Նախագծային ուսուցում՝ առանց առարկայական սահմանների

Նորարությունը դարի պահանջ է. դա է բացում զարգացման հեռանկարներ բոլոր բնագավառներում: Իսկ կրթական ոլորտը պետք է առաջատար դիրքերում լինի: Նորարար է  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային «Իմացումի հրճվանք» ծրագիրը, որն իրականացվում է նախագծային ուսուցման մեթոդով: Աշխատանքի այս ձևը հնարավորություն է տալիս բացառելու առարկայական սահմանները:

Նախագծերի մեթոդն ունի մի շարք առավելություններ՝  սովորողների մոտ առավել լավ են բացահայտվում հետազոտական հմտությունները, իրականացվում է տեղեկատվության ինքնուրույն փնտրում ու փաստերի համադրում: Այս մեթոդով աշխատելիս զարգանում են նաև այնպիսի կարողություններ, ինչպիսիք են ինքնագնահատման կարողությունը, համագործակցման աշխատանքի հմտությունը, փոխօգնության պատրաստակամությունը, բանավիճելու ունակությունը, սեփական կարծիքի արտահայտման հաստատակամությունն ու խոսքի հիմնավորումը:

Շատ կարևոր է որոշել  նախագծի նպատակը: Երբ որոշված է ընդհանուր նպատակը, արդեն «Իմացումի հրճվանքի» բաղադրիչ դասընթացների բովանդակությունից ընտրվում են այնպիսի տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են նպատակին հասնելու համար:

2-րդ դասարանում մեր իրականացրած  աշխատանքային նախագծերից մի քանիսի օրինակով ներկայացնեմ մեր աշխատանքն ու արդյունքները:

Առաջին կիսամյակում իրականացրել ենք «Ես և իմ  ընտանիքը», «Անկախության տոն. բարձունքի նվաճում», «Կոմիտասյան օրեր», «Խնկոյանական օրեր», «Սովորողների աշնանային արձակուրդ», «Թթուդրիկ», «Կրթահամալիրի տոն», «Ամանոր» նախագծերը:

Դրանցից կառանձնացնեի «Ես և իմ ընտանիքը» նախագիծը: Ինչո՞ւ. որովհետև սա այն բացառիկ նախագծերից է, որը հնարավորություն է տալիս ներգրավելու «Իմացումի հրճվանքի» բոլոր բաղկացուցիչները: Այն իրականացնելիս սովորողները հնարավորություն են ունեցել պատմելու, նկարագրելու, կարդալու, ինֆորմացիա հավաքելու «Ես և իմ ընտանիքը»  թեմայով: Աշխատել են համակարգչային տարբեր ծրագրերով՝

  • paint ծրագրով (նկարել են իրենց, աշխատանքին անուն դրել, պահպանել և էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկել.
  • Word ծրագրով մուտքագրել են տեքստը, անուն դնելով՝ պահպանել և էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկել.
  • Movie Maker ծրագրով իրենց նկարած լուսանկարներով, տեսաձայնագրություններով ֆիլմեր են  պատրաստել, տեղադրել դպրոցի ենթակայքում.
  • կազմակերպել ենք մեր առաջին առցանց դասը, որի շնորհիվ սովորողները, պատասխանելով հարցերին ամբողջական են դարձրել իրենց ընտանեկան «նկարը»:

Սովորողներն աշխատել են նաև գուաշով և ջրաներկով՝ ստեղծելով ինքնանկար և ընտանիքի նկարներ: Ուսումանական գործընթացը կազմակերպվել է նաև դպրոցի պատերից դուրս` երբ սովորողները նյութեր էին պատրաստում իրենց ծնողներ աշխատավայրի մասին:

Նախագծի ընթացքում կազմակերպվել է նաև մաթեմատիկական գործունեություն. հաշվել են ընտանիքի անդամներին, նրանց տարիքը, աղյուսակներ կազմել, համեմատել տարիքները, ընտանեկան կարևոր դեպքերի հեռավորությունը, խնդիրներ հորինել, այլ չափումներ արել:

Նախագիծն արդյունավետ էր և ուսուցողական օտար լեզուների զարգացման ուղղությամբ. սովորողները նկարագրում են իրենց, իրենց ծնողներին օտար լեզվով,  աուդիոգրքեր և ֆիլմեր պատրաստում:

Մարմնակրթության պարապմունքերին առաջնորդվում ենք «Ես մարզիկ եմ» սկզբունքով և մարզվում ամեն օր, պատրաստվում կրթական շքերթին, մարմնամարզական ստուգատեսին

Չտարանջատելով մեր Ես-ը մեզ շրջապատող աշխարհից՝ հնարավոր եղավ իրականացնել ««Ես» և իմ դպրոցի բակը» նախագիծը, որը կարելի է ասել՝ նախագիծ է նախագծի մեջ: Նախագիծը բուռն արձագանքներ ունեցավ, քանի որ այն լուծում է նաև մի շարք բնապահպանական խնդիրներ և ներկայացվել է Էկոտուր 2015 սուգատեսին: «Ես»-ը կապեց մի քանի նախագիծ, ինչպես «Իմ  բարձունքը», «Ես սեբաստացի եմ», «Ես կարողանում եմ» և այլն:

Ձմեռային արձակուրդին իրականացրինք հետևյալ նախագծերը` «Ձմեռային ճամբար», «Բնագիտական նախագիծ», հայտեր ներկայացրինք Հանրակրթական Դիջիթեք 2015-ին և խրախուսական մրցականի արժանացանք մեր «Խնկոյանական բանաստեղծությունները կենդանանում են» աուդիոգրքի համար:

Երկրորդ կիսամյակը սկսեցինք «Թումանյանական նախագծով»: Նախագծային աշխատանքն էլ ավելի հետաքրքիր դարձավ, քանի որ փետրվարի 1-ից  Հիմնական դպրոցի երկու երկրորդ դասարանները միացել էին: Այժմ պետք էր ոչ միայն մտածել, թե ինչպես տարբեր դասընթացների բովանդակությունը ներառել նախագծում, այլ նաև իրականացնել նախագիծը աշխատանքի սովորությամբ և տեմպով, գիտելիքներով և կարողություններով տարբերվող սովորողների միասնական դասարանում: Այդ տարբերությունները, ինչպես և այն, որ դասարանում աշխատում ենք երկու դասվարով, հետաքրքիր են դարձնում և՛ առօրյան, և՛ իրականացվող նախագիծը. կարողացանք սեղմ ժամանակում իրականացնել մեր առաջին համատեղ նախագիծը և ներկայացնել արդյունքը, որ «Չարի վերջը» երաժշտական ներկայացումն էր:

Նախագծի ընթացքում Թումանյանի բանաստեղծություները բերանացի են արվել, սովորողները հեքիաթներն ընթերցել, հերոսներին նկարագրել-բնութագրել, դեպքերը քննարկել են: Ջ. Ռոդարիի հնարքներով (հեքիաթների շիլափլավ, ինչ կլիներ, եթե…), խաղ-առաջադրանքներով (գուշակիր հեքիաթի վերնագիրը, գուշակիր, թե որ հերոսն է նկարագրված և այլն) ավելի ուրախ և գրավիչ է դարձել աշխատանքը։ Մուլտֆիլմեր ենք դիտել-քննարկել, աուդիոգրքեր ունկնդրել: Սովորողները Հ. Թումանյանի մասին  համացանցում կենսագրական տվյալներ են փնտրել , Powerpoint ծրագրով պրեզենտացիաներ պատրաստել: Paint-ով նկարել են հեքիաթները, բանաստեղծությունները և պատրաստել էլ.գրքեր: Ներկայացումը պատրաստելու համար սովորողները բաժանվեցին խմբերի. մի խումբը դերերով ընթերցում էր «Չարի վերջը», մյուս խումբը համակարգչային Paint  ծրագրով պատրաստում էր հրավիրատոմսեր ներկայացման համար: Սովորողներն ընտրեցին, թե ինչ երգերի մեղեդիներ են հնչելու մյուզիքլի ժամանակ: Ձայնագրիչի օգնությամբ իրենք իրենց խոսքը և երգը ձայնագրում էին, լսում միմյանց, դիտողություններ անում, աշխատում, որ այն դառնա ավելի արտահայտիչ ու լսելի: Այսպես մի քանի անգամ լսելով սովորողներն անգիր հիշում էին և՛ խոսքերը, և՛ երգը: Մյուզիքլային ներկայացման մեջ խաղալու փորձ արդեն ունեցող սովորողներն օգնեցին կրտսեր ընկերներին` արագ յուրացնելու դերային խաղն ու երգը: Սովորողները հեքիաթի հերոսներին, հեքիաթից հատվածներ էին նկարում paint-ով, ջրաներկով, պատրաստում էին մյուզիքլի, ներկայացումների համար նյութեր, բեմական առարկաներ, հագուստներ, ցուցադրություններ և ֆոտոցուցադրություններ անում

Նախագծի շատ կարևոր բաղադրիչը ուսումնական ճամփորդություններն էին Թումանյանի թանգարան, Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն և նրա հեքիաթների բեմադրությունները դիտելը: Եվ հաշվելը, իհարկե, չմոռացանք՝ քանի աղվես և քանի կկու պետք է ունենայինք, եթե մեկ աղվեսին մեկ կկու և երեք ձագուկ է ընկնում, մեր դասարանում սովորողները կարող են այդպես բաժանվել, թե չէ, և ինչու չէ։ 

Ահա և նախագծի վերջնական արդյունքը։

Թեմայից չշեղվելու համար մեր տարատարիք դասարանում աշխատանքային ձևերի, մեթոդներ  և իրականացրած նախագծերի («Ձոն», «Զատիկ», «Ռոդարիական օրեր») մասին մանրամասն կներկայացնենք ավելի ուշ:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский