Երաժշտության ընտրությամբ գործունեություն առաջին դասարանում

Ինչպես գիտեք, յուրաքանչյուր սովորող ուսումնական պլանով կարող է ընտրել իր նախասիրած գործունեությունը: Այս տարի առաջին դասարանցիներն առաջին անգամ էին ընտրում, և մեծ մասն ընտրեց երաժշտական գործունեություն: Կարելի էր երաժշտական տեսական ու գործնական գիտելիքներ փոխանցել, բայց մենք որոշեցինք երաժշտական աշխարհի հետ շփման ու ճանաչման այլ միջոց փնտրել: Նախ՝ պետք էր ելնել տարիքին բնորոշ գծերից՝ շարժում, խաղ, ռիթմ, պարային զգացողություն...

Կրտսեր դպրոցում ունկնդրվող երաժշտական նյութերը, իրենց տրամադրությամբ հիմնականում մանկանը բնորոշ ուրախ, պայծառ տրամադրությամբ ռիթմիկ, խաղային, պարային են: Եվ, բնականաբար, այդպիսի երաժշտությանը տրամադրում է իրեն ուղեկցել ռիթմիկ խաղի, պարային շարժումների, հարվածային, «բնական նվագարաններով» կատարված ռիթմիկ նվագակցության:

Երաժշտության ընտրությամբ գործունեության սովորողների խմբի հետ որոշեցինք խաղալով բեմականացնել Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» բալետից ընտրած հատվածներով ստեղծված երաժշտական հավաքածուն: Նախ, դիտեցինք բալետը, համանուն խաղարկային ֆիմը: Ընտրեցինք բեմականացման հիմնականում խաղային ձևը՝ չկրկնելով արդեն ստեղծվածը, սովորողներին հարազատ ու բնական անկաշկանդ միջավայրում ստեղծեցինք իրենց երաժշտական խաղը: Դրա համար սովորողները պետք է ձեռք բերեին որոշ կարողություններ ու հմտություններ՝ սկսած ամենասովորական ուղիղ գծով շարք կանգնելուց, շարքից մեկ, երկու շրջան կազմելուց, վերջացրած երաժշտությունն ուշադիր լսելուց, համաչափ, ճիշտ ռիթմով խաղը, պարային շարժումը կատարելուց: Սովորողները կարողացան ինքնուրույն կանգնել ուղիղ գծով, կազմել շրջան (պետք էր տեսնել՝ ինչ տեսք ունեին սկզբնական «ուղիղ» գծով շարքերն ու «շրջանները»): Բայց նաև տեսնել էր պետք նրանց անկեղծ երջանիկ հրճվանքը, երբ լսում էին. «Կեցցե՛ք, հրաշալի է»: Իհարկե, այդ ամենն ուղեկցվում էին հիացական բացականչություններով, թռվռոցներով, ծափահարություններով, որոնք խաղաղեցնելն արդեն... դե՛, պատկերացրեք: Յուրաքանչյուր խաղ տրվում էր մեծ դժվարությամբ, պահանջվում էր բավական ժամանակ բայց, հաղթահարվում էր մեծ սիրով: Ընթացքում փոփոխության էին ենթարկվում խաղերն էլ, շարժումներն էլ, գովելի էր, երբ այն առաջարկում էին սովորողները:  Սովորողները կարողացան ինքնուրույն, համարյա առանց օգնության, կատարել ամբողջ խաղը:

Այսպես խաղ+շարժում+պար սկզբունքով ստեղծեցվեց  «Չիպոլինո» երաժշտական խաղը, որն էլ ներկայացվեց մեդիաուրբաթներից մեկին:

Հաջորդ աշխատանքը մանկական «Տիկնի պսակ» երաժշտական խաղից փոքր հատվածի  բեմականացումն էր: Ունենալով բավարար կարողություններ և հմտություններ, դժվար չէր այն խաղալը: Հարցն այլ էր. ինչպե՞ս բեմականացման մեջ իրենց ստեղծական մտքով ներգրավենք սովորողներին:

Սկիզբը որոշեցինք սկսել ազգային մանկական խաղերից մեկով՝ «Ժնջիլ, ժնջիլ», որը սիրով կատարել էր Քրիստինե Գալոյանը (Ներքին Գետաշեն): Սովորողները շատ արագ սովորեցին ու կատարեցին: Կար մի բաց՝ բոլորը չէին կարող միաժամանակ կատարել: Այստեղ էր, որ համատեղ փնտրտուքը տվեց իր արդյունքը: Հարց ու պատասխանի մեջ ներգրավեցինք երրորդին, որն անընդհատ հարցնողի դերում էր, իսկ խումբը՝ հաստատողի: Այսպես ծնվեց խաղի ընդհանուր կատարման տարբերակը, որը, կարծես, ստացվեց: Այս ձևը օգտագործվեց նաև  «Տիկնի պսակ»  երաժշտական խաղի ֆինալում:

Ի՞նչ նոր կարողություն ավելացավ մեր սովորողների մոտ. նրանք նաև պարեցին ազգային պար, պարեցին իսկապես ազգային պարի զգացողությամբ: Ինչ խոսք, պարն էլ պատահական չէր ընտրած, այն ուրախ, շարժուն, որոշ չափով հեշտ շարժումներ ուներ: Բայց, դա էլ կարևոր չէր, սովորողներն, իսկապես, ոգևորված ու հավեսով պարեցին: Եվ արդեն էական չէր՝ հավասա՞ր են կատարում, անսխա՞լ: Արդյո՞ք այդ ստեղծված տրամադրությունը չէր ամենակարևորը, ներկայացումից հետո մինչ օրս նրանց մեջ մնացած հարազատ, քաղցր տպավորությունը: Բավական է խոսել այդ օրվա մասին, ու սկսվում է...

Ընթացքում ստեղծեցինք «Ծափ ծլնգոց» համույթը՝ որտեղ օգտագործվեցին «բնական», հարվածային, չխկչխկան նվագարանները: Խաղացինք խաղերգեր, ռիթմիկ խաղեր, բեմականացրեցինք աշխատանքային երգեր:

Այժմ պատրաստվում ենք բնության գրկում կատարել անձրևաբեր ծեսը, որի նախապատրաստական աշխատանքները շատ լուրջ, բարեխիղճ են ընթանում: Դժվար է, երբ չկա օրինակ, կա միայն նկարագրություն, որն ուսումնասիրում ենք,  կան այն խաղացած անձանց պատումներ: Վերջին նորությունը Բյուրականի «Տոնացույց» ժողովրդական թատրոնի անդամներից է՝ նրանց անձրևաբեր տիկնիկը կոչվում է Պուրպատիկ, պատրաստվում է ցորենի չորացած հասկերից, որը զարդարում են գունավոր թելերով, գցում են ջուրը, որ անձրև գա: Բայց, զարմանալի է, թե ինչու՞ է տիկնիկը կոչվում Պուրպատիկ, իսկ երգը մեր ծրագրային երգերից է՝ «Հանիկ նինար», որը անձրևաբեր ծիսական երգ է, իսկ ծիսական կերպարը Նուրին է: Մենք գիտենք անձրևաբեր ծիսական Պուպլատիկինի, Բուկլե Բարանի մասին, դրանց ծիսական երգերը, փորձում ենք մեր պատկերացմամբ ստեղծել այդ տիկնիկներին և խաղալ մեր ծեսը, մեր ծիսական մանկական խաղը:

Գիտենք անձրևի մասին՝ բնության մեջ ինչպես է գալիս անձրևը, ինչով է տարբերվում մեր բնակարաններում հոսող ջրից, կատարել և կատարում ենք փորձեր, ջրում ենք մեր տնկած ծառերն ու թփերը և շատ լավ գիտենք ու գնահատում ենք անձրևի դերը բնության մեջ և այլն, և այլն:

Կրտսեր դպրոցում նման գործը պահանջում է դասվարի ու երաժշտության  դասավանդողի համատեղ, փոխհամաձայնեցված աշխատանք, որի ընթացում յուրաքանչյուրը լիարժեք ներդնում է իր մասնագիտական կարողություններն ու հմտությունները, ստեղծական միտքը, երևակայությունը, փորձը: Մենք արդեն ունենք ծեսն իրականացնելու փորձ (Համբարձումը Կոտայքի մարզի Կամարիս գյուղում), լավ գիտենք մեր անելիքը, բայց, ինչպես և նախորդի ժամանակ, չգիտենք՝ ինչ է ստացվելու, որովհետև բոլորս ընդհանուրի մեջ խաղալու ենք մեր խաղը՝ չունենալով սցենար, դեր: Ծեսը, ունենալով իր կանոնակարգված գործողությունների ընթացքը, չի կարող ընթանալ ճիշտ, չի կարող վերածնվել, մտնել կյանք, եթե չի իրականացվում անմիջական, անբռնազբոսիկ, անկաշկանդ, բնական, անկեղծ, ստեղծական միջավայրում: Եթե գիտեն, որ պետք է պատրաստեն անձրևաբեր տիկնիկ, ուրեմն յուրաքանչյուրը կպատրաստի իր պատկերացրած անձրևի տիկնիկը: Եթե գիտեն, որ պետք է ջուր ցողեն նրա վրա, պարզ է, որ ամենքը կցողի այնպես, ինչպես միայն ինքն է  ցողում: Եթե գիտեն, որ պետք է անձրև գալու համար անձրևաբեր տիկնիկով մտնեն մարդկանց բակերը, կմտնեն իրենց հատուկ մանկական ամենատարբեր ձևերով: Տեսնենք՝ ինչ կստացվի, մենք կարևորում ենք մեր ազգային սովորությունների, ծեսերի, մշակույթի փոխանցումը: Չէ՞ որ յուրաքանչյուրն իրավունք ունի ստանալ ազգային մշակութային ժառանգություն:

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский