Խաղը, շարժումը, հարվածային, շրխկան նվագարանները՝ նախակրթարանում

Ամեն անգամ խմբասենյակ մտնելիս չեմ մտածում՝ ինչ տրամադրություն ունեմ, միևնույն է, այն մնում է դռան ետևում, ես մանկան հետ հանդիպմանը միշտ պատրաստ եմ: Չգիտեմ`դա ի՞մ տեսակն է, թե մասնագիտական հմտությունը, կարողությունը, բայց գիտեմ մի բան՝ հաստատ պատրաստ եմ մանկանալ՝ չկորցնելով զգոնությունս, աշխատել մեծ նվիրումով:

Քանի որ մանկանը բնորոշ է շարժունակությունը, խաղալը, թռչկոտելը, վազվզելը, մանավանդ վաղ տարիքում, հենց այդ հանգամանքն էլ թելադրում է նախակրթարանում երգի ուսուցումը, ունկնդրումը ուղեկցել խաղով, շարժումով, մնջախաղով կամ՝ ռիթմիկ նվագակցությամբ (հարվածային, թխկթխկան, չխկչխկան և նմանատիպ, «բնական» նվագարաններով), պարային շաժումներով: Ուղեկցվում է՝ ելնելով հիմնականում տեքստի բովանդակությունից, երաժշտության բնույթից, ռիթմիկ կառույցից: Ծիսական երգերի դեպքում ունենք արդեն  ծիսական գործողությունների  հստակ կանոնակարգված ընթացք, որն էլ թելադրում է գործողությունը, խաղը, շարժումը:

Բայց, շատ անգամ կանգնում ենք փաստի առաջ՝ այդպես չի լինում, կրկնվում ենք, այլ մոտեցում է պահանջվում: Երբեմն դժվարանում ենք նոր լուծումներ գտնել, երգերն այնքան բազմազան են՝ բովանդակությամբ, արտահայտամիջոցներով, երաժշտականությամբ, ռիթմով: Դե արի՝ ամեն երգին հարմար իր խաղը գտիր:  Երբ սաների հետ խաղում ես, նկատում ես, որ ինչ-որ խաղ կրկնվում է, որ շարժումները չեն բավարարում: Մեկ էլ չգիտես որտեղից, որ ներքին զգացողություն է կոչվում, սաները միատեղ մի փոքր բան են գտնում, իրենք գտնում են, իրենք զարգացնում, հրճվում են, ոգևորվում, շարունակում-զարգացնում են գտածը:  Սևագիր աշխատանքը, որ սաների փորձից, ներքին ռիթմից է գալիս, հետո կամաց-կամաց, առանց հատուկ նպատակադրման, մշակվում, ամբողջանում է: Սաները շատ սիրում են, երբ միացնում են տարբեր ժանրեր (խոսք շուտասելուկ, ասիկ, հանելուկ… խաղ, անգամ մարզական շարժումներ): Անհրաժեշտ բանավոր նյութով աշխատելու հրաշալի առիթ և հնարք է: Գործունեությունը վերածվում է հրճվանքի:  Այսպես իրականացվեց Հ. Թումանյանի «Մարտ» բանաստեղծության յուրօրինակ բեմականացումը:  Սաներն իրենք արդիականացնում են ընթացքը, գործողությունը, մանավանդ որ երգն ինքը սաներին թելադրում է ռիթմ-շարժումը:

Ուրեմն, հարկավոր է հստակեցնել՝  որ երգերը երբ և ինչպես կատարել:

Երբեմն լուծումն այնքան հեշտ ու հետաքրքիր է ստացվում, ուղղակի ստեղծագործական միտքդ ու մանկան անմիջական վերաբերմունքը թելադրում է քո անելիքը (Խնոցի, հարոցի): Ստեղծվում է այն կարևոր կապը քո և մանկան միջև, այն կապը, որն ապահովում է ստեղծականություն, պարզություն, անմիջականություն, թելադրում նպատակն իրագործելու ճիշտ միջոց: Այդպիսի գործերից էր սաների ձեռքով պատրաստած  «կաստանետներով»  խաղը, որը ուղեկցվում էր ունկնդրվող նյութով: Կարելի էր անվերջ խաղալ՝ չհոգնելով, չկրկնվելով, սիրով: Առանց ավելորդ լարման ունկնդրեցին երաժշտությունը՝ նվագակցելով նրա ռիթմին համապատասխան ռիթմիկ պատկերով, խաղային հետաքրքիր միջավայրով: Իհարկե, կարող է թվալ, թե «կաստանետը» արդեն թելադրում է խաղը, բայց դա միայն առաջին հայացքից: Իրականում այն ճիշտ է օգտագործվել, ընտրած է համապատասխան ունկնդրման նյութ, գտնվել է ճիշտ խաղ, որի մեջ հարմոնիկ խաղում են մեծն ու փոքրը՝ առանց դերաբաշխման, առանց արհեստական լարվածության: Խաղը ստացվեց, ստացվեց, բնականաբար, նաև դաստիարակ Գոհար Զարգարյանի անմիջական մասնակցությամբ, որը սաների հետ պատրաստեց «կաստանետները», ոգևորված ու մանկացած խաղաց նրանց հետ:

Երաժշտության ունկնդրումը շատ արդյունավետ է կազմակերպել ռիթմիկ նվագակցությամբ, որտեղ կարող են օգտագործվել հարթեցված հարմար փայտիկներ, կարկաչա, ճեռ, զնգացող, չխկացող, թխկացող, շխկացող, ծնգացող այն առարկաները, որոնք կան մեր առօրյայում (գդալ, շերեփ, կափարիչ, ընկույզ և այլն), «բնական նվագարանները»՝ ձեռքերը (ծափ, հարված ծնկներին, մատների ճթթոց), ոտքերը (դոփյուն): Նվագակցությանը միացավ խաղը, շարժումը, որը ոչ միայն թարմություն մտցրեց, այլև լրացրեց, ամբողջացրեց նվագակցությունը: Այս ձևը մանկանը հարազատ է, այն հնարավորություն է տալիս անկաշկանդ գործել, ստեղծագործել, չլարվել: Երբ խաղը, ռիթմիկ նվագակցությունը իրար հետ գնում են նույն ուղղությամբ, երաժշտական ճաշակն էլ ճիշտ է ձևավորվում:

Աղմուկ, շխկոց, հետո լռություն, հետո արտասունություն-ծափով, դոփով, շարժումով: Երկար-բարակ հետաքրքիր ընթացք, որը ոչ միայն ստեղծագործական է, այլև՝ հոգեբանական: Սաները դառնում են ակտիվ, ընթացքում հաղթահարում են բարդույթներ, դառնում են ամբողջական համագործակցող խումբ:

Երգի կատարումը կարելի է շաղկապել բնաձայնության, չխկչխկանների նվագակցության, շուտասելուկի, մանկական ասիկի հետ, և մանուկը չի զգա՝ ինչպես փոքրիկ երգը կդառնա  փոքրիկ ներկայացում, խաղ-ներկայացում (Կարինե Խառատյան և սաներ):

Մանկական նվագարանների հետ ծանոթացման ժամանակ հենվեցինք մանկական հետաքրքրասիրության, ամեն բան փորձելու, շոշափելու հատկության վրա: Բավական է նրանց ձեռքին հայտնվի որևէ գործիք, իսկույն ենթարկվում է մանրակրկիտ ուսումնասիրության, փորձարկվում, ընդ որում հիմնականում այն աղմկում է:

Բայց, երբ հնչում է երաժշտությունը, բնականաբար թելադրում է  իր ռիթմիկ կառույցը, որն էլ ընկալում է մանուկն ու պարզեցված ռիթմիկ կառույցով կատարում: Երբ նրա ձեռքին ոչ թե հարվածային կամ շրխկան է, այլ նվագարան,  հնչած ձայնաշարը կարող է հիշեցնել ինչ որ մեղեդային կառույց, դարձված:  Նվագարանների հետ ծանոթացման այս ձևը բավական արդյունավետ է, հետաքրքրություն առաջացնող, սաներին հետաքրքրող:

Ամեն անգամ տարեվերջին թվում է, թե ամեն բան արվել է, ասվել, չէ՞ որ լիարժեք նվիրվել, ստեղծագործել ու գործել ես: Ու միշտ նույն հարցն ես տալիս. «Տեսնես կկարողանա՞ս այս նույն ստեղծականությամբ առաջ գնալ ու չկրկնվել»: Ու երբ սկսվում է հերթական աշխատանքը, այլևս չկա հարց, կա միայն կենտրոնացում, նոր լուծումների, նոր որակի փնտրտուք:

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский