Կրթական փոխանակումը սովորողների ինքնուրույնության, ուսումնական հմտությունների զարգացման դպրոց
Primary tabs
Փոխանակման ծրագրերը, որոնք իրականացվում են դպրոցում, ուղղված են սովորողների ինքնուրույնությանը, հետազոտական, տարբեր տարիքի սովորողների հետ համատեղ խմբային և անհատական աշխատանքներ կատարելու, ուսումնական նախագծեր իրականացնելու, իրար հետ ապրելու, միջմշակութային կապեր հաստատելու, իրար ճանաչելու, իրար հետ սովորելու և միասին բազմաթիվ խնդիրներ լուծելու հմտությունների ու կարողությունների ձևավորմանը։ Ահա թե ինչու, որքան վաղ տարիքից են սկսվում իրականացվել համատեղ ծրագրերն ու նախագծերը, այնքան սովորողներն ավելի արագ ու հեշտ են ներառվում՝ իրար փոխանցելով ու ամրապնդելով ձեռք բերված գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, այնքան ավելի բնական ու արագ են կայանում մարդկային շփումներն ու փոխհարաբերությունները։
Աշտարակի Վ․ Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի 3-րդ դասարանցիների հետ սկսել ենք համագործակցել դեռևս 2013-2014 ուստարում։ Փոխայցելություններ, համատեղ ուսումնական ճամփորդություն դեպի Քասախի կիրճ, սուրբ Սարգիս, Կարմրավոր եկեղեցիներ, բաց պարապմունք Պ․ Պռոշյանի թանգարանում, որտեղ մի խումբ ծնողների, դասավանդողների ներկայացվեց «Իմացումի հրճվանք»կրթական ծրագիրը, իսկ արդեն 2015-2016 ուստարում Նոր դպրոցի 3-րդ դասարանցիներով հանդես եկանք նոր՝ «Երգում ենք Կոմիտաս» ուսումնական նախագծով, հարյուրի չափ սովորողներ, ծնողներ, դասավանդողներ միասին սովորեցին, խաղացին, երգեցին Կոմիտաս։ Քասախի կիրճը լցվել էր կոմիտասյան շնչով։ Նոր ընկերներ, նոր համագործակցություն: Ծնողով, մեծ ու պստիկով հանդիպեցինք Աշտարակի հին ջրաղացում։ Ծանոթացանք, շրջեցինք Աշտարակում, եղանք Կարմրավոր, Ծիրանավոր, Սպիտակավոր եկեղեցիներում, հաղթահարեցինք սուրբ Սարգիս եկեղեցու բարձունքը։ Միավորողը, իհարկե, կոմիտասյան երգն էր։ Կոմիտասով էր լցվել աշտարակյան ձորը։
Ուսուցման կազմակերպման մեջ այլոց՝ սովորողների հասակակիցներին և մեծերին ներգրավելը հետաքրքիր է դարձնում գործընթացը, նոր խթաններ են առաջանում սովորելու։ Դա հասկացել եմ դասվարի իմ փորձով։ Այդ ճանապարհին առաջինն ինձ համար «Ամանորը Վրաստանում» ուսումնական նախագիծն էր, որով համագործակցում էին Դպրոց-պարտեզի 2-րդ դասարանցիներն ու «Վրացախոսի ակումբը»։ Ավագ դպրոց- վարժանանի սովորողները մեծ սիրով ու խանդավառությամբ կրտսեր ընկերներին վրացերեն բառեր, արտահայտություններ էին սովորեցնում, պատմում վրացական ամանորյա սովորութների մասին։
Հետո ծնվեց «Գամառջոբա» նախագիծը։ Երրորդ դասարանցիներն սկսեցին ուսումնասիրել Թբիլիսի քաղաքի պատմությունը, վրացական խոհանոցը, ավանդույթներն ու սովորույթները։ Կապեր ստեղծեցին Թբիլիսիի Գլդանի շրջանի դպրոցների հետ, հնգօրյա ուսումնական ճամփորդությամբ եղան Թբիլիսի քաղաքում, Մցխեթում, վրացական երգ, պար, բանասեղծություններ սովորեցին, ճամփորդեցին վրացի հասակակիցների հետ։ Ապա Հայաստանի, հայերի մասին ռուսերեն ուսումնական նյութեր ստեղծեցին, որպեսզի վրացիները հնարավորինս լավ ճանաչեն Հայաստանը։ Չուշացան նաև վրացիները։ Թբիլիսիի թիվ 20 դպրոցի 4-րդ դասարանը՝ Իրինա Զաքարաշվիլիի գլխավորությամբ, 2015թ-ի ամռանը հյուրընկալվեց Հիմնական դպրոցի հյուրատանը, որտեղ համատեղ պարապմունքներ անցկացրին, միասին ճամփորդեցին սեբաստացի ճամբարականներն ու վրացի սովորողները։
Թբիլիսցիների այցի ժամանակ պարզվեց, որ վրացի սովորողներից մեկի ծնողը՝ Եկատերինա Չելիձեն, որ մասնակցում էր նախագծին, հունարենի ուսուցիչ է և ամեն տարի ամռանը 20-օրյա ճամբար է կազմակերպում Աթենքին կից փոքր արվարձանային քաղաքում։ Այսպես ծնվեց նաև հունական նախագիծը, որի արդյունքում 3-րդ դասարանցիները կսկսեն ուսումնասիրել Հունաստանը, հունական ավանդույթներն ու սովորույթները, հունական խոհանոցը, հունական կղզիները, հին հունական լեգենդներն ու առասպելները, հունարեն բառեր, արտահայտություններ, երգ, պար կսովորեն, իսկ 2016թ․ օգոստոսին հնարավորություն կունենան 20 օր ապրելու Հունաստանում՝ ճամփորդելու, շփվելու հույն հասակակիցների հետ։
Բոլոր փոխանակման ծրագրերում ինտենսիվ ներգրավվում են ոչ միայն սովորողները, այլ նաև ծնողները. տատ ու պապով, մեծ ու փոքրով համախմբվում են նախագծերի շուրջ, ինչպես օրինակ՝ Դպրոց-պարտեզի 3․1 դասարանի ծնողներն էին համախմբվել՝ ստեղծելով ծնողական երգի-պարի ակումբ։
Էլ ի՞նչ կրթական ծրագիր, եթե չի մտնում ընտանիք, եթե սովորողն ու ծնողը հանդես չեն գալիս համատեղ հետազոտական աշխատանքներով, ուսումնական նյութեր, փաթեթներ չեն ստեղծում։։Այն ուսումնական աշխատանքը, որը տարբեր նախագծերի ժամանակ սովորողները կատարում են խմբերով, դասարանում կամ տանը, ինքնուրույն կամ ծնողի օգնությամբ, փոխարինում են ամենօրյա վարժանք հիշեցնող ավանդական տնային աշխատանքին։ Ոչ թե որպես տնային աշխատանք նմանատիպ վարժությունների շարք է ստանում սովորողը, այլ՝ հետազոտական աշխատանք, որը նրան ինքնակթվելու, ինքնուրույն աշխատելու, սովորել կարողանալ է սովորեցնում։ Համացանցի, հանրագիտարանների, գրքերի օգնությամբ սովորողը տեղեկատվություն է հայթայթում, կարդում է, հետո սկսում հասկացածը փոխադրել,մուտքագրում է, էլ փոստի միջոցով ուղարկում ընկերներին, ձայնագրում է իր հավաքած նյութը, որևէ մոնտաժային ծրագրով դարձնում ուսումնական ռադիոնյութ կամ տեսահոլովակ, տեղադրում իր բլոգում, քննարկում ընկերների հետ, իր փորձն ու գիտելիքները փոխանցում, տարածում իր ստեղծած ուսումնական նյութը։
Կրթական փոխանակման ծրագրերի նպատակը մեր այլընտրանքային կրթական ծրագրերը, ոչ միայն մեր փորձը տարածելն է։ Փոխանակման ծրագրերի շնորհիվ տարբեր տարիքի սովորողներ, ուսուցիչներ, ծնողներ ավելի մոտիկից են ճանաչում իրար, շփվում են, ընկերանում։ Միջազգային, ընտանեկան, մարդկային ջերմ հարաբերություններ են կառուցվում, որոնք շատ կարևոր են։ Դառնում ենք մոբիլ դասարան անիվների վրա, որն իր ծնողով, սովորողով, ուսուցչով անդադար սովորում է՝ ճամփորդելով ճանաչում և իր յուրացրածը փոխանցում է այլոց, սովորեցնելով սովորում ու սովորում։
- Բացվել է 1822 անգամ