Սաների գործունեության արդյունքը՝ տառաճանաչություն, էլեկտրոնային այբբենարան

Տառաճանաչությունը 5 տարեկանների նախապատրաստական խմբում դառնում է սաների գործունեության արդյունք: Այն ուղղակիորեն կապված է նրանց գործունեության հետ, ոչ թե կազմակերպվում է առանձին տառի կամ պատահական տառախմբի ուսուցում, այլ դառնում է ստուգատեսի, ծեսի, նախագծի իրականացման արդյունք:

Ինքնաբուխ, գործնականում կիրառելի, սովորողների հետաքրքրությունների վրա հիմնված գործընթաց է, որն ավելացնում է նրանց ինքնագործության ուժը, ինքնուրույնությունը։
Սովորողները տառաճանաչ են դառնում խաղալով, նկարելով, ստեղնաշարի վրա գրել-ջնջելով, բառեր թխելով, հարազատների անուններն ու ցուցանակները կարդալով։
Դպրոց ընդունված 5 տարեկանները դեռ նախակրթարանային առօրյային սովոր սաներ են և սիրում են խաղալ: Մեր կրթահամալիրում իրականացվող մանկավարժության առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ սովորում են խաղալով, զարգացման գործընթացը խաղ է։ Մեր սովորողներն ամեն օր ուրախ տրամադրությամբ տուն են գնում և ծնողներին ասում, որ ամբողջ օրը խաղացել են։ Հաջորդ օրը ծնողները պատմում են, որ նույն այդ խաղեր խաղացող սովորողները տնից դպրոց եկող ճանապարհի ցուցանակներն են կարդացել։ Զուր չի ասել Վ.Ա. Սուխոմլինսկին. «Խաղը կայծ է, որ վառում է պրպտողության հետաքրքրասիրության կրակը»: Այսպիսի տառաճանաչություն, ոչ թե մասնիկագրությամբ, ձեռքին հարվածներ ստանալով, անորակ ու անճաշակ այբբենարանի էջեր անգիր անելով։

Մեր մանկավարժության առանձնահատկություններից է նաև բառուսուցմամբ տառուսուցումը, որն անպայման ուղեկցվում է անհատական այբբենարանների ստեղծմամբ:
Այբբենարանները բազմազան են, տարբեր հնարքներով, հիմնականում ուրախ, երաժշտական, սաների նկարազարդումներով-ձևավորումներով:

Սա մի ուրախ ու համեղ այբբենարանի օրինակ է։ Սովորողներից յուրաքանչյուրը թխեց իր անունը։ Իրենց համար հաճելի խաղ էր. սկզբում լավ լվացվեցին, հագան գոգնոցները և գնացին խոհանոց։ Մաղեցին ալյուրը, խառնեցին անհրաժեշտ նյութերը, հունցեցին խմորը, գրեցին իրենց անուններն ու կարդացին։ Հետո սկսեցին ընկերների անունները կարդալ, մի հատ էլ կոնֆետներով զարդարեցին ու թխեցին։ Դե, պատկերացրեք ինչ հաճույքով կհամտեսեին իրենց անունները, այն էլ` իրենց ձեռքերով պատրաստած։ Հյուրասիրեցին նաև ծնողներին ու հարազատներին։

Մեծ հետաքրքրությամբ են ստեղծում նաև էլեկտրոնային այբբենարանները. բառը կապում են նկարի հետ, կիրառում են paint, word և smart ծրագրերը, հմտանում են ՏՏ ծրագրերում։

Ամեն առավոտ ներկա-բացական իրենք են անում. կարդում են իրենց անուն, ազգանունը շաբաթվա համապատասխան օրվա տակ գրում են որևէ բառ՝ տուն, սար, լավաշ...
Սկզբում իրենց անվան դիմաց են գրում համապատասխան բառը, հետո գտնում են ընկերոջը և նրա անվան դիմաց գրում։ Բառերը գրելիս օգնում են մեկը մյուսին․ գրում, ջնջում, փնտրում ուզած տառը...

Էլեկտրոնային այբբենարանների յուրաքանչյուր էջ իր բառն ունի, որն ինչ-որ կերպ առնչվում է սովորողի առօրյայի և այն միջավայրի հետ, որտեղ նա ապրում է։
Նկարված նկարները միշտ ուրախ ու գունեղ են լինում։ Ստացվում է ուրախ այբբենարան՝ լի գույներով, բառերով, մտքերով, երաժշտությամբ։ Սա էլ նման այբբենարանի մի օրինակ։

Տեսե՞լ եք կախարդական փայտիկներով այբբենարան: Իսկական խաղ, հրճվանք․ ո՞վ կմտածեր նման բան անել․ սովորական ձողիկներով ստանալ տարբեր բառեր։ Բեմը վերածվել էր իսկական խաղահրապարակի։ Գրում են իրենց ուզած բառերը, չի ստացվում, քանդում են, նորից գրում, ընկերներին օգնության կանչում, միասին են փորձում, հաշվում են յուրաքանչյուր բառը գրելիս քանի ձողիկ են օգտագործել, հետո համեմատում իրար հետ՝ ումն է ամենաշատը, ումը՝ ամենաքիչը։
Սովորողներն ընդամենը խաղում են, որի մեջ ընկերասիրություն կա, խոսք կա, ստեղծագործում կա, հեգում ու վանկատում կա, թվաբանություն կա։ Էլ ինչպես չեն սիրի իրենց գրած բառը, էլ ինչպես տառաճանաչ չեն դառնա, էլ ինչպես չեն գնա տուն ու նույն բառը փորձեն տանը գրել։

Բրնձե այբբենարանը գունեղ ու հետաքրքիր ստացվեց։ Սկզբում բրնձով բառեր գրեցին, հետո մտածեցին, որ շատ տխուր է ստացվում, և փորձեցին նոր գույներ ստանալ․ ներկին (կերակրի ներկին) մի փոքր ջուր խառնեցին ու լցրին բրնձով լի տոպրակների մեջ: Սկսեցին երկար շաղախել: Բնագիտական փորձեր էին կատարում․ 2 գույն իրար էին խառնում և հետևում, թե ինչ գույներ ստացվեցին։ Հետո ավելացնում էին երրորդ գույնը և այդպես շարունակ։
Ներկանյութ խառնելուց հետո սովորողները դժվարացան թաց բրնձով աշխատել և որոշեցին չորացնել այն: Կտրատախտակները հանեցին բակ, դրեցին արևի տակ, վրան լցրին թաց բրինձը: Մի քանի ժամը մեկ դուրս էին գալիս և ստուգում` չորացել է, թե ոչ:
Հաջորդ օրը ուրախությամբ հայտնեցին, որ բրինձն արդեն չոր է և կարելի է աշխատել: Մի քանի հոգով բերեցին խմբասենյակ, լցրեցին սեղաններին և սկսեցին բառեր գրել ու կարդալ։ Պետք էր միայն տեսնել նրանց ոգևորությունը: 
Մեկը մյուսին ասում էր, որ իր գրած բառը կապույտ է, մյուսինը՝ կարմիր, կանաչ, դեղին․․․
Դե, տեսեք ինչքան այբբենարաններ են ստեղծվում․ հետաքրքիր, մանկական, ուրախ, զվարճալի, երաժշտական։

Սովորողների կողմից ստեղծված այբբենարանները թվայնացնում ենք ֆիլմերի տեսքով և տեղադրում ենք տարբեր սոցիալական ցանցերում՝ դպրոցի կայքում, դասարանական բլոգում, youtube –ում…
Համացանցում տեղադրելուց հետո դիտում են շատերը՝ անկախ տարիքից:
Երբեմն ոմանք անհանգստանում են՝ բա ե՞րբ եք ավարտելու տառաճանաչությունը:
Մենք չիմացանք՝ երբ սկսեցին տառաճանաչությունը և երբ կավարտենք, թեև սաները այսօր՝ ապրիլի 27-ին բոլորը տառաճանաչ են, բառեր, բառակապակցություններ, նախադասություն են կազմում:
Սկսում ենք գրավոր ընթերցարանների շարքը՝ իրենք հորինում են, իրենք գրում կամ մուտքագրում, իրենք կարդում:

Ամեն մեկը օրը մի էջ-ընթերցարան է բերում ընկերներին: Կստացվի օրական 15-20 էջանոց ընթերցարան՝ էլեկտրոնային կամ թղթային: Բազմացնելու կարիք էլ չի լինի:
Տառաբառային ստեղծագործական խաղը շարունակվում է:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский