II. Միսուրիի իսկական բնակիչները
Primary tabs
Նախկին հրաշամանուկը
Հենրի Կանը՝ մորս հայրը, գերմանական հրեա էր, որը ներգաղթել էր Ռայնլանդից, և Միսուրի նահանգի Սան-Ջոզեֆ քաղաքի հանրախանութի տերն էր: Նրա կինը Էլինգերների ընտանիքից էր, որի գոնե երկու սերունդ արդեն Միացյալ Նահանգներում էր ապրել: Ենթադրում եմ, որ մորս տատը հրեա չի եղել: Այս փաստը, կարծես, Էլինգերների ընտանիքում հատուկ ավանդույթ է ներմուծել, որն արտահայտվում է նրանով, որ այդ սերնդի աղջիկները ձգտում էին ամուսնանալ հրեաների հետ, ինչպիսին իրենց հայրն էր, իսկ տղաները ամուսնանում էին ոչ հրեաների հետ, ինչպիսին իրենց մայրն էր: Ինչպես էլ որ եղած լիներ, բայց այդ ընտանիքում նույնիսկ հարյուր տարի առաջ նկատվում էր անկայունություն հրեական ծագման և ոչ հրեական հասարկություն նրանց թափանցելու միջև:
Աղջիկների և տղաների ամուսնության տարբերություններով արտահայտվող այս հակվածության մասին ես լսել եմ մի քանի անգամ և տարբեր իրավիճակներում: Ինձ պատմել են Նյու-Յորքում ապրող մի ընտանիքի մասին, որի կինը հոլանդուհի էր, իսկ ամուսինը` չինական բողոքական եկեղեցու կրոնավոր: Այդ ամուսնությունից ծնված բոլոր տղաները, կարծես, կորան ամերիկյան հասարակության մեջ՝ ամուսնանալով ամերիկացի աղջիկների հետ և մոռանալով իրենց տոհմաբանության մի մասը, որ արմատներով Արևելք էր գնում: Աղջիկները, հակառակը, բոլորն ամուսնացան չինացիների հետ և Չինաստան մեկնեցին: Այն ժամանակ այդպիսի տարբերակման շարժառիթ է եղել, ինձ թվում է, չինացի տղաների` արևմտյան կրթությամբ և դաստիարակությամբ կին ունենալու խիստ կարիքը, որը աղջիկներին անսովոր բարենպաստ հնարավորություն էր տալիս Չինաստանում ամուսնանալու, ի տարբերություն ամերիկական ամուսնությունների, որոնք պայմանավորված էին, գոնե մասամբ, ռասայական նախապաշարմունքների սահմանափակումներով: Ինձ հայտնի չէ, Էլինգերների ընտանիքում եղե՞լ է, թեկուզ ամենափոքր աստիճանի, նման շարժառիթ. համենայնդեպս հետաքրքիր է դիտարկել նույն երևույթը, որը առաջանում է տարբեր իրավիճակներում: Տղաները գնում են հոր հետքերով, աղջիկները՝ մոր:
Պարզվում է, որ Էլինգերների ընտանիքի ամերիկյան տոհմաբանությունը սերում է Միսուրի նահանգից, իսկ հնարավոր է, ավելի հարավից: Նրա անդամներն իրենց մեջ իսկական հարավային ազնվական հայացքը աշխարհին զուգակցում էին բացարձակ անկանխատեսանելության հետ: Այդ ցեղի շատ տղամարդիկ լքել են իրենց ընտանիքները և անբասիր ապրելակերպը` տարվելով լայնարձակ տարածություններով: Կա լեգենդ, որ Էլինգերներից մեկը, ի վերջո, իսկական ավազակ է դարձել արևմտյան նահանգներից մեկում և գնդակահարվել ձերբակալությանը դիմադերելիս:
Նույնիսկ եթե մոռանանք անհատական առանձնահատկությունների այս ծայրահեղ դեպքերը, Էլինգերները եղել և հիմա էլ կան որպես անկախ տոհմ: Այս ընտանիքի գոյության ավելի ուշ փուլում միայն այդ առանձնահատկությունների աստիճանական հարթեցումը նրանց հնարավորություն տվեց հասարակությունում գրավելու իրենց լիիրավ տեղը՝ իրենց իսկական հնարավորություններին համապատասխան:
Մենք արդեն վարժվել եք այն փաստի հետ, որ գրեթե բոլորս ներգաղթածերի հետնորդ եք: Բայց անցած հարյուրամյակի կեսերին այդպես չէր: Այսօր հալվող կաթսան ոչ միայն ուղղակի հալչում է, այլ համաձուլվում: Եվ մեր օրերում դա շատ ավելի հեշտ է ընթանում, քանի որ իր կազմում օտար և դժվարահալ մետաղներ չունի, որ թրծում անցած լինեն: Ներգաղթածի ընտանիքը, որն արդեն գրեթե ձուլվել է ամերիկյան բնապատկերում, այլևս ճակատ ճակատի չի բախվում ուրիշ ներգաղթածի հետ, որը, կարելի է ասել, հենց նոր է իջել նավից: Եվ արդեն չկա հակադրություն մայրցամաքային տոհմաբանությամբ ամերիկացու և նորեկների միջև, նրանց միջև, ում անվանում են ներգաղթածներ, և հին ամերիկացիների, որոնք կազմում են հասարակական վերելքի կայուն աստիճանը, որում յուրաքանչյուր մարդ իր խիստ որոշակի տեղն ունի:
Առաջին ներգաղթածներից, ում բաժին էր ընկել զգայական առումով համեմատաբար հեշտ ժամանակ, և ում համար ավելի հեշտ էր շատ ուրիշ առումներով, Արևելյան Եվրոպայից եկած անազատ մարդիկ էին, որոնք ոչինչ չունեին կորցնելու, իրենց շղթաներից բացի: Բայց եվրոպական հասարակությունում ավելի բարձր կարգ ունեցող ներգաղթածների համար ամերիկանացմանը և հասարակական աստիճանով հետագա վերելքին նախորդում էր բոլոր առավելություններից զրկումը և նրանց տրամադրվում էր հասարակական աստիճանի ամենաներքևի հարթակներից մեկը:
Այս ամենն անխուսափելի էր և նույնիսկ, հավանաբար, կարգի էական մասն էր, որոնց արտասահմանցիները պետք է հարմարվեին, որպեսզի ինչ-որ տեղ զբաղեցնեին հասարակության մեջ, որն ամենևին նման չէր նրան, որտեղ իրենք էին ծնվել: Սակայն այսօր ներգաղթողը ոչ միայն օգուտ քաղող է այն երկրից ուր ներգաղթել է, այլև բարեգործ: Նրա հարազատ մշակույթը հաճախ հարստություն է կրում, որը չպետք է կորսվի, չպետք է փոշիանա մայրցամաքի վրա աղքատորեն փռված որոշակի ավանդույթի ամպում: Նրա մշակույթին և մտածողությանը, նրա բանահյուսությանն ու երաժշտությանը հատուկ են այնպիսի կողմեր, որոնք արժանի են, որ ընդգրկվեն Ամերիկայի ժողովածուում: Իսկ հին աշխարհից նորեկների ուժեղ հոսքի դեպքում դժվար էր այդ ժառանգությունը ճանաչել և գնահատելը: Նրա համար նախատեսվում էր հասարակական հիերարխիական անդուղքին, առանց բողոքելու, զբաղեցնել ցածր դիրք, որ նախատեսված էր իր համար, և նա հանգստացնում էր իր վիրավորված ինքնասիրությունը նրանով, որ ուրիշ նորեկներն էլ են ենթարկվում այդպիսի նսեմացման:
Այդպիսի հասարկությունում և այդպիսի ժամանակներում ակնածելիությունը անգնահատելի մարգարիտ էր: Շմիդտը Սմիթ էր դառնում, Իսկ Իսրաիլ Լևին՝ Իրվին Լի Վայն: Նույնիսկ չարիքի ցուցադրումից խուսափելու ավետարանական (ի միջայլոց, ինչպես նաև, րաբունական) կրոնական պահանջը մեկնաբանվում է որպես չարի և կոպտության ցուցադրումից, դեռ ավելին, չարից և կոպտությունից՝ որպես այդպիսիք, խուսափելու պահանջ: Ուժեղ մարդն իսկապես կարող է անտեսել այդպիսի հասարակությունը և ապրել սեփական արժեհամակարգին համապատասխան: Պակաս ուժեղ մարդուն շատ ավելի հեշտ է ընդունել տրված արժեհամակարգը և ծնկի գալ միսս Գրանդիի[1] առաջ: Միայն հորս նման մարդը, որ պատրաստ էր մարտահրավեր նետելու նույնիսկ Եհովային, կարող էր դիմակայել Գրանդիի օրթոդոքսալ կրոնին:
Ներգաղթյալների և յոթանասունականների, ութսունականների և իննսունականների հրեական ընտանիքների առանձնահատուկ հիասթափությունը ուժեղացավ Ոսկեդարի ընդհանուր բարոյական լճացումից: Դա դար էր, որում վիսկիի վաճառականների միությանը տրվող նպաստները տրվեցին Քաղաքացիական պատերազմ իրականացնելուն, այդ դարում մահացավ Լինքոլնը, իսկ Դանիել Դրյուն և Կոմոդոր Վանդերբալները ողջ էին, և ոչ միայն ողջ էին, այլև շատ գործուն: Քաղաքացիական պատերազմի խանդավառությունը և նվիրվածությունը արդեն իրենց դարն ապրել էին, իսկ քսաներորդ դարի խանդավառությունը և նվիրվածությունը դեռ հորիզոնում չէին երևում: Ամենուր ընդհանուր անկում և հիասթափություն էր զգացվում: Այդ հիասթափությունը պետք է որ ավելի խիստ զգացվեր Հարավում, որը պարտություն էր կրել, ինչպես նաև Միսուրի նահանգում, որը Հարավի «նախասենյակն» էր:
Բացի դրանից, երբ հասարակությունը և ժամանակը այդ սթրեսներն ու լարվածությունն էին ապրում, մորս ընտանիքում ավելի անձնական բնույթի տարաձայնություններ կային: Նրանց ընտանիքում ճեղքվածք եղավ ծնողների բաժանվելու պատճառով: Մորս մայրն ընդհանուր մեծ մշակույթ կրող մարդ էր, ինչպես նաև ուժեղ և անզսպելի զգացմունքներ ուներ: Նա հսկայական, չկարգավորվող կենսական էներգիա ուներ, որը նպաստեց նրա երկարակեցությանը, և պարզ ասած, չափազանց շատ, որպեսզի ավելի հանգիստ և պակաս եռանդուն ամուսինը կարողանար տանել:
Այս ամենի հետ, մորս ավագ քույրերից մեկն էլ, որ հավակնում էր, թե ինքը ընտանիքի կանացի միտքն է, բարձրից էր նայում իր քույրերին: Դա հանգեցրեց վերջնական բաժանման, ընդ որում հայրս և մայրս մի կողմում էին, իսկ մնացածը՝ մյուս: Այդ բաժանման պատճառներից մեկը գերմանական հրեայի և ռուսական հրեայի միջև ավանդական հակամարտությունն էր և նրանց հասարակական կարգավիճակի տարբերությունը: Այս ամենն ամրապնդվում էր սոցիալական հարցերում հորս ուղղամտությամբ և միամտությամբ:
Ամեն դեպքում, հորս աջակցությամբ մայրս իր ընտանիքի հետ աստիճանաբար կապերը խզեց: Չնայած որ հաճախ հորս չէր հասկանում, նա հորս խորը սիրում էր և նրանով անվերջ հիանում: Ամեն դեպքւմ, դա մորս համար հեշտ քայլ չէր: Նրան մանկուց երես էին տվել, քանի որ ընտանիքում գեղեցկուհի էր համարվում: Հիշում եմ նրա մի լուսանկար, որն արված էր, երբ ես չորս տարեկան էի: Այնտեղ մայրս չափազանց գեղեցիկ էր, ծովաշան մորթուց կարճ, այն ժամանակ նորաձև ժակետը հագին: Ես շատ էի հպարտանում այդ լուսանկարով և նրա գեղեցկությամբ: Նա փոքրիկ կին էր` առողջ, ուժեղ և կյանքով լի, ինչպիսին մնացել է մինչ այսօր: Նա հիմա էլ ուժերի ծաղման շրջանում գտնվող կնոջ արժանապատվություն ունի:
Ընտանիքում, որտեղ նա ծնվել էր, և որի տոհմաբանական արմատները խառնվել էին, և հարավցիների արիստոկրատություն կար, վարվելակարգը չարդարացված մեծ դեր էր խաղում և տարածվում էր այնպիսի բնագավառների վրա, որոնք կարելի էր օրենքով պաշտպանել: Եվ դա մի փոքրիկ հրաշք էր, որ մորս հաջողվեց (և նա հասկացավ, որ ինքը դա պետք է անի) ստանձնել տաղանդավոր և ցրված հորս խանդավառությունն ու անսանձ բնավորությունը մինչև հասարակությունում ընդունված նորմեր չափավորելու դժվար խնդիրը:
Մեր հասարակությունում կնոջը և տղամարդուն ներկայացվող պահանջները և արտոնությունները խիստ տարբերվում են: Տղամարդուն կարող է թույլատրվել անհամապատասխանության որոշակի աստիճան, եթե նա անհատականություն է և տաղանդավոր: Բայց ենթադրվում է, որ կինը պետք է լինի օրթոդոքսալ և աշխարհիկ առաքինությունների պահապանը, որոնք իսկապես խնամքի կարիքն ունեին: Տղամարդը կարող է իրեն թույլ տալ անսանձելի բնավորություն ունենալ, առանց հանդիմանանք առաջացնելու, մինչդեռ կինը պետք է փափուկ և մեղմ լինի: Երբ ես ծնվեցի, հորս ուղղամտության խնդրին ավելացավ բնավորության շատ նման գծերով, նույն անսանձելի բնավորությամբ և վարժեցնելուն դիմադրող երեխայի դաստիարակության խնդիրը. և զարմանալի չէր, որ երբեմն մայրս հուսահտվում էր: Ավելի ուշ, երբ բախվում էին հորս կտրուկ բնավորությունը և իմ սեփականը, մայրս միայն խաղաղարարի դեր կարող էր կատարել` առանց հայտնելու ո´չ իր կարծիքը, ո´չ համոզմունքները, որ կարող էր խաղաղություն հաստատելու համար որպես փաստարկ բերել: Ինձ համար դժվար էր նրան այդտեղ հասկանալը: Հորս հետ իմ բախումներում` իրենց էությամբ շատ դրամատիկ, ես կարողանում էի միայն ընդհանուր առմամբ ընդումել այն սկզբունքը, որը պետք է հարգեի, նույնիսկ եթե հորս կողմից այս սկզբունքի մեկնաբանությունն ինձ ցավ էր պտճառում: Մայրս հազիվ թե իրեն այդպիսի շռայլություն թույլ տար: Երբ ամուսինը մոլեռանդ մարդ է, կինը պետք է հաշտվողական լինի: Ինչքան շատ գիտնականներ` հրեա, թե քրիստոնյա, որ այս աշխարհից չէին, իրենց գոյության ընթացքում պետք է որ կախված լինեին իրենց հաշտվողական-կանանցից:
Երբ ծնողներս ամուսնացան, հայրս արդեն ժամանակակից լեզուների պրեֆեսոր էր Միսուրի նահանգի համալսարանում, որը Կոլումբիա քաղաքում էր: Նա ֆրանսերեն և գերմաներեն էր դասավանդում, և փոքրիկ համալսարանական քաղաքի հասարակական պարզունակ կյանքում ծնողներս մասնակցություն ունեին: Նրանք մյուս դասավանդողների հետ հանրակացարանում էին ապրում, երբ 1894թ նոյեմբերի 26-ին ես ծնվեցի:
Իհարկե, չեմ հիշում այդ քաղաքը, որտեղից ինձ տարել են շատ փոքր հասակում, բայց ընտանիքում պատմություններ էին պատմում հանրակացարանի և հորս այդ օրերի ընկեր Վ. Բենջամին Սմիթի մասին (ով հետագայում մաթեմատիկա էր դասավանդում Տուլեի համալսարանում): Նա հորս շատ մոտ ընկերն էր և իսկական կատակչի: Մի անգամ Սմիթը վերադառնում է հանրակացարան և նկատում, որ մեծ չափսերով գունավոր մատուցողի փոխարեն նիհար փոքրիկ տղա է աշխատում:
«Սեմ,- կանչեց պրոֆեսորը,- ի՞նչ է, չորացել ես»: Հուզված մատուցողը սենյակից դուրս է վազել և այդպես էլ չի վերադարձել:
Կցանկանայի նշել նեգրական ծագումով մարդկանց նկատմամբ Սմիթի վերաբերմունքի մասին, քանի որ Սմիթի հետ հորս հարաբերությունները մի քանի տարի անց ընդահատվեցին հենց ռասիզմին առնչվող հարցերի պատճառով: Սմիթը, լինելով անհաշտվողական խռովարար, նեգրերի ոչ լիարժեքության մասին կեղծ գիտական մի գիրք հրատարակեց, և դա արդեն չափազանց էր հորս ազատամտության և փաստերի նկատմամբ հարգալից վերաբերմունքի համար:
Ես արդեն դուրս էի եկել մանկական հասակից, երբ ծնողներս որոշեցին տեղափոխվել, և ընտրեցին Բոստոնը: Այս տեղափոխման շարժառիթը խորը արմատավորված էր բուն Միսուրի նահանգում: Միսուրիի քաղաքական գործիչներից մեկը որոշել էր, որ վատ չէր լինի, եթե հորս փոխարեն աշխատանքի տեղավորեր իր ազգականներից կամ մանկլավիկիներից մեկին: Հայրս այնպիսի հաջողություն ուներ, որ արդեն մի մարդու ուժերից վեր էր Միսուրի նահանգի ժամանակակից լեզուների ֆակուլտետը ղեկավարելը: Որոշվեց, որ բաժիններից յուրաքանչյուրը (գերմաներենի և ֆրանսերենի) կունենա իր ղեկավարը: Երբ հորս առաջարկեցին այդ բաժիններից մեկը ընտրել, նա գերմաներեն բաժինը գերադասեց: Ցավոք, այդ քաղաքական գործչի հովանավորյալը կամ ազգականը նույնպես այդ տեղի վրա էր աչք դրել, և երբ այդ բաժանումը եղավ, հայրս մնաց առանց աշխատանքի: Հայրս երկրում ոչ մի տեղ ակադեմիական կապեր չուներ: Նա տեղափոխվեց Բոստոն որոշակի մտորումներից հետո, քանի որ հանգեց այն կարծիքին, որ ավելի լավ է աշխատանք փնտրել այնտեղ, որտեղ այն կա:
Շուտով նա իր վրա գրավեց «Շոտլանդական բալադների» խմբագիր Ֆրենսիս Չայլդի ուշադրությունը: Չայլդն ուսումնասիրում էր շոտլանդական բալադները և դրանց նմանակները Եվրոպայի և Ասիայի լեզուներում, և նրան օգնություն էր պետք սկզբնաղբյուրները համադրելու համար: Որպես առաջադրանք` հորս հանձնարարվեց ուսումնասիրել հարավսլավոնական լեզուները: Նա այնքան օգտակար դարձավ Չայլդի համար, որ նա հորս օգնեց Բոստոնում աշխատանք գտնելու: Սկզբում հայրս դասավանդում էր Բոստոնի համալսարանում և Նոր Անգլիայի երաժշտական կոնսերվատորիայում, ինչպես նաև որոշ աշխատանքներ էր կատարում Բոստոնի հանրային գրադարանի քարտագրային բաժամունքի համար: Վերջապես Չայլդը նրա համար տեղ գտավ Հարվարդում, որտեղ հայրս սլավոնական լեզուներ էր դասավանդում, ինչը առաջին անգամն էր Հարվարդում, և կարծում եմ, ամբողջ երկրում: Նա աստիճանաբար բարձրացավ ծառայողական աստիճանով պրոֆեսորի ասիստենտից մինչև պրոֆեսոր, որտեղ էլ մնաց մինչև 1930թ. թոշակի անցնելը:
Սակայն տարիներ շարունակ նա ստիպված էր լրացուցիչ վաստակել, քանի որ աշխատավարձը բավարար չէր: Չնայած ապրելու համար ծախսերը շատ մեծ չէին, բայց աշխատավարձն ավելի քիչ էր: Հայրս տարիներ շարունակ աշխատում էր Նոր Անգլիայի երաժշտական կոնսերվատորիայում և Բոստոնի համալսարանում, ինչպես նաև առանձին աշխատանքներ էր կատարում Բոստոնի հանրային գրադարանի համար: Բացի դրանից, նա ստուգաբանական զգալի աշխատանք է արել Merriam-Webster Dictionary բառարանի մի քանի հրատարակության համար. այդ աշխատանքի ընթացքում նա ընկերացավ պրոֆեսոր Շոֆիլդի հետ, որը նույնպես Հարվարդից էր: Ավելի ուշ տարիներին հորս համար մանր ծախսերի փողի հիմնական աղբյուր դարձավ Ռադկլիֆյան քոլեջը, որը տարիներ շարունակ Հարվարդի պրոֆեսորներին ապահովում էր լրացուցիչ աշխատավարձով: Պրոֆեսոր Չայլդը հայտնի և շատ ազատական մարդ էր, ինչպես նաև հորս իսկական ընկերը: Մի անգամ հայրս տեսել է, թե ինչպես է Չայլդի տանից ոչ բարձրահասակ, կարճատես, եռանդուն մի երիտասարդ դուրս գալիս: Երբ հայրս տուն է մտել, Չայդն ասել է, թե հայրս հենց նոր բաց է թողել Ռիչարդ Քիփլինգի հետ ծանոթանալու հնարավորությունը: Կարծես, Չայլդի հետ ծանոթանալու եկած Քիփլինգը մի անգամ վրիպել է, երբ իր գալու պահին այգում Չայլդը վարդերն է ջրելիս եղել՝ մաշված շորեր հագած: Պարոն Քիփլինգը նրան այգեպանի տեղն է դրել: «Հա՜,- ասել է Չայլդը,- երեկ ինչ-որ մեկն անցել է ցանկապատը և այգումս արբեցել` շնչելով վարդերիս բուրմունքը: Դա եղբայրս է եղել»:
[1] Գրական հերոս, հասարակական կարծիքի և քաղաքավարության կանոնների կարգադիր:
- Բացվել է 1789 անգամ