«Մաթեմատիկա» առարկայի ծրագիրը

1-3-րդ դասարաններ

Եթե իրականանային ծրագրում նշված նպատակների գոնե ¼-ը, ես ստիպված չէի լինի կես տարի անընդհատ համեմատելու վարժություններ հանձնարարել, ստիպված չէի լինի երկու դասը մեկ հիշեցնել, թե ինչ է նշանակում թվարկել, ստիպված չէի լինի...

  Բայց անդրադառնանք ծրագրին: Առաջադրված կենսական նպատակները և «Կրթական ընդհանուր խնդիրները» (մեջբերում ծրագրից) անհամարժեք են, օր.` սովորողի կռահելու կարողության ձևավորման և զարգացման նպատակին համարժեք խնդիրներ ձևակերպված չեն: Նպատակների թվարկման մեջ օգտագործված են իրականազուրկ հասկացություններ, օր.` «Լեզվական մտածողություն»: Առկա են երկարաբանություններ, օր.` «սովորեցնել ձեռք բերած գիտելիքները և կարողությունները կիրառել տարբեր գործնական խնդիրներ լուծելիս» արտահայտության փոխարեն ընդամենը պետք է նշել`«գործնական խնդիրներ լուծելու կարողություն»:
 Ծրագրից բացակայում է թվերի պատմությունը:
 Երկրորդ դասարանի բաժնում շարադրված չեն կրթական խնդիրները:
 Ծրագրի բովանդակային մասի ձևակերպումներում ակնհայտ չէ ուսումնական գործունեության վեկտորը կամ նպատակամիտվածությունը:
 Երրորդ դասարանի բաժնում առկա որոշ հասկացություններ` դատողություն, ապրանքի արժեք, թվագրություն, եթե պարզունակացվելու են, ապա գերադասելի է, որ չօգտագործվեն, քանզի հետագայում չափազանց դժվար կլինի սովորողների համար հասկանալ դրանց էությունը:
Կարծում ենք, որ «Թվագրության հին հայկական և հռոմեական համակարգեր» ձևակերպումը թյուրիմացաբար է հայտնվել ծրագրում: Հավանաբար, խոսքը հռոմեական թվանշանների և հայերեն տառերի թվային համարժեքների մասին է:
Խոսքս սեղմագրեմ հետևյալ առաջարկությամբ` մեծությունների չափման միավորների ուսումնասիրությունը համապատասխանեցնել սովորողների թվային իմացության հետ:

4-5-րդ դասարաններ
Դրական կողմեր`

1.Պահպանված են ծրագրի կառուցվածքին ներկայացվող պահանջները,
2.Ծրագրային խնդիրները և բովանդակությունը զարգանում են «Պարզից - բարդ» համակարգում,
3.Գնահատման համակարգը միտված է ճկունության,
4.Կարևորված է կիրառական խնդիրներ լուծելու կարողությունը:

Բացթողումներ`

1.Ոչ մի կարողություն չի նախատեսվում հասցնել հմտության մակարդակի,
2.Խնդիրները բացառապես առարկայական են,
3.Ուսումնական նյութերում բացակայում է հեղինակային բաղկացուցիչը,
4.Երբեմն օգտագործված են խոցելի հասկացություններ, օր.` կարողությունների յուրացում,
5.Թվարկված չեն ուսումնական նախագծերը,
6.Գնահատման համակարգում բացարձականացված է նախագծային աշխատանքի դերը (մեջբերում ծրագրից` « Սովորողը անբավարար գնահատական է ստանում,  եթե չի կատարում նախագծային աշխատանքները»):

               Ընտրությամբ գործունեություն
                   (4-5-րդ դասարաններ)

     «Մաթեմատիկոսի գործունեություն» ծրագրի թեմաները և օգտագործվող էլեկտրոնային ռեսուրսներն անվիճելիորեն հետաքրքիր են ու զարգացնող: Սակայն մեծ է ճեղքվածքը սովորողների լեզվական գիտելիքների և օտարալեզու ռեսուրսների բառապաշարների, ինչպես նաև «Մաթեմատիկա» առարկայի և ընտրությամբ գործունեության ծրագրերի բովանդակության միջև: Այս իրողությունում անհասկանալի է (մեղմ ասած) մաթեմատիկական երկու ծրագրերի նպատակների նույնականությունը:

Հ.Գ. Իմ կարծիքով, առաջացել է վերոհիշյալ ծրագրերով անցկացվող դասերին ներկա գտնվելու անհրաժեշտություն, որպեսզի հերքեմ, հաստատեմ կամ ճշգրտեմ իմ խիստ մոտեցումները:

Փորձագետ`Աշոտ Տիգրանյան
Նկարը`Գեղարվեստի կրտսեր դպրոցի ենթակայքից

  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский