10-12-րդ դասարանների «Հայոց լեզու, գրականություն» դասընթացի առարկայական ծրագրի փորձագիտական գնահատում

Ծրագիրը մի քանի անգամ կարդալուց հետո եկել եմ այն եզրակացության, որ այն լիովին հեղինակային է և համապատասխանում է մեր կրթահամալիրում լեզվի և գրականության դասավանդման որդեգրած սկզբունքներին՝ 6-9-րդ դասարաններում «Հայոց լեզու, գրականություն» առարկայական ծրագրի հետ կազմելով բովանդակային մի ներդաշնակություն: Այդուհանդերձ, կան որոշ անհամապատասխանություններ. ուզում եմ անդրադառնալ ծրագրի թերի կողմերին, ինչպես նաև նշել ծրագրի բոլոր լավ կողմերը:

Ծրագրի նպատակաուղղվածությունը.

Ծրագրի նպատակաուղղվածությունը համապատասխանում է պետական չափորոշչին, որն այնքան էլ քննարկման ենթակա չէ:

Ավագ դպրոցի ուսումնական պլանում բնագավառը ներկայացված է հետևյալ դասընթացներով.

Իմ կարծիքով` 3-րդ կետի և 2014-2015 ուսումնական տարվա ուսպլանի միջև անհամապատասխանություն կա: Այս տարվա ուսումնական պլանից հանված է «լրացուցիչ կրթություն» դասընթացը: Պետական ավարտական-միասնական քննության նախապատրաստումն այս տարի արվում է «սովորողի ընտրությամբ» դասընթացով:

Հետևաբար՝ դասընթացների համառոտ պարզաբանումների շարքից էլ պետք է հանվի «լրացուցիչ կրթություն» պարզաբանումը և դրվի «սովորողի ընտրությամբ» դասընթացի մեջ: Բայց պետք է ասեմ, որ այդ լրացուցիչ կրթության պարզաբանումը ունի իր փոքրիկ բացթողումը: Այդտեղ գրականության մասին ոչինչ չի նշված: Չէ՞ որ գրականությունը նույնպես ներառված է հարցաշարերում:

 Հայոց լեզվի, գրականության ուսուցման խնդիրները.

Խնդիրները հստակ, հասկանալի և հասանելի են ձևակերպված:

Փոքրիկ վրիպակ կա 5-րդ կետում. «կարողություններ» բառը երկու ա-ով է գրված:

Մեր կրթահամալիրի հեղինակային մանկավարժությանը շատ համահունչ են 4-րդ և 7-րդ կետերը:

Սովորողի ընտրությամբ «Հայոց լեզու» դասընթացի խնդիրները.

Իմ կարծիքով` այստեղ պետք է ավելացվի 12-րդ դասարանի համար պետական ավարտական-միասնական քննություններին նախապատրաստելու առումով լրացուցիչ կրթությանը վերաբերող պարզաբանումը:

Քանի որ սա «Հայոց լեզու, գրականություն» առարկայական ծրագրի «Հայոց լեզու» սովորողի ընտրությամբ դասընթացն է, ապա հարկ չկա այստեղ նշել ակումբային գործունեության մասին (ծրագրում նշվում է «Լեզվաբանի» և «Ընթերցասերի» ակումբների գործունեությունը), որովհետև ակումբներն ունեն իրենց առանձին ծրագրերը:

Ուսուցման միջավայրը.   

Ծայրից ծայր հեղինակային է և եզակի ոչ միայն մեր հանրապետությունում, այլ նաև ամբողջ աշխարհում: Միայն մի փոքրիկ վրիպակ կա. Նյութական միջավայրի 4-րդ կետի «հուշարձան» բառը գրված է առանց «ր» տառի: Աշխատանքային գործիքները, համակարգչային ծրագրերը հրաշալի են շարադրված:

Դասավանդողի ուսումնական բլոգին, դրա վարմանը ներկայացվող պահանջները և հայոց լեզու, գրականություն դասավանդողի բլոգի բովանդակությունը.

Հայոց լեզու, գրականություն դասավանդողի համար ինչ լավ ուղեցույց է այս բաժինը: Ամեն ինչ պարզ, հասկանալի և ընդունելի: Ես որոշ բաներ կվերցնեմ և կօգտագործեմ իմ անգլերենի ծրագրում:

Սովորողի ուսումնական բլոգի առարկայական բաժնին ներկայացվող պահանջները.

Սա նույնպես կարելի է ընդօրինակել անգլերենի ծրագրում:

Հայոց լեզու և հայ գրականություն ընդհանուր հանրակրթական

դասընթացի բաղկացուցիչ մոդուլները.

Նշված 15 կետերից 13-ի հետ համաձայն եմ: Վիճելի է առաջին կետը, որտեղ ասվում է՝ «Քերականություն։ Հիմնական դպրոցում անցածի կրկնություն` խոսքի շարահյուսական և ձևաբանական վերլուծության միջոցով

Բայց, ինչպես գիտեմ, հիմնական դպրոցում քերականություն որպես այդպիսին չի դասավանդվում: Ինչպե՞ս կարելի է կրկնել չդասավանդված քերականությունը շարահյուսական և ձևաբանական վերլուծությունների միջոցով: Միգուցե այլ կերպ պետք է միտքը ձևակերպել:

Մյուսը 3-րդ կետն է, որը վերաբերում է գրականության պատմությանը: Կարծում եմ, որ ծրագրում գոնե հավելվածով պետք է տրվի հայ գրողների ցանկը: Այդ ցանկը դասավանդող ուսուցչի հայեցողությա՞նն է թողնվում:

Ի՞նչ է նշանակում 2-րդ կետում նշված «գրապայքար» բառը:

Ծրագրի իրականացում.

Դասավանդողին գործելու ազատություն է տրվում, որը հոգեհարազատ է կրթահամալիրային կրթական ծրագրին:

Ուսումնական պարապմունք.

Ամեն ինչ հստակ է շարադրված: Օրինակելի է բազմազանությունը:

Սովորողի աշխատանքի բովանդակությունը.

Հրաշալի է շարադրված: Համապատասխանում է մեր կրթահամալիրի հեղինակային մանկավարժությանը:

Գնահատումը

Լավ է շարադրված: Ամենակարևորն այն է, որ նշված է, թե ինչն է հաշվի առնվում լեզուն և գրականությունը գնահատելիս, ի՞նչ ենք հասկանում լեզվի որակ ասելիս:

Ծրագիրը հարստանում և խարսխվում է մեր կրթահամալիրի ավագ դպրոցներում «Հայոց լեզու, գրականություն» մեթոդական մշակումներով, որոնք դրված են ծրագրի վերջում:

 

Փորձագետ` Յուրա Գանջալյան

Նկարը` Գեղարվեստի ավագ դպրոցի ենթակայքից

  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский