Ռոդարին առաջին դասարանում

Նախագծային ուսուցում առաջին դասարանում

Կրթահամալիրի կրտսեր դպրոցում գործում է «Իմացումի հրճվանք» ծրագիրը, որն իրականացվում է նախագծերով: Ուսումնական նախագծերը կազմելիս ուղղորդվում ենք  կրթահամալիրի ուսումնական օրացույցով:

Նախագիծը պետք է ունենա սկիզբ, ընթացք, ավարտ, արդյունքներ, որ պետք է ներկայացնել տարբեր ֆիլմերի, ֆոտոշարքերի, ընթերցարանների, աուդիոգրքերի միջոցով։ Կան նախագծեր, որ ձգվում են ողջ տարվա ընթացքում, շարունակական են: Նախագիծը պետք է ունենա հստակ ձևակերպված խնդիրներ և նպատակներ, որոնց միջոցով կզարգանան սովորողի մի շարք հմտություններ և կարողություններ: Շատ կարևոր է նախագիծ իրակացնելիս գտնել նոր մոտեցումներ, մեթոդներ և կարողանալ դրանք արդյունավետ կիրառել:

2014-2015 ուսումնական տարում իրականացրել ենք և´դասարանական, և´ ընտանեկան նախագծեր: Դասարանական նախագծերն ստեղծվում և իրականացվում են դասվարի հետ, իսկ ընտանեկան նախագծերը իրականացվում են ծնող-սովորող համատեղ աշխատանքի արդյունքում: Նախագծերի արդյունքում ստեղծված նյութերը դասվարը տեղադրում է դասարանական բլոգի համապատասխան  բաժիններում:

Առաջին դասարանում իրականացրել ենք հետևյալ  նախագծերը՝ «Տիեզերք», «Ես սեբաստացի եմ», «Ես կարողանում եմ», «Խնկոյանական օրեր», «Ամանոր», «Ձմեռային ճամբար», «Ուսումնական արձակուրդ», «Թումանյանական օրեր», «Աղայանական օրեր», «Ռոդարիական օրեր», «Զատիկ», «Իմ գրադարանը», «Մայրիկատոն», Էլեկտրոնային այբբենարան:

Ավելի մանրամասն ներկայացնեմ «Ռոդարին մեր դասարանում» նախագիծը:

Նախագծի խնդիրներն էին  ծանոթանալ Ռոդարիի ստեղծագործություններին, ներգրավվել ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական հմտությունների զարգացնող ուսումնական գործունեության, խմբային (դասարանական) մեդիանյութերի, մեդիափաթեթների ստեղծման,  Ռոդարիկ ընթերցարանների, աուդիոհեքիաթների ստեղծման աշխատանքում:

Սպասվելիք արդյունքներ՝ Ռոդարիկների ստեղծում, ռոդարիական մեդիափաթեթի հավաքում և հրապարակում բլոգում։
Տևողությունը՝ ապրիլի 1-30։ 

Նախագծի ընթացքի նկարագրությունը

Եթե ցանկանում եք երեխային մտածել սովորեցնել, ապա նախևառաջ հորինել սովորեցրեք:
Ջ.Ռոդարի

Գիտենք, որ երեխաներն ամենաշատը սիրում են պատմել, հորինել, ստեղծագործել ու երևակայել: Առաջին դասարանում ուսուցման հիմքում բանավոր խոսքն է: Առաջին հերթին սկսեցինք կարդալ թումանյանական, աղայանական հեքիաթներ, բանաստեղծություններ, դրա հետ մեկտեղ սկսեցինք հորինել փոքրիկ պատմություններ, ապա paint նկարչական ծրագրով նկարել մեր հորինածը: Բանաստեղծության, հեքիաթից դուր եկած հատվածները նկարելու հետ նաև սկսեցինք հորինել նոր հեքիաթներ և նկարել դրանք: Ընթերցեցինք ռոդարիական նախագծով նախատեսված հեքիաթները՝ «Շփոթ պապ», «Ալիսա Գլորիկ», «Թարս հարցեր»: Կարդացինք «Շփոթ պապը» հեքիաթը,  ձայնագրեցինք և թողարկեցինք մեր դասարանական բլոգի  Ուրախիկների Ռադիո  բաժնում: Այնուհետև, զարգացնելով հեքիաթը, բաժանեցինք մասերի և նկարչական ծրագրով նկարեցինք, կցեցինք ձայնագրությունը և արդյունքում ստացվեց մեդիահեքիաթ՝ «Շփոթ պապը»: Սկսեցինք ռոդարիական հնարով խառնել մեր իմացած թումանյանական հեքիաթներն իրար, հորինեցինք նոր վերնագրեր, նոր ավարտ, նոր հեքիաթներ, որի արդյունքում էլ ստեղծվեց Հեքիաթների շիլաշփոթ էլեկտրոնային ընթերցարանը: Շիլաշփոթը շարունակվեց, երբ կարադացինք «Ալիսա Գլորիկի» հեքիաթը: Դասարան գլորվեցին մեր հորինած նոր հեքիաթների հերոսները՝ Արքայադուստր Ալիսաները: Յուրաքանչյուր սովորողի հորինած հեքիաթից ընտրեցինք հերոսներ, ստվարաթղթով պատրաստեցինք կերպարներ և ամրացրեցինք կենցաղում օգտագործվող ամրակներով:

Գլորիկներին հաջորդեց «Թարս հարցերի» հեքիաթը, որը մեծ ոգևորություն մտցրեց դասարան: Հորինեցինք  թարս հարցեր,  ձայնագրեցինք և հեքիաթն ամփոփեցինք: Դասարանում հայտարարեցինք  թարս ու շիտակ իրերի օր: Բլոգում տես մեր թարս ու շիտակ ֆոտոշարքը և թարս հարցերը

Ռոդարիական հնարքներ օգտագործեցինք նաև Զատիկ նախագծով աշխատելու ժամանակ: Հորինեցինք  զատիկի մասին հեքիաթ, որը մուտքագրեցինք, նկարեցինք ու դարձավ զատկական հեքիաթների ընթերցարան: Բլոգում տես Զատիկն ու փուչիկը էլեկտրոնային ընթերցարանը:

Ռոդարին միացավ նաև «Ձոն» ստուգատեսին: Պատմեցինք մայրիկների մասին, նկարեցինք մայրիկներին և նրանց  համար պատրաստեցինք զանազան բացիկներ, ծաղիկների թաղարներ,ռոդարիական հնարքներ օգտագործեցինք և  պարզեցինք, թե ինչից են պատրաստված մայրիկները: Լսեք բլոգում:

Ռոդարիական ստուգատեսի ընթացքում ամփոփվեցին ռոդարիական նախագծի արդյունքները, ստեղծվեցին նոր աշխատանքներ: Ռոդարին այն նախագծերից է, որ շուրջտարյա է և արտահայտված է մի շարք նախագծերում:

 
Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский