Մի քանի զուգահեռ
Primary tabs
Սույն անդրադարձում կխոսեմ Դանիայի Թագավորության կրթական համակարգի մասին` զուգահեռներ անցկացնելով հայկականի հետ, ի մասնավորի` կրթահամալիրի: Բացի զուտ փաստական տվյալներից, կխոսեմ նաև այն ամենի մասին, ինչ տեսել եմ սեփական աչքերով:
Այսպես. դանիական հանրակրթական դպրոցի ձևաչափը էական ոչ մի բանով չի տարբերվում հայկականից: Այնտեղ ևս կա հիմնական դպրոց` 9 տարի տևողությամբ, և եռամյա ավագ դպրոց, որը կոչվում է գիմնազիա: Դանիայում տառաճանաչ է բնակչության 99 տոկոսը: Հիմնական կրթությունն օրենքով պարտադիր է բոլորի համար: Բայց այստեղ կա մեկ վերապահում: Լայն իրավունքներ են ընձեռված ծնողներին. ծնողն ինքն է որոշում` երեխան հաճախի դպրոց, թե տնային պայմաններում ինքը կարող է ապահովել երեխայի կրթական համապատասխան աստիճանը: Հիմնական հանրակրթական դպրոց է հաճախում այդ տարիքի սովորողների 99 տոկոսը, գիմնազիա` 86, իսկ բուհեր` 41: Ի դեպ, Դանիայում օրենքով արգելված են մասնավոր բուհերը: Կան միայն պետական բուհեր, որտեղ սովորելը գրեթե անվճար է Դանիայի Թագավորության քաղաքացիների համար: Պետությունը տրամադրում է սերտիֆիկատներ` ըստ ուսումնառության ամիսների: Գործում է ճկուն զեղչային, թոշակների և պետական դրամաշնորհների համակարգ: Ուսանողները նաև օգտվում են տարբեր զեղչերից, որոնք կիրառվում են տարատեսակ տրանսպորտից օգտվելիս, Եվրոպայում շրջագայելիս և այլն:
Քիչ չեն մասնավոր հանրակրթական դպրոցները, որտեղ հաճախում է դպրոցահասակների 12 տոկոսը: Սա արդեն կախված է ընտանիքի սոցիալ-տնտեսական կարգավիճակից: Սակայն դանիացիների հիմնական մասը վստահում է պետական կրթական համակարգին: Դպրոցների մեծամասնությունը կա՛մ ԿԳ, կա՛մ մշակույթի նախարարության լիազորության շրջանակներում է:
Հելսինորում, որտեղ ընթանում էին Եվրոկլիոյի 22-րդ համագումարի աշխատանքները, մենք այցելեցինք միջնակարգ դպրոցներից մեկը: Առավոտյան պարապմունք, մեր պատկերացրած ձևաչափով այստեղ չկար: Փոխարենն ինչ էին անում սովորողները: Դասերը սկսվելուց դեռ կես ժամ առաջ դպրոցի բակն արդեն մարդաշատ էր: Ավելի շուտ մարզահրապարակ-բակ էր` բազմաթիվ դարպասներով, բասկետբոլի օղակներով և այլն: Սովորողները (մեծամասնությունը) խմբեր կազմած անկանոն խաղում էին: Դա տևեց շուրջ 20 րոպե:
Սկսած չորրորդ-հինգերորդ դասարանից` սովորողների գերակշիռ մասը դասի է գալիս հեծանիվներով: Հեծանիվները կանգնեցնում էին հենց դպրոցի մուտքի մոտ հատկացված վայրում: Դրանք չունեին կողպեքներ կամ փականներ: Թվում էր, թե գողությունն իսպառ բացառված է: Ընդհանրապես, ինչպես հետո պարզ դարձավ, Դանիայում, ներբնակավայրային փոխադրումների ամենակիրառելի միջոցը հեծանիվն է: Սա Դանիայի պարագայում լրիվ առանձին թեմա է:
Առաջին դասարանը, որտեղ եղանք, ակամայից հիշեցրեց Կարինե Մացակյանին: Դասարանի դիզայներական լուծումը` հատկապես առաստաղինը, շատ նման էր նրա ոճին: Այստեղ դաս էին անցկացնում 9-րդցիները: Ի տարբերություն մեր սովորողների, նրանք այդ տարիքում բավականին հասուն են: Հատկապես արտաքնապես: Ընդհանրապես, տպավորություն էր ստեղծվում, որ Դանիայում շուտ են հասունանում: Դասը պատմության դաս էր: Դասավանդողը նախապես տեղյակ չէր, որ հյուրեր են լինելու հենց իր դասաժամին, ուստի անցկացրեց դասը իր բնականոն հունով, ինչպես կանցկացներ սովորական դասաժամերին: Գրեթե ամբողջ դասաժամին ուսուցիչն օգտագործեց պրոյեկտոր: Ընդհանրապես թվային տեխնիկան այստեղ լայն կիրառում ուներ: Յուրաքանչյուր դասարան ուներ իր դասարանային ցանցը` համապատասխան մատյաններով և սովորողների մուտքային համարանիշներով (ինչպես մեզանում): Յուրաքանչյուր սովորող իր հեռախոսից մուտք էր անում իր էջ և պատասխանում ուսուցչի առաջադրանքին (ինչպես միջին դպրոցի մաթեմատիկայի դասաժամին), և ուսուցիչը էլ. գրատախտակին տեսնում էր, թե այդ պահին որ սովորողն ինչպես պատասխանեց: Բայց հեռախոսի կամ համակարգչի կիրառումը դասաժամերին չէր գերազանցում տասը րոպեն: Հիմնական շեշտը դրված էր բանավոր խոսքի վրա` հարց-պատասխան-քննարկում մեթոդով: Այնուհետ սկսվեց դերային փոքրիկ խաղ նախապես պատրաստված տեքստերի միջոցով, որին սովորողները ծանոթացան տեղում:
Այստեղ չեմ կարող ուշադրություն չդարձնել մի հանգամանքի վրա: Դասի մի հատվածից մյուսին անցումը տեղի էր ունենում շատ դինամիկ: Սովորողները հստակ գիտեին իրենց պարտականությունները: Եթե ավարտում էին համակարգչով կամ հեռախոսով աշխատանքը, ինքուրույն, առանց ուսուցչի հրահանգի անջատում էին միանգամից: Դերային խաղից հետո ինձ թվաց, թե ուսուցչին մեծ ջանքեր անհրաժեշտ կլինեն դասարանը հավաքելու և դասը շարունակելու համար, բայց արի ու տես, որ վայրկյան չտևեց: Սա խոսում է այն մասին, որ սովորողներին տրված են լայն ազատություններ, սակայն նրանք չեն խախտում ազատության և պարտականության սահմանը: Նույնն ակնհայտ էր նաև միջանձնային հարաբերություններում: Սովորող-դասավանդող հարաբերություններում, ինչպես կրթահամալիրում, ձևականություն չկար: Ամեն ինչ բավականին անմիջական էր:
Հետաքրքիր էր նաև դասարանների և սրահների ձևավորումը: Այստեղ նույնպես կար նմանություն կրթահամալիրի հետ: Յուրաքանչյուր դասասենյակում նկատվում էր այդ սենյակի պատասխանատուի ճաշակը: Շատ կաբինետներ ունեին կից փոքրիկ սենյակներ, որոնք ծառայում էին ընթերցասրահներ:
Սովորողներն ազատ էին մտքեր արտահայտելու, տեսակետ հայտնելու մեջ: Ընդհանրապես, բավականին անկաշկանդ էին, և կոնտակտը կայանում էր միանգամից:
Դանիական կրթական համակարգի կարևորագույն բաղադրիչներից են թանգարանները, որոք ըստ բովանդակության, տեխնիկական կամ հումանիտար ուղղվածության, մաս են կազմում համապատասխան ուղղվածության գիմնազիաների ցանցի: Գրեթե չկան ինքնուրույն գործող թանգարաններ: Գիմնազիաների ցանցի սովորողներն իրենց դասերի մի որոշակի հատվածը` հատկապես գործնական մասը, անցկացնում են թանգարաններում: Նրանց շատ ավելին է թույլատրված ցուցանմուշների հետ անել և փորձարկել, քան մենք կարող ենք պատկերացնել: Ընդհանրապես, թանգարանային մշակույթի առումով Հայաստանի հետ զուգահեռներ անցկացնել չենք կարող: Մեկ օրինակ. բոլոր թանգարաններում, որտեղ որ եղանք, աշխատում էին հմուտ և բազմիմաց զբոսավարներ (գիդեր): Դու ցանկացած պահին կարող էիր ընդհատել նրան ու տալ քեզ հուզող հարցը: Ակնհայտ էր, որ նրանք տիրապետում էին ոչ միայն տվյալ ոլորտին, այլ նաև մի քանի հարակից ոլորտի: Նրանք առավելագույնս բարեհամբույր էին (ի հակադրություն մեր թանգարային այցելություն վարողների), ունեին խոսքային փայլուն մշակույթ, իրենց պատմածը բացառապես համեմում էին հումորով, իսկ լսողներին դարձնում էին ակտիվ մասնակիցներ` չթողնելով ձանձրանալ:
Ամփոփելով ասածս` պետք է փաստեմ, որ ընդհանրություններ շատ կային մեր այսօրվա համակարգի և այն դպրոցների միջև, որտեղ ես եղա: Պարզապես փաստեմ, որ մենք այցելել ենք ընդամենը սովորական դանիական միջնակարգ դպրոցներ և մեկ միջազգային դպրոց, որը կներկայացնեմ Մայիսյան հավաքի սեմինարի շրջանակում:
- Բացվել է 18287 անգամ