«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 26

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Հակոբ Հակոբյան
Էջեր ֆիզիկայի ապագա դասագրքից (Շփման ուժ)

Դավիթ Մինասյան
«Ենթածրագրեր և պրոցեդուրաներ»

Մեթոդական մշակումներ

Հասմիկ Ղազարյան
«Նորից Աբովյանի մասին»

Անահիտ Ավագյան
«Մի նախագծի մասին»

Նաիրա Դալուզյան
«Ուսումնական նյութի ընտրության մասին»

Արմինե Աբրահամյան
«Ի՞նչն է ավելի կարևոր»

Մարգարիտ Հարությունյան
«Դասի արդյունավետությունն ապահովելու լավագույն միջոցը համագործակցությունն է»

Մարգարիտ Սարգսյան
«ՏՀՏ-ն` պոեզիայի ուսումնասիրման գրավիչ և արդյունավետ միջոց»

Աշոտ Տիգրանյան,
Դավիթ Մինասյան
«Համակցված առաջադրանքներ»

Ուսումնական նյութեր

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Հեգել
«Գիմնազիայի տնօրենի ճառեր»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Քննարկում են քոլեջի սովորողները

Վոլտեր

Բաբելոնի արքայադուստրը

9-րդ գլուխ

7-8-րդ գլուխներ

Հազիվ էր Ամազանն իջել Բատավիայի ցածր, տղմուտ ափերին, երբ նետի պես սլացավ դեպի յոթ բլուրների քաղաքը։ Նա ստիպված էր անցնել Գերմանիայի հարավային մասով։ Այստեղ յուրաքանչյուր չորս մղոնի վրա հանդիպում էին արքայազններ ու արքայադուստրեր, պալատական տիկնայք ու աղքատներ։ Նրան զարմացրեց, որ ամենուր այդ բարձրաստիճան տիկնայք և նրանց ֆրեյլենները մաքուր գերմանական պարզասրտությամբ սեթևեթում էին իր հետ։ Ինքը համեստորեն մերժում էր նրանց սիրահետումները։

Անցնելով Ալպերը՝ նա նավարկեց Դալմատական ծովով և կանգ առավ մի քաղաքի մոտ, որը նման չէր իր՝ մինչև այժմ տեսած քաղաքներից ոչ մեկին (Վենետիկը)։ Այստեղ ծովը փողոցներ էր ձևավորում, իսկ շենքերը դուրս էին ցցված ջրից։ Այդ քաղաքի հազվագյուտ հրապարակները լեփ-լեցուն էին երկդեմ կանանց ու տղամարդկանց ամբոխով։ Նրանք ունեին բնությունից ստացած դեմքեր և այդ դեմքը ծածկողերկրորդ դեմքը՝ անճաշակ վառվռուն ներկված ստվարաթղթից։ Այդ պատճառով թվում էր, թե բնակչությունը բաղկացած է ուրվականներից։

Այս երկիր ժամանած օտարերկրացիները նախ և առաջ իրենց համար «դեմք» էին գնում, այնպես, ինչպես ուրիշ երկրներում գլխանոցներ ու կոշիկ են գնում։ Ամազանը ձեռնպահ մնաց նման հակաբնական նորաձևությունից։ Նա ներկայացավ իր բնական կերպարով։ Քաղաքում տասներկու հազար աղջիկ կար, որ գրանցված էր հանրապետության մեծ գրքում. հանրապետության համար օգտակար աղջիկներ։ Նրանց հանձնարարված էր ամենաձեռնտու և ամենահաճելի առևտուրը, այն առևտուրների մեջ որ երբևէ հարստացրել են որևէ պետություն։ Սովորական առևտրականները մեծ ծախսերով և մեծ ռիսկով իրենց կտորն ուղարկում էին արևելք։ Իսկ այս չքնաղ գործարարները առանց որևէ ռիսկի աշխուժացնում էին իրենց հմայքների առևտուրը։ Նրանք բոլորը կանգնեցին Ամազանի առաջ՝ նրան ընտրելու հնարավորություն ընձեռելով։ Նա շտապ թաքնվեց՝ կրկնելով Բաբելոնի անզուգական առքայադստեր անունը և երդվելով անմահ աստվածների անունով, որ նա գեղեցիկ է բոլոր տասներկու հազար վենետիկուհիներից էլ՝ միասին վերցրած։

- Չքնաղ մոլորյալ,- բացականչեց նա հիացած,- ես կսովորեցնեմ ձեզ հավատարիմ լինել։

Վերջապես Տիբերի դեղին ջրերը, գարշահոտ կայմերը, նիհարած, քաղցած մարդիկ՝ ծածկված հին ու քրքրված թիկնոցներով, որի տակից երևում էր նրանց չորացած, սևացած մաշկը, կանգնեցին նրա առաջ՝ նախազգուշացնելով, որ գտնվում է յոթ բլուրների՝ քաջերի ու օրենսդիրների քաղաքի դարպասների մոտ, որը իրեն է ենթարկել ու բարեկրթել երկրագնդի մեծ մասը։

Նա կարծում էր, թե քաղաքի հաղթական դարպասների մոտ կտեսնի հինգ հարյուր բատալիոն՝ հերոսների ղեկավարությամբ, իսկ սենատում՝ կիսաստվածների հավաքում, նրանց, որ աշխարհին օրենքներ են թելադրում։ Բայց բանակի փոխարեն նա մի երեսուն պորտաբույծի գտավ, որ պահակ էին կանգնած՝ հովանոցով արևից պաշտպանվելով։ Մտնելով տաճար, որ նրան գեղեցիկ թվաց, բայց որ պակաս գեղեցիկ էր, քան Բաբելոնի տաճարները, նա ծայրահեղ ապշած էր՝ լսելով կանացի ձայնով երգող տղամրդկանց։

- Ահա թե ինչ զվարճալի երկիր է Սատուրնի այս հինավուրց երկիրը,- բացականչեց նա,- ես մի քաղաք տեսա, որտեղ ոչ ոք իր դեմքը չունի, հիմա տեսնում եմ մի ուրիշը, ուր տղամարդիկ չունեն ո՛չ արական ձայն, ո՛չ մորուք։

Նրան բացատրեցին, որ այս տղամարդիկ արդեն տղամարդ չեն, քանի որ նրանց զրկել են ամենայն առնականից, որպեսզի նրանք հաճելի ձայնով գովերգեն ազնվական մարդկանց հսկայական բազմությունը։ Ամազանը բացարձակ ոչինչ չհասկացավ այդ բացատրություններից։ Այդ պարոնները խնդրեցին նրան երգել, և նա իրեն հատուկ նրբագեղությամբ կատարեց մի գանգարիդական երգ։ Նա հրաշալի տենոր էր։

- Ախ, սինյոր,- բացականչեցին նրանք,- ինչպիսի հոյակապ սոպրանոյով կերգեիք, եթե…

- Եթե ի՞նչ։ Ի՞նչ եք ուզում ասել դրանով։

- Ա՜խ, սինյոր։

- Հետո՞։

- Եթե մորուք չունենայիք…

Եվ նրանք իրենց հատուկ շարժումներով շատ զվարճալի ձևով նրան բացատրեցին, թե բանն ինչ է։ Ամազանը շփոթված էր։

- Ես շատ եմ ճամփորդել, բայց այդ բարբաջանքի պես ոչ մի բան ոչ մի տեղ չեմ լսել։

Երբ երգը դադարեց, յոթ բլուրների՝ մեծ շքախմբի գլուխն անցած Իմաստունը ուղղվեց դեպի տաճարի դարպասները, ձեռքով օդը բաժանեց չորս մասի, բարձրացնելով մեծ մատը, մեկնելով մյուս երկուսը, ծալելով մնացած երկուսը և արդեն գործածությունից դուրս եկած մի լեզվով ասաց. «Քաղաքին և տիեզերքին»։


Գանգարիդը չհասկացավ, թե ինչպես երկու մատը կարող էր հասնել այդքան հեռու։

Հետո նրա աչքի առաջ անցան աշխարհի տիրակալի պալատականները։ Դրանք կարևոր դեմքեր էին։ Ոմանք քրքում թիկնոցով, ուրիշները՝ բաց մանուշակագույն (կարդինալներն ու եպիսկոպոսները), համարյա բոլորը քնքշորեն նայում էին գեղեցկադեմ Ամազանին։ Նրանք խոր գլուխ էին տալիս նրան ու միմյանց ասում.

- (իտալերեն) Սուրբ Մարտին, ի՜նչ հրաշալի պատանի է։ Սուրբ Պանկրատի, ի՜նչ հրաշալի պատանի է։

Ջանասերները (վանական կազմակերպության անուն), որոնց զբաղմունքն այն էր, որ ցույց տային օտարերկրացիներին քաղաքի տեսարժան վայրերը, շտապեցին նրան ցույց տալ խարխուլ խրճիթները, որոնցում կհրաժարվեր գիշերել անգամ ջորեպանը, բայց որոնք հնում տիրակալ ժողովրդի մեծությանն արժանի հուշարձան էին։ Նա տեսավ նաև երկուհարյուրամյա նկարներ և արձաններ, որոնք քանդակված էին քսան դար առաջ։ Դրանք Ամազանին արվեստի ստեղծագործության նմուշներ թվացին։

- Այսպիսի ստեղծագործություններ հիմա է՞լ եք անում։

- Ո՛չ, Ձերդ պայծառափայլություն,-պատասխանեց ջանասերներից մեկը,- բայց մենք արհամարհում ենք ամբողջ աշխարհը, որովհետև մեզ մոտ են պահպանվել այս հազվագյուտ գործերը։ Մենք հնահավաքի պես փոխ ենք առնում մեր փառքը հին հագուստից, որ մնացել է մեր պահեստներում։

Ամազանը ցակություն հայտնեց տեսնելու աշխարհի տիրակալի պալատը։ Նրան ուղեկցեցին այնտեղ։ Նա բաց մանուշակագույն հագուստով մարդկանց տեսավ, որ հաշվում էին պետության շահույթը։ Այսքանը՝ Դունայի ափին ընկած պետությունից, ասքանը՝ Լուարայի ափից, Գվադալկվիվիրեի կամ Վիսլայի ափերից։

- Օհո՜,- բացականչեց Ամազանը՝ նայելով իր քարտեզին։ - Ես տեսնում եմ, որ ձեր տիրակալը իշխում է ամբողջ Եվրոպային, ինչպես յոթ բլուրների քաղաքի հինավուրց հերոսները։

- Նա աստվածային կամքով պետք է իշխի ողջ տիեզերքին,- պատասխանեց նրան բաց մանուշակագույն զգեստով մարդը։- Եվ կար ժամանակ, երբ նրա նախնիները համարյա ավարտել էին համաշխարհային միապետության ստեղծումը։ Բայց նրանց հետնորդները, իրենց բարությամբ, հիմա բավարարվում են միայն փողով, որ թագավորները՝ նրանց հպատակները, մուծում են նրանց՝ որպես տուրք։

- Ուրեմն ձեր տիրակալն իրո՞ք արքայից արքա է։ Ա՞յդ է նրա տիտղոսը,- հարցրեց Ամազանը։

- Ո՛չ, Ձերդ պայծառափայլություն, նրա տիտղոսը «Ծառայից ծառա» է։ Սկզբում նա ձկնորս էր ու դռնապան (հեղինակությունը բարձրացնելու համար Հռոմի կաթոլիկ եկեղեցին լեգենդ է հորինել, իբր իր առաջին եպիսկոպոսը եղել է Պետրոս Առաքյալը, որ հետո քրիստոնեական եկեղեցու գլխավորությունը փոխանցել է Հռոմի Պապին։ Պետրոսը կյանքի ընթացքում ձկնորս է եղել, իսկ մահից հետո՝ դրախտի դռների մոտ՝ պահապան), ահա թե ինչու են նրա խորհրդանիշները բանալին ու ուռկանը։ Բայց նա միշտ իշխում է արքաներին։ Վերջերս նա հարյուր մեկ կարգադրություն է հղել կելտական արքային, և նա ենթարկվել է (խոսքը պապական 101 Unigenitus բուլլայի կարգադրության մասին է, որ ուղղված էր յանսենիզմի դեմ 1713 թվին։ Լյուդովիկոս 14-րդ արքան հրամայեց ընդունել այդ բուլլան)։

- Հավանաբար ձեր ձկնորսն ուղարկել է մի 5-6 հարյուր հազար մարդ, որ ստիպեն կատարել այդ 101 կարգադրությունը։

- Օ, ոչ, Ձերդ պայծառափայլություն, մեր սուրբ տիրակալը միջոցներ չունի վճարելու նույնիսկ 10 հազար զինվորի։ Բայց նրան են ենթարկվում չորս հարյուրից հինգ հարյուր հազար երկնային մարգարեներ՝ ցրված ուրիշ երկրներով։ Այդ մարգարեները տարբեր հայեցակետեր ունեն և, ինքնըստինքյան հասկանալի է, ապրում են ժողովրդի հաշվին։ Նրանք աստծո անունով հայտարարում են, որ իմ տիրակալը կարող է իր բանալիներով բացել ու փակել բոլոր նիգերը և հատկապես փողի սնդուկների կողպեքները։ Մի նորմանդական հոգևորական, որ ծառայում էր վերոհիշյալ արքայի մոտ՝ որպես քահանա, համոզել էր նրան, որ պետք է անվերապահորեն ենթարկվի իմ տիրակալի 101 կարգադրությանը, քանի որ, թող Ձեզ հայտնի լինի, յոթ բլուրների Իմաստունի առավելություններից մեկը կայանում է նրանում, որ նա միշտ ճիշտ է. և՛ այն ժամանակ, երբ բարեհաճում է ինչ-որ բան ասել, և՛ այն ժամանակ, երբ բարեհաճում էր ինչ-որ բան գրել։

- Աստված վկա՝ դա արտասովոր մարդ է,- ասաց Ամազանը։- Ինձ համար շատ հետաքրքիր կլիներ նրա հետ ճաշելը։

- Ձերդ պայծառափայլություն, նույնիսկ եթե դուք արքա լինեիք, միևնույն է, չէիք կարող նրա հետ մի սեղանի շուրջ նստել։ Ամենաշատը, որ նա կարող է անել Ձեզ համար, հրաման տալն է, որ իր սեղանի կողքին Ձեզ համար ավելի փոքր և ավելի ցածր սեղան բացեն։ Բայց եթե դուք կամենում եք նրա հետ խոսելու պատվին արժանանալ, ես կմիջնորդեմ, որ Ձեզ ընդունի, իհարկե, լավ նվերի դիմաց, որը դուք կբարեհաճեք մատուցել ինձ։

- Սիրով,- պատասխանեց Ամազանը։

Բաց մանուշակագույն հագած մարդը խոնարհվեց։

- Ես վաղը Ձեզ կտանեմ,- ասաց նա,- դուք պետք է երեք անգամ ծալեք ծնկները և համբուրեք յոթ բլուրների Մեծավորի ոտքերը։

Այս բառերը լսելիս Ամազանը համակվեց խլացուցիչ քրքիջով։ Նա դուրս եկավ կողը բռնած, այնքան էր ծիծաղը նրան թուլացրել, մինչև հասավ հյուրանոց, ուր դեռ երկար շարունակում էր ծիծաղել։

Ճաշի ժամին նրան ներկայացան քսան անմորուս տղամարդ և քսան ջութակահար, որ նրա համար համերգ էին տալիս, օրվա մնացած մասը նրան խնամում էին քաղաքի ամենաճանաչված բարձրաստիճան մարդիկ։ Նրանք ավելի տարօրինակ առաջարկ արին, քան յոթ բլուրների քաղաքի Մեծավորի ոտքերը համբուրելն է։ Քանի որ Ամազանը շատ բարեկիրթ էր, նախ ենթադրեց, որ այդ պարոնայք իրեն կնոջ տեղ են դրել, ու ամենանրբամիտ միջոցներով նրանց բացատրեց, որ մոլորվում են։ Բայց, նեղվելով երկու-երեք ավելի համառ ու ձեռներեց բաց մանուշակագույն զգեստավորներից, նա, ի վերջո, դուրս շպրտեց նրանց պատուհանից, համոզված, որ դրանով ոչինչ չի զոհաբերի չքնաղ ֆարմազանտային։

Նա հնարավորինս շուտ լքեց այդ աշխարհի տիրակալ քաղաքը, ուր առաջարկում են համբուրել Մեծավորի ոտքերը, կարծես ոտքերին է նրա երեսը, և որտեղ պատանիներին ձանձրացնում են ավելի տարօրինակ առաջարկով։

10-րդ գլուխ

Գավառից գավառ տեղափոխվելով, անընդհատ մերժելով ամեն տեսակ սեթևեթություններ, աներեր հավատարիմ Բաբելոնի արքայադստերը, աներեր չարացած եգիպտական փարավոնի դեմ՝ Ամազանը՝ հավատարմության այդ օրինակը, վերջապես ժամանեց գալլերի նոր մայրաքաղաքը։ Քաղաքը, ինչպես շատ այլ քաղաքներ, անցել էր բարբարոսության, անգրագիտության, հիմարության ու աստվածանարգության բոլոր աստիճաններով։ Նրա առաջին անվանումը նշանակում էր «կեղտ ու թրիք» (Փարիզի հին անվանումը՝ Լյուտեցիա, որ ստացել էին հռոմեացիներից, նշանակում է ցեխ)։ Հետո կնքեցին Իզիդի անունով, որի պաշտամունքը հասել էր մինչև այնտեղ։

Այդ քաղաքի առաջին սենատը կայացավ նավագործների ժողովից։ Քաղաքը երկար ժամանակ յոթ բլուրների քաղաքի հերոս-գիշատիչների գերության տակ էր, իսկ մի քանի հարյուրամյակ անց Ռեյնի դիմացի ափից ժամանած ուրիշ հերոս-ավազակներ տիրացան նրա ոչ մեծ տարածքներին (Ֆրանկների գերմանական տոհմը, որ գրավել էր Գալլիան 5-րդ դարում)։

Ամեն ինչ փոխող ժամանակը այդ քաղաքը բաժանեց երկու կեսի։ Մեկը՝ շատ տպավորիչ ու գրավիչ, մյուսը՝ մի քիչ ծանր ու անվարժ։ Ամեն մեկը իրենից ներկայացնում էր որպես իր բնակչության մի տեսակ նախատիպը։ Քաղաքում ապրում էր առնվազն հարյուր հազար մարդ, որոնք ուրիշ զբաղմունք չունեին, քան կատակելն ու զվարճանալն է։ Եվ հենց այդ պարապ մարդիկ որոշում էին արվեստի բախտը, որով զբաղվում էին ուրիշները։ Նրանք ոչինչ չգիտեին այն մասին, թե ինչ է կատարվում պալատում. թեպետ պալատն ընդամենը նրանցից չորս մղոնի վրա էր, թվում էր՝ վաթսուն մղոնի վրա է։ Հաճելի ընկերախումբը, զվարճանքները, թեթևամտությունն էին միայն, որ նրանց գրավում էին։ Նրանց ղեկավարում էին ինչպես երեխաների, որոնց խաղալիք են նվիրում, մենակ թե նրանք կամակորություն չանեն։ Երբ նրանց պատմում էին իրենց երկիրը երկու դար առաջ ամայացրած թշվառության մասին, այն սարսափելի ժամանակների մասին, երբ բնակչության մի կեսը մորթում էր մյուսին դատարկ բաների համար, նրանք համաձայնում էին, որ դա, իրոք, վատ է, բայց անմիջապես շարունակում էին ծիծաղել ու քառյակներ երգել։

Որքան ավելի բարեհամբույր, ավելի պատրաստակամ, ավելի բարեկիրթ էին այդ պարապ մարդիկ, այնքան հստակ էր երևում նրանց ու զբաղված մարդկանց տարբերությունը։

Այդ զբաղվածների կամ իբր զբաղվածների մեջ կար մռայլ ֆանատիկոսների մի ամբոխ՝ մասամբ կռվարար, մասամբ՝ խաբեբա, որոնց միայն տեսքը թախիծ էր առաջացնում ամբողջ աշխարհի վրա, և որոնք, եթե իրենց մնար, առանց մտածելու կավիրեին աշխարհը միայն ինչ-որ ազդեցություն ունենալու համար։ Բայց երգելով ու պարելով՝ պարապ ժողովուրդը ստիպում էր աշխատավոր մարդկանց թաքնվել քարանձավներում, ինչպես թռչուններն են ստիպում գորշ բուերին թաքնվել ավերակներում։

Մյուս զբաղված մարդիկ՝ թվով ավելի քիչ, հին բարբարոսական սովորությունների պահապանն էին, որոնց դեմ մարդկային էությունը բարձրաձայն աղաղակում էր։ նրանք ղեկավարվում էին միայն իրենց փոշեկոլոլ տարեգրություններով։ Եթե նրանք այնտեղ գտնում էին որևէ գարշելի կամ անիմաստ սովորություն, վերաբերվում էին դրան որպես սուրբ օրենքի։ Ոչ ինքնուրույն մտածելու և հայեցողությունը հին տրամաբանությունից զուրկ ժամանակների վրա սպառելու հիմար սովորության հետևանքով այդ զվարճությունների քաղաքում դեռ պահպանվել էին դաժան բարոյական օրենքներ։ Հենց այդ պատճառով այնտեղ համապատասխանություն չկար հանցագործության ու պատժի մեջ։ Պատահում էր, որ նույնիսկ անմեղ մարդուց լլկանքների միջոցով խոստովանություն էին կորզում մի հանցանքի համար, որը նա չէր կատարել։ Ինչ-որ պատանու թեթև զանցանքը պատժում էին նույնպիսի խստությամբ, ինչպես թունավորումն ու հայրասպանությունը։ Պարապ մարդիկ սկսում էին բարձրաձայն ողբալ, իսկ հաջորդ օրը բոլորն ամեն ինչ մոռանում էին ու շատախոսում միայն բարձր նորաձևությունից։

Այս ժողովուրդը վկա է եղել, թե ինչպես ամբողջ հարյուրամյակի ընթացքում գեղեցիկ արվեստները բարձրացան մինչև կատարելության այնպիսի գագաթի, որ դրա մասին երազելն անգամ անկարելի էր։ Այն ժամանակ օտարերկրացիները ժամանում էին այս քաղաքը, ինչպես Բաբելոն՝ հիանալու ճարտարապետական հոյակապ հուշարձաններով, կախարդական այգիներով, գեղանկարչության ու քանդակի հրաշալի ձեռքբերումներով։ Նրանց հմայում էր հոգին թափանցող և ականջը չհոգնեցնող երաժշտությունը։

Ճշմարիտ պոեզիան, այսինքն՝ բնականն ու ներդաշնակը, որը սրտին նույնքան է ասում, որքան մտքին, ժողովրդին դարձել էր մատչելի միայն այդ երջանիկ դարում։ Պերճախոսության նոր օրինակները ներկայանում էին իրենց ամբողջ շքեղությամբ։ Այն ժամանակ թատրոնները հռչակվում էին այնքան կատարյալ պիեսների բեմադրմամբ, որ ի վերջո ոչ մի ժողովրդի այլևս չի հաջողվել նույնիսկ ոտենալ նրանց մակարդակին։ Վերջապես նրբագեղության զգացումը հատուկ դարձավ բոլոր մասնագիտություններին, այնպես որ, նույնիսկ դրուիդների մեջ հայտնվեցին լավ գրողներ։

Որքան դափնիներ, որի կույտը հասնում էր մինչև երկինք, շուտով չորացան այս հյուծված հողին։ Մնացին շատ քչերը՝ վտիտ ու թոռոմած։

Անկումն առաջ եկավ այն թեթևությունից, որը խանգարում էր հանգամանալից աշխատելուն, ինչպես նաև գեղեցիկից հագեցածությունից ու այլասերվածությանը հակվածությունից։ Փառասիրությունը պաշտպանում էր արվեստը հետ՝ բարբարոսական ժամանակներին վերադարձրած նկարիչներին, և այդ նույն փառասիրությունը հալածելով ճշմարիտ տաղանդներին, ստիպում էր նրանց լքել հայրենիքը։ Բոռերը քշում էին մեղուներին։

Համարյա վերացան իսկական արվեստները, համարյա վերացավ հանճարը։ Վաստակ էր համարվում անցած դարի ավանդը ծուռ ու շեղ մեկնաբանելը։ Գինետան պատերը սվաղողը գիտունի տեսքով քննադատում էր մեծ վարպետների կտավները։ Թուղթ մրոտողները աղավաղում էին մեծ գրողների ստեղծագործությունները։ Անկրթությունն ու վատ ճաշակը որպես ծառա ունեին ուրիշ մրոտողների։ Տարբեր վերնագրերով հարյուր հատորով կրկնվում էր նույն բանը։ Ամեն ինչ կամ բառարան էր, կամ բրոշյուր։ Մի լրագրող-դրուիդ շաբաթը երկու անգամ մշուշոտ գրում էր ժողովրդին անհայտ ինչ-որ բոցաշունչ ֆանատների մասին ու ինչ-որ երկնային հրաշքների, որ ձեղնահարկում կատարել են ինչ-ինչ աննշան քնձռոտներ ու տնանկներ։ Ուրիշ դրուիդներ՝ սև շորերով, սովից ու չարությունից մեռնելով, հարյուրավոր հոդվածներով գանգատվում էին, որ իրենց այլևս թույլ չեն տալիս խաբել մարդկանց, և որ այդ իրավունքը տրվում է մոխրագույն հագած թշվառներին։ Մի քանի արխիդրուիդ հորնում էին ձանձրալի ոտանավորներ։

Ամազանն այս ամենը չգիտեր, բայց եթե նույնիսկ իմանար, միևնույն է դրանով չէր հետաքրքրվի, որովհետև ամբողջովին համակված էր բաբելոնական արքայադստեր, եգիպտական փարավոնի մասին մտքերով ու իր անխախտ երդման մասին արհամարհելու կանանց հմայքները՝ ուր էլ որ իր ոտքերը տանեին իրեն։

Մարդկային ցեղին հատուկ հետաքրքրասիրության բարձրագույն աստիճանին տիրապետող թեթևամիտ ու անկիրթ հորանջողները երկար հավաքվում էին միաեղջյուրների շուրջը։ Կանայք, որպես ավելի տրամաբանողներ, նրա հյուրանոցի դռներն էին ծեծում, որ տեսնեն նրան։

Սկզբում նա հյուրանոցի տիրոջը ցանկություն հայտնեց գնալու պալատ, բայց բարձրաշխարհիկ հասարակության երիտասարդները, որ պատահաբար խցկվել էին ամբոխի մեջ, բացատրեցին նրան, որ դա հիմա մոդա չէ, որ ժամանակները փոխվել են, և ժամանակը ուրախ անցկացնել հնարավոր է միայն քաղաքում։

Եվ հենց նույն երեկոյան Ամազանը հրավիրվեց ընթրիքի մի տիկնոջ մոտ, որի խելքի ու տաղանդի հռչակը տարածվել էր իր հայրենիքի սահմաններից դուրս, և ով եղել էր այն երկրներից մի քանիսում, որոնցում եղել էր Ամազանը։ Այդ տիկինն ու նրա հավաքած հասարակությունը դուր եկան Ամազանին։ Անբռնազբոսիկությունն այստեղ պատշաճ էր, ուրախությունն անաղմուկ, գիտակությունը՝ ոչ վանող, իսկ սրամտությունը՝ ոչ չար։ Նա համոզվեց, որ «լավ հասարակություն» ասվածը դատարկ բան չէ, թեպետ այդ բնորոշումը հաճախ չարաշահում են։ Հաջորդ օրը նա ճաշեց ոչ պակաս հաճելի, բայց պակաս հարգարժան ընկերախմբում։ Որքան ավելի էին նրան դուր գալիս իր սեղանակիցները, այնքան ավելի էր Ամազանը դուր գալիս նրանց։ Նա զգում էր, թե իր սիրտն ինչպես է փափկում ու հալչում, ինչպես հալչում են իր երկրի անուշահոտությունները՝ մեղմ կրակի վրա՝ տարածելով քաղցր բուրմունք։

Ճաշից հետո նրան տարան մի հիանալի ներկայացման, որ դրուիդները դատափետել էին, որովհետև դա իրենցից հանդիսատես էր խլում։ Իսկ նրանք շատ էին ուզում պահպանել իրենց հանդիսատեսներին։ Այդ ներկայացումը հոգեկան ապրումները ներկայացնող հաճելի բանաստեղծության, հնչեղ երգի ու պարերի և դյութիչ, բնականության լրիվ տպավորություն ստեղծող դեկորացիայի համակցում էր։ Ներկայացման այս տեսակը, որ իր մեջ ներառում է արվեստի այդքան շատ տեսակներ, անվանվում էր օտար «օպերա» բառով, որ ինչ-որ ժամանակ յոթ բլուրների լեզվով նշանակում էր ջանք, հոգատարություն, զբաղմունք, հորինվածք, ձեռնարկություն, աշխատանք, գործ։

Այդ գործը կախարդեց նրան։ Հատկապես ուժեղ ազդեցություն ունեցավ նրա վրա մի աղջիկ՝ իր մելոդիկ ձայնով ու նրբագեղ շարժումներվ։ Այդ, այսպես ասած, դերակատարը նրան հանդեսից հետո ներկայացվեց նոր ընկերների կողմից։ Տղան մի բուռ ալմաստ մատուցեց նրան։ Աղջիկն այնքան երախտապարտ էր, որ օրվա մնացած մասը չլքեց նրան։ Ամազանն ընթրեց աղջկա հետ և ընթրիքի ժամանակ մոռացավ զսպվածության մասին։ Իսկ ընթրիքից հետո մոռացավ իր երդումը՝ անխախտ անզգա լինել գեղեցիկի և անտարբեր՝ քնքուշ սեթևեթանքների նկատմամբ։ Այ՛ քեզ մարդկային թուլության լավ օրինակ։

Այդ ժամանակ ժամանեց Բաբելոնի չքնաղ արքայադուստրը Փյունիկի, իր աղախին Իրլայի և իր` միաեղջյուրներ հեծած երկու հարյուր գանգարիդ զինվորների հետ։ Նրանք ստիպված էին բավականին երկար սպասել, մինչ կբացեին դարպասները։ Նախ և առաջ արքայադուստրը տեղեկացավ, թե քաղաքո ւմ է արդյոք ամենագեղեցիկ, ամենախիզախ, ամենախելացի և ամենահավատարիմ տղամարդը։ Քաղաքային իշխանությունն անմիջապես գլխի ընկավ, որ նա ի նկատի ունի Ամազանին։ Աղջիկը հրամայեց իրեն ուղեկցել դեպի նրա հյուրանոցը։ Նա սիրուց բաբախող սրտով ներս մտավ. ամբողջ հոգին համակված էր անարտահայտելի երջանկությամբ։ Ոչինչ չէր խանգարում նրան մտնելու Ամազանի ննջարանը։ Վարագույրները իջեցված էին։ Նա տեսավ գեղեցիկ Ամազանին՝ քնած թխահեր մի գեղեցկուհու հետ գիրկընդխառը։ Նրանք երկուսն էլ խիստ կարիք ունեին հանգստի։

Ֆարմազանտան այնպիսի մի ողբալի աղաղակ բարձրացրեց, որ տարածվեց ամբողջ շենքով մեկ, բայց չարթնացրեց ո՛չ իր զարմիկին, ո՛չ «դերակատարուհուն»։ Արքայադուստրն ուշակորույս ընկավ Իրլայի ձեռքերին։ Հենց որ ուշքի եկավ, հոգում ցավի ու զայրույթի զգացումով անմիջապես լքեց այդ ճակատագրական սենյակը։ Իրլան հետաքրքրվեց, թե ով էր գեղեցիկ Ամազանի հետ այդքան քաղցր ժամեր անցկացրած այդ երիտասարդ անձնավորությունը։ Նրան ասացին, որ նա դերասանուհի է, շատ սիրալիր անձնավորություն, ով իր այլ տաղանդների շարքում տիրապետում է նաև բավականին հաճելի երգելու տաղանդին։

- Ո՛վ երկինք, ո՛վ մեծն Արամազդ,- արցունքով ողողված բացականչեց Բաբելոնի արքայադուստրը,- ո՛վ ինձ դավաճանեց և հանուն ո՛ւմ։ Ուրեմն նա, ով հանուն ինձ մերժում էր արքայադուստրերի, հիմա լքում է ինձ՝ հանուն ինչ-որ գալլական կոմեդիանտի՞։ Ո՛չ այս ստորացմանը ես չեմ դիմանա։

- Ձերդ մեծություն,- ասաց Իրլան,-այդպիսին են երիտասարդներն ամբողջ աշխարհում։ Եթե նույնիսկ սիրահարված լինեն գեղեցկության աստվածուհուն, լինում են պահեր, երբ ընդունակ են դավաճանելու նրան ցանկացած պանդոկային սպասուհու հետ։

- Ամեն ինչ վերջացած է,- բացականչեց արքայադուստրը,- ես այլևս երբեք չեմ տեսնի նրան։ Հեռանանք այստեղից։ Թող թամբեն իմ միաեղջյուրները։

Փյունիկը խնդրեց նրան հետաձգել մեկնումը և սպասել գոնե այնքան, մինչև արթնանա Ամազանը, որ ինքը կարողանա խոսել նրա հետ։

- Նա դրան արժանի չէ։ Դուք ինձ անասելի վիրավորում եք։ Նա կմտածի, թե ես եմ Ձեզ խնդրել իրեն նախատել և որ ես իր հետ հաշտեցում եմ փնտրում։ Եթե դուք ինձ սիրում եք, մի ավելացրեք ադ վիրավորանքը այն վիրավորանքին, որ ինձ հասցրեց Ամազանը։

Փյունիկը, որ պարտական էր արքայադստերը կյանքով, չէր կարող չհնազանդվել։

Նա մեկնեց իր ամբողջ շքախմբով։

- Հիմա ո՞ւր ենք գնալու, Ձերդ մեծություն,- հարցրեց Իրման։

- Չգիտեմ,-պատասխանեց արքայադուստրը։ Կգնանք՝ ուր աչքներս կտրի, միայն թե կարողանամ մեկընդմիշտ թաքնվել Ամազանից և արդեն բավարարված կլինեմ։

Փյունիկը, որ ավելի խելամիտ էր, քան Ֆարմազանտան, քանի որ համակված չէր կրքով, ճանապարհին նրան մխիթարում էր։ Թռչունը քնքշորեն ապացուցում էր նրան, որ ցավալի է ինքնիրեն ձաղկելը ուրիշի սխալների համար։ Որ Ամազանը հանուն նրա ցուցաբերել է հավատարմության ապշեցուցիչ ու բազմաթիվ օրինակներ, և արքայադուստրը կարող է ներել նրան րոպեական գայթակղության համար։ Որ նա սրբակյաց է, ինչի համար քիչ էր մնում հասներ Արամազդին, և որ այսուհետ նա ավելի հավատարիմ կլինի սիրո ու բարեգործության մեջ, որ մեղքը քավելու ձգտումը կստիպի նրան գերազանցել ինքն իրեն, և այդ ամենից աղջիկը միայն ավելի երջանիկ կլինի, որ շատ հռչակավոր արքայադուստրեր նրանից առաջ ներել են նման մեղքերը, բայց իրենց գերազանց են զգացել։ Նա նոր օրինակներ էր բերում և այնքան ուժեղ էր տիրապետում համեզելու արվեստին, որ Ֆարմազանտայի սիրտը աստիճանաբար փափկում ու հանգստանում էր։

Նա հիմա զղջում էր, որ այդքան շտապ հեռացել է։ Համարում էր, որ իր միաեղջյուրները չափազանց արագ են սլանում, բայց չէր համարձակվում վերադառնալ։ Ներելու և զայրույթն արտահայտելու ցանկությունների, սիրո ու հպարտության մեջ տատանվելով՝ նա չէր կանգնեցնում միաեղջյուրներին և շարունակում էր իր թափառումը, ինչպես կանխատեսել էր գուշակը։

Ամազանը արթնանալով իմանում է Ֆարմազանտայի և Փյունիկի ժամանման ու հեռանալու մասին։ Նա իմանում է արքայադստեր հուսալքության ու զայրույթի մասին։ Նրան ասացին, որ աղջիկը երդվել է երբեք չներել նրան։

-Ինձ միայն մի բան է մնում,- բացականչեց նա,- հետևել նրան ու զրկել ինձ կյանքից նրա ոտքերի տակ։

Նրա ազնվական ընկերները, լսելով պատահածի մասին, եկան ու սկսեցին նրան ապացուցել, որ ավելի խելամիտ է մնալ իրենց հետ և ոչինչ չի կարող համեմատվել այն հաճելի կյանքի հետ, որ վարում են իրենք արվեստների, հանգիստ, քաղցր առատության մեջ, որ շատ օտարականներ ու նույնիսկ արքաներ գերադասել են այնքան հաճելի, տեղը տեղին ու հմայող այս անդորրը իրենց երկրից ու գահից, որ դրանից բացի, Ամազանի կառքը ջարդված է, և կառապանը ուրիշն է պատրաստում՝ վերջին նորաձևությանը համապատասխան, որ քաղաքի լավագույն դերձակներն արդեն մի դյուժին կոստյում են ձևել նրա համար, որ քաղաքի ամենախելացի և ամենաբարեհաճ կանայք, ում տանը ներկայացվում են այնքան անուշ կոմեդիաներ, յուրաքանչյուրը նրա պատվին կազմակերպվող ընդունելության իր օրն է նշանակել։ Իսկ այդ ընթացքում դերասանուհին զարդասեղանի առաջ նստած շոկոլադ էր խմում, ծիծաղում էր, երգում և սեթևեթում էր գեղեցիկ Ամազանի հետ, ով վերջիվերջո հասկացավ, որ այդ աղջիկը սագի ճտից էլ հիմար է։ Քանի որ անկեղծությունը սրտակցությունը, ուղղամտությունը նույնքան հատուկ էին այդ մեծ արքայազնի բնավորությանն ինչպես մծահոգությունն ու առնականությունը, նա ընկերներին պատմեց իր դժբախտությունների ու ճանապարհորդությունների մասին։ Ընկերներն իմացան, որ նա արքայադստեր հեռու զարմիկն է, տղան տեղեկացրեց նաև կործանիչ համբույրի մասին, որ աղջիկը նվիրել էր եգիպտական փարավոնին։

-Այդ տեսակ չարաճճիություններ,- ասացին նրանք,- հարազատներն իրար ներում են, թե չէ կյանքը կընթանար մշտական վեճերի մեջ։

Ոչինչ չէր կարող խանգարել նրան իրականացնելու իր՝ Ֆարմազանտային հետևելու որոշումը։ Բայց քանի որ կառքը դեռ պատրաստ չէր, նա ստիպված էր երեք օր անցկացնել իր ընկերների շրջապատում, տոնախմբությունների ու ուրախությունների մեջ։ Վերջապես նա հրաժեշտ տվեց բոլորին, գրկեց նրանց և ստիպեց ընծա ընդունել իր երկրի՝ գերագույն ճաշակով շրջանակված ալմաստներ՝ խորհուրդ տալով ընկերներին միշտ մնալ թեթևամիտ և անհոգ, քանի որ դա նրանց դարձնում էր ավելի հաճելի և ավելի երջանիկ։

-Գերմանիայի ժողովուրդը,- ասում էր նա,- Եվրոպայի իմաստուններն են։ Ալբիոնի ժողովուրդը՝ միանգամայն կազմակերպված մարդիկ են, իսկ Գալլիայի բնակիչները երեխաներ են, և ես սիրում եմ նրանց հետ խաղալ։
 

11-րդ գլուխ

Ռուսերենից թարգմանեցին Մանուշակ Չորեկյանը,
Հասմիկ Ղազարյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.