Մենթոր ուսուցչի աշխատանքը. այլոց փորձի ուսումնասիրություն
Primary tabs
Յուրաքանչյուր ուսուցիչ մենթորի կարիք ունի
Ամերիկյան «Encompassing Education– Ներառող կրթություն» էլեկտրոնային մանկավարժական բլոգ-ամսագրում հրապարակված է Դիանա Մակ-Քինլիի հոդվածը՝ «The Importance of Mentoring New Teachers – Սկսնակ ուսուցիչների մենթորության կարևորությունը» վերնագրով: Հոդվածի հեղինակը` վերլուծելով Լիզ Ռիգսի «Ինչու՞ են ուսուցիչները ազատվում իրենց աշխատանքից (սկսնակ ուսուցիչների մոտ 50%-ը)» ուսումնասիրությունը, եկել է այն եզրակացության, որ բոլոր սկսնակ ուսուցիչները պետք է ունենան իրենց մենթոր ուսուցիչը, որպեսզի չհիասթափվեն իրենց մանկավարժական գործունեության առաջին տարիներին: Ինչու՞ են սկսնակ ուսուցիչները հիասթափվում իրենց աշխատանքից: Լիզ Ռիգսը սոցհարցումներ է արել տասնյակ աշխատող և իրենց աշխատանքը թողած նախկին ուսուցիչների և պարզել, որ դրա առաջին պատճառը ուսուցչի նկատմամբ հարգանքի պակասությունն է: Ուսուցիչը որևէ բան ասելու իրավունք չունի՝ նրանց կարծիքը չեն լսում, նրանց ասվում է ինչ անել: Առարկայական ծրագիրը կազմվել է առանց ուսուցչի: Աշխատանքին նվիրված, մեծ պատասխանատվությամբ ու խանդավառությամբ օժտված ուսուցիչը ջանում է իրականացնել գրված ծրագրի յուրաքանչյուր տառը, բառն ու միտքը և շատ շուտով արդեն հոգնատանջված ու հյուծված է լինում: Այս վիճակին էլ գումարվում է նրա ցածր աշխատավարձը (սկսնակ ուսուցչի աշխատավարձը մոտ $ 3000 է) և նա ստիպված է լինում թողնել իր աշխատանքը: Մենթոր ուսուցիչն, իհարկե, չի կարող բարձրացնել սկսնակ ուսուցչի աշխատավարձը, բայց նա կարող է ազատել սկսնակ ուսուցչին առաջին աշխատանքային օրերի, շաբաթների, ամիսների ու տարիների սթրեսային իրավիճակներից`փոխանցելով նրան ուսուցիչ-սովորող սիրո ու հարգանքի վրա հիմնված միջանձնային ճիշտ փոխհարաբերությունների, դասի ու ամբողջ օրվա պլանավորման, առարկայական ծրագրի իրագործման փորձված գործառույթների, ուսումնական նախագծերի իրականացման վերաբերյալ իր անձնական`տարիների ընթացքում ձեռք բերած փորձը:
Մենթորը սովորաբար տարիների վաստակով բազմափորձ ուսուցիչ է, ով ոչ միայն փոխանցում է կրթական ու առարկայական ծրագիրն իրականացնելու իր սեփական փորձը սկսնակ ուսուցչին, այլ նաև ներառում է նրան տվյալ դպրոցին հատուկ կրթական ու մշակութային կյանքին: Այսառումով յուրահատուկ է մեր կրթահամալիրի մենթոր ուսուցչի աշխատանքը, քանի որ մեր կրթահամալիրն իրականացնում է բլոգային ու նախագծային ուսուցմամբ հեղինակային այլընտրանքային կրթական ծրագիր:
Մենթոր ուսուցիչը նշանակվու՞մ է, թե՞ ընտրվում
Սովորաբար դպրոցի տնօրենն է նշանակում մենթոր ուսուցիչներին, բայց փորձը ցույց է տալիս, որ համագործակցության արդյունավետությունը ավելի բարձր է լինում, երբ ուսուցիչն է ընտրում իր մենթորին:
Իր մենթոր ուսուցչին ուղղված որքա՜ն գորովանք, սեր ու հարգանք կա ուսուցիչ Հիֆեր Ուոլփերթ-Գորենի ‹‹Every Teacher Needs a Mentor– Յուրաքանչյուր ուսուցիչ մենթորի կարիք ունի›› հոդվածում: Լիզն այն մարդն է, ում հետ ես անհոգ ծիծաղում եմ ամեն ուրբաթ, երբ մենք փակում ենք մեր սենյակները ընդմիջման ժամին ու ծլկում ենք սրճարան: Նա այն մարդն է, ով իմ ուղեղը վառ ու ստեղծագործ է պահում և չի թողնում, որ այն պատվի պատվի ամենօրյա միօրինակության թանձր շղարշով: Նա է, որ վերջին պահին իմ դասի պլանն է կազմում, երբ ստիպված եմ լինում խնամել իմ հիվանդ երեխային: Լիզն առաջին մարդն է, ում հետ կիսում եմ իմ փոքրիկ հաղթանակները և շփոթեցնող պարտությունները: Յուրաքանչյուր ուսուցիչ մի ‹‹Լիզի›› կարիք ունի: Մենթորներն ավելին են, քան ընկերները: Նրանք ոչ պաշտոնական ու ոչ ցուցադրական ձևով են փոխանցում իրենց գիտելիքներն ու փորձը: Նրանք թողնում են, որ խոսես ու արտահայտես քո մտքերը, լուծումներ առաջարկես, բայց կանգնեցնում են, չեն համաձայնվում, երբ սխալ ուղղությամբ ես գնում: Նրանք օգնում են, որպեսզի ձևավորես կրթական սկզբունքներով քո սեփական վստահ ձանն ու խոսքը:
Ամերիկյան ‹‹Education Week – Կրթական շաբաթ›› էլեկտրոնային պարբերականում հրապարակված են մենթոր ուսուցիչ Քիմբերլի Լոնգի առաջարկած ութ անհրաժեշտ որակները այն վաստակաշատ ու բազմափորձ ուսուցիչների համար, ովքեր ուզում են ստանձնել մենթոր ուսուցչի պատասխանատվությունը:
Հարգանքը միջանձնային փոխհարաբերությունների առաջին որակն է, որը պետք է ձևավորվի մենթորի և սկսնակ ուսուցչի միջ: Հարգանքը մի օրում չի ձևավորվում: Այն վաստակում են ժամանակի ընթացքում՝ միջանձնային փոխհարաբերությունների չնչին թվացող մանրուքներում, գիտելիքի ու փորձի փոխանցման անկեղծ ու ոչ պաշտոնական զրույցներում:
Լսելը – Սկսնակ ուսուցչին համբերատար ձևով լսելը օգնում է մենթորին ավելի լավ ճանաչել նրան, ավելի լավ, քան առաջին քայլերն անող ուսուցիչը կարող էր սպասել: Լսելով նրան մենթորը հասկանում է, թե երբ է սկսնակ ուսուցիչը լարված լինում վատ վարք ունեցող սովորողների պատճառով, երբ է ինքնավստահ լինում և երբ է օրն ամբողջությամբ հաջողված լինում: Այդ ամենը համակցելով ու վերլուծելով՝ մենթորը կարողանում է ճիշտ ձևով օգնության ձեռք մեկնել:
Մարտահրավերներ նետելը – Լավ մենթոր ուսուցիչը չի թողնում հանգստանալ ձեռք բերածով ու մնալ գտնված հարմարավետ հունի մեջ: Նա անընդհատ արթուն է պահում սկսնակ ուսուցչին, օգնում է նրան գտնելու ինքնազարգացման նոր ուղիներ՝ փնտրելով և փորձարկելով դասավանդման նոր մեթոդներ: Մենթորը նաև խորհուրդներ է տալիս, թե ինչպես ճիշտ արձագանքել ուսումնական պարապմունքի ընթացքում հանդիպող տարբեր իրավիճակներում:
Համագործակցելը – Մենթոր ուսուցիչը կազմակերպում է սկսնակ ուսուցիչների աշխատանքային հանդիպումներ: Այդ հանդիպումները երկուստեք շահավետ են լինում, քանի որ հանդիպման ավարտին ունենում են նոր գաղափարներ, դժվար իրավիճակները հաղթահարելու նոր ռազմավարություններ:
Հաջողությունը գնահատելը – Մենթոր ուսուցիչը անկեղծորեն ուրախանում և նշում է իր սկսնակ ուսուցչի ամենափոքր ձեռքբերումները: Չէ՞ որ նրա հաջողությունը նաև մենթորի հաջողությունն է:
Ճշմարտությունն ասելը – Ազնվությունը ցանկացած փոխհարաբերության հիմքն է: Մենթորը պետք է ճիշտն ասի իր սկսնակ ուսուցչին, օգնի նրան հասկանալու և յուրացնելու դպրոցի ‹‹կարելիների›› և ‹‹չի կարելիների›› քաղաքականությունը ու շատ այլ բաներ, որոնք չեն սովորեցնում համալսարաններում:
Ապահով լինելը – Սկսնակ ուսուցիչը պետք է զգա, որ նորմալ է սխալվելը և այդ մասին մենթորին ասելը: Մենթորին սխալվելու իրողությունը վստահելը և օգնություն ակնկալելը նրանց փոխհարաբերության հիմնաքարային որակներից է: Երբ սխալը խոստովանվում է, մենթոր ուսուցիչը պետք է զգույշ լինի իր պատասխան խոսքում՝ սկսնակ ուսուցչին չվիրավորելու համար: Այդ իրավիճակում ասված խոսքերը երկար են հիշվում: Սկսնակ ուսուցիչը պետք է վստահ լինի, որ իր մենթորը միշտ իր կողքին կլինի և իր սխալները չի քննարկի այլոց ներկայությամբ:
Կարեկցելը – Մենթորը չի մոռանում, որ սկսնակ ուսուցիչը մարդ արարած է ու ապրում է իրական կյանքում, որը լի է ուրախ և տխուր միջադեպերով, և նա երբեմն կարող է դասարան մտնել դրսի կյանքի բեռն ուսերին: Պետք է կարողանալ լսել նրան, ժպտալ և նույնիսկ՝ գրկել ու մխիթարել: Մի խոսքով՝ լինել նրա պաշտոնապես նշանակված, բայց իսկական ընկերը:
Մենթորական աշխատանքի ծրագրի կազմումը
Բրիտանական Խորհուրդը մշակել է մենթորական աշխատանքի ծրագրի կազմման հիմնադրույթները՝ քայլ առ քայլ (Setting up a mentoring programme):
Քայլ առաջին. Որոշվում է սկսնակ ուսուցչի ուժեղ և թույլ կողմերը, որից ելնելով էլ կարելի է կազմել նրա մասնագիտական զարգացման ուղղությունները:
Նախքան սկսնակ ուսուցչի հետ առաջին հանդիպումը մենթոր ուսուցիչը նրան խնդրում է ինքնագնահատման ձևով ներկայացնել իր ուսումնական պարապմունքների հաջողված և զարգացման կարիք ունեցող կողմերը: Կարելի է նաև այս մասին տեղեկություններ ստանալ սովորողներից, մասնախմբի ղեկավարից:
Քայլ երկրորդ. Կազմակերպվում է սկզբնական հանդիպումը և որոշվում է հետագա հանդիպումների շրջանակը ամբողջ ծրագրի իրականացման ընթացքում:
Այս հանդիպումը ավելի շատ հետազոտական է: Միասին քննարկվում են սկսնակ ուսուցչի ուժեղ և թույլ կողմերը, որից ելնելով էլ կազմվում է մեթոդոլոգիական օգնության ուղղվածությունը:
Քայլ երրորդ. Ապահովվում են մենթորի և սկսնակ ուսուցչի համագործակցության պայմանները:
Որոշվում է հանդիպումների ժամանակացույցը, որի համար դասացուցակը կազմելիս նախատեսվում են ազատ ժամեր և′ սկսնակ ուսուցչի և′ մենթորի համար, ինչպես նաև՝ մի խաղաղ վայր միասին աշխատելու համար:
Քայլ չորրորդ. Ստուգվում է, թե արդյոք ուսումնական հաստատության ղեկավարությունը հաշվի է առնում սկսնակ ուսուցիչ–մենթոր համագործակցության կարևորությունը:
Սկսնակ ուսուցչի ուսումնական պարապմունքներով ծանրաբեռնվածությունը և արտադասարանական աշխատանքները չեն կարող խանգարել մենթոր ուսուցչի հետ իր ծրագրած աշխատանքին:
Մենթորական աշխատանքի ֆիննական խմբային մոդելը
2006-ին Ֆինլանդիայի հանրակրթական համակարգում ներդրվեց և մինչև հիմա գործում է մենթորական աշխատանքի խմբային մոդելը: Մեկ + մեկ՝ մենթոր ուսուցիչ + սկսնակ ուսուցիչ մոդելի փոխարեն սկսեց գործել մեկ + խումբ՝ բազմափորձ ու վաստակաշատ մեկ մենթոր ուսուցիչ + սկսնակ ուսուցիչների խումբ մոդելը: Մենթոր ուսուցիչը ամիսը մեկ անգամ հանդիպում է սկսնակ ուսուցիչների խմբին: Հանդիպման վայրերը կարող են տարբեր լինել՝ դպրոցի գրադարանում, սրճարանում, թանգարանում, ուսուցիչներից մեկի տանը, կամ մի որևէ այլ խաղաղ տեղ: Հանդիպում-հավաքը տևում է 1,5-ից 3 ժամ՝ ուսումնական պարապմունքներից հետո: Հանդիպման ընթացքում ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում քննարկում են ձեռքբերումները, տարբեր մարտահրավերների հաղթահարման ուղիները, իրականացվում է առաջավոր փորձի փոխանակում:
Կարծում եմ, որ մեր կրթահամալիրում հաջողությամբ կարող ենք համակցել մենթորական աշխատանքի ամերիկյան անհատական և ֆիննական խմբային մոդելները:
Ինչպիսի՞ն է ձեր կարծիքը:
Օգտագործված աղբյուրները
http://norssiope.fi/norssiope/mentoring/aineistot/pdf_materials/zachary_role_teacher_mentor.pdf
https://www.edutopia.org/article/every-teacher-needs-mentor
The Importance of Mentoring New Teachers
http://www.incompassinged.com/2017/07/14/the-importance-of-mentoring-new-teachers/
Introduction to supporting and mentoring teachers
Setting up a mentoring programme
Observation as a teacher development tool
Mentors and Mentees in the Finnish Model of Teachers’ Peer Group of Mentoring
https://www.tandfonline.com/doi/full/10.1080/00313831.2018.1554601
The Finnish Peer Group Mentoring Model
https://www.nyutdannede.no/media/1179/ossava-verme-finland.pdf
- 657 reads