Երբ իմացությունն ու կարողությունը համագործակցում են

«Այլընտրանքային պատմություն» նախագիծը ծավալվում է, ինչպես իրադարձություններն աշխարհացունց հրաբուխներից հետո: Իսկ...

Ի՞նչ է այլընտրանքը

Իրականության (իր անցյալ-ներկա-ապագա եռամիասնական համակարգում) բացահայտման ձգտողների տեսանկյունից այլընտրանքն այն փաստերը, տեսակետներն ու տեսություններն են, որոնք գաղափարական, հոգեբանական, ինչու ոչ, նաև` հայտնի ուժերի աշխարհակալական նկրտումների պատճառներով, անտեսվում, աղավաղվում կամ վարկաբեկվում են ակադեմիական հորջորջվող գիտության և նրանց ֆինանսական ու քաղաքական հովանավորների կողմից: Առանց այլընտրանք իրականության մասին պատկերացումները կեղծիքի տիրույթում են, քանզի ամենամեծ սուտը ճշմարտության (տվյալ դեպքում` իրականության հոմանիշն է) միայն մի մասի բարձրաձայնումն է: Իսկ...

Ինչու՞ են սովորողները մասնակցում նախագծին

Նրանց մասնակցության դրդապատճառները բազմաթիվ են, և դրանցից յուրաքանչյուրի պարզաբանումը մի առանձին մեթոդական հոդվածի նյութ է: Ուստի ես լոկ կթվարկեմ դրանք, առանց այդ ցուցակի ավարտունության հավակնության: Ընդգծեմ, որ թվարկումը վարկանիշային չէ, քանզի չի անցկացվել համապատասխան ընկերաբանական ուսումնասիրություն, որովհետև աշխատանքային խմբի համալրումը շարունակվում է: Այսպիսով, սովորողները մասնակցում են նախագծին, որովհետև`

  1. առկա է ինքնակրթության ներքին պահանջ.
  2. ձգտւմ է օգտագործել օտար լեզվի գործնական իմացությունը կատարելագործելու ևս մի հնարավորություն.
  3. ցանկանում է ընկերոջ հետ համագործակցել նոր ոլորտում.
  4. իրեն զգացնել է տալիս մրցակցության ոգին.
  5. հավակնում է ավելի բարձր գնահատանիշի.
  6. դրսևորում է ևս մի ասպարեզում ինքնահաստատվելու ձգտում (երբ սովորողն է նախագծին մասնակցելու հայտ ներկայացնում).
  7. հարգում է ուսուցչի խոսքը (երբ սովորողը չի մերժում նախագծին մասնակցելու իմ առաջարկը, ի դեպ եղել են նաև հարգալից և հիմնավոր բացատրությամբ, օր.` բազմակողմանի զբաղվածությունը, մերժման դեպքեր).
  8. սովորողը հետաքրքրված է անցյալի իրականության բացահայտմամբ.
  9. ինձ հետ հաղորդակցվելը և համատեղ աշխատանքը սովորողի կարծիքով իր համար օգտակար է…

Այս տողին հասած համբերատար ընթերցողն իրավունք ունի հարցնելու` իսկ... 

Ովքե՞ր են նախագծի շահառուները

Բնականաբար, առաջին հերթին, իրենք` նախագծի մասնակիցները, հատկապես նրանք, ովքեր կհամահեղինակեն էլեկտրոնային ուսումնական ձեռնարկի բովանդակության շարադրանքը, որը կսկսվի գարնանային ուսումնական ճամբարի ժամանակ: Հասկանալի է, որ նյութերի կուտակման, կամ այլ ձևակերպմամբ` թարգմանական փուլը, զուգահեռաբար կշարունակվի:

Շահառուների հաջորդ խումբը կազմում են նրանք, ում ստեղծագործական, կամ գոնե` քննադատական, միտքը պատմական կաղապարներին այլընտրանք է փնտրում:

Ինչքան էլ առաջին հայացքից զարմանալի թվա, շահառուների երրորդ խումբը կազմում են նրանք, ովքեր պետք է ինքնահաստատվեն` իրենց հակոտնյա մտածողությունը և նրա արդյունքները թիրախ դարձնելով:

Այսինքն` նախագծի իրականացումն ունի ինքնահատուկ բարդություն, այն անցնում է պայքարի բովով: Վերջին իրողությունն անտարակույս օգտակար գործոն է աշխատանքային խմբի անդամների կամքի ձևավորման և/կամ ամրակայման գործընթացում:

Հաջորդ, անխուսափելիորեն ծագող հարցը հետևյալն է. իսկ...

Ի՞նչ ընթացք ունի նախագիծը

«Այլընտրանքային պատմություն» նախագիծն ունի նախապատմություն: 2014 թվականին մի խումբ սովորողների համահեղինակությամբ շարադրեցինք և օգոստոսի 14-ին հրապարակեցինք առարկայական ծրագիր ավագ դպրոցի այն սովորողների համար, ովքեր հետաքրքրվում են պատմությամբ: Առարկայական և ենթակայական պատճառներով, որոնց ներկայացումն ու պարզաբանում-քննարկումն այսօր ժամանակավրեպ են, ծրագիրը չգործադրվեց: Բայց գաղափարը մնաց, իսկ ես դասեր քաղեցի այդ ձախողումից: Այժմ նախագծի իրականացման քայլերը (արդեն կատարված, կատարվող և կատարվելիք) որոշակի են և իրատեսական`

  1. առաջին քայլ` համոզվել, որ նախագծի իրականացման ճանապարհին մենակ չեմ մնալու (կատարված է).
  2. երկրորդ քայլ` սկսել թարգմանություն+աշխատանքային խմբի ձևավորում փուլը (կատարվում է գերազանցելով նախնական հաշվարկները).
  3. երրորդ քայլ` էլեկտրոնային ուսումնական ձեռնարկի շարադրում, զուգահեռ շարունակելով թարգմանական գործունեությունը (որն ապագայում կարող է ծնել մի նոր նախագիծ) և ապահովելով համահեղինակների ընդգրկման շարունակականությունը.
  4. չորրորդ քայլ`ձեռնարկի առաջին պրակի հրապարակման սկիզբ (2016 թվականի օգոստոսի 14):

Ընթերցելիս համբերատար, բայց արագ արդյունք ակնկալող, նախորդ տողից վրդովված գործընկերս իրավացիորեն կհարցնի` իսկ...

Ի՞նչ արդյունքներ կան այսօր

«Այլընտրանքային պատմություն» նախագծի կենսագործման արդյունքները բաժանվում են երկու խմբի` սպասելի (հաշվարկված) և անսպասելի (ոգևորող անակնկալի տեսքով): Հաշվարկված արդյունքը նախագծի իրականացման անկանգ ընթացքն է և ներառվող սովորողների քանակական աճը: Ոգևորող են հետևյալ իրողությունները`

  1. մասնակիցների քանակն աճում է չնախատեսված տեմպերով.
  2. օգտագործվող օտար լեզուների քանակը սպասվածից ավելին է (չէին նախատեսվում թարգմանություններ իսպաներենից, ճապոներենից և բուլղարերենից).
  3. ծնվում են նոր նախաձեռնություններ (առաջին ծիծեռնակը ճապոներենի ուսուցումն է սովորողներին լեզուն տիրապետող սովորողի նախաձեռնությամբ):

Իսկ Անանուն Իմաստասերն ասել է.«Կասեցրու քայլքդ հորիզոնից այն կողմ նայելուց առաջ»:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский