Ուսուցում դասարանի պատերից դուրս
Primary tabs
Ընդունված է համարել, որ ուսուցման միջավայրի ոչ ֆորմալ ձևը, դրա փոփոխությունը բերում են ուսուցման որակի փոփոխության՝ նպաստում սովորողների երևակայության զարգացմանը, ազատ ինքնաարտահայտմանը, ինքնուրույնությանը, նախաձեռնողականությանը, ստեղծելու կարողությանը:Իմ դասարանում բազմիցս փորձել եմ «Իմացումի հրճվանք» ծրագրի տարբեր բաղկացուցիչներ տարվա տարբեր եղանակներին իրականացնել դպրոցի բակում կամ էլ ճամփորդության ժամանակ, այլ բացօթյա տարածքներում, գրանցել, թե տարբեր դասընթացների ուսուցումը դպրոցի պատերից դուրս ինչպես է անդրադառնում սովորողների վրա: Բացի դրանից, ուսուցչի համար շատ կարևոր է իմանալ սովորողի ելակետային մակարդակը, որպեսզի ուսուցումը սկսի այնտեղից, որտեղ գտնվում են սովորողները, իսկ դրսում առանց դասին նախապատրաստվելու և ժամանակ տրամադրելու պարզ երևում են սովորողների գիտելիքները: Հայտնի փաստ է, որ այս կարգի դասերին սովորողները միշտ մասնակցում են առավելագույն ոգևորությամբ և ակտիվությամբ, մեծ է լինում հետաքրքրությունը, սակայն կազմակերպչական առումով մի փոքր ավելի դժվար է այս կարգի դասերը վերահսկել, համակարգել:
Դրսում ուսումնական աշխատանք ինտերակտիվ է, ուսուցում է գործունեության և երկխոսության միջոցով: Խոսքս հիմնավոր դարձնելու համար ներկայացնեմ «Իմացումի հրճվանք» ծրագրով մի քանի բակային պարապմունքի և ճամփորդության նկարագրություն և տեսանյութերը: Չնայած որ ծրագրի բոլոր բաղկացուցիչները կապակցված են, բայց ես ներկայացնում եմ առանձին դասընթացների կոնկրետ նկարագրություն։
Մաթեմատիկա
Դասն իրականացրել ենք հանրօգուտ աշխատանքին զուգահեռ: Սովորողները հավաքում էին քարերը, ջրում ծառերը, ծիրանենիների պուրակում սայլակով հող լցնում և դրանց հիման վրա մաթեմատիկական հաշվարկներ կատարում, խնդիրներ հորինում:
Ինչպես երևում է ֆիլմից մաթեմատիկական գործողությունների համար սովորողներին շատ քիչ ժամանակ էր տրված, սակայն շատ կարևոր է ուսուցման գործընթացը կյանքին մոտեցնելը, այդ պատճառով բակային մաթեմատիկայի ընթացքում թվաբանական հաշվարկների համար օգտագործեցինք քարեր, բահ, հող սայլակ և այլն: Իրավիճակն օգնում էր արագ կողմնորոշվել, գործնականում պատկերացնել մաթեմատիկական հաշվարկները:
Մայրենի
Թեման Դ. Բիսեթի «Անձրևը» հեքիաթն էր: Սովորողներն ազատ էին նստելու տեղի, աշխատելու ձևի ընտրության հարցում: Սա ևս կարևոր մեթոդ է, որը նպաստում է սովորողի ազատ մտածելակերպի, ստեղծագործական մտքի զարգացման վրա:
Սկզբում ընթերցեցինք հեքիաթը, հարցերի միջոցով քննարկեցինք այն, հետո առաջարկեցի նոր հեքիաթ հորինել՝ «Չարաճճի ամպերը» վերնագրով: Դասը անցավ շատ ազատ, հետաքրքիր մթնոլորտում:
Շատ լավ մեթոդ է նաև հեքիաթներն ու բանաստեղծությունները դերերով խաղալը, քանի որ դերային խաղի միջոցով սովորողի մոտ ավելի շուտ է տպավորվում ստեղծագործությունը և ավելի հեշտ է վերլուծում այն։ Ավելի հաճախ դերայի խաղը կազմակերպում ենք բակում, քանի որ բակում միջավայրն ավելի տրամադրող է խաղի համար։
Իսկ եթե խոսենք թեմայից դուրս, ապա մայրենի դասընթացը մենք կազմակերպում ենք ամեն դասի հետ զուգահեռ, քանի որ յուրաքանչյուր դաս կատարվում է մայրենի լեզվով և դասընթացին զուգահեռ սովորողի մոտ այս կամ այն չափով՝ կախված սովորողի յուրահատկություններից, զարգանում է թե խոսքը, թե երևակայությունը և, թե լեզվամտածողությունը։ Սրանից ի՞նչը հնարավոր չէր սենյակում անել:
Բակում աշխատելը, ծառերն ու ծաղիկները խնամելն ու տնկելը ենթադրում է ամենօրյա հետևողական և եռանդուն գործընթաց, ուստի մենք բակում շատ ժամանակ ենք անցկացնում, հետևում ենք մեր տնկած ծառերի և ծաղիկների աճին, պարբերաբար ջրում և մաքրում ենք մոլախոտերց, քարերից և աղբից։ Ներկայացնում եմ մի կոնկրետ օրինակ:
Այս աշխատանքի արդյունքում սովորողները ոչ միայն խնամեցին ծառերը, բակային աշխատանքներ կատարեցին, այլև բարձրաձայնելով և պատմելով իրենց աշխատանքի մասին, տեսական գիտելիքները վերածվեցին գործնականի, իսկ մյուսների համար դարձան ավելի տպավորիչ ու անմոռաց, որովհետև ընկերների խոսքը, աչքի տեսածն անհամամատ ավելի լավ է տպավորվում քան դասարանի պատերի ներսում, դասավանդողի կողմից տեսականորեն ուսուցանվածը:
Կերպարվեստ
Ցանկացած արվեստի ճյուղ ներշնչանք է պահանջում, առավել ևս՝ նկարչությունը, ուստի ավելի հրաշալի կերպարվեստի ուսուցման ձև, քան բնության գրկում, աշնանային դեղնած ծառերի ներքո նկարչություն անելն է, հնարավոր չէ պատկերացնել: Այս դասի ընթացքում սովորողները ոչ միայն նկարեցին, այլև պատմեցին իրենց պատկերացրած աշունը, որը բանավոր խոսքի զարգացման հրաշալի օրինակ է:
Ճամփորդություններ
Ճամփորդությունն դպրոցից դուրս դասի կազմակերպման ամենագրավիչ և դյուրին եղանակներից մեկն է, որը զարգացնում է և սովորողի խոսքը, և ինքնաճանաչողությունը, և հետազոտելու կարողությունը, և կենսական բազմաթիվ հատկությունները։
Քանի որ Ճամփորդությունն ունի ուսումնական-ճանաչողական նպատակ, ապա ճամփորդությանը նախապատրաստվելն ու ամփոփելը համարվում է պարտադիր նախագծային աշխատանք։ Ճամփորդության մեկնելուց առաջ սովորողները պլանավորում են ճամփորդությունը. տեղեկություններ են հավաքում, անհրաժեշտ պարագաների ցանկ են կազմում, առցանց դասի են մասնակցում, կիսվում են իրենց հավաքած տեղեկություններով։ Ճամփորդության ընթացքում սովորողն իր աչքով տեսնում և ճանաչում է նախօրոք հավաքած տեղեկությունները, զրուցում է տեղաբնակների հետ և համեմատականներ տանում, նոր տեղեկություններ գրանցում, հրճվում է այն փաստից, որ հանդիպում է և ճանաչում որևէ տեղանք, որը նախօրոք լուսանկարով է տեսել և մի փոքր տեղեկություն կարդացել դրա վերաբերյալ։ Փորձը ցույց է տալիս, որ ամեն անգամ ճամփորդության գնալիս նրանք ավելի մեծ ոգևորությամբ են նախապատրաստվում: Վերադարձից հետո ներկայացնում են ճամփորդությունը ֆոտոշարքերով, ֆիլմով, իրենց բերած տեղեկություններով կամ ռադիոլուրով՝ հրապարակելով դրանք իրենց բլոգում և դպրոցի ենթակայքում:
Մարմանակրթություն
Մարմնակրթություն դասընթացի հիմնական նպատակը սովորողի առողջ ապրելակերպի ձևավորումն է:
Մարմնակրթությունը՝ որպես գործունեության ձև, հնարավորություն է տալիս ֆիզիկական ազատ, անկաշկանդ շարժման, որը նպաստում է երեխաների ֆիզիոլոգիական զարգացմանը: Բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, կոփում է օրգանիզմը, ձևավորվում է ճիշտ կեցվածք, անձնական հիգիենային հետևելու սովորություն: Նպաստում է մկանային համակարգի զարգացմանը, տարածության և ժամանակի ընկալմանը...
Մեր կրթահամալիրում մեծ տեղ է տրվում մարմնակրթությանը, հաճախ են կազմակերպվում թե՛ սովորողների և, թե՛ դասավանդողների մարմնամարզական ստուգատեսներ։ Մեր կրթահամալիրում մեծ տեղ է տրվում նաև լողուսուցմանը, քանի որ լողը մարմինը կոփելու և համարձակություն զարգացնելու լավագույն միջոցներից է:
Ամռանը կրթահամալիրի բոլոր դպրոցներում գործում են բացօթյա լողավազաններ, որտեղ լողում են բոլոր սովորողները: Սովորողները լողից հետո քայլում և պառկում են խճաքարերի վրա: Անցյալ տարվանից ունենք նաև ավազե դաշտեր, որտեղ հնարավորություն ունենք ավելի անկաշկանդ և ազատ խաղեր խաղալու։ Շատ ենք խաղում ազգայի խաղեր, որոնք արդեն դարձել են սովորողների համար սիրելի ու հաճելի, քանի որ դրանց ընթացքում նրանք, ստանալով մեծ բավականություն, հանդես են բերում ազատ ստեղծագործելու նախաձեռնություն:
Իմ մանկության ամենասիրելի գրող Մ․ Տվենն ասել է` կատվի պոչը մեկ անգամ քաշած մարդը կատուների մասին շատ ավելին գիտի, քան նա ով միայն կարդացել է դրանց մասին, բայց երբեք չի տեսել:
Կրթությունը դրսում սովորողին հնարավորություն է տալիս յուրաքնաչյուր սովորած բառ ու տառ ապրելու, զգալու, շոշափելու, ինքնուրույն հարցի պատասխան և լուծում գտնելու, յուրացնելու։ Սովորողներն ավելի հեշտ են սովորում այն, ինչ իրենց ուրախություն է պատճառում, իսկ կրթությունը դրսում հաստատ շատ ուրախ է անցնում։
- Բացվել է 1437 անգամ