«Շրխկան» համույթ-լաբորատորիա
Primary tabs
Դասվար-դաստիարակների զարգացման, վերապատրաստման, ինքնադրսևորման միջավայր
Նախակրթարանի սաների զարգացման կազմակերպման ձև
«Շրխկանը» «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախադպրոցական կրթության դաստիարակներ-դասվարների մասնագիտական զարգացման երաժշտական գործունեության միջավայրն է: Կարելի է տեսական երկար-բարակ տեքստեր գրել, գիտական-մանկավարժական տեսություններ զարգացնել, կարդալ, քննարկել… ինչ կուզեք: Բայց գործը գործով է գործ դառնում, փորձով է զարգանում: «Շրխկան»-ով կարևորում ենք երկու բան՝
- դասավանդողի վերապատրաստում-ինքնակրթություն հենց իր գործունեության միջոցով ու արդյունքում.
- սաների ամբողջական (անառարկայական) գործունեության կազմակերպիչ դաստիարակի պատրաստում:
Դասավանդողի վերապատրաստման սեմինարը լաբորատորիա է, որտեղ ինքը՝ դասավանդողն է կատարողը, դիտող-դիտարկողը, արդյունք ստեղծողը, քննարկողը, կիրառողը, ներկայացնողը: Եղավ «Շրխկան» համույթ-լաբորատորիա: Համույթ-լաբորատորիա-փորձարան: Բացի այն, որ պարզապես սիրելի է շատերիս… Թեև սիրես-չսիրես, մեկ է, այստեղ երեխա ես դառնում, դառնում ես ազատ ու անկանխատեսելի: Սա մե՜ծ խաղ է, որ խաղում են մեծերը, հետո իրենց ներսի խաղով գնում են խումբ կամ դասարան ու շարունակում խաղը փոքրերի հետ:
Մեծ խաղը մեկն է, որ ամեն մեկն ի՛ր ձևով է խաղում, այստեղ խաղում են խմբով, խմբի հետ: Մեկ-մեկ էլ մենակ… ինչպես կուզի: Սա էլ եղավ «Շրխկան»-ը դասարանում կամ խմբում:
«Շրխկան»-ը`
- երաժշտական համույթ է
- դասավանդողների միջոցով, մասնակցությամբ դասավանդողների վերապատրաստման լաբորատորիա է
- գործունեության միջավայր է, որտեղ կրթական ծրագիր է մշակվում, իրականացվում
- … մեթոդական լաբորատորիա, որտեղ շատ բան մանկավարի է արվում:
Թե չէ ի՜նչ ծրագիր մանուկների համար:
Սեպտեմբերից մայիս «Շրխկան»-ը պատրաստել է 6 ամբողջական համար, որից մեկը Կոմիտասի մշակած 8 պարերից մեկն է: Որպես երաժշտական գործիք օգտագործում է շրխկացող, ծնգացող-ծլնգացող, չխչխկացող ցանկացած առարկա՝ փայտ, քար, երաժշտական գործիքներ, մանկական խաղալիքներ... բնաձայնություն, ծափեր, դոփեր:
Պատրաստի համարը խաղով է, երգով, խոսքով... ինչով խելքներս փչի կամ ինչը ինչի հետ կապվեց:
«Շրխկան»-ը պատրաստվում է Համբարձման ծեսին: Շա՜տ ենք ուզում, որ մերօրյա լինի, իրական, խաղերի շարան:
Հայաստանում դժվար թե գտնվի նման ոճով, ժանրով, մեթոդներով արտահայատչամիջոցներով ներկայացող համույթ՝ 2-60 տարեկան մասնակիցներով:
Դաստիարակը մասնակից և սեմինարավար
Դասավանդողների միջոցով, մասնակցությամբ դասավանդողների վերապատրաստման լաբորատորիա է, համագործակցություն, փորձը, հմտությունը, շնորհը տալու-առնելու, փոխանցելու լաբորատորիա, ունակությունների ցուցադրման և զարգացման միջավայր: Դաստիարակները ծրագրի համատեղ մշակողներ և իրականացնողներ են:
Համագործակցող, համախոհ գործընկերների խումբ, սրանից լավ թի՞մ… Սրանից լավ համույթ–լաբորատորիա՞: Համույթ-լաբորատորիան հստակեցնում է իր գործունեության խնդիրները, ընտրում է ստեղծագործությունը կամ ստեղծագործությունները, մշակում՝ դարձնելով այն ելույթի և ուսումնական նյութ:
Թարս ու շիտակ
Դե թող դաստիարակները հորինեն, խաղան, օգտագործեն իրենց փորձը, լսեն ընկերներին, ներկայացնեն իրենց արածն ու չարածը, թող խոսեն ստացվածի ու չստացվածի մասին: Կենդանի, իրական քննարկում՝ փորձով ու անփորձությամբ: Բոլորն իրար լրացնելով, առաջարկները զարգացնելով ավելի ունակ են դառնում, ավելի ազատ ու ստեղծագործ, մեթոդապես ավելի հմուտ:
Ուսումնական նյութը սովորելիս, բեմադրելիս, խաղալիս նրանք հենց տեղում, հանպատրաստից խաղ են հորինում, իմացած խաղերն են օգտագործում, անհրաժեշտության դեպքում միացնում-ձևափոխում են:
Հաճախ խաղը գալիս է խմբից, սաներից:
Լինում է, որ խոսքը, գործը կիսատ են մնում, հնարք են գտել, բայց ժամանակ չկա, որ մի լավ (մշակել բառը չի կպչում) տան ու առնեն: Փառք մեդիային: Մեկ էլ շատ ուշ ժամի Ինգան գրում է.
- Երեխեք, գտել եմ, եկեք քարկտիկ խաղանք:
Նելին էլ, թե՝
- Խաղի նկարահանումն ինձ վրա:
Երկու օր հետո քարկտիկը հայտնվում է կայքում:
Քարկտիկ էր, թե պնդուկակտիկ, կարևոր չէ, կարևորն այն է, որ սաներն էլ սկսեցին խաղալ. Մի քիչ հաջող, մի քիչ անհաջող:
Բա շուտասելուկնե՜րը... Էլի այդ աննամուս ժամանակը չհերիքեց, ու մեդիայի «զրույցներից գլխի ընկանք», որ շուտասելուկ է պետք: Ով հուշեց, ով է հիշում: Ու դպրոց-պարտեզը լցվեց շուտասելուկներով՝ հին ու նոր հորինած, դրանք էլ միացան խաղին, երգին:
Խաղալաբորատորիա... Համույթի մասնակիցները աշխատում են՝ հաշվի առնելով իրենց սաների կարողությունները, ունեցած հմտությունները, նկատի են ունենում նրանց զարգացումը, տարիքային առանձնահատկությունները, խումբ-դասարանի յուրահատկությունները. ինչ է տանելու իր հետ դպրոց-պարտեզ…
Կարող է նույնիսկ նորաստեղծ խաղ-պարն էլ հետո խումբ-դասարան չգնալ, մեկ է, դաստիարակի մեջ զարթնած մանկությունն հաստատ գնում է: Ձեռք բերած փորձն ու հմտությունը, մտածողությունը, ներքին զգացողությունները խմբում լուսավոր, ստեղծագործական, զվարճալի, հրճվալի միջավայր են դառնում:
Մարդը վարժվում է համագործակցելուն, կենտրոնում չլինելուն, խմբով աշխատելուն, խմբի անդամներից մեկը լինելուն:
Համույթը ինքնադրսևորման, ինքնաբացահայտման ձև թե՞ տարածք
Անտաղանդ մարդ չկա, չէ՞: Տաղանդներն են տարբեր: Մեկ էլ տեղ է պետք տաղանդդ ցույց տալու:
Արտիստ դաստիարակ: Ամեն մեկն իր շնորհն է դրսևորում, փնտրում-գտնում ի՛ր անելիքը: Ասվածն անկարևոր չհամարեք: Գուցե ամենակարևորն է:
Չկայացած, չդրսևորված մարդ, այն էլ՝ դաստիարակ: Պատկերացնում եք, չէ՞:
Համույթի առաջին և վերջին պարապմունքներից երևում է խմբի ակտիվության զարգացումը: Սկզբում թելադրողը, որոշողները երաժիշտներն էին: Բայց դե դաստիարակը դաստիարակ չի, եթե պասիվ կատարող է: Հայտնագործելու հրճվանք, ստեղծագործելու վայելք... մարդիկ ասելիք ու անելիք ունեն, որոնք գնալով ավելի հստակ ու սիրելի են դառնում:
Բերված օրինակներում ներառված է սաների գործունեության մի քանի ձև, որոնց նախագծերը և իրականացումը կապ ունեն համույթ-լաբորատորիայի հետ:
Էլ ինչ սովորական, ի՜նչ կրկնություն, ի՜նչ հնացած:
Խաղը դառնում է ընդհանուր ու գալիս Մարմարյա սրահ:
Շրխկո՜ց, տզզո՜ց, բզզո՜ց...
Փորձ, նոր բան հորինելու-բստրելու ունակության ձևավորում-զարգացում: Առանց սրա խումբ կամ դասարան մտնելու իրավունքը կամ անհրաժեշտությունը ո՞րն է: Թե՞ թվում է՝ ունեցածը բավական է, զարագացնելը ավելորդ:
Եթե դու չես խաղում, ո՜նց ես խաղացնելու: Եթե մեջդ ամուր քնած է մանկությունը, ինչ ես անելու մանկան հետ. ձանձրալի պարապմունք՝ սեղանի կողքի աթոռին գամված:
Խումբ-համույթը սովորում է պատուհանից մտնել:
Դպրոց-պարտեզը համույթ- լաբորատորիա
«Շրխկան»-ի ելույթներում, սաների գործունեության ժամանակ՝ միանում են խոսքը, խաղը, երաժշտությունը, շարժումը, գործիքը, մարմինը, անգամ գիրն ու նկարը. երգին հասնելու, երգի տարածման կոմիտասյան սկզբունք: Սաներն իրենց ներքին ռիթմով, զգացողությամբ մարմնի իրական շարժումով դառնում են պարող-պարի ստեղծող: Մեծական պարն հետո է գալու՝ թեթև, աննկատ: Ռիթմ- երգ- հարմոնիա: «Տանողը» սաներն են դաստիարակի հետ:
Խմբերում, դասարաններում եղած շրխկաններին ավելացել են նորերը, դարձել բազմազան, շրխկանը դարձել է առօրյա, ամենօրյա. լուրջ բաները՝ ծափ-ծլնգոցով:
Ամբողջական խաղ ... ծանոթ երգն են երգում ու խաղում, մեկ էլ … մարզանքը վերածվեց խոսքի:
Խումբը փորձում է չկրկնել արդեն եղածը, արածը, երգին ուղեկցող պարզունակ շարժումները, փորձում է երգն ու խոսքը ավելի ակտիվ, շարժուն, բազմագույն դարձնել:
Երգը երբեմն ռիթմիկ արտասանություն է դառնում, երբեմն՝ որոշ հատվածներ միայն շարժումով են ներկայացվում:
Սա նաև ճանապարհ է դեպի ծես: Ինչ ճանապարհ. իսկական ծես է, նոր, թարմ, կենդանի՝ ծեսի ծես:
Շրխկո՜ց, տզզո՜ց, բզզո՜ց...
Էլ ինչ է պետք 2-6 տարեկանին...
- Բացվել է 2494 անգամ