«Աշխատանքային երգեր» նախագիծը երկրորդ դասարանում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տարիներ շարունակ ուսուցումն իրականացվում է նախագծերով:  Յուրաքանչյուր դասավանդող կամ դասավանդողների խումբ կազմում է ուսումնական նախագծեր՝ ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի:

Կրտսեր դպրոցում իրականացվող «Իմացումի հրճվանք» ծրագիրը ղեկավարում է դասվարը:  Ծրագիրն ընդգրկում է կրտսեր դպրոցի բոլոր դասընթացները և դասվարի առջև խնդիր է դրված դրանք միավորել,  ուսուցումը անառարկայական դարձնել (ապահովել միջառարկայական կապերը), ուսումնական պրոցեսում ընդգրկել   ուսումնական գործունեության բոլոր ձևերը: Նախագծերով աշխատելը հնարավորություն է տալիս վերը նշված խնդիրները համատեղ լուծել, ինչպես նաև  հնարավորություն է տալիս սովորողին` հարմարավետ ֆիզիկական և ուսումնական միջավայրում ուսումնասիրելու, հետազոտելու, հայտնագործելու, եզրահանգումներ անելու և իմացումի հրճվանք ապրելու:
Ուսումնական տարվա ընթացքում իրականացվում են կարճաժամկետ և երկարաժամկետ նախագծեր: Երբեմն փոքր  նախագիծը կարող է զարգանալ և նախատեսվածից երկար տևել: Հենց այդպիսի մի նախագծի նկարագրությանն եմ ուզում անդրադառնալ:
«Իմացումի հրճվանք» ծրագրի բաղկացուցիչներից մեկը երաժշտության դասընթացն է: Երաժշտության դասաժամերին սովորողները երգում են բազմաթիվ ժողովրդական, ազգային երգեր: Դրանց մեջ շատ են աշխատանքային երգերը: Երգերի մեջ հանդիպում են բառեր, հասկացություններ, որոնք անծանոթ են սովորողներին և միայն բառարանային բացատրությունը բավարար չէ դրանք ընկալելու և յուրացնելու համար: Սովորողներին առաջարկեցի հարցումների, համացանցի միջոցով փոքրիկ ուսումնասիրություն անել  և ծանոթանալ հայ գյուղացու աշխատանքային գործիքներին: Առջևում գարնանային ուսումնական արձակուրդն էր, և գյուղ մեկնողներին հորդորեցի այնտեղ ևս հետաքրքրվել և տեղեկություններ հավաքել տարբեր գործիքների մասին: Կարճ ժամանակահատվածում սովորողները աշխատանքային գործիքների մասին ծավալուն տեղեկություններ հավաքեցին: Մեծ խանդավառությամբ ներկայացնում էին իրենց պատրաստած նյութերը:

Առավել տպավորիչ էր Երվանդի պատրաստած տեսանյութը: Երվանդն ու  մայրիկը  գյուղում  ուսումնասիրել ու գտել էին բազում աշխատանքային գործիքներ և հետաքրքիր տեսանյութ պատրաստել: Սովորողներին երգերը ավելի ընկալելի, հասկանալի և սիրելի դարձան: Ոգևորությունը մեծ էր: Որոշեցինք նախագիծը շարունակել և ներկայացնել առավոտյան ընդհանուր պարապմունքներից մեկին: 

Մեր կրթահամալիրում օրը սկսվում է առավոտյան ընդհանուր պարապմունքով, որը սովորաբար տևում է 15 րոպե: Պարապմունքի կազմակերպման պատասխանատուն հերթապահ դասարանն է: Երկրորդ դասարանի սովորողների հետ անցած ուսումնական տարվա ընթացքում փորձեցինք թարմություն մտցնել ամենօրյա ընդհանուր պարապմունքների մեջ և այն ներկայացնել կազմակերպման նոր ձևով:  Տարվա աշխատանքը ամփոփել եմ «Պարապմունքի կազմակերպման մեր փորձը»  նյութի մեջ: Հերթական պարապմունքը, որի պատասխանատուն մեր դասարանն էր, համընկնում էր մայիսյան ամենամյա ստեղծագործական հավաքի օրերի հետ: Որոշեցինք պարապմունքին «Աշխատանքային երգեր» նախագիծը ներկայացնել կազմակերպման նույն ձևով: Երաժշտության ուսուցչի՝ Տաթև Ստեփանյանի  խորհրդով ընտրեցինք աշխատանքային երգերի ցանկը և սկսեցինք  պատրաստվել: Ի մի բերեցինք հավաքած տեղեկությունները, տեսանյութերի շարք նկարահանեցինք, որտեղ տեղեկություններ էինք հաղորդում տվյալ երգի վերաբերյալ: Կարծում եմ, որ ընդհանուր պարապմունքը ուսուցողական էր և հաջողված: Ընդհանուր պարապմունքի տեսանյութերի շարքը տեղադրված է դասարանական  բլոգում: 

Նախագծի աշխարհագրությունն սկսեց ավելի ընդլայնվել: Որոշեցինք տարեվերջին ներկայանալ մեծ համերգով: Ընթերցավար Աննա Ստեփանյանը սովորողների հետ կարճ ժամանակահատվածում նախագծեց և կարեց  համերգային հագուստները:

Աշխատանքային երգը սկսեց թևածել սովորողների ընտանիքներում: Ոգևորությունը փոխանցվել էր նաև ծնողներին: Երվանդն ու մայրիկը մեզ հրավիրեցին Կոտայքի մարզի Ֆանտան գյուղ՝ տեղում ծանոթանալու, ուսումնասիրելու աշխատանքային ամենատարբեր գործիքներ: Ճամփորդությունը բավականին ուսուցողական էր: Գյուղում մեզ սպասում էին: Հյուրընկալ գյուղացիները խորդանոցներից, պահոցներից հանել էին մոռացության մատնված աշխատանքային գործիքները, աշխատանքային տեսքի բերել դրանք, թոնիրը պատրաստ էր, խմորը՝ հունցած, իսկ գյուղ մտնելուն պես մեզ դիմավորեցին գյուղի դպրոցի մի քանի սովորողներ՝ ազգային տարազներ հագած: Շշմելու տեսարան էր, ինչպես կասեր տիար Բլեյանը:

Աշխատանքային իրարանցում սկսվեց՝ հաց էինք թխում, իլիկ ու ճախարակ մանում, ցորեն աղում, խնոցի հարում, փոցխ ու գերանդիով խոտ էինք հնձում և, իհարկե, այս ամենը շաղախում էինք մեր երգերով:
Նախագծի տրամաբանական շարունակությունը համերգ-հաշվետվությունն էր և հանդիսատեսը մեծ խանդավառությամբ ընդունեց այն: Համերգը լուսաբանվեց կրթահամալիրի բոլոր ենթակայքերում, սոցիալական ցանցերում:

Համերգից հետո մենք էլի հրավերներ ստացանք: Լիլիթի ծնողները մեզ հրավիրեցին Մարմարիկ գյուղ: Այնտեղ` գյուղից  քիչ հեռու, հետաքրքիր բացօթյա տարածք կար հանգստացողների համար: Տարածքի տաղավարներում ցուցադրված էին զանազան աշխատանքային, երկրագործական գործիքներ և գյուղի բնակիչներից մեկը մեծ սիրով սովորողներին, ծնողներին տեղեկություններ էր հաղորդում դրանց վերաբերյալ: Ճամփորդության ընթացքում բարձրացանք նույն տեղանքում գտնվող Թեժառույքի վանական համալիր: Այնտեղ` վանքի բակում, սովորողները բացօթյա  դաս անցկացրեցին ծնողների հետ. նրանց  ուսուցանում էին աշխատանքային երգեր:

Նախագիծն այժմ էլ շարունակվում է: Ամառային արձակուրդներին սովորողները շարունակել են գյուղում հետաքրքրվել ամենատարբեր գործիքների մասին, նոր նյութեր են պատրաստել: Օրերս Ռուբենը գյուղից գերանդի է բերել կրթահամալիրի նորաստեղծ երկրագիտական թանգարանի համար: Ուսումնական նախագծի հաջողության գրավականն այն է, որ այն գրավի սովորողին, դասավանդողին, ծնողին, նոր գաղափարների, շարունակության խթան հանդիսանա,  իր մեջ ներառի ուսումնական գործունեության զանազան ձևերը, ուսումնական գործընթացը դարձնի առավել հետաքրքիր ու մատչելի:

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский