Կրթության պատը 2. կրոն և եկեղեցի

Նախորդ հոդվածում անդրադառնալով կրթական խնդիրներին` խոսեցինք ընթերցանության, դրա փակուղային վիճակի մասին: Նախորդ հոդվածը գրելիս իմ մտքով չէր անցնում, որ նրա ընթերցանությունը կստիպի ինձ ստեղծել շարք այն խնդիրների մասին, որոնք խոչընդոտում են կրթությանն ընդհանրապես:

Սույն հոդվածում անդրադարձ կկատարվի մի հակասական թեմայի, որ կոչվում է կրոն և եկեղեցի: Շատ ենք լսել պնդումներ առ այն, որ հայոց ազգը կործանումից պահել կամ փրկել է կրոնը, իսկ եկեղեցին պետականության բացակայության ընթացքում փոխարինել է դրան: Այս պնդումը, եթե անգամ զավեշտալի չէ, ապա գոնե մերկապարանոց է: Այն մեզ պարտադրվել է եկեղեցական պատմագրության արդյունքում: Եթե ինձ հարցնեք, ապա մեր պատմագրությունն ունի երեք ողբերգություն` եկեղեցի, բոլշևիկներ և դաշնակցություն: Իսկ վերոնշյալ պնդումին չեմ էլ ուզում անդրադառնալ կամ հեռահար բանավեճի մեջ մտնել: Պարզապես բերեմ մեկ փաստարկ: Քրիստոնեության ընդունումից հետո մենք չունենք թագավորություն, որի կործանման մեջ իր անմնացորդ նվիրումը չունենա ՀԱԵ-ն: Անցնեք առաջ և դիտարկենք պատմական որոշ անցքեր, որոնք վերաբերվում են կրթական գործին և եկեղեցուն:

Պատմական տեղեկանք
Հին Հռոմը և Հին Հունաստանն այս առումով բացառիկ էին: Անգամ ստրկատիրության փուլում իրավազուրկ ստրուկներն ունեին կրթական իրավունք: Ինչո՞ւ, որովհետև այս քաղաքակրթության հիմքում ոչ թե համայնք էր և համայնական մտածողությունը, այլ անհատը` իր տարբեր դրսևորումներով: Այլ էր վիճակը Հայաստանում: Նախաքրիստոնեական փուլում, կրթության բացառիկ իրավունքը քրմերինն էր, նրանց ժառանգներինը և ազատների որդիներինը: Այստեղ շատ կարևոր մի հանգամանք կա. լայն զանգվածների կրթական գործը` գեղագիտական մասով կարելի է վերագրել թատրոնին, որը հրապարակային երևույթ էր: Բայց գրագիտության և ուսմունքների առումով կային խիստ սահմանափակումներ, ասել է թե` կրթական իրավունքը ժառանգական էր: Երբ քրիստոնեությունը հաստատվեց Հայաստանում, առաջինը որ ոչնչացրին` քրմական դասն էր` իր ժառանգներով (պատահական չէ, որ Մաշտոցի հոր` կարճազատ Վարդանի նախնիները հենց այդ տոհմերից մեկից էին և հրաշքով փրկված), և փակեցին թատրոնը, որպես պարապների զբաղմունք: Այստեղ կանգ առնենք և մի քանի դիտարկումներ անենք կրոնական տեսանկյան մասին:

  • Կրոնը կաղապարում է մարդու մտածողությունը (համաշխարհային կրոններից գոնե երկուսը` քրիստոնեություն և իսլամ):
  • Իրերը մեկնաբանում է յուրովի:
  • Չի ընդունում այլակարծություն:
  • Ինքնուրույն մտածող և օրվա կրոնական հայեցակարգից շեղվող մարդը համարվում է կրոնի կամ եկեղեցու (այստեղ այս երկուսը նույնականանում են) թշնամի:
  • Իր շատ սկզբունքներ վերցնելով պարզ մարդկային կենցաղից` այն ներկայացնում է մարդկանց խեղաթյուրված ձևով:
  • Գերիշխում է ոչ թե սթափ միտքը, այլ հավատը դեպի խորհրդավորը:

Ու այսպես: Հայաստանում մի քիչ ավելի շուտ, իսկ Եվրոպայում մի քիչ ավելի ուշ, եկեղեցին իր ձեռքը վերցրեց կրթական գործը (նախապես որոշված էր դիտարկել նաև խնդիրը իսլամական միջավայրում, բայց մեծ ծավալներից ելնելով` դրանից կխուսափենք, թողնելով մեկ այլ հրապարակման համար): Վերցնելով այն իր ձեռքը, կրթական գործը դարձավ անհասանելի զանգվածների և հասանելի միայն ընտրյալների համար: Պատահական չէ, որ կաթոլիկ եկեղեցու բացարձակ տիրապետության շրջանը կամ որ նույնն է` պապականության շրջանը, առաջատար մասնագետներն անվանում են խավարի դարաշրջան: Վերցնելով իր ձեռքը կրթական գործը` պապական եկեղեցին հալածում էր բոլոր նրանց, ովքեր ինքնուրույնություն էին հանդես բերում այս կամ այն մոտեցումներում: Առաջացավ ինկվիզիցիայի փուլը, որը ոչ այլ ինչ էր, քան մարդկության պատմության ծանրագույն կտտանքների ժամանակաշրջան: Գիտությունը զարգանում էր մեկ ուղղությամբ` ի՞նչ սարքեր ստեղծել, որպեսզի ավելի հիմնավոր տանջեն մարդկանց: Հետ չէր մնում նաև ՀԱԵ-ն: Այս փուլում առաջացած Պավլիկյան և Թոնդրակյան շարժումները, որոնք հռչակվել են որպես աղանդներ, ոչ այլ ինչ են, եթե ոչ օրվա գաղափարաբանությունը մերժող և այլընտրանք առաջարկող ուղղություններ (սոցիալական, կրթական, աշխարհընկալման և այլ հարցերում): Իհարկե, ի տարբերություն կաթոլիկ եկեղեցու, մեր եկեղեցին մարդկանց տանջելու հարցում փոքր-ինչ հումանիզմ էր դրսևորում, օրինակ` մարդու ճակատին աղվեսադրոշմ խարան էր դնում շիկացրած երկաթով կամ ջլատում, երբեմն մարդուն չորս վերջույթներից կապում էին չորս կատաղած ձիերի և բաց թողնում ձիերին: Թողնենք սա եկեղեցու խճին և անցնենք առաջ:

Գալով գաղափարական կապանքներին, որ բերում էր իր հետ եկեղեցին, անդրադառնանք ամենավառ օրինակին` Գրիգոր Նարեկացուն: Այսօր շատ հեղինակներ, ովքեր ուսումնասիրում են Վերածնունդը, պնդում են, որ Ռենեսանսը սկսվում է ոչ թե Իտալիայից, այլ հենց Հայաստանից, քանզի Նարեկացին առաջինն էր, որ թեկուզ Աստվածածնի կերպարով վերադարձ կատարեց դեպի մարդը: Մարդկային գեղեցկությունը: Իսկ ինչպե՞ս վարվեց եկեղեցին Նարեկացու հետ, որ շեղվել էր գաղափարական ծիրից: Գոնե հայտնի է, որ նա երեք անգամ դատվել է որպես հերձվածող կամ հերետիկոս: Ինձ համար անհասկանալի հանգամանքներում նրան մահվան չդատապարտեցին, բայց այստեղ կասկած է հարուցում Նարեկացու բավականին երիտասարդ տարիքում վախճանվելը: Նմանատիպ հետապնդումների, ավելի վաղ ենթարկվում էր Անանիա Շիրակացին, որ համարձակվում էր զբաղվել տիեզերագիտությամբ, ինչն ինքնին հակասում էր եկեղեցապետական գաղափարաբանությանը: Օրինակները բազմաթիվ են և կարող ենք հատորներով անդրադառնալ դրանց: Գանք բուն կրթական գործին: Ավելի ուշ փուլում եկեղեցին ստեղծեց ծխական դպրոցներ և վարդապետարաններ: Կարող ենք նայել միջնադարյան Հայաստանի համալսարանների և վարդապետարանների առարկայացանկերը և կցկտուր տեղեկությունների շնորհիվ դրանց բովանդակությունը: Կա հստակ սահման, որից այն կողմ չէր կարելի անցնել: Իսկ ո՞ւմ էր շնորհվում ուսուցչությամբ զբաղվելու իրավունքը: Այն անձանց, ովքեր հաղթահարում էին կրթական որոշակի շեմեր և ստանում վարդապետական գավազան: Այսինքն, համակարգից դուրս որևէ մեկը չէր կարող զբաղվել ուսուցչությամբ: Դա նշանակում էր մենաշնորհ կրթական ոլորտում: Իսկ կրթությունը մեծագույն քաղաքական գործիք է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջնադարում եկեղեցին հիմնականում իրեն համարել է հավասարազոր (իսկ եկեղեցական վարդապետությամբ նաև գերակա) պետությանը, ապա ով տիրապետում էր այդ գործիքին, նա ստանում էր գերակայություն: Իսկ պետության բացակայության պարագայում այդ գերակայությունը փոխակերպվում էր բացարձակության: Ավելի ուշ փուլում այս գործելաոճը վերածվում է զավեշտի: Բերենք մեկ օրինակ, որն առնչվում է հայ իրականության մեջ մեծագույն մանկավարժ Խաչատուր Աբովյանին: Երբ Աբովյանը Պարրոտի արշավախմբի հետ բարձրանում էր Մասիս սարը, նրան մեղադրեցին սրբապղծության մեջ, համարելով, որ սրբազան սարը չի կարելի բարձրանալ: Ավելին, Աբովյանին մեղադրեցին 1840 թվականի Ակոռիի ավերիչ երկրաշարժի համար: Ինքնին հասկանալի է դրվագի զավեշտը, բայց չենք կարող մի փոքրիկ փաստարկի չանդրադառնալ: Մասիսը սրբազան հռչակելն ընդամենը սխալ թարգմանության հետևանք է: Աստվածաշնչյան համապատասխան հատվածը, որտեղ խոսվում է Նոյի տապանի կանգառի մասին, ոչ թե փաստում է, որ տապանը կանգ առավ Արարատի գագաթին, այլ փաստում է, որ այն կանգնեց Արարադի լեռներում, իսկ Հայկական Լեռնաշխարհը հնագույն բոլոր հիշատակություններում և ասքերում անվանվում է Արարադի կամ Անմահության երկիր, այսինքն Արարադի լեռները կամ Նոյի կանգառը կարող էր լիներ ցանկացած լեռ` սկսած Արագածից, վերջացրած Խուստուփով:

Ցարիզմ և բոլշևիզմ
Ցարիզմի փուլում կրթական գործն արտաքուստ թողնելով եկեղեցուն, ցարական արքունիքը տանում էր այլ քաղաքականություն: Նա բոլորին առաջարկում էր այլընտրանք` աշխարհիկ դպրոցների տեսքով: Այստեղ ունեցանք մեկ այլ ծայրահեղություն, այն է` սլավոնաֆիլությունը: Ժամանակի զարգացած կամ այդ փուլում առաջացած տերմինով նկարագրվող վերնախավը` «культурные люди», պարտադիր պետք է կրթություն ստացած լինեին ռուսական միջավայրի ազդեցության տակ գտնվող դպրոցներում: Սրա դրական կողմն այն էր, որ եկեղեցին զրկվեց մենաշնորհից: Դրա վերջնական ձևակերպումը եղավ խորհրդային փուլում: Դպրոցը վերջնականապես դարձավ աշխարհիկ: Իհարկե, այստեղ մեր խնդրո առարկան չէ քննարկել այդ փուլի բուհերում դասավանդվող այնպիսի գիտակարգ, ինչպիսին էր «Գիտական աթեիզմը» կամ նման մոտեցումներ: Պարզապես փաստենք, որ խորհրդային իշխանությունը, սահմանելով իր դոգմատիզմը, այնուամենայնիվ տառաճանաչությունը և կրթության մոդելը, որ կոչվում է հանրակրթություն, հասանելի դարձրեց բոլորին: Իհարկե, եկեղեցին չէր կարող չնեղվել այս վիճակից, և փորձեր չանել վերականգնելու իր մենաշնորհն այս ոլորտում: Բայց դրա համար կառույցին պետք էին 70 երկար ու ձիգ տարիներ:

Մեր օրեր
ՀՀ Հանրակրթության մասին օրենքի 4-րդ հոդվածում հանդիպում ենք հետևյալ ձևակերպմանը. «Ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն: Կրոնական գործունեությունը և քարոզչությունն ուսումնական հաստատություններում արգելվում են, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի»: Ձևակերպումն ինքնին գեղեցիկ է: Բայց գանք իրերի վիճակին: 2002 թվականին կնքվեց մի պայմանագիր, որով դպրոցական ծրագրեր ներմուծվեց «Հայ եկեղեցու պատմություն» առարկան: Այստեղ զավեշտն այնքան անվանման մեջ չէ, որքան բովանդակության: Դասընթացը ոչ միայն խախտում է մարդու հիմնարար ազատությունները և իրավունքները, այլ նաև հակասում է նույն համակարգի հռչակած ազգային ոգու սկզբունքին: Դասընթացի բովանդակությունը սկսվում է Հին Կտակարանից մեջբերումներով և պատկառելի հատվածներով, որը ոչ այլ ինչ է, քան մի պատվարժան ժողովրդի` հրեաների առասպելաբանություն: Այսինքն ստացվում է, որ հայաստանցի սովորողը մինչ սեփական պատմությանն անդրադառնալը ծանոթանում է հրեական ասքերին ու ավանդազրույցներին: Եվ հիմնականում դա մատուցվում է որպես բացարձակ ճշմարտություն: Ու ահա միջին դպրոցի հիմնական օղակում, հենց այն տարիքում, որ սկսվում է սովորողի լայն գաղափարական ճանաչողությունը և ինքնուրույն մտածելու, եզրահանգումներ անելու փուլը, նրան դնում են գաղափարական կապանքի մեջ` ենթագիտակցության մեջ ամրագրելով, որ չկան այլ ճշմարտություններ: Սա էլ ինքնին մի կերպ տանելի կլիներ, եթե վերջին փուլում, այսպես ասած` քրիստոնեական դաստիարակության շղարշի տակ որոշ դպրոցներ չհանձնվեին Մայր Աթոռի հովանուն: Ի՞նչ է սա, վերադարձ միջնադա՞ր: Քննարկման բոլորովին այլ սյուժե է իրենից ներկայացնում այսպես ասած հոգևորականների հոգևոր և բարոյախրատական զրույցները սովորողների հետ` քրիստոնեաբարո վարքագծի սերմանման շրջանակներում: Որքա˜ն ճոռոմություն մեկ մտքի մեջ: Չփորձենք բացել այս բառերը մեկ առ մեկ ու չչարաշահենք ընթերցողի համբերությունը:

Աշխարհի առաջատար կրթական համակարգերից մեկն ունեցող երկրում` Մեծ Բրիտանիայում, որի համալասարանները հիմնականում ղեկավարում են աշխարհի համալսարանների հեղինակավոր ցանկերը, այսօր լրջորեն քննարկում են ամբողջ երկրի տարածքում կրոնական դպրոցները և ճեմարանները փակելու խնդիրը:

Գալով վերջաբանին` պետք է փաստենք հետևյալը: Եթե ուզում ենք հաղթահարել այս կրթական պատը և ունենալ մտածող անհատներ` լիարժեք ինդիվիդումին բնորոշ բոլոր սկզբունքներով և բաղադրիչներով, ապա կրթական գործը պետք է բացարձակ աշխարհիկացնել, դուրս մղելով դրանից կրոնական կապանքները և գաղափարական կարծրատիպերը, որոնք արգելակում են մարդու սեփական մտածողությանը և դատողությանը: Սա չի ենթադրվում, որ առաջարկվում է փակել նաև հոգևոր դպրոցները կամ ճեմարանները: Դրանք կարող են մնալ մարդու ընտրությունն ապահովելու համար:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский