Ամփոփել անամփոփելին

Մայիսից մայիս ամփոփում եմ ու արձանագրում՝ ազատ եմ: Անընդհատ փոփոխվող ու զարգացող կրթահամալիրում ես հետզհետե ավելի ու ավելի ազատ-անկաշկանդ եմ աշխատում: Ինչ ասել է ազատ. չկա վերևից պարտադրանք՝ անում եմ այն նախագիծը, որը ես-սովորողներս ենք հարմար գտնում, այնպես, ինչպես սովորողներս-ես ենք հարմար գտնում: Պարզ է, որ կան նախապես ծրագրված ուղեծրեր՝ ծրագիր, ուսումնական օրացույց. էստեղ կարևորն այն է, թե ով է դրանք կազմել: Եթե ես ունենամ կամակատար-կատարողի զգացողություն-իրողություն կամ ինձ ասվի, որ պետք է անել այս կամ այն, ազատության զգացողությունը միանգամից կանհետանա, առաջ կգա պարտադրանքը, գիտեմ, որ ինքս եմ գրել, ընկերներս են գրել, որ ցանկացած պահին կարելի է փոփոխության առաջարկ անել, վիճել-չհամաձայնել: Ծրագիրը մեր գործունեության արտացոլումն է, որովհետև մենք ենք կազմել, որովհետև իրականացնողն ինքներս ենք, որովհետև անընդհատ ընթացքի մեջ ենք, եթե վրիպել ենք, անուղղելի չէ, չենք արձանագրել, արձանագրում ենք:

Վստահությունը կրթության հիմքում առանցքային գաղափար է, նաև՝ զգացողություն: Տարիներ առաջ ընտանեկան այսպիսի մի քանի երկխոսություն ունեցանք. հետո լուրջ հետևություններ արեցի: Պատմեմ: Երբեմն-երբեմն շատ հոգնած ժամանակ տրտնջում էի՝ էլ չեմ դիմանում, միտքս պաղել է, անհավես եմ… Ասել-արտահայտվելն ինձ համար միշտ կարևոր է եղել, միշտ էլ ասել եմ, անցել-գնացել է, էլի իմ անելիքն արել եմ, իմ կյանքն ապրել: Իսկ ամուսինս ամեն տեղ հիմնավորում է փնտրում… Մի քանի անգամ ինձ «բռնեց»` ֆիքսեց այն պահը, երբ ինչ-որ գործ էի անում, նյութ խմբագրում, թարգմանում, ինչ-ինչ նախագիծ քննարկում այս կամ այն սովորողի հետ ու ժպտում էի, դրական բացականչություններ անում: Արձանագեց՝ չբողոքես, դու հաճույք ես ստանում, քեզ ոչ ոք չի ստիպում անել այն, ինչ անում ես: Հիշում եմ՝ նեղացա. իբր չես սիրում-հասկանում : Հետո, երբ ավելի ուշ անդրադարձա, հասկացա, որ ճիշտ էր:

Հետզհետե մեր կրթական-սեբաստացիական իրականությունը դարձել է անհատականացված ու անհատականամետ: Քո կրթական իրականությունը ինքդ ես կազմակերպում՝ տվյալ շրջանի քո մտավոր, ֆիզիկական հնարավորություններով, մանկավարժության մասին քո մարսածով, հոգեբանության, մարդ արարածի կարևորության քո ընկալումով: Այսպես էլ ստեղծվում է ուսումնական նախագիծ ասվածը.

  • դու ես ստեղծում՝ սա առանցքային է,
  • դու ես կազմակերպում՝ սա էլ է առանցքային,
  • գիտես, թե ում համար ես անում,
  • գիտես, որ դիմացդ մարդիկ են, որոնք իրենց ես-ն ու հավեսն ունեն, իրենց պատկերացումներն ու աշխարհայացքը,
  • ու գիտես, որ չպիտի ինքդ քեզ համար գրես ու ինքդ քեզնով հիանաս, պիտի թողնես, որ գրածիդ հետ չհամաձայնեն, փոխեն ու ավելացնեն, իրենցով անեն, յուրացնեն-մարսեն:

Անհատականացված ուսուցումը, սովորողին իբրև առանձին անհատ ընկալելը մտածող ու իր հնարավորությունները բացահայտել փորձող քաղաքացի ձևավորելու ճիշտ ճանապարհն է, սակայն չի կարող լինել անհատականացված ուսուցում մի միջավայրում, որտեղ չկա անհատականացված մոտեցում նաև աշխատող-դասավանդողի հանդեպ: Ամեն դասավանդող անհատականություն է՝ իր հետաքրքրություններով, բացահայտված ու բացահայտելի հմտություններով, հնարավորություններով:

Փորձեմ անհատականացնել. կրթահամալիրում նոր-նոր էի աշխատում, անդրադարձա այն փաստին, որ կան մարդիկ, ում ասած-հանձնարարածը, այսպես ասենք, անջանք ու թեթև եմ անում, ում դժվար եմ մերժում (անուններ չեմ տալիս): Սկզբում չէի կարևորում, մտածում էի՝ դե, աշխատանքային հրահանգ է, անում եմ, էլի, հետո արձանագրեցի՝ այն մարդկանց հրահանգն եմ հեշտ կատարում, խորհուրդն ընդունում, ով հասկացել-գտել է ինձ հետ շփվելու բանալին: Ընդհանրացնենք: Մանկավարժությունն անընդհատ կատեգորիա է. այն չի սկսվում ու ավարտվում դասարանում՝ ամենուր է՝ իրականում քո տեսակի բնորոշումն է, ինչ-որ առումով՝ հոգեբանական տիպը, որ ամենուր քեզ հետ է՝ տանը, դասարանում, մարդկանց հետ հարաբերություններում, ղեկավարելիս՝ դրսևորումները, պարզ է, որ տարբեր են: Հենց կեղծես, կեղծիքը կզգան, կորսան՝ գործդ մարդկանց հետ է: Հենց անջատես քեզնից՝ դասարանում մանկավարժ լինես, այլ հարաբերություններում ջնջես այդ ամենը, կեղծիքն աչք կծակի: Կրթահամալիրում հետզհետե ստեղծվել ու մշակվում-եփվում է հենց նման մոտեցումը. գուցե մենք սրա վրա չենք կենտրոնանում, չենք բարձրաձայնում, բայց այդպես է: Լավ է, որ այդպես է:

Կան դեպքեր, իրավիճակներ, երբ կարող եմ գործել միայն երկրորդ պլանից, դեպքեր՝ երրորդ, չորրորդ պլանից, էստեղ պատճառները կարող են տարբեր լինել՝ այդ պահին պատրաստ չեմ լինել առաջին պլանում, չունեմ բավարար հմտություններ, խիզախություն, հարմար եմ գտնում երկրորդ պլանից օգտակար լինելը, միշտ չէ, որ պետք է առաջ մղվել, կան դեպքեր, երբ ինքնաբերաբար առաջին պլանում եմ, որովհետև լավ եմ պատկերացնում, ինձ ոգևորում է, հմտություններս ու հետաքրքրություններս բավարար են: Հենց սա է ազատությունը: Առաջին, երկրորդ պլան…անէական է… էականը ընտրության հնարավորությունն է՝ քո ընտրությունը: Էականը գործելն ու չկանգնելն է:

Հենց այս անհատականացված գործունեության, ազատության այս իրողության մասին էի ուզում պատմել-խոսել: Իսկ արդյո՞ւնքը. ահա թվարկում մայիսից մայիս մեր նախագծերի:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский