«Տիգրան Հայրապետյան» գրադարանը հավաքից հավաք

Հեղինակ: 

Այսօր շատ են խոսում գրադարանների հնարավոր զարգացման մասին: Մենք չենք խոսում, գործում ենք:

Ասում են՝ միջավայրը զարգացում է. իհարկե, այն միջավայրին, որն այս պահին ունի «Տիգրան Հայրապետյան» գրադարանը, կնախանձեն շատ ընթերցողներ, ինչու չէ նաև գրադարանավարներ: Ինչո՞ւ ենք կարևորում միջավայրը: Աշխատանքային փորձը ցույց է տալիս միջավայրի կարևորության անհրաժեշտությունը:

Ընդարձակ, հարմարավետ, լուսավոր ընթեցասրահ-ակումբը իր դռները բացեց նոյեմբեր ամսին, կարճ ժամանակ հետո առաջացան նոր գաղափարներ, նոր մտահղացումներ: Դեռ ինչքա՜ն մտքեր և գործեր ունենք իրագործելու...

Անմիջապես անցանք գործի, գրադարանավարը իրավունք չունի առանց ընթերցողի մնալու, նորոգումներ, սպասարկում, նոր ծրագրեր, նախագծեր. միառժամանակ նոր ուժ ու միտք տվեց մեզ մեծն միջավայր-զարգացումը:

Շատ ենք լսում՝ «ձեր կրթահամալիրի հնարավորությունները մենք չունենք», բայց, ամենապարզ լուծում տալով` ունեցանք նորաոճ սեղանների՝ դեղին-սպիտակ համադրությունը, գեղարվեստի դպրոցի սովորողների նկարները, երաժշտական գործիքը, էլ չեմ ասում ժամանակակից տեխնիկան ընթերցասրահ-ակումբը դարձրեցին գրավիչ, ընթերցողականչ:

Կազմակերպեցինք «Գրքի տոն ուսումնական հաստատությունում» ուսումնական նախագիծը: Կրթահամալիրի տնօրենի աջակցությամբ գրքային ֆոնդը հարստացավ նոր հրատարակված, հատուկ ընտրված, գեղարվեստական, մեթոդական գրականությամբ: Միջավայրը գրավիչ է ու կանչող, ամեն ինչ դասավորված, իր տեղում:

Համագործակցելով կրթական ծրագրերի ղեկավարների և դասավանդողների հետ, ընթերցանությունը խրախուսելու համար, ընթերցարան ակումբում կազմակերպեցինք ընթերցանության ժամեր: Լավ ընթերցելու համար մի շարք կարևոր քայլեր են անհրաժեշտ, սակայն առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել ճիշտ ընթերցանության վրա։ Ի՞նչ է տալիս ընթերցանության ժամը սովորողին. 

  • Ուշադիր և ճիշտ ընթերցանություն
  • Վերլուծելու կարողություն
  • Ազատ խոսքի ձևավորում
  • Համեմատության կարողություն
  • Ընթերցանության մշակույթի ձևավորում

Սովորող-ընթերցողի հետ միաժամանակ աշխատում են և՛ դասավանդողը, և՛ ընթեցավարը: Գրքի ընտրությունը կատարում է սովորողը, բայց ուղղորդում է ընթերցավարը, դասավանդողը: Շատ եմ կարևորում անհատական աշխատանքը ընթերցողի հետ: Երբ սովորողը չի կողմնորոշվում՝ ինչ կարդա, այստեղ արդեն անելիք ունեն ընթերցավարը և դասավանդողը:

Փորձը ցույց տվեց, որ անհատական զրույցների ընթացքում պատմվածքի կամ վեպի համառոտ ներկայացումը, սովորողի հետ միասնական ընթերցանությունը, ոգևորում, գրավում է ընթերցողին:  Նշված քայլերի արդյունքում սովորողն ինքն է զգում ընթերցանության պահանջը: Նա սպասում է ընթերցանության ժամին, առանձնացնում է պահարանում իր գիրքը, որ նորից գա ու շարունակի կիսատ թողածը: Կան ընթերցողներ, որ ստեղծել են իրենց անկյունը, որոշակի ժամի, ազատ րոպեներին իրենց ընտրած սեղանի մոտ, իրենց սիրելի անկյունում ընթերցում են:

Գրադարան News

Կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանը կրթահամալիրի պաշտոնական կայքում սկսեց թողարկել հաղորդում՝ գրադարանի նոր գրքերի մասին: Իհարկե, գրադարանի կայքն ունի «Նոր գրքեր» բաժին, սակայն ռադիոթողարկման տեսքով նոր գրքերի մատուցումը ավելի լայն արձագանք գտավ: Հաղորդումը պարունակում է տեղեկություն նոր գրքի մասին` վերնագիր, հրատարակչություն, հեղինակի մասին մի քանի տեղեկություն, գրքի պատմությունից նշումներ, գրքից հատվածներ: Հաղորման հեղինակ ընթերցողն ինքն է ընտրում իր ներկայացնելիք գիրքը, ուսումնասիրում է, նշումներ անում, փորձում ինչպես ասի-խոսի, ինքն է ընտրում նկարահանող իր ընկերոջը, տաղավարը: Ընթերցողի հետ աշխատելիս  գրադարանավարը գովազդում է իր կողմից ընտրված գիրքը: Կան «անտեսված» գրքեր, որ չգիտես ինչու, ընթերցողը չի նկատում. հենց այստեղ էլ միջամտում է ընթերցավարը: Սա թույլ չի տալիս գրքին «ննջելու»  դարակում, իսկ նրա շրջանառությունից օգտվում են և՛ ընթերցողը, և՛ գիրքը:

Իմ գրադարանըընթերցողի, ընթերցանության, ընթերցարանի ստուգատես

Սովորողն իր ուսումնական բլոգում վարում է «Իմ գրադարանը» բաժինը։ Նախագիծը շարունակական է, ամեն անգամ ներկայացվում է մի ենթաբաժին: Գրադարանի կայքի համապատասխան բաժնում հավաքվում են սովորողների ստեղծած նյութերը:

Ծրագրի նպատակը պարզ է: Սովորողը պատմում է իր գրքերի մասին` ինչպե՞ս է ձեռք բերել, ո՞վ է նվիրել, ինչո՞վ է առանձնահատուկ իր սիրած գիրքը, ինչպե՞ս է խնամում: Նյութը պատրաստելու ընթացքում սովորողը՝ դասավանդողի, ծնողի, հարազատի օգնությամբ նկարահանում, պատրաստում է տեսանյութ: Արդյունքում, կրթահամալիրի կայքում, ենթակայքերում արդեն հրապարակված են 4 տասնյակի չափ պատումներ:

«Կարդում ենք Տերյան, Թումանյան, Չարենց» ստուգատեսի ընթացքում, որ տեղի ունեցավ փետրվարի 8 -ից մարտի 13-ը, գրադարանը կազմակերպեց հանդիպումներ կրթահամալիրի դպրոցների սովորողների հետ: Միասին կարդացինք, դիտեցինք, արտասանեցինք, խաղացինք ամենատարբեր ստեղծագործություններ: Գոհ էին և՛ սովորողները, և՛ դասավանդողները: Արդյունքում գրադարանը ներգրավեց նոր ընթերցողների:

«Հարստացնել հանրապետության դպրոցական գրադարանները» նախագծի ընթացքում գրադարանը աննկատ, առանց մեծ աղմուկ հանելու հանրապետության դպրոցներին նվիրում է ուսումնական գեղարվեստական և մեթոդական գրականություն: Նվեր տալը ավելի բարդ գործ է, քան ստանալը: Պետք է ընտրես գիրքը, գրանցես, կատարես համապատասխան մատենավարություն: Գրադարաններին նվիրատվության շնորհիվ ստեղծեցինք նոր կապեր, ունեցանք նոր ընկերներ, ստացանք շնորհակալական նամակներ:

Ժամանակակից մոտեցումները, մինի սեմինարները հնարավորություն են տալիս, խոսելու կրթական նոր ծրագրերի մասին, սովորեցնելու և սովորելու:

Համեցեք մեր գրադարանի նվիրատվության ֆոնդ, ընտրեք՝ տարեք. միայն կարդացեք՝ ձեռագիր, տպագիր, թղթի վրա, թե մեդիայում (ինտերնետում) կարդացեք, գաղափարներ տարածելու և այլոց տեսակետներին ծանոթ լինելու, տեղեկացված լինելու (մշակութային և քաղաքական) ձեր իրավունքից լիարժեք օգտվեք՝ գլխավորը սա է… «Գիրք» բառի մեջ արմատը «գիրն» է, գիրք՝ ասել է գրեր… Ինտերնետում, պլանշետների վրա, թե թղթի՝ գրեր են, գլխավորը՝ ինչ և ինչպես եք կարդում, տարբեր տեքստեր կարդալը, սրա արդյունքում ձևավորվող կարդալու սովորույթն ու կարողությունը… Ուրեմն, փա՜ռք կարդացածը հասկացողին… Պ. Սևակի կոչերից է… Կարդա  նաև կրթահամալիրի տնօրենի բլոգում։ 

Այսպիսով, նոր նախագծերի կիրառումը ուղված է ընթերցանության խրախուսմանը: Կրթահամալիրի ընթերցավարներն էլ հանդես են գալիս իրենց նախագծերով: Գրադարանավարի աշխատանքը չի սահմանափակվում մեկօրյա սեմինարներով, գրադարանավար-ընթերցավարների աշխատանքը անհոգնել գործընթաց է, պահ-հանդիպումների, հեռախոսազանգերի, էլեկտրոնային նամակագրության միջոցով: Համատեղ աշխատանքը իր արդյունքները տվեց` Հիմնական դպրոցի ընթերցավար և երկարացված օրվա կազմակերպիչ Մարինե Մարտիրոսյանի «Լրատու գրադարան» հաղորդաշարը, Նոր դպրոցի ընթերցավար  Աննա Ստեփանյանի «Դասարանական ընթերցումներ»  նախագիծը:

Մեր ընթերցողները հիմնական մեր կրթահամալիրի դպրոցների, քոլեջի սովորողներն են, աշխատողները: Սովորողները շատ ակտիվ են, իրենց ազատ ժամերին  գրադարանում են, անընդհատ կարդում են, մասնակցում են գրադարանային բոլոր աշխատանքներին՝ դասավորություն, ուսումնասիրություն, մատենավարություն, մաքրություն, ծաղիկների խնամք: Գրադարանային կյանքը տանում են ընտանիք: Աշխատանքային օրվա  ընթացքում յուրաքանչյուր ընթերցողի հետ աշխատանքը նորովի բացահայտումն է ընթերցավարի աշխատանքի, յուրաքանչյուր ընթերցող իր հետ է բերում  հարցերի  շարան, որոնք նորի բացահայտմանն ու դրա ուսումասիրմանն են ուղված:

«Տիգրան Հայրապետյան» գրադարանը պարբերապար համալրվում է ուսումնական նոր գրականությամբ, որպեսզի հասցնի բավարարել ընթերցողների պահանջարկը:

Հ. Գ.։ Այս տարի արժանացա «Տիգրան Հայրապետյան» մրցանակին: Երկար տարիների աշխատանքը գնահատվեց, ինչի համար շնորհակալ եմ: Յուրաքանչյուր մրցանակ ավելի պարտավորեցնող է դառնում, իսկ գործի գիտակը, պարգևատրվողը դառնում է է՛լ ավելի զգաստ, նոր նախագծերի ու համագործակցությունների, նոր ընթերցողական բազայի ստեղծող:

  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский