Միջազգային և բուհական կրթության խորհրդատվություն «Անանիա Շիրակացի» կրթահամալիրում
Primary tabs
Ամբողջ աշխարհում հանրակրթության համակարգում կարևորագույն դեր է զբաղեցնում բուհական և միջազգային կրթության խորհրդատվության ծառայությունը: Այսօր կրթության հնարավորություններն անսահման լայն են, աշխարհի լավագույն համալսարանները բոլոր երկրներում ունեն միջազգային կրթության հնարավորություն, այսինքն՝ կրթության հնարավորություններ նախատեսված օտարերկրյա ուսանողների համար:
Ի՞նչ է նշանակում միջազգային կրթություն, ինչ պետք է իմանա և ինչ հմտություններ ունենա ուսանողը, որը դիմում է օտարերկրյա համալսարան, ինչպես ընտրել ճիշտ երկիր և համապատասխան համալսարան, ինչպես կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում, այս և այլ հարցեր կազմում են բուհական կրթության խորհրդատվության հիմքը:
Ինչպե՞ս է իրականացում բուհական կրթության խորհրդատվությունը:
Այս ծառայությունը իրականացվում է դպրոցի բուհական կրթության խորհրդատուի կողմից: Վերջինիս ամենօրյա աշխատանքն է կապ հաստատել տարբեր համալսարանների հետ, ուսումնասիրել համալսարանների ընդունելության կարգերը, պահանջներն ու պայմանները: Իրականացնել մասնագիտական կողմնորոշման աշխատանքներ սաների հետ, հանդիպումներ ծնողների հետ: Բուհական կրթության խորհրդատուն ներկայացնում է շնորհանդեսներ տարբեր համալսարանների, կրթության հնարավորությունների վերաբերյալ: Իրականացնում խորհրդատվություն սաների և ծնողների համար: Նա նաև այցելում է տարբեր երկրների համալսարաններ, ծանոթանում ընդունելության պահանջներին, կապեր հաստատում ներկայացուցիչների հետ, կրթաթոշակի հնարավորությունների մասին տեղեկություններ ստանում, ծանոթանում է ուսանողական կյանքին, դասախոսական կազմին, կրթական ծրագրին: Այս ամբողջ ինֆորմացիան վերադառնալուն պես ներկայացնում է ավագ դպրոցի համայնքին:
Ամբողջ աշխարհում տարբեր կազմակերպություններ կազմակերպում են վերապատրաստումներ բուհական կրթության խորհրդատուների համար, համալսարանական այցեր, կամ տարբեր համալսարանների ներկայացուցիչներ հյուրընկալվում են դպրոց բուհական կրթության խորհրդատուի հրավերով:
Հայաստանում միակ դպրոցը, որը հետևելով միջազգային կրթության ստանդարտներին, իրականացնում է միջազգային և բուհական կրթության խորհրդատվություն, Անանիա Շիրակացու անվան Ճեմարան-կրթահամալիրն է: Ճեմարանը 2014-ին հավատարմագրվել է որպես լիարժեք Միջազգային Բակալավրիատի կրթական ծրագիր իրականացնող դպրոց` միակը Հայաստանում, որ իրականացնում է ՄԲ եռաստիճան կրթություն` կրտսեր, միջին և ավագ դպրոցներում:
Բուհական կրթության խորհրդատվական ծառայությունը ուղղված է սաների միջազգային մտածելակերպի ձևավորմանը, այն ենթադրում է բուհական կրթության նախապատրաստական ծրագիր:
Բուհական կրթության խորհրդատվությունը իրականացվում է հատուկ մշակված միջազգային մեթոդաբանությամբ,ժամանակացույցով, դասընթացներով: Իրականացվում է նաև ամենօրյա առցանց տեղեկատվության տրամադրման միջոցով` ավագ դպրոցի սաներին, ծնողներին, համայնքին:
- Բացվել է 1629 անգամ