Անգլերենի դասավանդման մասնագիտական փորձառություն

Բրիտանական խորհուրդը անգլերենը որպես օտար լեզու դասավանդող ուսուցիչների համար մասնագիտական զարգացման վեցշաբաթյա անվճար առցանց դասընթաց է կազմակերպել: Դասընթացը մեկնարկեց օգոստոսի 31-ին և շարունակվելու է մինչև 2015-ի հոկտեմբերի 15-ը: Դասընթացի անվանումն է «Անգլերենի դասավանդման մասնագիտական փորձառություն»: Ես մասնակցում եմ այս դասընթացին և կարծում եմ, որ այն շատ հետաքրքիր և օգտակար է անգլերեն դասավանդողների համար: Հիմա աշխարհի տարբեր երկրներից անգլերենը որպես օտար լեզու դասավանդող մոտ 67000 ուսուցիչ է մասնակցում այս դասընթացին: Ամեն օր հազարավոր ուսուցիչներ իրենց մտքերը, գաղափարները, մեթոդական հնարքներն են փոխանցում միմյանց Future learn կայքում:

Մի նոր բան սովորելուն պես անմիջապես ոզում եմ փոխանցել այն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում աշխատող իմ գործընկերներին: Այսպիսով որոշել եմ այս դասընթացի նոր գաղափարները, մտքերը և մեթոդական հնարքները փոխանցել իմ գործընկերներին անգլերեն և հայերեն մի հոդվածաշարով:

  1. Սովորողների մոտիվացիան
  2. Դասի պլանավորումը
  3. Լեզվի իմացությունը ( հաշվի է առնվում և ուսուցչի և սովորողի լեզվական իմացությունը)
  4. Ռեսուրսների արդյունավետ օգտագործումը
  5. Դաս վարելը (ուսուցչի դերը դասարանում )
  6. Մասնագիտական զարգացման համար պատասխանատվություն ունենալը

Այսպիսով, դասընթացի առաջին շաբաթը նվիրված է սովորողների մոտիվացիային: Շաբաթվա գլխավոր խնդիրը՝ որքան հնարավոր է շատ գաղափարներ լուսաբանել, որոնք կարող են տալ այս հարցի պատասխանը. «Ինչպե՞ս մոտիվացնել սովորողներին: Ինչպե՞ս ստիպել նրանց խոսել»:

Կլարան՝ այս դասընթացը վարողներից մեկը, ամերիկացի հոգեբան Կարլ Ռոջերսի տեսության վրա հիմնված այն գաղափարն է հայտնում, որ սովորողների մոտիվացիայի երկու տիպ գոյություն ունի՝ ներքին մոտիվացիա և արտաքին մոտիվացիա: Ըստ այս տեսության ներքին մոտիվացիան սովորողից է գալիս. սովորողի համար ուսումնական գործունեությունը և միջավայրը բավականություն ստանալու աղբյուր են: Արտաքին մոտիվացիան արտաքին աղբյուրից է ծագում սպասվող մի ինչ-որ օգուտի կամ պարգևի ձևով: Հնարավոր բացասական հետևանքներից խուսափելը նույնպես կարող է մոտիվացնող լինել:

Այստեղ ստիպված եմ ասել, որ տարբեր երկրների ուսուցիչների մեծ մասը`գրեթե բոլորը, ցավով են փաստում, որ իրենց սովորողներին խթանում է միայն արտաքին մոտիվացիան. կրտսեր և միջին դպրոցներում`ուսուցչի և ծնողների կողմից գովասանքի արժանանալը և ստացած բարձր գնահատականները, իսկ ավագ դպրոցում`մոտեցող քննությունները: Նույնն է նաև Հայաստանում:

Ահա կրտսեր և միջին դպրոցներում սովորողների ներքին մոտիվացիան բարձրացնելու մի քանի հնարքներ է առաջարկում Աննա Բլեքմորը:

  • Անիմացիոն կամ խաղարկային ֆիլմ ցուցադրել` անջատելով ձայնային ուժեղացուցիչը: Սովորողները պետք է նայեն պատկերին և հանպատրաստից ստեղծեն ֆիլմի սցենարը` ի՞նչ է կատարվում. ովքե”ր են այս մարդիկ. ի՞նչ են անում. ի՞նչ են ասում իրար:
  • Ընտրել թեմատիկ բառապաշար (սա կարող է լինել վերջերս ուսուցանած բառապաշարը, կամ ներմուծել նոր թեմա իր բառապաշարով): Սովորողներին առաջարկվում է գրել այդ թեմային վերաբերող 10 բառ: Կարելի է գործունեությունն անել ավելի քիչ բառերով:
  • Այդ բառերի հետ գործածել հետևյալ լեզվական կառուցվածքները.
    Սա, մի իր է, որը …
    Սա օգտագործվում է…
    Սրա հականիշը…:
  • Սովորողներին ժամանակ տալ, որպեսզի մտածեն, թե ինչպես կարելի է իրենց ցանկի բառերի անգլերեն բացատրությունները տալ:
  • Աշխատանք փոքր խմբերով:Սովորողներն աշխատում են զույգերով կամ 3 հոգիանոց խմբերով: Իրենց թիմակիցը պետք է գուշակի այն բառը, որի անգլերեն բացատրությունը տրվում է:

Իմ կարծիքով սրանք շատ լավ հնարքներ են, որոնք ստիպում են սովորողներին խոսել, բայց ես այն կարծիքին չեմ, որ այս լեզվական խաղի հեղինակը Աննա Բլեքմորն է: Հազարավոր ուսուցիչներ հիմա և տարիներ առաջ միշտ էլ կազմակերպել են նման լեզվական խաղեր: Մեր դպրոցում մենք այն անվանում ենք «կենդանի բառարան»:

Ես իմ  մեկնաբանության մեջ գրեցի, որ երբեմն դասավանդողները չեն կարողանում ստիպել սովորողներին խոսել, որովհետև խոսելու համար ընտրված թեմաները արհեստական են, ծեծված ու չնչին: Սովորողները ավելի մոտիվացված են լինում խոսելու համար, երբ դասի նպատակը սոսկ խոսելը չէ: Դասավանդողները դասի ընթացքում պետք է ստեղծեն իսկական կյանքն արտահայտող իրավիճակներ, և սովորողներն էլ պետք է զգան, որ ուսուցիրը կամ իրենց դասընկերը իսկապես ուզում է իմանալ իրեն հետաքրքրող, անհանգստացնող հարցի պատասխանը: Երբեմն տարբեր սերունդների հավերժական վեճը՝ այսպես կոչված «Հայրեր և որդիներ»-ը օգնում է ինձ կտրուկ բարձրացնել իմ սովորողների խոսելու մոտիվացիան: Օրինակ, ես հայտարարում եմ, որ այն ֆիլմերը, որոնք իրենք են դիտում հիմա, նկատի ունեմ ժամանակակից ֆիլմերը, շատ ավելի վատն են, քան այն ֆիլմերը, որոնք մենք ենք դիտել մեր երիտասարդ տարիներին, կամ էլ ասում եմ, որ անարժեք է այն երաժշտությունը, որ առավոտից մինչև երեկո սմարթֆոններով լսում են: Իմ խոսքերին տաք բանավեճ է հաջորդում, այնքան տաք, որ հազիվ եմ կարողանում նրանց հակադարձել: Այդ տաք բանավեճերով դասերը ամենահաճելին են ինձ համար:

Պատանիներին մոտիվացնելը

Բրիտանական խորհրդի իսպանական մասնաճյուղի մասնագետ Ջոաննա Բադենը օգտագործում է Կարլ Ռոջերսի մտքերը և պատանիների ներքին մոտիվացիայի բարձրացման երեք ճանապարհ է առաջարկում.

  1. Սովորողների զգացմունքների հանդեպ կարեկցանք տածելը՝ օգտագործելով նրանց օրագրերը:
  2. Հասնել վավերականության՝ գործածելով ծանոթ մարդկանց ու տեղանքի լուսանկարներ և խոսելով իրական փաստերի մասին:
  3. Ընդունելի լինել սովորողների կողմից՝ լսելով նրանց սիրելի երաժշտությունը, հաշվի առնել սովորողների ճաշակը և կարծիքները:

Կարեկցանք տածել: Ջոաննա Բադենը առաջարկում է սովորողների օրագրեր պահել և դրանցով աշխատելը: Նա խորհուրդ է տալիս դա անել այնպես, որ մի սովորողի օրագիրը հասանելի չլինի այլ սովորողներին: Դասավանդողին խորհուրդ չի տրվում դասարանում բարձրաձայն կարդալ որևէ մի սովորողի օրագրի գրառումները: Գրառումների բովանդակության գաղտնիությունը հարկ է որ ապահովվի: Նույնիսկ խորհուրդ է տրվում  սովորողի արժանապատվությանը չդիպչելու համար չուղղել սովորողի օրագրում առկա շարահյուսական, ձևաբանական և ուղղագրական սխալները: Դասավանդողը դուրս է գրում այն սխալները, որոնք ընդհանուր են բոլորի համար, և այլ օրինակների վրա է դրանք բացատրում առանց ասելու, թե ով է այդ սխալներն արել:            

Մեր կրթահամալիրում օրագրերի փոխարեն բոլոր  դասավանդողները և սովորողները  օգտագործում են ուսումնական բլոգներ, և դրանք հասանելի են բոլորի համար: Չեմ հասկանում, թե ինչու՞ պետք է այդքան գաղտնապահ լինել:

Վավերականություն ապահովել: Ջոաննա Բադենը այն կարծիքին է, որ սովորողներն ու դասավանդողները պետք լավ ճանաչեն իրար, որպեսզի ջերմ ու սիրով լի մթնոլորտ ստեղծվի դասարանում: Այս նպատակին հասնելու համար առաջարկում է դասի ընթացքում օգտագործել ուսուցչի և սովորողների ընտանեկան, արտադպրոցական պայմաններում արված լուսանկարներ: Ըստ Ջոաննայի դրանք ավելի ջերմություն ու հետաքրքրություն կհաղորդեն քննարկվող թեմաներին: Իմ մեկնաբանության մեջ ես նշեցի, որ վավերականությունը առաջնայնություն ունի մեր կրթահամալիրում, ինչը լիովին ապահովում է մեր www.mskh.am կայքը: Իմ մեկ ուրիշ մեկնաբանության մեջ առաջարկեցի մի հնարք, որը հաճախ եմ օգտագործում ավագ դպրոցում՝ հատկապես անգլիախոսների ակումբում: Մենք բացում ենք մի հայկական էլեկտրոնային ամսագիր, գտնում ենք մի հետաքրքիր հոդված, տեղեկատվություն և կարդում այն: Կարդալուց հետո սկսում ենք թարգմանել անգլերեն: Դրանից հետո բացում ենք նույն նյութի հրապարակված անգլերեն տարբերակը և կարդում: Սովորողները հեշտությամբ կռահում են տեքստում հանդիպող անծանոթ բառերը, որոնք իրենք չեն գործածել: Ընթերցումին հետևում են քննարկումը և բանավեճը: Այսպիսով բարձրանում է սովորողների ներքին մոտիվացիան: Նրանք խոսում են անգլերեն այն թեմաների մասին, որոնք մեր իրական հայաստանյան կյանքում քննարկման առարկա են:

Երաժշտության միջոցով ընդունելի լինել: Պատանիների սիրած երաժշտությունը լսելը նրանց ներքին մոտիվացիայի բարձրացման մեկ այլ ճանապարհ է: Պատանեկան տարիքում նրանք կարող են միևնույն երգը  առավոտից մինչև երեկո լսել իրենց սմարթֆոններով, և Ջոաննան պնդում է, որ այդ երգերի բառերը կարող են պատանիների համար անգլերենի շատ հաճելի  դասեր լինել: Նա նույնիսկ առաջարկում է դասի ընթացքում ձայնի ցածր հզորությամբ անընդհատ հնչեցնել դրանք: Երգերի ընտրությունը սովորողներն են անում քվեարկությամբ:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский