Խոսքի զարգացում նկարի միջոցով

Հեղինակ: 

Խոսքը զարգանում է որոշակի փուլերով: Տարբերակում ենք խոսքի բանավոր և գրավոր ձևերը, որոնք զարգանում են մեկը մյուսի վրա հիմնվելով: Խոսքի զարգացման յուրաքանչյուր փուլին բնորոշ են որոշակի առանձնահատկություններ , հաղթահարվում են որոշակի խնդիրներ, որոնց բացակայության կամ ոչ լիարժեքության  դեպքում պահանջվում է  որոշակի օգնություն կամ միջամտություն:

Կրտսեր տարիքի սովորողի խոսքի զարգացմանն էապես նպաստում է նկարը, որի շնորհիվ խոսքը դառնում է առավել կենդանի, պատկերավոր և տպավորիչ, հատկապես,  երբ այդ նկարը ստեղծում է հենց ինքը`  սովորողը: Բանավոր խոսքի զարգացման համար արդյունավետ է, երբ սովորողը նկարելու ընթացքում մեկնաբանում է իր նկարը` սկզբում, ընթացքում և վերջում: Այդ ժամանակ սովորողը կենտրոնացած լինելով իր գործունեության վրա` զերծ է մնում ավելորդ  լարվածությունից , խոսքը դառնում  է առավել ազատ, ինքնաբուխ, առանց ավելորդ բարդույթների (սովորողը խոսելիս, պատմելիս հաճախ ձեռքերով փակում է բերանը, լարվածությունից կմկմում է, դժվարանում է ձևակերպել սեփական միտքը): Բացի այդ,  նկարի շնորհիվ խոսքը ունենում է տրամաբանական հաջորդականություն,  ձևավորվում և զարգանում է խոսքի քերականական կողմը, այսինքն` սովորողը մեկնաբանելով նկարի սկիզբը , ընթացքը և ավարտը, օգտագործում է տարբեր ժամանակաձևեր` պատկերացնելով  դրանց իմաստն ու նշանակությունը:

Նկարը կարող է նպաստել նաև  հարցուպատասխանի կարողության ձևավորմանն ու զարգացմանը: Հաճախ սովորողները դժվարանում են ձևակերպել իրենց հարցը կամ մինչև վերջ լսել ու ընկալել դիմացինի հարցը և տալ պատասխան: Սովորողը, նայելով նկարին,  նախ ընկալում է հարցի իմաստը, ապա ուշադրությունը կենտրոնացնելով նկարին` պատասխանում է դրանց: Սա հատկապես օգնում է զարգացնել մտավոր խնդիրներ ունեցող սովորողների բանավոր խոսքը` միաժամանակ լուծելով ճանաչողական ոլորտի խնդիրներ (այս դեպքում հեշտությամբ են սովորում առարկաների քանակը, գույնը, ձևը, չափը, տեղակայումը և այլն):

Նկարը խթանում է զարգացնել բանավոր խոսքն ու երևակայությունը հատկապես, երբ սովորողն ինքն է ընտրում նկարի թեման, այդ ժամանակ նա ոչ միայն յուրացնում է տվյալ թեմային վերաբերող բառապաշարը, այլ նաև սկսում է  նորանոր թեմաներ մտածել: Իրենց իսկ կողմից մտածված ու նկարած նկարը ավելի հաճույքով են  պատմում, իսկ նոր բառերն ու արտահայտություններն այդպիսով ավելի հեշտությամբ  յուրացնում:

Սովորողները պատմելիս հաճախ չեն մտապահում պատմության այս կամ այն դրվագը, որի դեպքում պատմությունը բովանդակային առումով տուժում է, իսկ երբ նկարում են իրենց կարդացածը դրվագ առ դրվագ, ոչ միայն լավ են մտապահում իրադարձությունների հաջորդականությունը, այլ նաև հետագայում կարողանում են հեշտությամբ քննարկել և վերլուծել այն: Միաժամանակ լուծվում են գրավոր խոսքի զարգացմանն ուղղված խնդիրներ` սովորողը գրում է իր նկարածի մասին, պատմության հերոսների, երևույթների, իրադարձությունների անունները և արագ մտապահում դրանք:

Շատ սովորողների ընթերցանությունը մեխանիկական բնույթ է կրում, հատկապես, եթե ունեն լսողության խնդիրներ, այսինքն` կարողանում են ընթերցել առանց ընկալելու ընթերցածի իմաստը: Այդ խնդիրը հաղթահարելու համար ևս արդյունավետ է նկարելը: Սկզբնական շրջանում սովորողը նկարում է կարդացած բառը, արտահայտությունը, ավելի ուշ` մի ամբողջ պատմություն: Այդ դեպքում սովորողը ընթերցելիս սկսում է  կարևորել և հասկանալ  յուրաքանչյուր բառի նշանակությունը:

Նկարի միջոցով  խոսքի զարգացումը առավել գրավիչ ու արդյունավետ է բոլոր սովորողների համար` հատկապես հատուկ կարիքով սովորողների: Այն նախևառաջ դրական հուզական միջավայր է ապահովում, անմիջականություն, անկաշկանդվածություն, ինչը շատ կարևոր նախապայման է ուսումնական և շտկողական աշխատանքներ կատարելու համար:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский