Սե՞ր, թե՞ հարգանք. կարևորն ազատությունն է

Փոքր զրույցներ մեծ Մարդու մասին

Դուք ինչ ուզում եք՝ ասեք, ինչ անուն ուզում եք, դրեք՝ սան, երեխա, բալիկ, ես նրան Մարդ եմ ասում:
Դուք ինչ ուզում եք ասեք՝ կյանք, պարապմունք, գործ, դաս, խաղ. ես դրան Մեծ խաղ եմ ասում:

Առավոտյան խոսակցություն

- Արեգ, շուտ արա, ժամանակ չունենք, ուշանում ենք:
- Բա ժամանակը ե՞րբ է վերջանում:
Դե արի ու բացատրի, որ ժամանակը վերջ չունի, մանավանդ որ ինքդ էլ դա չես պատկերացնում: Բայց փորձում ես տակից դուրս գալ:
- Որ էդքան շատ է, ո՞նց ժամանակ չունենք:

Ո՞ւր ենք շտապում, ինչո՞ւ ենք տնօրինում բնություն կողմից տված ժամանակը, չենք թողնում, որ մարդն իր բնույթով, իր ներքին ժամանակ-ժամանակացույցով իր մեծ խաղն ապրի կամ խաղա ու զարգանա, ինքը տեսնի-շոշափի-փորձի-պատկերացնի-ճանաչի:
Չէ՛, մենք ենք որոշողը:
Ու մեկ էլ չորս-հինգ տարեկան Արեգը կհայտարարի.
- Ինձ վերաբերող հարցերը ե՛ս եմ որոշում:
Չի ասում, է՛, բոլոր հարցերի որոշողը ես եմ:
Իսկ մենք` մեծերս, դրել ու որոշել ենք, կտրտել ուրիշի անընդհատ ժամանակը, որովհետև ընդունակ չենք Մարդուն հարգելու: Այդ Մարդը դեռ ոչ մի տեղ չի շտապում, աշխարհի հետ կապը չի կտրել, և նրա մեջ դեռ մնում է կյանքի այն ռիթմը, որով նա ծնվել է: Երբ խախտում ենք այդ ռիթմը, նա լաց է լինում: Բա ի՞նչ անի: Անգամ այդ լացը մեզ չի սթափեցնում:

Մենք նրան չենք հասկանում` ռեժի՜մ կա, բա՜ն կա: 
Նրա ներսում էլ ռեժիմ կա՜, բա՜ն կա` բնությա՛ն դրած ռեժիմը, որն ավելի իրական է և պատճառաբանված, քան մեր հորինածը: Ոչ ոք իրենից լավ չգիտի, թե իրեն այդ պահին ինչ է պետք:
Մարդը չի կարող ստեղծված կրթական համակարգի, այդ համակարգում ստեղծված կարգերի ու բարքերի գերին դառնալ: Նա արժանի է մեր հարգանքին:

Մենք պարտավոր ենք հարգել Մարդուն:
- Դու ինչի՞ ես հենց հիմա ուզում,- հարցնում է Արեգը զարմացած հայացքով, որովհետև ինքն այդ պահին ինչ-որ բան չի ուզել անել ու չի հասկացել, թե ինչո՞ւ պիտի անի: 
Մարդուն մենք սիրում ենք, թեև սիրելու մեր ընտրած ձևն էլ ձևական է: Բայց հարգո՞ւմ ենք: Հետևեք ձեր վերաբերմունքին, արարք-գործողություններին: Օրվա մեջ քանի՞ անգամ ենք Մարդուն նեղացնում, անհասկանալի դառնում, անգամ՝ օտարանում: Չենք էլ նկատում-կարևորում, որովհետև մենք միշտ ճիշտ ենք:
Մարդուն վիրավորում ենք և անունը դաստիարակություն դնում:

Անարգանք ցանկացած պարտադրանքի, ստիպելու, քո փոխարեն որոշումներ կայացնելու մեջ: Ափսոս չափիչ չկա: Բայց կա Մարդու հակառակվելու, դիմադրելու հակումը, որը երբեմն լռությամբ է լինում, բայց մեկ է, լինում է:

Քանի՞ անգամ ենք սաների հետ քննարկել իրենց վերաբերող հարցերը, խոսել նախատեսվող տոնի, ծեսի… իրականացման մասին: Կարևորե՞լ ենք…

Բայց ի՜նչ ճիշտ, դրական ու հարգալից կլիներ:
Այնինչ՝ հաճախ մեր զրույցներն այնքան պարզունակ են, որ մտածելու կարիք էլ չի լինում: Մարդուն հարգելու դեպքում նրան օգնում ես մտածել, ճամփաներ փնտրել: 

Ազատ գործունեություն ազատ տարածքում ազատ ընտրությամբ. ինքնուրույնություն, ինքնակազմակերպում, ինքնահսկում:
Մոնտեսորին է ասել՝ Մարդը չի կարող ազատ լինել, եթե ինքնուրույն չէ:
Բա ուրիշ ոնց: Անընդհատ թելադրանքի սովոր մարդը կմոլորվի, եթե հանկարծ կապերը թողնեն: Կապերով ապրելու խաղը դժբախտություն է:

Մարդը, որ ազատ է իր գործողություններում՝ սկսած առաջին լացից, ո՞նց կմոլորվի. մոլորվի էլ, մեկ է, ճամփան հաստատ գտնելու է, որովհետւ միտքն ու ներքին բնազդներն աշխատում են, խաղի կանոնները՝ ծանոթ և հասկանալի: Պետք չէ խանգարել:

Կարգապահությունն ազատության մեջ է… հենց ինքը՝ կարգապահությունն էլ գործուն-գործնական, ակտիվ Խաղ է: Պարապ մարդն է անկարգ:

Խմբում՝ ընկերների հետ ավելի հեշտ է ինքնակազմակերպվել, անելիքն անել: Այ, սա ռեժիմ է, սաների համատեղ գործի ռեժիմ, որի նախատեսողն ու կարգավորորղը խումբն է, խմբի հետ նաև դաստիարակն է՝ նույնքան ազատ ու ինքնուրույն, որքան իր սաներն են:
Երբ Մարդուն հարգում ես, ապրում ես իր հետ, իր նման, իրեն հավասար: Օգնում-հնարավորություն ես տալիս հաղթահարելու իր ազատությունը սահմանափակող ամեն արգելանք, բացի ուրիշերի ազատությունից:
Թող իրենք ընտրեն իրենց Խաղի իրենց ձևը, ինքնակազմակերպվեն, իրենց խումբն ու իրենց հավեսի գործը: Անհնար չէ, եթե դաստիարակը «իսկական ճիշտ է», կազմակերպումը ճիշտ է, Խաղը իրենցն է ու բազմազան: Ձեր փոխարեն իրենք կհսկեն իրենց գործը, դե իհարկե՝ ուզեք-չուզեք՝ կհարմարվեն միջավայրին, կյուրացնեն այն, փորձ ձեռք կբերեն, «իմաստուն կդառնան»: Կարևորը ճիշտ կազմակերպումն է:

Ստվերի հրճվանքին ինչ միջամտես: Կամ` տեսնես՝ ինչ հայտնաբերեցին հետոյի համար: Մենք էլ ենք, չէ՞, ծամածռվում, սեթևեթում հայելու առաջ:
Բա ոնց խանգարես Մարդուն:

Մնում է կողքից նայես, «ջա՜ն» ասես ու իր նման հրճնես: Դահիճ չես, որ տանես մարզանք անելու կամ բույսերի մասին դասացուցակային-դասաժամային պարապմունքն անելու: Այ, որ միանաս իրեն ու իր հետ խաղաս Մեծ խաղի այս մասը… Ջա՜ն..
Ինչ կտա սեղանի շուրջ անհաղորդ նստած սանին դասական պարապմունքը՝ անազատ մտածողություն, կախվածություն ամենքից, ամեն ինչից... մեզնից:
Կարգապահությունն ազատության մեջ է,- կասեր Մոնտեսորին:

Պարտեզ մտնելու առաջին պահից իրենք են իրենց հոգսերն հոգացողը՝ սկսած հագուստ փոխելուց մինչև միջավայրի խնամք, նախաճաշի-ճաշի կազմակերպում: Դաստիարակի հետ, դաստիարակին հավասար կամ հակառակը՝ դաստիարակը սաների հետ, սաներին հավասար…
Խրախուսեք սաների ազատության առաջին դրսևորումները, ակտիվությունն ուղղեք իքնուրույնության զարգացմանը: Ինքնուրույնությունից էլ արժանապատվությունն է ծնվում:
Ուրեմն՝ Մարդու անելիքը. հետաքրքրությունների բավարարումը իրական առօրյա գործունեության միջոցով...էլ ի՞նչ... համապատասխան միջավայր և իր հետ ապրող դաստիարակ կամ հարազատներ: Մարդու իրական-անահատական-բնական զարգացման պայմաններ:
Իսկ շատերիս պատկերացրած կագապահը Ոչնչացված անհատն է: 

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский