանտան երկար պառկած էր անգիտակից։ Երբ ուշքի եկավ, նորից արցունք թափեց։

Հայրը վշտակից էր նրան և անիծում էր փարավոնին՝ չկասկածելով անգամ, որ այդ պատահարը գուշակում է մռայլ ապագա։ Արքան անմիջապես գնաց գուշակի մոտ՝ նրա կարծիքն իմանալու։ Գուշակը պատասխանեց. «Ամեն ինչ խառնվել է՝ կյանքն ու մահը, դավաճանությունն ու հավատարմությունը, կորուստն ու շահումը, դժբախտությունն ու երջանկությունը»։ Ո՛չ արքան, ո՛չ Խորհրդի անդամները ոչինչ չկարողացան հասկանալ, բայց արքան գոհ էր, որ կատարել է բարեկրթության ծեսը։

Մինչ նա հարցուփորձ էր անում, վշտահար դուստրը հրամայեց կատարել թռչունի վերջին ցանկությունը և որոշեց նրա մոխիրը հետը տանել Արաբիա՝ թեկուզ կյանքի գնով։ Թռչնին այրեցին լեռնային հրակայուն վուշի վրա՝ նարնջի ծառի հետ միասին, որի վրա գիշերում էր։ Արքայադուստրը մոխիրը հավաքեց առյուծի երախից հանած ալմաստներով ու նռնաքարով զարդարված ոսկե ամանի մեջ։ Ախ, եթե նա կարողանար այս սգո արարողության փոխարեն կենդանի այրել Եգիպտոսի ատելի փարավոնին։ Դա նրա միակ ցանկությունն էր։ Զայրույթի պահին նա հրամայեց սպանել փարավոնի նվիրած երկու կոկորդիլոսներին, զույգ գետաձիերին, զույգ վագերաձիերին և զույգ առնետներին և Եփրատը նետել երկու մումիաներն էլ։ Եթե Ապիս ցուլը ձեռքն ընկներ, նրան էլ չէր խնայի։

Եգիպտական փարավոնն այսպիսի վիրավորանքից իրեն կորցրեց։ Անմիջապես լքեց երկիրը՝ մտադրված արագացնելու իր երեքհարյուրհազարանոց բանակի ժամանումը։ Հնդկաստանի թագավորը, տեսնելով, որ իր դաշնակիցը մեկնեց, ինքն էլ նույն օրը գնաց իր երկիր՝ հաստատ որոշելով միացնել եգիպտական զինվորներին իր մարտիկներից երեք հարյուր հազար հոգի։ Սկյութների արքան Ալդեայի հետ գիշերը գաղտնի փախավ՝ անխախտ որոշում կայացնելով վերադառնալ երեքհարյուրհազարանոց բանակի գլուխն անցած, որ ինքնակոչից վերանվաճի որպես ավագ ճյուղի ժառանգորդի՝ Ալդեային պատկանող բաբելոնական գահը։ Իր հերթին գեղեցկուհի Ֆարմազանտան առավոտյան ժամը երեքին շքախմբի ուղեկցությամբ ճանապարհ ընկավ՝ մխիթարվելով այն մտքից, որ գնում է Արաբիա՝ կատարելու իր թռչունի վերջին ցանկությունը, և միգուցե անմահ աստվածների բարեհաճությունը վերադարձնի իրեն թանկագին Ամազանին, առանց որի կյանքն այժմ անիմաստ էր թվում։

Այսպիսով՝ Բաբելոնի արքան արթնացավ միայնության մեջ։

- Վերջ տոնակատարություններին,- բացականչեց նա,- բայց այս ի՞նչ դատարկություն է հոգումս այս ամբողջ աղմուկից հետո։

Սակայն նա իսկական արքայական ցասում ապրեց, երբ իմացավ Ալդեայի առևանգման մասին։ Նա հրամայեց արթնացնել բոլոր նախարարներին և Խորհուրդը հավաքեց։ Մինչ նրանք կգային, չհապաղեց դիմելու գուշակին, բայց այն ժամանակից ի վեր աշխարհով մեկ հռչակված «Եթե աղջկան չես ամուսնացնում, ինքն է իր համար ամուսին գտնում» ասույթից բացի ուրիշ բան չլսեց։
Շտապ հրաման տրվեց երեքհարյուրհազարանոց բանակն ուղղել սկյութների արքայի դեմ։ Այդ ժամանակ էլ պայթեց ամենասարսափելի պատերազմներից մեկը, որ հետևանքն էր աշխարհիս երեսին կատարված ամենահրաշալի տոնախմբության։

Չորս բանակներ՝ յուրաքանչյուրը երեք հարյուր հազար մարդուց, դատապարտել էին Ասիան ամայանալու։ Բոլորին էլ պարզ է, որ մի քանի հարյուրամյակ հետո ողջ աշխարհը զարմացրած Տրոյական պատերազմը ընդամենը մանկական խաղ էր՝ այս պատերազմի հետ համեմատած, թեպետ պետք է նաև հաշվի առնել, որ Տրոյական պատերազմն սկսվեց արդեն ոչ երիտասարդ և միանգամայն անառակ կնոջ պատճառով, ով երկու անգամ թույլ էր տվել իրեն փախցնել, իսկ այստեղ խոսքը երկու երիտասարդ աղջիկների և մի թռչունի մասին է։

Հնդկաստանի արքան գնաց դիմավորելու իր բանակը մեծ, հոյակապ ճանապարհի վրա, որն այն ժամանակ ձգվում էր Բաբելոնից Քաշմիր։ Սկյութների արքան Ալդեայի հետ սլանում էր գեղատեսիլ ճանապարհով, որը տանում էր դեպի Իմուս լեռը։ Հետագայում այս բոլոր ճանապարհները անհետացել են վատ վերաբերմունքից։ Եգիպտոսի փարավոնն ուղղվեց դեպի արևմուտք և շաժվեց Միջերկրական կոչվող ոչ մեծ ծովի ափով, որն անգրագետ հրեաները հետո «Մեծ ծով» են կոչել։

Իսկ չքնաղ Ֆարմազանտան ընթանում էր բասորական ճանապարհով՝ երիզված բարձր արմավենիներով, որ մշտական ստվեր էին անում և տարին բոլոր պտուղ էին տալիս։ Տաճարը, դեպի ուր նա գնում էր ուխտի, գտնվում էր հենց Բասորում։ Այն սուրբը, ում պատվին կառուցվել էր այդ տաճարը, նման էր նրան, որին հետագայում պաշտում էին Լամպսակում (Հունական Լամպսակ քաղաքում երկրպագում էին Պրիամոսին՝ քաղցր կրքի ու զգացմունքային հաճույքների աստծուն։ Ծանոթությունը՝ հրատարակչի)։ Նա ոչ միայն աղջիկներին ամուսին էր տրամադրում, այլև հաճախ ինքն էր նրան փոխարինում։ Սա Ասիայում ամենապաշտելի սուրբն էր։

Ֆարմազանտային բոլորովին չուներ բասորական սրբի կարիքը։ Նրան հետաքրքրում էր միայն գանգարիդյան իր սիրելի հովիվը՝ իր գեղեցիկ Ամազանը։ Նա մտադրվել էր Բասորում նավ նստել և նավարկել դեպի Երջանիկ Արաբիա՝ կատարելու թռչունի վերջին կամքը։

Երրորդ գիշերակացին, դեռ հյուրանոց չմտած, ուր սպասավորները նրա համար սենյակ էին պատրաստել, նրան զեկուցեցին, որ այդ նույն տեղն է ժամանել նաև Եգիպտոսի փարավոնը։ Իր լրտեսների միջոցով արքայադստեր ճանապարհի մասին տեղեկություն ստանալով՝ նա մեծաքանակ թիկնազորի ուղեկցությամբ տեղնուտեղը փոխեց իր՝ նախապես որոշված երթուղին։

Նա գալիս է հյուրանոց, բոլոր ելքերի մոտ պահակ է կանգնեցնում, բարձրանում է չքնաղ Ֆարմազանտայի սենյակը ու նրան ասում.

- Ձե՛րդ մեծություն, հենց Ձեզ էի փնտրում։ Դուք Բաբելոնում ինձ վրա քիչ էիք ուշադրություն դարձնում։ Արդարությունը պահանջում է, որ գոռոզությունն ու թեթևամտությունը պատժվեն։ Բարի եղեք, ընթրեք այսօր ինձ հետ, հետո կկիսեք անկողինս, իսկ հետագայում Ձեզ հետ կվարվեմ կախված այն բանից, թե գոհ կլինե՞մ արդյոք ձեզնից, թե ոչ։

Ֆարմազանտան միանգամից գլխի ընկավ, որ ինքը շահեկան վիճակում չէ։ Նա հրաշալի հասկանում էր, որ խելամտությունը պահանջում է հարմարվել հանգամանքներին, և որոշեց ազատվել փարավոնից՝ օգտագործելով ինչ- որ մի անմեղ խորամանկություն։ Նրան աչքերի տակից նայելով, ինչը դարեր անց կոչվեց «աչք- ունքով անել», ահա թե ինչ բարբառեց նա այնպիսի համեստությամբ, գեղանիությամբ, ներդրումով, հուզականությամբ և այլ հմայող հնարքներով, որոնք կարող էին խելքահան անել ամենախելամիտ տղամարդուն ու կուրացնել ամենասրատեսին.

- Խոստովանում եմ, Ձե՛րդ գերազանցություն, որ ես ոչ մի անգամ չեմ համարձակվել նայել Ձեզ, երբ դուք իմ արքա հորը նրան այցելելու պատվին էիք արժանացրել։ Ես չէի կարողանում զսպել իմ սիրտը, ամաչում էի իմ միամիտ անմիջականությունից։ Ես վախենում էի, որ իմ հայրն ու Ձեր մրցակիցները կնկատեն իմ նախընտրանքը, որ ես ցուցաբերում եմ Ձեզ, և որին դուք, անկասկած, արժանի եք։ Հիմա արդեն ես կարող եմ ազատորեն տրվել իմ զգացմունքներին։ Երդվում եմ Ապիս ցլով, որին Ձեզնից հետո ամենաշատն եմ պաշտում երկրիս երեսին, որ Ձեր առաջարկը ցնծում պարգևեց ինձ։ Ես արդեն պատիվ եմ ունեցել ընթրելու Ձեզ հետ արքայի՝ իմ հոր մոտ և մեկ անգամ էլ հաճույքով կընթրեմ Ձեզ հետ այստեղ՝ առանց քաշվելու նրա ներկայությունից։ Միակ բանը, որ խնդրում եմ, թող Ձեր գլխավոր քուրմն էլ խմի մեզ հետ։ Բաբելոնում նա իրեն դրսևորեց որպես հաճելի սեղանակից։ Ես Շիրազի հրաշալի գինի ունեմ, ուզում եմ, որ երկուսդ էլ համտեսեք այն։ Ինչ վերաբերում է Ձեր երկրորդ առաջարկին, ապա այն շատ գայթակղիչ է, բայց վայել չէ ազնվական օրիորդին խոսել այդ մասին։ Բավարարվեք նրանով, որ ես համարում եմ Ձեզ ամենահզոր տիրակալն ու ամենահմայիչ տղամարդը։

Այս բառերը փարավոնի գլուխը պտտեցրին։ Նա սիրով համաձայնեց ընթրիքին կանչել նաև գլխավոր քուրմին։

- Ուզում եմ Ձեզ մի բան էլ խնդրել,- ասաց արքայադուստրը,- իմ դեղագործին թույլ տվեք ինձ մոտ գա։ Երիտասարդ աղջիկները հաճախ տառապում են թեթև վատառողջությամբ։ Մեկ տեսար՝ գլխապտույտ ունենք, մեկ՝ սրտխփոց, մեկ՝ ծակոցներ, մեկ էլ՝ խեղդուկ. հիվանդություններ, որ պահանջում են որոշկի պայմաններ և որոշակի ռեժիմ։ Մի խոսքով՝ ինձ շտապ պետք է իմ դեղագործը, և հույս ունեմ, որ սիրո այդ համեստ ապացույցը չեք խնայի ինձ համար։

- Ձերդ գերազանցություն,- պատասխանեց փարավոնը,- թեպետ ես ու դեղագործը միանգամայն հակադիր տեսակետներ ունենք, և նրա արհեստի զենքերը չեն համընկնում իմերին, բայց ես չափազանց լավ եմ դաստիարակված, որ մերժեմ Ձեր այդքան օրինական խնդրանքը։ Ես կկարգադրեմ, որ նա ներկայանա Ձեզ ընթրիքից առաջ։ Անկասկած՝ ճանապարհորդությունը մի քիչ հոգնեցրել է Ձեզ։ Դուք, իհարկե, աղախնի կարիք ունեք։ Հրամայեք կանչել նրան, ով Ձեզ համար ամենահաճելին է, որից հետո ես կսպասեմ Ձեր հրամաններին և Ձեր բարեհաճությանը։

Նա հեռացավ։ Մտան դեղագործն ու Իրլա անունով աղախինը։ Արքայադուստրը նրան միանգամայն վստահում էր։ Նա կարգադրեց աղախնին ընթրիքի համար բերել վեց շիշ շիրազյան գինի և այդ նույն գինով արբեցնել պահակախումբը, որ հսկում էր բաբելոնյան ձերբակալված սպաներին։ Հետո նա հրամայեց դեղագործին շշերի մեջ քնաբեր լցնել, որից մարդիկ քնում են քսանչորս ժամ, և որը դեղագործը միշտ իր հետ համենայնդեպս ուներ։ Նրա հրամանները ճշգրտությամբ կատարվեցին։ Կես ժամից փարավոնը գլխավոր մոգի ուղեկցությամբ ներկայացավ։ Ընթրիքն աշխույժ անցավ։ Փարավոնն ու մոգը ցմրուր դատարկեցին վեց շիշն էլ ու խոստովանեցին, որ այդպիսի գինի Եգիպտոսում հնարավոր չէ գտնել։ Աղախինը ջանում էր հարբեցնել ծառաներին, որոնք սպասարկում էին սեղանը։ Ինքը՝ Ֆարմազանտան, ոչ մի կաթիլ չխմեց՝ բացատրելով նրանով, որ բժիշկն իրեն սննդակարգ է նշանակել։ Շուտով բոլորը քնեցին։

Եգիպտական փարավոնի գերագույն քուրմն այնպիսի փառահեղ մորուք ուներ, որ կարող էր ունենալ միայն իր դասի ներկայացուցիչը։ Ֆարմազանտան ճարպկորեն խուզեց այն, հրամայեց փոքրիկ ժապավեն ամրացնել և կապեց իր ծնոտին։ Նա հագավ մոգի զգեստը և իր վրա ամրացրեց նրա բոլոր տարբերանշանները, իսկ աղախնուն հագցրեց որպես Իզիդա աստվածուհու մոգ։ Ամանն ու ոսկեղենը վերցնելով՝ նա դուրս եկավ հյուրանոցից և անցավ իրենց տիրոջ ու պահակների նման քնածների վրայով։ Նրան ուղեկցող աղախինը հոգաց, որ դարպասի մոտ իրենց սպասեն երկու թամբած ձիեր։ Արքայադուստրն իր շքախմբից ոչ մեկին չկարողացավ իր հետ տանել, հակառակ դեպքում նրանց կբռներ դրսի պահակախումբը։

Ֆարմազանտան ու Իրլան անցան զինվորների կրկնակի շարքի միջով, որը նրան գլխավոր մոգի տեղն ընդունեց՝ մեծարելով «պայծառափայլ սուրբ հայր» և օրհնություն խնդրելով։ Քսանչորս ժամվա ընթացքում՝ մինչ փարավոնը քնած էր, փախստականները հասար Բասար։ Այստեղ նրանք, որ կասկած չհարուցեն, փոխեցին իրենց քողարկող հագուստը։ Շտապ մի բեռնատար նավ վարձեցին, որը նրանց տարավ Օրմուզդկան նեղուցով դեպի Եդեմի չքնաղ ափը՝ Երջանիկ Արաբիա։ Դա այն նույն Եդեմն էր, որի այգիները այնքան էին հռչակված, որ հետագայում դրանք կոչեցին սրբերի բնակատեղի։ Դրանք Ելիսեյան դաշտերի (հուն. դիցաբանության մեջ՝ անդրշիրիմյանաշխարհում երանելիների դաշտեր), Հեսպերիսների այգիների (ոսկեպտուղ խնձորենիների այգի, որը հսկում էին Հեսպերուհիները) և Երջանկության կղզու այգիների նախատիպն էին, քանի որ այդ շոգ երկրներում մարդիկ այլ արքայություն չեն պարտկերացնում, քան թավուտների ստվերն ու առվի կարկաչը։ Հավերժ կյանքով ապրել երկնքում՝ շփվելով աստվածության հետ կամ թափառել դրախտային այգիներում՝ միևնույն էր մարդկանց համար, ովքեր զրուցում են՝ առանց իրար հասկանալու և դեռ չեն կարողանում մտածել ու ճշգրիտ արտահայտվել։

Հենց արքայադուստրը հասավ այս երկիրը, նախ և առաջ շտապեց իր թռչնի հուղարկավորության հանդեսն անել, ինչպես որ վերջինս իրեն պատվիրել էր։ Իր գեղեցիկ ձեռքերով նա ոչ մեծ մի խարույկ սարքեց մեխակի ու դարչինի ոստերից։ Ի՜նչ զարմանք նա ապրեց, երբ թռչունի աճյունը այդ ոստերի վրա թափվելով՝ ինքնիրեն բոց բռնկվեց։ Ամբողջն արագ այրվեց։ Մոխրի փոխարեն հայտնվեց մի մեծ ձու, որից դուրս եկավ իր թռչունը՝ ավելի շլացուցիչ, քան առաջ էր։ Դա արքայադստեր՝ երբևէ ապրած ամենահրաշալի ակնթարթն էր։ Դրանից հրաշալի միայն մի բան կարող էր լինել. նա կրքոտ դա էր երազում, բայց չէր համարձակվում հուսալ։

- Հիմա ես տեսնում եմ,- ասաց նա,- որ Դուք Փյունիկ թռչունն եք, որի մասին ինձ այնքան շատ են պատմել։ Ես հիմա ուրախությունից ու զարմանքից կմեռնեմ։ Ես երբեք չէի հավատում մեռյալների հարությանը, բայց իմ երջանկությունն ինձ համոզեց։

- Ձե՛րդ գերազանցություն, հարություն առնելն ամենահասարակ երևույթն է աշխարհում,- պատասխանեց Փյունիկը,- երկու անգամ ծնվելը նույնքան բնական է, որքան մեկ անգամը։ Աշխարհում բոլորն էլ վերածնվում են։ Թրթուրը վերածնվում է թիթեռի, գետնին ընկած ընկույզը՝ ծառի։ Հողում թաղված բոլոր կենդանիները վերածնվում են որպես խոտ, որպես բույս և կերակրում են ուրիշ կենդանիների, ինչի հետևանքով դառնում են նրանց մասը։ Երբևէ կենդանի էակ եղածի բոլոր բաղկացուցիչ մասերը վերածնվել են որպես ուրիշ արարածներ։ Ճիշտ է, ես միակ արարածն եմ, որին ամենակարող Արամազդը շնորհել է իր իսկ կերպարով վերածնվելու բարեհաճությունը։

Ֆարմազանտան, որ Ամազանին ու Փյունիկին տեսնելու պահից չէր դադարում ամեն վայրկյան զարմանալուց, ասաց.

- Ես հասկանում եմ, որ հզոր աստվածությունը կարողացել է Ձեր աճյունից Ձեզ նմանվող թռչուն վերածնել, բայց, խոստովանեմ, չեմ հասկանում, թե ինչպես Դուք կարող եք լինել այն նույն արարածը և ունենաք նույն հոգին, որ ունեիք։ Որտե՞ղ էր Ձեր հոգին, երբ Ձեր մահից հետո ես Ձեզ պահում էի գրպանումս։

- Տեր աստված, տիրուհի՛, մի՞թե հզոր Արամազդի համար ավելի դժվար է իր իշխանությունն արտահայտել իմ էության փոքրիկ կայծի վրա, քան նորից այն ստեղծելը։ Մի անգամ նա արդեն ինձ շնորհել է ենթագիտակցություն, հիշողություն, մտածելու կարողություն և հիմա նորից ու նորից է շնորհում։ Չէ՞ որ նրանից, որ այդ բարեհաճությամբ նա օժտել է իմ մեջ հալչող նախնական կրակի միայն մի մասնիկը, ոչ թե ամբողջ օրգանիզմս, ըստ էության, ոչինչ չի փոխվում։ Ո՛չ Փյունիկ թռչունը, ո՛չ մարդիկ երբեք չեն իմանա, թե դա ինչպես է լինում։ Բայց գերագույն բարեհաճությունը, որով ինձ օժտել է աստվածությունը, այն է, որ նա ինձ հարություն է տվել Ձեզ համար։ Ինչո՞ւ ես չեմ կարող այն քսանութ հազար տարին, որ վիճակված է ինձ ապրելու մինչև իմ նոր վերամարմնավորումը, անցկացնել Ձեզ և իմ թանկագին Ամազանի հետ։

- Իմ սիրելի Փյունիկ, հիշեք, որ Բաբելոնում ինձ ասած Ձեր առաջին բառերը, որոնք ես երբեք չեմ մոռանա, իմ մեջ հույս ներշնչեցին նորից տեսնելու իմ թանկագին հովվին։ Մենք պետք է անհապաղ միասին ուղևորվենք գանգարիդների մոտ և նրան բերենք Բաբելոն։

- Իմ մտադրությունն էլ է դա,- ասաց Փյունիկը,- ոչ մի վայրկյան չի կարելի կորցնել։ Հարկավոր է հետևել Ամազանին ամենակարճ ճանապարհով, այսինքն՝ օդով։ Երջանիկ Արաբիայում՝ ընդամենը հարյուր հիսուն մղոնի վրա, ապրում են երկու գրիֆներ (առասպելական հրեշ՝ առյուծի գլխով ևարծվի թևերով)՝ իմ մտերիմ ընկերները։ Ես նրանց աղավնու փոստով նամակ կուղարկեմ, և մինչ մութն ընկնի, նրանք այստեղ կլինեն։ Մենք կհասցնենք Ձեզ համար պատվիրել ոչ մեծ, հարմարավետ մի բազմոց՝ անհրաժեշտ սննդի համար դարակներով։ Ձեզ և Ձեր աղախնի համար շատ հարմար կլինի այդ կառքում։ Այդ գրիֆներն ամենաուժեղներն են իրենց ցեղատեսակի մեջ։ Նրանցից յուրաքանչյուրը ճանկերով կբռնի բազմոցի բռնիչներից մեկը։ Բայց կրկնում եմ՝ թանկ է ամեն ակնթարթը։

Թռչունը նույն պահին Ֆարմազանտայի հետ գնաց ծանոթ կահույքագործի մոտ՝ բազմոց պատվիրելու։ Չորս ժամ անց բազմոցը պատրաստ էր։ Նրա դարակներում դրված էին կաթնահունց հաց, բլիթ, որ որակով գերազանցում էին բաբելոնականին, կիտրոններ, անանասներ, կոկոսներ, գետնանուշեր և եդեմական գինի, որը նույնքան համեղ է շիրազականից, որքան որ վերջինը գերազանցում է սյուրենականը։

Բազմոցը և՛ հարմար էր, և՛ թեթև, և՛ ամուր։ Գրիֆները եկել էին նշանակված ժամին։ Ֆարմազանտան և Իրլան նստեցին կառքը։ Գրիֆները փետուրի նման այն օդ բարձրացրին։ Փյունիկը մեկ թռչում էր կողքից, մեկ նստում էր բազմոցի թիկնակին։ Գրիֆները ձգվում էին դեպի Գանգես՝ օդը ճեղքող նետի արագությամբ։ Կանգառները երկարատև չէին, միայն գիշերը՝ սնվելու և թևավոր կառապաններին ջուր տալու համար։

Վերջապես նրանք ժամանեցին գանգարիդների երկիրը։ Արքայադստեր սիրտը թպրտում էր ակնկալիքից, սիրուց, ուրախությունից։ Փյունիկը պատվիրեց վայրէջք կատարել Ամազանի տան մոտ։ Նա ցանկացավ խոսել տղայի հետ, բայց պարզեց, որ երեք ժամ առաջ Ամազնը դուրս էեկել տնից և ուղևորվել անհայտ ճանապարհով։

Նույնիսկ գանգարիդների լեզվով չկա մի բառ, որ բացատրի Ֆարմազանտային համակած հիասթափությունը։

- Ցավոք, հենց սրանից էլ ես վախենում էի,- ասաց Փյունիկը։ - Այն երեք ժամը, որ անցկացրիք հյուրանոցում՝ Բոսորի ճանապարհին, Եգիպտոսի այդ չարաբաստիկ փարավոնի հետ, միգուցե ընդմիշտ Ձեզնից խլեց Ձեր կյանքի երջանկությունը։ Վախենամ թե անվերադարձ կորցրիք Ամազանին։

Փյունիկը հարցրեց ծառաներին՝ իրենց թույլ կտա՞ն արդյոք ողջունելու Ամազանի մորը, բայց սրանք պատասխանեցին, որ նրա ամուսինը երկու օր առաջ վախճանվել է, և նա ոչ ոքի չի ընդունում։

Փյունիկը, որ հեշտությամբ էր տուն մտնում, տարավ Բաբելոնի արքայադստերը մի ննջարան, ուր պատերը զարդարված էին փղոսկրի շերտերի վրա գործած նարնջի ծառերով։ Հոտաղ տղաներն ու հոտաղ աղջիկները՝ վառ նարնջագույն ժապավենով գոտևորված երկար, ձյունասպիտակ հագուստով հարյուր սովորական հախճապակե զամբյուղներով նրան էին մատուցում հարյուր ամենաընտիր ու համադամ կերակուրներ, որոնցում չկար մսեղեն։ Այստեղ կային բրինձ, սագո, սպիտակաձավար, վերմիշել, մակարոն, ձվածեղ, կաթի մեջ հարած ձու, սերուցքային պանրիկներ, ամեն տեսակի թխվածքներ, բանջարեղեն, մրգեր, անքան բուրավետ ու այնքան համեղ, որոնց մասին ուրիշ երկրներում պատկերացում անգամ չունեին։ Նաև լիուլի մատուցվեցին զովացուցիչ ըմպելիքներ, որոնք որակով գերազանցում էին լավագույն գինիներին։

Այն ժամանակ, երբ արքայադուստրը վայելում էր ուտելիքը՝ վարդերից հյուսված բազմոցին հենված, իրենց բախտից համր չորս սիրամարգեր թե սիրամարգուհիներ, պարուրում էին նրան իրենց փայլուն փետուրներով։ Երկու հարյուր թռչունից, հարյուր հովվից և հարյուր հովվուհուց բաղկացած երգչախումբը համերգ էր տալիս։ Սոխակները, դեղձանիկները, շիկահավերը, սերինոսները հովվուհիների հետ միաժամանակ երգում էին դիկտանտով (բարակ ձայնՀովիվները երգում էին ալտ ու բաս ձայներով, իսկ ամբողջը միասին հիանալի և բնական էր, ինչպես ինքը՝ բնությունը։ Արքայադուստրը խոստովանեց, որ եթե Բաբելոնը շողում էր մեծ ճոխությունից, ապա գանգարիդների բնությունը հազար անգամ ավելի գերող է։ Բայց մինչ հնչում էր մխիթարող և ականջը շոյող երաժշտությունը, արքայադուստրը լաց էր լինում։

- Հովիվներն ու հովվուհիները, սոխակներն ու դեղձանիկները վայելում են սերը, իսկ ես զրկված եմ գանգարիդ- հերոսից, որ արժանի է իմ ամենաքնքուշ ու կրքոտ երազանքներին,- ասում էր նա իր աղախին Իրլային։

Այն պահին, երբ նա ընթրում էր և մեկ հիանում էր, մեկ՝ լաց լինում, Փյունիկն Ամազանի մորն ասում էր.

- Իմ տիրուհի, Դուք չեք կարող Բաբելոնի արքայադստերը չընդունել։ Դուք գիտեք…

- Ես ամեն ինչ գիտեմ, ընդհուպ մինչև Բասսարի ճանապարհին՝ հյուրանոցում նրա արկածը։ Այսօր առավոտյան ինձ ամեն ինչ պատմեց սև կեռնեխը։ Այդ դաժան կեռնեխը մեղավոր է նրանում, որ որդիս հուսահատությունից խելքը թռցրել է ու լքել հայրենի տունը։

- Ուրեմն՝ Դուք չգիտեի՞ք, որ արքայադուստրն ինձ վերակենդանացրել է։

- Ո՛չ, թանկագինս, ես կեռնեխից իմացա, որ Դուք մեռել եք, և անմխիթար էի։ Ես այնքան էի վշտացած Ձեր մահից, իմ ամուսնու վախճանից, որդուս անհապաղ մեկնումից, որ բոլորի համար փակել եմ իմ տան դռները։ Բայց քանի որ Բաբելոնի արքայադուստրն ինձ պատիվ է արել և այցելել է, ուրեմն շուտ հրավիրեք նրան այստեղ։ Ես պետք է նրան շատ կարևոր լուր հայտնեմ, խնդրում եմ՝ Դուք էլ ներկա լինեք այդ հանդիպմանը։

Եվ նա նույն պահին գնաց հարևան սենյակը՝ դիմավորելու արքայադստերը։

Նա դժվարությամբ էր քայլում. այդ կինն արդեն շուրջ երեք հարյուր տարեկան էր, բայց նա դեռ չէր կորցրել իր գեղեցկությունը։ Երևում էր, որ երկու հարյուր երեսուն- երկու հարյուր քառասուն տարեկանում նա չքնաղ է եղել։

Նա ընդունեց Ֆարմազանտային հարգալից և արժանապատվորեն, և նրա կարեկցանքն ու տխրությունը խիստ ազդեցություն ունեցան արքայադստեր վրա։

 Ֆարմազանտան նախ և առաջ ցավակցություն հայտնեց նրան՝ ամուսնու մահվան կապակցությամբ։

- Ցավոք,- պատասխանեց Ամազանի մայրը,- նրա մահը Ձեզ ավելի է վերաբերում, քան Դուք կարծում եք։

- Իհարկե, ես շատ վշտացած եմ,- պատասխանեց Ֆարմազանտան,- չէ՞ որ նա հայրն էր…

Այս ասելով՝ նա սկսեց լաց լինել։

- Չէ՞ որ միայն հանուն նրա էի ես, ենթարկվելով բազմաթիվ վտանգների, շտապում այստեղ։ Հանուն նրա ես լքեցի հորս և աշխարհի ամենափայլուն պալատը։ Եգիպտոսի արքան, որին ես ատում եմ, ինձ առևանգեց։ Այդ անտաշ մարդուց փախչելով՝ ես թռել- եկել եմ հսկայական տարածություն, որ հանդիպեմ նրան, ում սիրում եմ։ Ես այստեղ եմ, և ի՞նչ։ Նա փախչում է ինձնից։

Հեծկլտոցն ու արցունքներն ընդհատեցին նրա խոսքը։

Բայց ահա խոսեց տղայի մայրը.

- Ձերդ մեծություն, երբ Եգիպտոսի արքան Ձեզ պահեց, և դուք ընթրում էիք նրա հետ Բասսարի ճանապարհին, երբ Դուք Ձեր չքնաղ ձեռքերով նրա համար Շիրազի գինի էիք լցնում, չնկատեցի՞ք արդյոք սենյակով թևածող մի սև կեռնեխի։

- Ինչպե՞ս չէ։ Ես այն ժամանակ նրա վրա ուշադրություն չդարձրի, բայց հիմա հստակ հիշում եմ, որ երբ փարավոնը վեր կացավ սեղանի մոտից, որ համբուրի ինձ, կեռնեխը սուր ձայնով չկչկացնելով պատուհանից դուրս թռավ և էլ չվերադարձավ։

- Ցավոք, տիրուհի,- ասաց Ամազանի մայրը,- հենց դա եղավ Ձեր բոլոր դժբախտությունների պատճառը։ Իմ որդին ուղարկել էր այդ կեռնեխին, որ նա իմանա, թե ինչպես եք Դուք Ձեզ զգում, և ի՞նչ է կատարվում Բաբելոնում՝ հուսալով շուտով վերադառնալ այնտեղ, ընկնել ձեր ոտքերը և Ձեզ նվիրել իր ողջ կյանքը։ Բոլոր գանգարիդները կարողանում են սիրել ու հավատարմություն պահպանել, բայց իմ որդին նրանցից ամենակրքոտն ու ամենահավատարիմն է։ Կեռնեխը ձեզ տեսել է հյուրանոցում։ Դուք ուրախ զվարճանում էիք փարավոնի և ինչ- որ մի հոտած հոգևորականի հետ։ Նա, վերջապես նկատել է, թե դուք ինչ քնքշությամբ եք համբուրում այն նույն արքային, որ սպանել է Փյունիկին և որի նկատմամբ իմ որդին անհաղթահարելի ատելություն է տածում։ Այդ տեսնելով՝ կեռնեխն արդարացի վրդովմունք է ապրել և թռել հեռացել է՝ անիծելով Ձեր չարաբաստիկ սերը։ Այսօր նա վերադարձավ այստեղ։ Նա ամեն ինչ պատմեց, բայց, տեր աստված, նա եկավ այն պահին, երբ մենք որդուս հետ ողբում էինք նրա հոր մահը, Փյունիկի մահը, և այն պահին, երբ նա ինձնից իմացավ, որ քեզ հեռու ազգական է գալիս։

- Տեր աստված, իմ հեռու ազգականը… Հնարավո՞ր բան է։ Ինչպե՞ս։ Մի՞թե ես այդքան երջանիկ կլինեմ և միաժամանակ այդքան դժբախտ այն բանից, որ վիրավորել եմ նրան։

- Իմ որդին Ձեր հեռավոր ազգականն է, ասում եմ,- շարունակեց մայրը,- և ես Ձեզ դա կապացուցեմ։ Բայց գտնելով ազգականուհուս՝ ես կորցնում եմ որդուս։ Նա չի տանի Եգիպտոսի արքային նվիրած Ձեր համբույրի տված վիշտը։

- Ա՛խ, մորաքույր,- բացականչեց չքնաղ Ֆարմազանտան,- երդվում եմ Ձեր որդու և հզոր Արամազդի անուններով, այդ տխրահռչակ համբույրն ամենևին էլ դավաճանություն չէր։ Դա սիրո ամենաանհերքելի ապացույցն էր, որ ես կարող էի տալ Ձեր որդուն։ Հանուն նրա ես չլսեցի հորս, հանուն նրա ես ուղևորվեցի Եփրատից Գանգես։ Գերվելով Եգիպտոսի անարժան արքայից, ես նրան խաբելով միայն կարողացա փախչել։ Վկայակոչում եմ Փյունիկին՝ իր աճյունով ու հոգով, որ այն ժամանակ իմ գրպանում էին։ Նա կարող է հաստատել, որ ես անմեղ եմ։ Բայց այդ ինչպե՞ս Ձեր որդին, որ ծնվել է Գանգեսի ափերին, կարող է իմ ազգականը դուրս գալ, եթե մեր ազգն ահա քանի դար է իշխում է Եփրատի ափերին։

- Գիտե՞ք արդյոք,- ասաց հարգարժան գանգարիդուհին,- որ Ձեր պապի զարմիկ Ալդեյը Բաբելոնի արքա էր և գահընկեց է արվել Բելի հոր կողմից։

- Այո՛, ես դա գիտեմ։

- Դուք գիտեք, որ նրա որդին օրինական ամուսնությունից դուստր ուներ՝ արքայադուստր Ալդեան, որ դաստիարակվում էր Ձեր պալատում։ Ահա այդ արքան, հետապնդվելով Ձեր հորից, փախավ դեպի մեր օրհնյալ երկիրը, ուր թաքնվեց որիշի անվան տակ։ Նա ամուսնացավ ինձ հետ, և ծնվեց մեր Ալդեյ-Ամազան որդին՝ ամենագեղեցիկը, ամենաուժեղը, ամենաանվախը, ամենաբարեգործը մահկանացուների մեջ, իսկ հիմա՝ նաև ամենախելահեղը։ Նա ուղևորվեց Բաբելոնի տոնախմբությանը՝ լսած լինելով Ձեր գեղեցկության մասին։ Այն պահից նա պաշտում է Ձեզ, և, հնարավոր է, ես այլևս երբեք չեմ տեսնի իմ որդուն։

Նա արքայադստեր առաջ փռեց բոլոր պատվոգրերը, որ ապացուցում էին Ալդեյների տոհմի ազնվականությունը։ Ֆարմազանտան աչքի պոչով դրանց արժանացրեց իր հայացքին։

- Ախ,- ասաց նա,- մի՞թե կարելի է անկողմնակալ ուսումնասիրել այն, ինչ սիրում ես։ Իմ սիրտը հավատում է Ձեզ։ Բայց ո՞ւր է Ալդեյ- Ամազնը։ Ո՞ւր է իմ ազգականը, իմ սիրելին, իմ արքան։ Ո՞ւ ր է իմ կյանքը։ Ո՞ւր է ուղղել նա իր քայլերը։ Ես նրան կփնտրեմ տիեզերքի բոլոր մոլորակներում, որոնց ամենաչքնաղ զարդն է նա։ Ես նրան կփնտրեմ Կանոն աստղի, Շիտ ու Ալդեբարան աստղերի վրա։ Ես նրան կապացուցեմ իմ սերն ու իմ ատելությունը։

Փյունիկը հաստատեց արքայադստեր անմեղությունն այն հանցանքում, որը նրան վերագրում էր կեռնեխը, այսինքն նրանում, որ Ֆարմազանտան համբուրել է փարավոնին, բայց հարկավոր էր համոզել Ամազանին և նրան վերադարձնել տուն։

Փյունիկը թռչուններ և միաեղջյուրներ ուղարկեց բոլոր ծայրերը, և, վերաջապես, նրան տեղեկացրին, որ Ամազանը ուղևորվել է Չինաստան։

- Այդ դեպքում՝ գնանք Չինաստան,- բացականչեց արքայադուստրը,- ճանապարհը հեռու չէ… Ոչ ուշ, քան տասնհինգ օրից ես կվերադարձնեմ Ձեզ Ձեր որդուն։

Ինչպե՜ս էին լաց լինում բաժանվելիս գանգարիդի մայրն ու Բաբելոնի արքայադուստրը, որքա՜ն համբույրներ, որքա՜ն սրտառուչ խոսքեր…

Փյունիկը տեղնուտեղը հրամայեց կառքում տեղավորել վեց միաեղջյուր։ Ամազանի մայրը իր ազգական արքայադստերը երկու հարյուր ձիավորից թիկնազոր տրամադրեց և նվիրեց նրան մի քանի հազար տեղական ալմաստներ։ Փյունիկը, վշտացած չարիքից, որ կեռնեխի բացբերանության հետևանքով էր, հրամայեց վտարել երկրից բոլոր սև կեռնեխներին, և այդ օրից Գանգեսի ափերին երբեք կեռնեխ չես տեսնի։

5-րդ գլուխ

Ռուսերենից թարգմանեցին Մանուշակ Չորեկյանը,
Հասմիկ Ղազարյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.