Կրթական պարտեզ արվարձանում
Primary tabs
Վիճակն արվարձանում այսօր
Օրերս, Երևանի քաղաքային ավագանու անդամ Անահիտ Բախշյանը մեզ տրամադրեց այսպիսի պաշտոնական գրություն. «Հարավարևմտյան թաղամասում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրինության «Կրթական պարտեզ» նախաձեռնության ֆինանսավորում (Բլեյանի առաջարկություն), որը համահունչ է Երևանում 16.11.2015թ. քաղաքապետարանի և ՎիվաՍել-ի կողմից նախաձեռնած հեծանվորդների համար ճանապարհներ ստեղծելու նախաձեռնությանը: Առաջարկությունը ողջունելի է, սակայն անհրաժեշտ է ներկայացնել ֆինանսատնտեսական գնահատականով համապատասխան ծրագիր, որը սահմանված կարգով կուսումնասիրվի, կքննարկվի և հնարավորության սահմաններում հարցին կտրվի համապատասխան լուծում»:
1990-ից սկսած՝ տարբեր ինտենսիվությամբ ու ձևերով մենք բարձրացրել ենք բանգլադեշյան կրթական պարտեզի ստեղծման անհրաժեշտության հարցը, առաջարկել Հարավարևմտյան զանգվածի Բ-1 թաղամասի մանկական-կրթական հաստատությունները՝ բոլորը, անկախ նրանց պատկանելությունից, մեկ կենսական տարածքում բարեկարգել՝ խելամիտ-գրավիչ-հարմար անցումներով՝ իրար հետ ու թաղի, կանաչապատումով-բարեկարգումով, ենթակառուցվածքներով։ Վերջին անգամ 2015-ի սեպտեմբերի 1-ին ենք դիմել Երևանի քաղաքապետին. «Ուզում ենք հավատալ, որ նոր ուսումնական տարին առիթ կդառնա մեր կողմից բազմիցս ներկայացված «Կրթական պարտեզ» նախագծին վերադառնալու համար, հատկապես որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով որոշված է «ներառական կրթությունը՝ որպես յուրաքանչյուր երեխայի համար, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ պայմանների և հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքի ապահովում»»։
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝«Զորավար Անդրանիկի թաղամասի՝ շինարարական անունով Բ-1 բնակելի թաղամասը (այսուհետ՝ թաղամաս), եզրափակված Րաֆֆի, Զորավար Անդրանիկ, Առնո Բաբաջանյան փողոցներով, կառուցապատված է հիմնականում 1977-1986 թթ 9-14 հարկանի բնակելի շենքերով: Թաղամասում այսօր գործում են Երևանի քաղաքապետարանի ենթակայության թիվ 181 հիմնական դպրոցը (հասցեն՝ ՀԱԶ, Ա. Բաբաջանյան 4), թիվ 95 (հասցեն՝ ՀԱԶ, Զ. Անդրանիկի 124), թիվ 93 (հասցեն՝ ՀԱԶ, Զ. Րաֆֆու 69) և թիվ 98 (հասցեն՝ ՀԱԶ, Զ. Րաֆֆու 85/5) նախադպրոցական հաստատությունները, «Տարոն» գեղագիտական դաստիարակության տունը (հասցեն՝ ՀԱԶ, Զ. Անդրանիկի 54), ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կազմում գործող Նոր դպրոց-պարտեզը (հասցեն՝ ՀԱԶ, Ա. Բաբաջանյան 47/1), Քոլեջը (հասցեն՝ ՀԱԶ, Զ Անդրանիկի 92/1), Գեղարվեստի դպրոցը (հասցեն՝ ՀԱԶ, Րաֆֆու 69/1), Մեդիակենտրոնը (հասցեն՝ ՀԱԶ, Րաֆֆու 57), Մայր դպրոցը (հասցեն՝ ՀԱԶ, Ա. Բաբաջանյան 25): Թաղամասում են գտնվում տասնյակի չափ մանկական խաղահրապարակներ:
Թաղամասի բնակիչները, թաղամասում գործող ուսումնական հաստատությունների սովորողները դժվարություններ են կրում թաղամասի հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք ուղղություններով հետիոտն, սայլակով, հեծանվով միջթաղամասային առօրյա հաղորդակցության ժամանակ. թաղամասի կառուցապատման ժամանակ բնակչության համար այս պարտադիր խնդիրը թերի է լուծվել, իսկ 1990-ականների հախուռն շինարարությունը վատացրեց վիճակը: Շուրջ 20000 բնակիչ, 1000-ի չափ նախադպրոցական սաներ, մոտավորապես 4000 տարատարիք սովորողներ ունեցող թաղամասը չի կարող հարմարեցված միջավայր չլինել, այնպիսին, որ բացառի խտրությունը և ապահովի հավասար հնարավորություններ ազատ տեղաշարժի։ Առաջարկվող «Կրթական պարտեզ» նախագիծն ուղղված է սահմանափակումների, խոչընդոտների վերացմանը, կլուծի բնակիչների ազատ-հարմար տեղաշարժի խնդիրը։
Թաղամասը կունենա նշագծված հեծանվուղի, հետիոտն անցումներ՝ հյուսիս-հարավ, հարավ-արևմուտք հատվածներն իրար կապող, ինչպես նաև՝ շրջանաձև: Կրթական պարտեզի կառուցումով թաղամասի հետիոտն անցումները բարեկարգվում-կանաչապատվում են, դառնում խնամված մշտապես: Թաղամասի ուսումնական հաստատությունների կադաստրային տարածքները (բակերը), դրանց հարող հողատարածքները կրթական-մարզական-մշակութային, հանգստի, զբոսանքի կիրառում են ստանում, կանաչ տարածքներ են դառնում:
Կրթական պարտեզի շահառուն թաղամասի բոլոր բնակիչներն են, թաղամասում գտնվող ուսումնական, այդ թվում՝ նախադպրոցական հաստատությունների ամեն մի սովորող-սան, աշխատող, յուրաքանչյուրը, որ որևէ ձևով առնչվում է թաղամասին: Կրթական պարտեզը որևէ ձևով չի վատթարացնի բնակչի, սովորողի, աշխատողի, հաստատության այսօրվա վիճակը. պարտեզի կառուցումով-գործարկումով բարելավվում է յուրաքանչյուրի կենսագործունեությունը։ Պարտեզի գործարկումով թաղամասը՝ որպես միջավայր կդառնա ՀՀ «Հանրակրթության մասին» օրենքի պահանջով ամբողջովին ներառական, ՀՀ քաղաքաշինության մասին օրենքի պահանջին համապատասխան՝ «հաշմանդամների համար բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և կառույցների մատչելիության, տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներից անարգել օգտվելու` օրենքից բխող պահանջների իրականացում» (հոդված 10)։
Քաղաքացիական նախաձեռնությունը գործում է: Կրթական պարտեզի շահառուներ, ճարտարապետներ Արտավազդ Թարխանյանը, Արամ Հարությունյանը ստանձնել են Կրթական պարտեզի նախագծման ճարտարապետական լուծում պահանջող խնդիրների լուծումը. գործը թափով առաջ են տանում: Կրթական պարտեզի նախագծի հետ տեղում մանրամասն ծանոթացել է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Կրթական պարտեզը՝ որպես պիլոտային ծրագիր, տարածում կգտնի ոչ միայն Երևանի, այլև Վանաձորի, Գյումրիի, Կապանի, այլ քաղաքների բնակելի զանգվածներում: Կրթական պարտեզի առաջարկի սաղմնավորման փուլում իր աջակցությունն է հայտնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախաձեռնությանն իր օրհնությունն է բերել Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Կրթական տարածքին առնչվող, թաղամասի ուսումնական հաստատությունների նպատակային-անհատույց օգտագործման իրավունքով պատկանող տարածքները Երևանի քաղաքապետարանի սեփականությունն են: «Կրթական պարտեզը» գործում է որպես քաղաքացիական նախաձեռնություն: Երևանի քաղաքապետարանի նպատակային հատկացումներից բացի, կրթական պարտեզում 50/50 սկզբունքով կներառվեն կամավորական միջոցներ, ինչպես աշխատանքի, ծառայությունների, ապրանքների, այնպես և դրամական ձևով: «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամը ոչ միայն գործուն մասնակցում է, այլև Կրթական պարտեզի աջակիցների մեջ ներգրավում է ոչ կառավարական այլ կազմակերպությունների, ինչպես «Հայաստանի մանուկներ», «ԻԴԵԱ», «Կրթասեր», «ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալություն», «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության» հիմնադրամ և այլն։ Կրթական պարտեզը ներառված է կրթահամալիրի և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի միջև համագործակցության պայմանագրում։
Նախագծի հանրայնացման շրջանում «Բանգլադեշ անիվների վրա» նախաձեռնությունը լայն արձագանք գտավ քաղաքում, թաղամասում։ Դրա ազդեցությամբ իրականացվեց և գործում է առաջին մանկապատանեկան հեծանվային ակումբը, ապահով հանրակրթական հեծանվաուղին։ «Ideal Bikes in Armenia»-ի աջակցությամբ ստեղծվում է հեծանվային բաց արհեստանոց, որը կսպասարկի կրթական պարտեզի հեծանվավոր, սայլակավոր շահառուներին։
«Սեբաստիա» մարզադաշտը, որը կառուցվեց-բարեկարգվեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի աջակցությամբ, այսօր բաց է թաղամասի բոլոր տարիքի բնակիչների համար. հեծանիվ, վազք, բացօթյա-մարմնամարզություն, լողափնյա վոլեյբոլ, ֆուտբոլ, նետաձգություն, ռազմամարզական խաղեր, հրաձգություն... 2014-2015-ին անցկացվեց ամենամյա «Բանգլադեշ-արվարձան» պլեները, որին մասնակցեցին սովորողներ, ուսուցիչներ Արցախից, Վրաստանից, մարզերից։ Պլեներն ուղղակի ազդեցություն ունեցավ շրջակա միջավայրի վրա ոչ միայն կրթահամալիրի տարածքում. դրա շրջանակում սովորողները մասնակցեցին Բ-4 թաղամասում Յու. Բախշյանի անվան մանկական այգու բարեկարգմանը, Բ-1 թաղամասում իրականացվեցին ձևավորման առանձին ակցիաներ։
Ամեն ամառ՝ հունիսի 1-ից սեպտեմբերի վերջը գործում են կրթահամալիրի կրտսեր դպրոց-պարտեզների բաց լողափերը, 2016թ. կգործարկվի նաև պատանեկան բացօթյա լողավազանը... 2016թ. նախատեսվում է անցկացնել ռազմամարզական ազգային խաղերի բաց առաջնություն դեռահասների համար, մարզական բաց խաղեր ուսուցիչների համար...
2015-ին նորոգված կրթահամալիրի բրուտանոցը, գործարկված հայրենագիտական-արշավախմբային կենտրոնը, ձիասպորտի կենտրոնը բաց են. թաղամասի բնակիչներն անարգել օգտվում են, կարող են օգտվել դրանցից։
Ինչպես հաշվել է կրթահամալիրի քոլեջի ուսանող Աննա Պետրոսյանը, Րաֆֆու պողոտայից թաղամասի հյուսիս-հարավ ուղղությամբ դեպի Մայր դպրոց և թիվ 181 դպրոց տանող մի կողմի նոր կառուցապատված աստիճանները 98-ն են, դրան զուգահեռ երկարաժամկետ անհայտ պատճառներով արգելափակված և աղբանոցի վերածված աստիճանները՝ 142,Անդրանիկ Զորավարի փողոցի կողմից քոլեջից թիվ 181 և Մայր դպրոց՝ արևելք-արևմուտք ուղղությամբ աստիճանները՝ 52...
«Կրթական պարտեզ» նախագծի տեսլականով ոգևորված ծնողների, բնակիչների, ուսուցիչների և սովորողների միջոցով բարեկարգվում են Նոր դպրոցի պարտեզի բակը, Քոլեջի բակային տարածքը, նրանց արանքում ընկած հողակտորի վրա հիմնվել է «Սեբաստիա» ուսումնական փորձարարական պտղատու այգին... Էապես բարելավվել-կանաչապատվել է Գեղարվեստի դպրոցի բակային տարածքը: Ցանկապատերի վերացումը թիվ 181 և Մայր դպրոցների իրար նայող հողային տարածքներից, հնարավորություն տվեց ստեղծել թաղամասի բնակիչների համար կենսական նշանակության զբոսայգի:
«Կրթական պարտեզ» քաղաքացիական նախաձեռնությունը համալրվում է նորանոր ակտիվիստներով: Թաղամասի բնակիչ Անահիտ Մելքոնյանը բացել է «Կրթական պարտեզ արվարձանում» ֆեյսբուքյան էջը, որին սկսել են ակտիվ արձագանքել տասնյակ շահառուներ, սովորողներ և ուսանողներ...
«Կրթական պարտեզ» նախագիծը, իհարկե, տարիների ծավալուն աշխատանք է, բայց որոշիչը 2016-ի աշխատանքն է, որը ապահովելու է արդեն քաղաքացիական նախաձեռնության ցանցի ստեղծումը ըստ շենքերի, ենթաթաղամասերի, երբ ամեն մի շենք, խաղահրապարակ, հատված, կապվում է նախագծի հետ, ներառվում է նախագծում և լուծում է կոնկրետ խնդիրներ։
2016թ. աշխատանք
Այսպիսով՝ կրթական պարտեզ թաղամասի հյուսիսային բարձրադիր հատվածը՝ Րաֆֆու պողոտայով. մուտք երեք դալաններով՝ Մեդիակենտրոնի, հարևան շինությունների, հեծանվուղու և հետիոտնի համար նշագծված, մեքենայի մուտք-կայանատեղի։
Ցածրադիր հատվածը՝ սարալանջով, թ. 181-Մայր դպրոց միացյալ զբոսայգով, մանկական այգու շարունակությամբ մետաղե աստիճաններով մինչև Նոր դպրոց, թ. 95 նախադպրոցական ուսումնական հաստատություն։
Իննսունութ աստիճաններով սանդուղքի, որ 2014-ին հիմնանորոգվել է, բազալտով պատվել քաղաքապետարանի միջոցներով, և խորհրդային շրջանի բետոնե, այժմ չօգտագործվող, աղբակույտի վերածված հարյուր քառասուներկու աստիճանով սանդուղքի միջև սարալանջ կա (... քառակուսի մետր), որ կարճ ժամկետում, ըստ ճարտարապետական հիմնավորված նախագծի, կարող է առանց մեծ միջոցների դառնալ թաղամասի հյուսիս-հարավ կասկադի «մեխ»-ը, կրթական պարտեզի չորս կողմերը շրջանագծով ևˊ հետիոտն, ևˊ հեծանվուղով հետաքրքիր-հուսալի կապող հանգույցը՝ պուրակ: Սարալանջի հյուսիսային պարիսպը, որ առաջացել է ավտոտնակների պատերի գծից, 2016-ի բանգլադեշյան նկարչական երրորդ պլեների գլխավոր ակցիայի առարկան դառնա:
Նախագծով կրթական պարտեզը հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք կասկադների միակցում է, որի կենտրոնական հրապարակը փաստացի կա, գործում է՝ թիվ 181 և կրթահամալիրի մայր (նախկին թիվ 183) դպրոցների գլխավոր մուտքերի հարթ հրապարակ-այգիները միավորող մոտ .... քառակուսի մետր մակերեսով, և՛ թաղամասի, և՛ կրթական պարտեզի աշխարհագրական ու մշակութային կենտրոնն է: Այսպիսի լուծումը թույլ է տալիս «Սեբաստիա» մարզադաշտը, Մայր դպրոցի մարզամշակութային հայտնի-ձևավորված-գրավիչ մարզական մշակութային կրթական լրացուցիչ ծառայությունների սրահները բացել կրթական պարտեզը կազմող բոլոր ուսումնական-մշակութային հաստատությունների համար, իսկ թիվ 181 դպրոցի տարրական դասարանների սովորողների համար մինչև 2016-ի սեպտեմբերի 1-ը համեստ ներդրումով ունենալ հարմարավետ մարզական խաղահրապարակ: Մնացածը՝ ի տես, Կրթական պարտեզի ճարտարապետների նախագծում ակնհայտ է, ֆունկցիոնալ, մատչելի-արդար՝ ևˊ կրթական պարտեզի ուսումնական հաստատությունների սովորողների, ևˊ թաղամասի տարատարիք բնակիչների համար: Ոչ մի թանկ-պպլան-ցուցադրական-անհարմար ճոխություն՝ պարզ-հիգիենիկ-հարմար, կանաչ տարածքով ու յուրօրինակ լուծումներով, որում մեծ, հնարավորինս մեծ կլինեն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողների և ուսուցիչների «Սեբաստացի» հիմնադրամի ջանքերը, յուրաքանչյուր շահառուի ներդրումը՝ գնահատելի… Որքա՜ն գումար է անհրաժեշտ 2016-ի այս նկարագրված նախագիծը մինչև սեպտեմբերի 1-ն ավարտելու համար: Դժվար չէ հաշվել, վերցրեք նմանատիպ խաղահրապարակ-կանաչապատ տարածքների համար 2015-ի մայրաքաղաքի մեկ քառ. մետրի տենդերային գինը, բազմապատկեք նախագծում դրված սարալանջի մակերեսով ու բաժանեք երկուսի: Ասված է՝ «Կրթական պարտեզի» համար պահանջվող գումարի ուղիղ կեսը քաղաքային նախաձեռնության հոգսն է՝ իմ անձնական պատասխանատվությամբ:
- «Կրթական պարտեզի» հյուսիս-հարավ ուղղությամբ կասկադի ճառագայթ՝ դեպի կրթահամալիրի Մեդիակենտրոն ու Գեղարվեստի դպրոց, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 93 և 98 նախադպրոցական ուսումնական հաստատություններ, կառուցապատվող սարալանջից (սանդուղքների արանքում) մինչև թիվ 181 և կրթահամալիրի Մայր (նախկին թ. 183) դպրոց գործող այգի-հրապարակներ, մանկական գործող խաղայգի։
- Կրթական պարտեզի կասկադի արևելք-արևմուտքի ուղղությամբ ճառագայթ՝ երկու գծով՝ կրթահամալիրի Քոլեջի, «Սեբաստիա» պտղատու այգու (... քառակուսի մետր), «Մալաթիա Սեբաստիա» վարչական շրջանի թիվ 95 նախադպրոցական ուսումնական հաստատություն, «Վահան Ասատրյան» պուրակ (... քառակուսի մետր), թիվ 181 դպրոցի կառուցվող խաղահրապարակ (... քառակուսի մետր), Երևանի քաղաքապետարանի թիվ 181 հիմնական դպրոցի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մայր դպրոցի գործող այգի-հրապարակ կամ զբոսայգի (... քառակուսի մետր), կրթահամալիրի «Սեբաստիա» մարզադաշտով (... քառակուսի մետր) մինչև Բաբաջանյան փողոցից երկրորդական փողոց ու թաղամաս մտնող փողոց: Կրթական պարտեզի մի մուտքն այս փողոցից, մյուսը՝ Րաֆֆու փողոցից, երրորդը՝ Զորավար Անդրանիկից։
- Կրթական պարտեզի հյուսիային, արևմտյան, արևելյան մուտքերի շեշտում-բարեկարգում, մուտքերի և շրջանաձև հեծանվուղու նշագծումը, ավտոկայանատեղիների և հեծանակայանատեղիների որոշում։
Բոլոր տարածությունները նախագծողների կողմից չափվում են. թվերը նախագծում կճշտվեն։
Կրթական պարտեզի նախագծով կառուցվող թիվ 181 դպրոցի մանկական մարզական բացօթյա խաղահրապարակի համար բավարար կլինեն թիվ 181-ին 2015-ին ցանկություն-ցանկապատի հատկացումները: Ոչ ավելի, քանզի բավարար է: Պակասող գումարը կլրացնի քաղաքացիական նախաձեռնությունը:
Կրթական պարտեզը՝ իր ուսումնական շենքային պայմաններով, անվտանգ ու հարմար հեծանվուղով, ազդելու է բնակելի ողջ թաղամասի զարգացման վրա։
Կայանատեղի՝ վերգետնյա անցումի մոտ. 1-ին հեծանվային ծառայությունը։
Կրթական պարտեզը ամառային երևան ճամբարի հարմար միջավայր:
Հետգրություն։ Մենք. 30 տարի Բանգլադեշում
Այոˊ կրթական պարտեզին, որ ահա, երեսուն տարի՝ որպես հոմանիշ մեր հեղինակային մանկավարժության, կառուցում ենք մենք՝ Բանգլադեշ կոչվող քար ու քռի մեջ, կրթահամալիրի մեր Բանգլադեշում… Եվ այդ պարտիզպանությունը, որպես անընդհատ բարեխիղճ աշխատանք, փոխում է մեզ, պարտիզպանի որակներ պահանջում ու դրսևորման՝ անհատական-ստեղծական, խմբային-ստեղծական ինչպիսի՜ դաշտ: Ահա, 2016-ի Նոր տարուն որպես նվեր ինքներս մեզ ու յուրաքանչյուրիս, մենք խիզախում ենք ընդարձակել այդ պարտեզը, որպես մի նոր խմբային աշխատանք՝ «Կրթական պարտեզ բնակելի մեր արվարձանում»՝ Հարավարևմտյան զանգվածի Բ-1 թաղամասում՝ ունենալով Երևանի քաղաքապետարանի գործուն աջակցությունը: Նոր մարդիկ, նոր խմբեր՝ անծանոթ մարդկանցով խառը խմբեր, բայց պարտիզպանի աշխատանք ու գործունեություն: Ես դադար ունեցա այսպիսի հրապարակային «այո»-ից առաջ ու, մեկուսի, տանն աշխատեցի երեկ. «Կրթական պարտեզ» նախագծի 2016-ի աշխատանքը, անելիքը մեր, ահա, ներկայացնում եմ Դավիթ Բլեյանի միջոցով: 2016-ին հինգ տարեկան դարձող Դավիթը, որպես ուսումնական աշխատանք, իր ընկերների, ուսուցիչ-դաստիարակների, իր հայրիկի-մայրիկի, հարազատների հետ կներգրավվի պարտեզի աշխատանքներում:
- Բացվել է 2169 անգամ