Դասարանը՝ տաղավար
Primary tabs
Գեղարվեստի կրտսեր դպրոցի երկրորդ դասարանում
Ես հաղորդավարն եմ, իսկ դու իմ հյուրն ես: Հիմա ես քեզ կտամ հարցեր ՝ դու կպատասխանես, լա՞վ:
Դասարանում ենք, ընդմիջում է, սովորողները խաղ են կազմակերպել. դասարանը վերածել են տաղավարի: Լուռ հետևում եմ խաղին: Հետո հարցնում եմ՝ էրեխեք, ի՞նչ խաղ է։
- Ստուդիայում հյուրեր ունենք,- հնչում է պատասխանը, և պայթում է ծիծաղը:
Սովորողները բաժանվել են երկու խմբի: Մի խումբը հանդես է գալիս որպես հյուր, մյուսը՝ հաղորդավար: Չեմ միջամտում, դիտարկումներ եմ անում: Դժվար խոսող, չշփվող սովորողը ակտիվ է, հարցեր է տալիս… ինքնավստահ է հանդես գալիս, բարդույթները հաղթահարում է:
Ասում են՝ երեխան զարգանում է խաղով, իրեն շրջապատող աշխարհը ճանաչում և ընկալում է խաղի միջոցով: Բայց սա խա՞ղ է... «Ջա՜ն, ստեղծենք մեր դասարանական TV-ին»,- մտածում եմ ես: Հետո բարձրաձայն.
- էրեխեք, ուզո՞ւմ եք ստեղծենք մեր դասարանական TV-ին, ունենանք գունեղ տաղավար:
- Այո՜,- հնչում է միասնական պատասխանը:
Եթե այդպես է՝ թող անունը խաղ լինի։ Կարևոր պայման է. սովորողների ուսուցումը կազմակերպել խաղի միջոցով: Խաղի ժամանակ երեխան ինքնադրսևորվում է, ազատ է, թեթև է…
Նոր մեթոդներ մանկավարժության մեջ. այս նախադասությունն աշխատանքի մեջ, առօրյայում անընդհատ ինձ հետ է… Որպես ուսուցիչ ինձ հետաքրքիր է մանկավարժության մեջ նոր մեթոդներ հնարելը, փորձարկելը…
Ստացվեց առաջին նկարահանումը՝ «Գույն» TV-ի տոնական առաջին թողարկումը, դիտե՛ք, շատ զվարճալի տեսանյութ է:
Հաղորդումները շարունակական դարձան, տաղավարում հյուրընկալեցինք.
- Նաիրա Նիկողոսյանին ՝ Գեղարվեստի դպրոցի ամանորյա տաղավարում հյուրընկալվել է Նառա Նիկողոսյանը.
- Իվետա Ջանազյանին ՝ «Գույն» TV-ի տաղավարում իրականացրեցինք բնագիտական փորձեր.
- Շողիկ Պողոսյանին՝ «Գույն» TV-ի տաղավարում հետաքրքիր հյուրեր ունենք.
- Չորրորդ դասարանի ծնողներին և սովորողներին`Խոհանոցային մենամարտ.
- Դպրոց պարտեզի 3.1 դասարանին և Անանիա Շիրակացու անվան ճեմարանի սովորողներին: Կազմակերպեցինք «Հարցասերների ռադիոյի» հարցազրույցը Ա․Շիրակացու անվան ճեմարանի չորրորդցիների հետ «Գույն TV»-ի տաղավարում։
Դիտեք նաև.
- Գարնանանային նոր տաղավար ունենք
- «Գույն» TV-ն` առաջիկա նախագծերի մասին
- «Գույն» TV-ի տաղավարում ամանորյա իրարանցում է
Իսկ տաղավարում ուսումնական աշխատա՞նքը։ Խնդրեմ։ Սովորողների հետ մշակեցինք պահանջներ՝ ինչպիսին պետք է լինի հաղորդավարի խոսքը.
- գրագետ
- պարզ և հասկանալի
- բառերի, հնչյունների հստակ արտասանությամբ
- գրավիչ։
Դասարանական TV-ի նպաստում է.
- սովորողների բանավոր խոսքի, բանավոր խոսքը խմբագրելու կարողությունների զարգացմանը
- ձևավորում է հարցեր տալու և հարցերին պատասխանելու հմտություններ
- զարգացնում է ստեղծագործական միտքը
- ձեռք են բերվում համագործակցային և ինքնուրույն աշխատանքի հմտություններ
- ինֆորմացիա հավաքելու հմտություններ է ձևավորվում:
Իսկ հիմա ամառային ճամբարն է առջևում. մենք ունենք նոր տաղավար՝ կանաչ, դեղին, սև գույների համադրությամբ: Նախատեսում ենք ունենալ նոր հյուրեր: Առաջիկայում «Գույն» TV-ի տաղավարում կլինեն սեբաստացի մայրիկները: Թեման՝ դասարանական բլոգ, ենթակայք, ֆեյսբուքյան էջ՝ «Գեղարվեստի ծնողական խումբ», նոր ուսումնական տարվա հետ կապված առաջարկներ: Հետաքրքրեց և ձե՞զ, ասելի՞ք ունեք։ Համեցեք։
- Բացվել է 2394 անգամ