Նախագծային ուսուցում. տեսություն և փորձ

Ասա ինձ և ես կմոռանամ, ցույց տուր ինձ և ես կհիշեմ, ներգրավիր ինձ և ես կսովորեմ:
Չինական առած

Նախագծային ուսուցման մեթոդը կիրառվում է ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, ֆինլանդիայում, Իսրայելում, Բրազիլիայում, ԳԴՀ-ում և մի շարք այլ երկրներում: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հեղինակային կրթական ծրագիրն իրականացվում է նախագծային ուսուցման ձևով:

Նախագծային ուսուցումը դասավանդողի/դասավանդողների և սովորողի/սովորողների համատեղ կրթական գործունեությունն է, որը նպատակաուղղված է որևէ հիմնախնդրի/հիմնախնդիրների տեսական և/կամ գործնական լուծմանը:

Նախագծային ուսուցման հիմնական նպատակներն են`

1. Նպաստել յուրաքանչյուր մասնակցի ինքնագնահատականի բարձրացմանը`

1.1. Հնարավորություն ստեղծել, որ յուրաքանչյուրն իրեն տեսնի որպես ընդունակ և իրազեկ անհատականություն:
1.2. Մասնակցի մոտ զարգացնել իր և մյուսների դրական կերպարը:
1.3. Սովորողի մոտ ձևավորել իրեն և մյուսներին ստույգորեն գնահատելու հմտություն:

2. Ոգեշնչել սովորողներին` զարգացնելու կարողությունների «Համագործակցություն» համակարգը:

3. Ապահովել սովորողի քննադատական մտածողության զարգացման մեխանիզմը, դրված խնդիրը լուծելու ուղիների որոնման հմտության ձևավորումը:

4. Զարգացնել սովորողների հետազոտական կարողությունները (բացահայտել հիմնախնդիրը, հավաքել անհրաժեշտ տեղեկություններ, դիտարկել գործընթացները, ձևակերպել վարկածներ, ընդհանրացնել և այլն) և վերլուծական մտածողությունը:

Իրականացվող նախագծերն ունեն հետևյալ  տիպաբանական հատկանիշները`

  • ըստ սովորողների գերակշռող գործունեության (առարկայորեն կողմնորոշված, հետազոտական, ստեղծագործական, տեղեկատվական, դերային),
  • ըստ բովանդակության (միջառարկայական և մոնոնախագծեր),
  • ըստ հարաբերությունների բնույթի (ներդասարանային, միջդասարանային, տարածաշրջանային, համապետական, միջազգային),
  • ըստ տևողության (մինինախագծեր` մինչև մեկ շաբաթ, կարճաժամկետ` մինչև մեկ ամիս, միջնաժամկետ` մինչև վեց ամիս, երկարաժամկետ` կես տարուց ավելի),
  • ըստ մասնակիցների թվի (անհատական, խմբային, միջխմբային):

Նախագծային ուսուցում կազմակերպելիս հարկ է ապահովել նախագծի իրականացման փուլերի ճիշտ հերթագայությունը և նրանց հատկացվելիք ժամանակի իրատեսական համամասնությունը:

Նախագծային աշխատանքի փուլերն են`

  1. Նպատակադրում
  2. Գործունեության տարբերակների քննարկում, միջոցների և եղանակների ընտրություն
  3. Պարտականությունների բաշխում
  4. Ինքնակրթություն և գիտելիքների արդիականացում
  5. Հետազոտական գործունեություն
  6. Արդյունքների ընդհանրացում և եզրակացություններ
  7. Արդյունքների հանրայնացում
  8. Հաջողությունների և սխալների վերլուծություն
  9. Շտկողական գործունեություն
  10. Նախագծի հրապարակային պաշտպանություն:

Նախագծային ուսուցման իմ փորձի (վերջին տարվա նախագծերի ընթացիկ արդյունքներին կարող եք ծանոթանալ իմ բլոգում: Վերլուծության արդյունքում արձանագրում եմ, որ`

  1. Նախագծային ուսուցումն ավելի արդյունավետ է «Սովորողի կարողությունների զարգացում և հմտությունների ձևավորում» հիմնախնդրի լուծման գերակայության դեպքում:
  2. Սովորողների մեծ մասը հակված է իրականացնելու միջնաժամկետ նախագծեր:
  3. Նախագծային ուսուցումն արագացնում է օտար լեզուների յուրացումը:
  4. Նախագծային ուսուցումը ներդաշնակեցնում է անհատի զարգացման մրցակցային և համագործակցային հարացույցները:
  5. Երկարաժամկետ նախագծի իրականացումը գիտական մտածողության ձևավորման անկյունաքարն է:
  6. Նախագծային գործունեության ընթացքում սովորողի գնահատումը գերադասելի է երկբալանոց` կարող է շարունակել մասնակցությունը նախագծին կամ չի կարող, իսկ նախագծի ամփոփման ժամանակ սովորողի ձեռք բերած արդյունքների գնահատումը հարկ է, որ հենվի ինքնագնահատականի և խմբի մյուս անդամների գնահատականի, ինչպես նաև հրապարակային պաշտպանության արձագանքների վրա:
  7. Նախագծային ուսուցման մեթոդի բացարձականացումը վտանգում է սովորողի անհատականության զարգացման համակողմանիությունը և աղքատացնում է մանկավարժական գործիքների արհեստանոցը:
  8. Անհրաժեշտ է միշտ ուշադրության կենտրոնում պահել նախագծային ուսուցման միջառարկայական բնույթը:
  9. Իրականացված նախագծի արդյունքների հրապարակային պաշտպանությունը բարձրացնում է սովորողի ինքնագնահատականը և նպաստում նրա սոցիալականացմանը:

Ինչպես ասել է Անանուն Իմաստունը. «Ապագադ լոկ մտապատրանք է, եթե արահետդ վարձակալել ես»:

Օգտագործված ռեսուրսներ

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский