Սովորողների գնահատման ծրագիրը (PISA)
Primary tabs
Այլոց փորձի ուսումնասիրություն
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD – ՏՀԶԿ) անդամ պետոությունները փորձում են համատեղ լուծում տալ տարբեր սոցիալ-տնտեսական խնդիրներին և իրենց արտաքին քաղաքականությունը համապատասխանեցնում են այդ գործընթացներին։ Անմասն չի մնում նաև հանրակրթության ոլորտը, քանի որ բոլորն էլ գիտակցում են, որ մի որևէ երկրի կրթության զարգացումը կարող է լիարժեք լինել, եթե հաշվի են առնվում այլ երկրների գիտատեխնիկական ձեռքբերումներն ու մանկավարժական փորձը:
ՏՀԶԿ-ը 2000 թվականին առաջին անգամ նախաձեռնել և այնուհետև երեք տարին մեկ անգամ կազմակերպում է կազմակերպության անդամ և ոչ անդամ երկրների հանրակրթական դպրոցների սովորողների տրամաբանական մտածողության գնահատման գործընթացը երեք տիպի քննություններով՝ մաթեմատիկա, բնագիտություն և ընթերցելով ընկալում: Առաջադրանքների բովանդակության պարտադիր պայման է համարվում կյանքի իրական իրավիճակներին համապատասխան լինելը: Ուշագրավն այն է, որ սովորողները կարող են իրենց ընտրությամբ այդ քննությունները հանձնել կամ անգլերեն, կամ՝ իրենց մայրենի լեզվով: 2018-ի PISA-ի քննություններին մասնակցել է 79 երկիր, որից այդ կազմակերպության անդամ երկիր է 35-ը: Փաստորեն կրթության զարգացման կարևորությունը ավելի մեծ առաջնահերթություն է համարվում, քան տնտեսության զարգացումը: Այդպիսի կրթական հեռանկարային մտածողություն ունեն մեր հարևան երկրներ Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան: Մաթեմատիկայից Ադրբեջանի սովորողների արդյունքը 57-րդն է, բնագիտությունից և ընթերցելով ընկալելուց՝ 69-րդը: Այս երկիրը կրթության արդյունքներով ավելի առաջ է քան, Ղազախստանը, Վրաստանը, Լիբանանը, Ֆիլիպինները և այլ երկրներ: Հայաստանը ընդհանրապես չկա այս ցուցակում: Հայաստանը միշտ էլ հպարտացել է միջազգային օլիմպիադաներում Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի և Քվանտ վարժարանի սովորողների ստացած մրցանակներով, բայց դա հանրակրթություն չէ: Մեր երկրի տնտեսության զարգացման համար ավելի կարևոր է հանրակրթության բարձր մակարդակը, քան միջազգային օլիմպիադաներում շահած եզակի ոսկե մեդալները:
Ո՞ր տարիքային խումբը և որքա՞ն սովորող է մասնակցում PISA քննություններին յուրաքանչյուր երկրից:
Յուրաքանչյուր երկրից մասնակցում է հանրակրթական դպրոցների առկա ուսումնառությամբ 5000 սովորող, ովքեր 15 տարեկան են (ավելի ճշգրիտ՝ 15,3-16,2): Փոքր բնակչություն ունեցող երկրներից, ինչպիսիք են Իսլանդիան և Լյուքսեմբուրգը, քննություններին մասնակցում են այդ երկրների բոլոր սովորողները, ովքեր մտնում են այդ տարիքային խմբի մեջ: Այս առումով հետաքրքիր է չինական Մակաո քաղաքը, որը մինչև 1999 թվականը եղել է Պորտուգալիայի տիրապետության տիրույթում և այդ պատճառով էլ PISA-ի քննություններին առանձին է մասնակցում՝ ունենալով 650000 բնակիչ բոլոր երեք քննությունների արդյունքներով զբաղեցնում է երրորդ տեղը՝ Չինաստանից և Սինգապուրից հետո:
Քննության ընթացքը
Յուրաքանչյուր սովորողի մի առարկայից համակարգչով քննություն տալու համար հատկացվում է երկու ժամ: Բոլոր երեք առարկաների համար հատկացվում է 6 ժամ, բայց սովորաբար սովորողները մի առարկայից են նախընտրում քննություն հանձնել: Նրանց տրվում է ևս մեկ լրացուցիչ ժամ՝ սովորելու սովորությունների, մոտիվացիայի և ընտանիքի վերաբերյալ հարցերին պատասխանելու համար:
Յուրաքանչյուր քննական առարկայի համար հատկացվում է առավելագույնը 500 միավոր: Որևէ երկրի հանրակրթության կրթական մակարդակը սովորաբար բարձր է լինում, եթե քննվողների ստացած միավորների տարբերությունը շատ մեծ չի լինում: Հենց այդ միջին միավորի բարձր լինելն է խոսում հանրակրթության բարձր մակարդակի մասին:
Քննությունների հարցաշարերի բովանդակության մասին
Ընթերցելով ընկալելու, մաթեմատիկայի և բնագիտության տեքստերը, հարցաշարերն ու խնդիրները կապված են իրական կյանքի իրավիճակների հետ, երբ սովորողից պահանջվում է ոչ թե գիտելիքների, տեղեկությունների ու համահարթեցված մտքերի իմացություն, այլ տրամաբանական մտածողությամբ տվյալ իրավիճակին համապատասխան ռացիոնալ ընտրություն կատարելու կարողություն: Այս պնդումը ուզում եմ հիմնավորել մի քանի օրինակներով:
Մաթեմատիկա
Պահնջվում է նախագծել մետաղադրամների նոր հավաքածու: Բոլոր մետաղադրամները պետք է լինեն շրջանաձև և արծաթագույն, բայց նրանք պետք է ունենան տարբեր տրամագծեր:
Հետազոտողները պարզել են, որ մետաղադրամների իդեալական համակարգը պետք է բավարարի հետևյալ պահանջներին՝
- Մետաղադրամների տրամագծերը 15 մմ-ից ավելի փոքր չեն կարող լինել և 45 մմ-ից էլ ավելի մեծ չեն կարող լինել:
- Յուրաքանչյուր մետաղադրամի տրամագիծը պետք է իր նախորդից առնվազն 30%-ով ավելի մեծ լինի:
- Մետաղադրամներ հատող մեքենան կարող է հատել միայն ամբողջական թվերով տրամագծեր ունեցող մետաղադրամներ (օրինակ՝ 17մմ տրամագծով կթույլատրվի, իսկ 17,3 մմ տրամագծով չի թույլատրվի՝):
Հարց.
Ձեզնից պահանջվում է նախագծել վերը նշված պահանջներին համապատասխան մետաղադրամների հավաքածու:
Պետք է սկսել 15 մմ տրամագիծ ունեցող մետաղադրամից և ձեր մետաղադրամների հավաքածուն պետք է ունենա որքան հնարավոր է շատ մետաղադրամ: Ի՞նչ տրամագծեր կունենան ձեր հավաքածուի մետաղադրամները:
Բնագիտություն
Մետրոյի ստորգետնյա համակարգերի մեծ մասը իրենց թունելների որոշ հատվածներում բարձր ջերմաստիճանների խնդիր ունի: Օրինակ՝ Լոնդոնի մետրոն ստորգետնյա մի քանի հատվածներ ունի, որտեղ թունելի ջերմաստիճանը 40 °C-ից բարձր է: Ծագած խնդիրը վատթարացել է վերջին 100 տարիների ընթացքում, քանի որ թունելներին օղակած հողը նույնպես աստիճանաբար տաքացել է:
Հարց՝
Ջերմության ո՞ր աղբյուրներից է հնարավոր եղել թունելներին օղակած հողի տաքացումը:
Նշեք «այո» կամ «ոչ» ջերմության յուրաքանչյուր հնարավոր աղբյուրի դիմաց.
Ջերմության աղբյուրը |
Արդյո՞ք այս աղբյուրն է ստորգետնյա թունելին օղակած հողի տաքացման պատճառը |
Արևի ջերմությունը |
Այո/ոչ |
Գնացքների արգելակներից արձակված ջերմությունը |
Այո/ոչ |
Գնացքների շարժիչների ջերմությունը |
Այո/ոչ |
Ուղևորների մարմինների ջերմությունը |
Այո/ոչ |
Ընթերցելով ընկալում
Ծովում կորածը
Արշալույսը երկար չտևեց, ինչպես ցամաքում է լինում: Երկինքը գունատվեց, առաջինը աստղերն անհետացան ու ես նախ ժամացույցիս նայեցի, իսկ հետո՝ հորիզոնին: Սկսեցին երևալ ծովի ուրվագծերը: Տասներկու ժամ էր անցել, ինչն անհնար էր թվում: Գիշերը չէր կարող ցերեկվա չափ երկար լինել: Մարդ պետք է գիշերը ծովում անցկացրած լինի, փրկարար լաստի վրա նստած՝ անընդհատ աչքը ժամացույցին, որպեսզի իմանա, որ գիշերն անչափելիորեն ավելի երկար է քան ցերեկը: Բայց հենց արշալույսն է իրեն զգացնել տալիս, այնքան հոգնեցուցիչ է գիտակցել, որ մի նոր օր է սկսվում: Այդ մտքին հանգեցի առաջին գիշերը փրկարար լաստի վրա անցկացնելուց հետո: Որևէ այլ բան չէր կարևորվում, բացի արշալույսի բացվելը: Ես ո′չ ջրի և ո′չ էլ սննդի մասին էի մտածում: Ես ոչ մի բանի մասին չէի մտածում, մինչև որ քամին մի փոքր ջերմացավ, իսկ ծովի մակերևույթը հանդարտվեց ու փոխվեց ոսկեգույնի: Ամբողջ գիշերը մի վայրկյան չէի քնել բայց բայց այդ պահին ինձ թվաց, կարծես, հենց նոր էի արթնացել: Երբ ձգվեցի փրկարար նավակի մեջ, զգացի ոսկորներիցս եկող ցավը և մաշկիս արևայրուքի ծակոցները: Բայց օրը պայծառ էր ու տաք, իսկ մեղմ քամու շրշյունը նոր ուժ էր տալիս ինձ շարունակել սպասելը: Եվ ես զգացի, որ երանելի եմ տեղավորված լաստի վրա: Առաջին անգամ իմ կյանքի քսան տարիների ընթացքում զգացի, որ կատարյալ երջանիկ եմ: Լաստը շարունակում էր քշվել առաջ: Չէի կարող հաշվարկել, որքան հեռու էր այն գնացել գիշերվա ընթացքում, բայց հորիզոնը ճիշտ նույն տեսքն ուներ, կարծես, ոչ մի սանտիմետր չէի շարժվել: Ժամը յոթին սկսեցի մտածել մարմնակործան ու հոգեցունց բանի մասին: Նախաճաշի ժամն էր: Ես պատկերացրեցի, թե ինչպես են իմ նավակիցները սեղանի շուրջը նստած խնձոր ուտում: Հետո նրանք ձու կուտեին, որից հետո՝ միս, որին կհաջորդեին հացն ու սուրճը: Բերանս թքով լցվեց ու ստամոքսի թեթևակի գալարում զգացի:
Որպեսզի միտքս շեղեի սնունդից, ես լաստից մեջքով մինչև վիզս ընկղմվեցի ջրի մեջ: Սառը ջուրը հովացնում էր մեջքիս արևայրուքը, ինչն ինձ ուժ էր տալիս: Ես երկար ժամանակ այդպես ընկղմված մնացի՝ ինքս ինձ հարցնելով, թե ինչու Ռամոն Հերերայի հետ գնացի նավախելի տախտակամածը՝ փոխանակ վերադառնալու ու պառկելու իմ նավախցիկում: Ես րոպե առ րոպե մտաբերեցի այդ ողբերգական միջադեպը և որոշեցի, որ հիմար եմ: Իրոք որևէ պատճառ չկար, որ ես պետք է զոերից մեկը եղած լինեի: Ինձ չէին հսկում: Տախտակամածի վրա լինելու իմ պահանջը չկար: Երբ եզրակացրի, որ ամեն ինչ պատահել է այն բանի պատճառով, որ բախտս չի բերել, նորից անհանգստություն զգացի: Բայց ժամացույցին նայելը հանգստացրեց ինձ: Օրն արագ էր ընթանում. ժամը տասնմեկն անց երեսուն էր:
Հարց.
Ինչպե՞ս է նավաստին փորձում հաղթահարել իրեն բաժին ընկած փորձառությունը պատմվածքի այս հատվածում:
Ա) զգոն մնալով
Բ) խուսափելով անհանգստությունից
Գ) հիշելով պատահածը
Դ) փորձելով մոռանալ անցյալը
Ահա և վերջ: Ես մաթեմատիկայի, բնագիտության և ընթերցելով ընկալման հարցաշարերից մեկական օրինակ թարգմանեցի՝ ցույց տալու համար նման հարցաշարերի բարդության աստիճանը և առաջադրանքների մոտավոր բովանդակությունը: Կարծում եմ, որ այնքան էլ բարդ առաջադրանքներ չեն: Սրանք անհամեմատ ավելի դյուրին են, քան մեր տեղական առարկայական օլիմպիադաներին տրվող առաջադրանքները և նախատեսված են հանրակրթական դպրոցների 15 տարեկան սովորողների համար: Պարտադիր պայման չէ անգլերեն իմանալը: Երբ մի որևէ երկիր այս ծրագրին մասնակցության հայտ է ներկայացնում, վճարում է քննությունների կազմակերպման համար, որի մեջ մտնում է նաև առաջադրանքների թարգմանությունը այդ երկրի լեզվով: Ինչու՞ է Մոլդովան, Վրաստանը, Ադրբեջանը, Բելառուսիան, Ղազախստանը մասնակցում այս ծրագրին, իսկ Հայաստանը՝ ոչ: Մոլդովան ավելի հարու՞ստ է, քան Հայաստանը: Ադրբեջանի կառավարությունը ավելի շա՞տ է մտահոգված իր երկրի երեխաների կրթությամբ, քան Հայաստանը: Վրաստանի կառավարության համար հետաքրքիր է, թե ինչ մակարդակի վրա է հանրակրթությունը իրենց երկրում, իսկ Հայաստանի կառավարությանը դա բացարձակապես չի՞ հետաքրքրում:
Առանձին մի դպրոց չի կարող հայտ ներկայացնել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն (OECD) այս ծրագրին մասնակցելու համար: Դա պետք է երկրի կառավարությունը անի: Բայց մեր փորձարարական հեղինակային մանկավարժություն իրականացնող կրթահամալիրը կարող է ոչ պաշտոնական՝ փորձնական ձևով իրականացնել ծրագիրը: Չէ՞ որ մեզ է վիճակված հանրակրթության ոլորտում նորը փորձարկելու ու այդ փորձը տարածելու պատասխանատու գործը:
Աղբյուրներ
Program for International Student Assessment PISA
PISA-Based Test for Schools: Sample Test Items
- 1218 reads