Ուսուցումն արդյունավետ է, եթե դրա առարկան մարդու ամեն օրվա մեջ է

Ներկայացում Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում կազմակերպված «Գրաբարի իմացության անհրաժեշտությունը մեր օրերում» կլոր սեղանին: 

Գրաբարը մեր մշակույթի այն կարևոր հանգրվանն է, որ իրավունք չունենք կորցնելու և մոռացության մատնելու: Սա` որպես խնդիր, հանրակրթական պետական չափորոշչում լավ է ներկայացված. ե՞րբ և ինչպե՞ս ենք այն իրականացնում:

Ընդունված է համարել, որ ցանկացած լավ կամ վատ բան մարդու մեջ վերջնականապես արմատավորելու, մնայուն,կայուն արժեհամակարգում սեպելու համար նրա հետ աշխատում են փոքր հասակից: Երաժշտական, գունային զգայունակությունը, առողջ ապրելակերպը, գեղագիտական ճաշակը ձևավորվում և հետագայում դրսևորվում են այն մարդու մեջ, ում հետ ճիշտ աշխատել են մանկուց: Լեզվամտածողությունը, կարծում եմ, պետք է դասվի այս շարքում, որովհետև քանի դեռ մարդ տեղյակ չէ, թե լեզուն, որով ինքը խոսում է, որտեղից է գալիս, ինչ է եղել ժամանակին, չի գնահատի՝ ինչ ունի հիմա, և ինչու՞ է պետք այն պաշտպանել, ինչի՞ց:

Սեփական փորձից ասեմ, որ գրաբարի հետ առնչվել սկսել եմ երրորդ դասարանից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Նարեկացու «Տաղ Վարդավառի», «Տաղ Ծննդյան», Գողթան երգեր … Չէի էլ կարգին հասկանում, բայց ծորում էին բառերը, տողերը, պատկերները, երաժշտության նման ասում էի… Ինձ ոչ ոք երբեք չի ասել, որ փողոցի ժարգոնը լավ բան չէ, տգեղ է կամ վնասակար, բայց գրաբարից հետո ականջ է սղոցում,  ականջս չի ուզում լսել…

Իսկ եթե չկա գրաբարը, ինչո՞վ է լցվում այդ դատարկ տարածությունը, որն ի սկզբանե բնությունից տրված է արմատ գցելու համար, աղբո՞վ՝ հեռուստասերիալային-փողոցային բառապաշարով-բառաձևերո՞վ: Եվ գալիս է դրա հաջորդ փուլը. հայ պատանին քամահրանքով կամ լավագույն դեպքում` օտարի նման է վերաբերվում նախնիների խոսքին, իր ժամանակակից մեկ այլ հայի, որը բարբառով է խոսում՝ Գյումրու, Գավառի, Գորիսի, Արցախի, Ջավախքի խոսքով… Գնա՜ց, մեռավ... էլի հայերեն է, բայց ծաղրի ենթարկված, դուրս շպրտված…

Արևմտահայերեն քիչ ենք կարդում, ասել է` չենք կարդում` Վարուժան, Դուրյան, Մեծարենց, Զոհրապ: Բա Վարուժանի ոգին ո՞նց փոխանցվի, Մեծարենցի անանձնական ուրախությունը ո՞նց ապրենք: Արևմտահայերենի օտարություն էլ արդյունք է այն բանի, որ չկա մեր մեջ գրաբարը՝ իր անցած բոլոր ճյուղերով, ճանապարհներով:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գրաբարին՝ որպես մայրենիի բաղկացուցիչ, ընդհատումներով անդրադառնում ենք անընդհատ և շատ վաղուց` կրթահամալիր ստեղծած թ. 183 դպրոցից, 1980-ականներից: Վերջին տարիներին,երբ կրթահամալիրում սկսել է գործել օրացույցային ուսուցումը, նրանում առանձին տեղ է հատկացվել նաև գրաբարին «Գրաբարի օրեր» ստուգատեսի ձևով, ինչը ցույց է տալիս, որ մեր հեղինակային կրթական ծրագրում մեջ ոչ միայն չի անտեսվում այն,այլ կոնկրետացվում-առանձնացվում է միտումնավոր՝ արդյունքներն ու աշխատանքներն ավելի ցայտուն, նկատելի դարձնելու նպատակով:

Գրաբարը կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրով ներառված է հայոց լեզվի և գրականության, արվեստի և երաժշտության, ծեսերի և ստուգատեսների, լրացուցիչ կրթության  ծրագրերում, այդ պատճառով այն չի կարող դիտվել որպես ինքնանպատակ, ուղղակի ուսուցանվող առարկա:

Մայրենի լեզուն, այդ թվում` նաև գրաբարը, ժողովրդի, նրան շրջապատող բնության, նրա պատմության, կենցաղի, բարքերի, հավատալիքների, նրա հոգեբանության, հոգևոր, մշակութային արժեքների արտահայտիչն է: Սովորողը գրաբարը տեսնում-կիրառում է իր օրվա, երգի, ծեսի միջոցով, դա ամենօրյա շփման մեջ դառնում է հարազատ:

Փորձենք ներկայացնել  այն միջոցները (մեթոդները), որոնցով ուսուցանվում է գրաբարը կրթահամալիրում (ուզում եմ ավելացնել, նաև հայերենի բարբառները՝ հեքիաթների տեսքով ու արևմտահայերենը՝ արձակով և պոեզիայով):

Գրաբարը Միջին դպրոցի հայոց լեզվի և գրականության հանրակրթական դասընթացի բաղկացուցիչ է: Դրանով է պայմանավորված մայրենիի դասավանդողի բլոգում գրաբարի բաժնի կամ գրաբարյան նյութերի փաթեթի առկայության պարտադիր լինելը: Այն շարունակ թարմացվում, լրացվում է անհրաժեշտ ամենատարբեր ուսումնական նյութերով: Ուսումնական նյութի աղբյուր են կրթահամալիրում կազմված գրաբարի ձեռնարկը՝ երկու մասից բաղկացած, Տիգրան Հայրապետյան գրադարանի գրաբարյան բաժինը, հոգևոր այլ կայքեր:

Իսկ բովանդակային ցանկը հետևյալն է` աղոթքներ, շարականներ, տաղեր, գողթան երգեր, միջնադարյան հայ պոեզիա, առակներ, Հին և Նոր կտակարաններից պատառիկներ: Թվարկածս ցանկն ավարտուն չէ, քանի որ այն անընդհատ փոփոխվում ու թարմացվում է:

Կրթահամալիրի ուսումնական օրացույցով առանձնացված «Գրաբարյան օրեր. թարգմանչաց տոնի» ընթացքում հնարավորություն ենք ունենում ամփոփելու արված աշխատանքը, տեսնելու- գնահատելու արդյունքները, նոր մտահղացումներ ու նախագծեր մեկնարկելու:

Հայ առաքելական եկեղեցու տաղավար տոներին հետևում ենք Նունե Մովսիսյանի Ծիսական տոնացույցի օգնությամբ` ծանոթանալով տոնի առաջացման պատմությանը, խորհրդին, նրան հատուկ աղոթքներից, մաղթանքներից, առակներից պատառիկներ ենք ընթերցում, փոխադրում, սովորողների խմբով մասնակցում ժամերգությունների, պատարագների:

Գրաբարը ներառված է նաև կրթահամալիրի երաժշտության և արվեստի ծրագրում: Այն ուսուցանում է սովորողին երկու ճանապարհով՝ ունկնդրման և կատարման: Այստեղ սկսում է գործել միջառարկայական՝ երաժշտություն-մայրենի կապը, մշակույթն ու նրա լեզուն հանդես են գալիս միասնաբար: Շատ անգամ նույնիսկ կարիք չի լինում պայմանավորվելու. առավոտյան ընդհանուր պարապմունքին նոր շարական հնչեց, հասկանում ենք, որ անհրաժեշտություն կա սովորողին օգնելու, որ հասկանա բովանդակությունը. չհասկանալով երգելու մեջ արհեստական բան կա, որ խանգարում է երգի ոգեղենությանը:

Որպես երաժշտության լրացուցիչ կրթության ձև՝ արդյունավետ գործում են կրթահամալիրի երգչախմբերը՝ ուսուցչական, պատանեկան և մանկական: Բոլոր երգչախմբերի երգացանկերում պարտադիր ընդգրկված են գրաբար հոգևոր երգեր: Այս գործունեությունն իր մեջ ներառում է ոչ միայն գրաբարի գործածումը, այլև դրա տարածումը, քանի որ երգչախմբերն անընդհատ շրջագայում են և տարածում գրաբար շարականները Երևանի, Հայաստանի մարզերի խոնարհված և գործող եկեղեցիներում, Արցախում, Վրաստանում:

Վերը նշվածներին ավելացնենք ամենամսյա մայրենիի ֆլեշմոբերը, որտեղ արդեն առաջին դասարանցուն ուղղված առաջադրանք կա գրաբարից՝ թեթև, խաղային, զվարճալի: Դրանք մտնում են սովորողի ընտանիք, իրենց շուրջ հավաքում սկսած տատիկ-պապիկից…

Ներկայացումը ppt ծրագրով

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский