Կրթական պարտեզում չեն կռվում, այոˊ, չեն պայքարում, ապրում են…
Primary tabs
***
Մենք՝ մեր կրթահամալիրի-պարտեզի հետ ակտիվ հարաբերվող, պարտեզում ապրող… Մայր դպրոցը մեր՝ իր արևելք-արևմուտք, հյուսիս-հարավ՝ չորս կողմ տարածվող, շենքն օղակած բակով-տարածքով, մարզադաշտով, պուրակով և անցումներով, հեծանվաուղով, լանջերով՝ դեպի բրուտանոց ու հայրենագիտական կենտրոն, մարզական ակումբներ բացվող, ներսով-դրսով՝ ավելի ու ավելի պարտեզ է հիշեցնում… Ես հիմա հաճախ եմ շրջում այս մեր նոր առաջացած հսկա Մայր պարտեզում, երեկ՝ Մարգարիտ Սարգսյանի, դրանից առաջ՝ Մարթա Ասատրյանի, Արթուր Շահնազարյանի հետ… Երբ հյուր ենք ունենում, նրան դարձնում ենք պարտեզի այցելու… Վերջում էլ անպայման պարտեզ-տանիքից՝ դիտարանից մեր նայում ենք… Ինչո՞ւ են Մայր դպրոցի բնակիչները քիչ զբոսնում պարտեզում, ինչո՞ւ ավելի մասնագիտացված չէ խնամքը, ինչո՞ւ է այսքան զո՜ռ փոխվում, իմ պարտադիր ճնշմամբ…
«Սեբաստիա» մարզադաշտը, որը կառուցվեց-բարեկարգվեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի աջակցությամբ, այսօր բաց է թաղամասի բոլոր տարիքի բնակիչների համար. հեծանիվ, վազք, բացօթյա-մարմնամարզություն, լողափնյա վոլեյբոլ, ֆուտբոլ, նետաձգություն, ռազմամարզական խաղեր, հրաձգություն… 2014-2015-ին անցկացվեց ամենամյա «Բանգլադեշ-արվարձան» պլեները, որին մասնակցեցին սովորողներ, ուսուցիչներ Արցախից, Վրաստանից, մարզերից։ Պլեներն ուղղակի ազդեցություն ունեցավ շրջակա միջավայրի վրա ոչ միայն կրթահամալիրի տարածքում. դրա շրջանակում սովորողները մասնակցեցին Բ-4 թաղամասում Յու. Բախշյանի անվան մանկական այգու բարեկարգմանը, Բ-1 թաղամասում իրականացվեցին ձևավորման առանձին ակցիաներ:
Եվ թեթև, բարձր ճախրելով, այսպես… դեպի վեր, իհարկե, դեպի գեղարվեստ… թե չէ, ծանոթ-անծանոթ, իննսունութ աստիճան… տեղ չես հասնի, կամ անեծքդ էլ հետը կլինի… Սլացեք նոր փոխադրամիջոցով բանգլադեշյան, որ կոչվում է կրթական պարտեզի աստիճաններ, դեպի Մայր դպրոց: Սրա այլընտրանքը ո՞րն է, շարժասանդո՞ւղք… Մենք հեղինակում ենք բետոնե սանդուղքը՝ որպես մարմնամարզական վարժասարք, ու սկսում ենք այն ներառել կրթական պարտեզում՝ հիգիենիկ, անվտանգ ու հետաքրքիր միջավայրում՝ դարձնելով այն ուսումնական-օգտակար՝ բոլոր տարիքի մարդկանց համար… Բրավո՜, տղաներ ու Սոնա Փափազյան:
Կրթահամալիրի մարմնամարզության մարզիչ Գինեսի ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյանը ուրախ լուր է հաղորդել. ՌԴ Կրասնոդար քաղաքում մեր լրացուցիչ կրթության սան Վրեժ Դանիելյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ այդ բնագավառում առաջին միջազգային նվաճումը անկախ Հայաստանի պատմության մեջ: Ուրախ եմ, Դավիթ, հաջողության համար: Խերով դահլիճ է։ Աշխարհի մարզասրահներ տեսած Դավիթը խնդրում է մեր մարմնամարզական դահլիճում մարզադահլիճը հանդերձարանից բաժանող պատը հանել և տեղադրել մինի տրիբունա՝ 3 շարքով, որ կապահովի 50 նստատեղ։ Ես տվել եմ իմ համաձայնությունը. իհարկե, ժամանակին առաջարկ է: Ես այդ հանդերձարանի պատը երբեք չեմ հավանել. հիմա պարզվում է, որ իր տեղում չէ: Թող ազատի տրիբունայի տեղը, տրիբունան թող շուտ գա, ես ուզում եմ նստել այդ տրիբունայի վրա և ծափահարել:
Ամեն ամառ՝ հունիսի 1-ից սեպտեմբերի վերջը գործում են կրթահամալիրի կրտսեր դպրոց-պարտեզների բաց լողափերը, 2016թ. կգործարկվի նաև պատանեկան բացօթյա լողավազանը: 2016թ. նախատեսվում է անցկացնել ռազմամարզական ազգային խաղերի բաց առաջնություն դեռահասների համար, մարզական բաց խաղեր ուսուցիչների համար:
2015-ին նորոգված կրթահամալիրի բրուտանոցը հետաքրքիր-գրավիչ վայր դարձավ, որտեղ Անի Հովհաննիսյանին ու իր ընկերներին հանդիպում ես տարերքի մեջ… Նոր տարվա տոներով-աշխույժով կլցվի մեր նոր արհեստանոց-ուսումնական կենտրոնը՝ մեր հայրենագիտական-արշավականը… Չորս հարյուր քառակուսի մետրանոց այս տպավորիչ տարածքը մեր հայրենագետ մեծ ու փոքրի համար Ձմեռ պապի նվեր է….
Խորեն Հազարումյանը խոսում է մեր գյուղացիական տնտեսության հոգսերից. տնտեսության Ռոքսի շան համար անհրաժեշտ է փայտից վանդակ, ձիանոցի պատուհանները պիտի պատրաստվեն, անհրաժեշտ է մետաղական շղթա և շան վզկապ:
Իհարկե։ Վահրամ, Խորեն, Պետոյի միջոցով արագ սկսում ու ավարտում ենք մեր անասնագոմ-ձիանոցի ամբողջ շենքի պատուհանների տեղադրումը: Մեր խորհրդանիշ Ռոքսին պիտի ունենա տարածաշրջանի ամենագրավիչ-հարմար տնակը: Հայտարարում եմ բաց մրցույթ այդ տնակի նախագծի համար: Մետաղական շղթան և շան վզկապն էլ պետք է լինեն ադամանդակուռ: Ռոքսին ինչ-որ շուն չէ, այլ մեզնից յուրաքանչյուրի բարեկամը: Իմ բլոգը խստիվ կհետևի: Մի՛ մոռացեք նաև մեր բադիկներին: Քանի որ դեկտեմբերի 27-ից հունվարի 10-ը աշխատելու ենք ուսումնական արձակուրդի ռեժիմում, պիտի այսօրվանից մտածել յուրաքանչյուր թաղարային բույսի, ծաղկի, կենդանու ապահով ձմեռման մասին: Սկսեցինք:
Այս օրերին ինձ զբաղեցնում է ոչ միայն «Սեբաստիա» համերգասրահի արդիականացումը… Մարմարյա սրահը 2016-ին կունենա յուրաքանչյուրի մասնակցությանն ավելի հարմար միջավայր… պարզ-էժան, վաղուց հասունացած լուծումների արդյունքում... Մարմարյա սրահ, ցանկացած կրթահամալիրային հանդիսասրահ, դահլիճ, կաբինետ պիտի մտնել անվերարկու, առանց պայուսակների, ավելորդ իրերի, որոնք կաշկանդում են, սպասասրահի են վերածում միասնական թե խմբային-դասարանային պարապմունքը… մարդուն դարձնում հանդիսատես: Նախ՝ կրթահամալիրի բոլոր դպրոցներում տաք է, հետո՝ ո՜ւր ես շտապում, հարմար տեղավորվիր. այստեղ քո կյանքն է, քո աշխատանքը… որի համար դու ունես անհրաժեշտ միջավայր, ուսուցման միջոցներ…
Իսկ ի՞նչ իրարարանցում է սկսել առաջացնել մեր «Կրթական պարտեզ» նախագիծը քաղաքապետարանում, Մալաթիա-Սեբաստիա վարչակազմում, հրեն, թիվ 181 դպրոցում… մեր սովորողի և ուսուցչի մեջ, անգամ… Ի՜նչ ժամանակին փլուզվում են մեր մետաղյա ցանկապատերը… Ժամանակն է, չէ՞, որ փոխանցվի այն նախագծի գլխավոր շահառուին և իրականացնողին՝ Հարավարևմտյան զանգվածի Բ-1 թաղամասի բնակչին… ա՜յ, կլինի նախագիծ-բոմբ… Հասկացությունը միանգամից քաղաքականացավ՝ մարդու ժամանակն է, մեր կյանքի ժամանակը, այսօր, հիմա ու միշտ… Մենք՝ սեբաստացիներով, մեր հեղինակային կրթական ծրագրով… սրան պատրաստ ենք… Ա՛յ սրան է, որ կուզեմ՝ ձեր, այոˊ, ազա՜տ գործուն կարգապահ մարդու… ժամանակը մեր ազատությամբ, որ կարգապահ գործունեության համար է… Մեր կրթական պարտեզում, մեր թաղամասում իսկը անօդաչու ունենալու ժամանակն է, Գնել Հարությունյան, Էմանուել Ագջոյան և ընկերներ…Վերևից նայի՜, վերջապես նայի-տեսնի-գրանցի մեր ժամանակը՝ իրական մարդու իրական շարժում՝ գործողությունների մեջ, մեր թաղամասի բնակչի՝ մեծով-պստիկով իրական շարժը… Մենք՝ մեր «Կրթական պարտեզ» նախագծի առաջարկ-սխեմայով, ճարտարապետ Արտավազդ Թարխանյանի գծանշմամբ-լուծումներով հենց այդպիսի հայացքով ենք նայել՝ с птичего полета… Շտկումների ժամանակն էլ կգա, իհարկե, հենց իրագործման ընթացքում, երբ թաղամասի մարդը իր սովորող-բնակչով, ուսուցիչ-բնակչով, իր ժամանակի մարդով կսկսի իրագործումը… որը վաղո՜ւց ընթացքի մեջ է… Տեսա՞ք՝ ի՜նչ կենդանի ֆիլմ արեց մեր «Սեբաստացի TV»-ն, ի՜նչ ֆոտոշարք՝ Արմինե Թոփչյանը՝ իր սաների հետ՝ պտույտով թաղամասում… Ես, որ անհամբեր սպասում եմ Քոլեջի շահառու-սովորողների, Ավագ դպրոցի ծանրակշիռ խոսքին՝ որպես իրենց ժամանակի հերոսներ…
Առավոտվա ինը ես դիմավորեցի Մարմարյա սրահում, մասնակցեցի խորհրդակցության – «պիտիմինուտկա» անցկացրի ընդհանուր պարապմունքին՝ Միջին ու Ավագ դպրոցի… հետո հանդիպեցի հաշվապահներին, անցա մեր շինարարության բարելավման վայրերով, հանդիպեցի տեղերում տասնյակի չափ աշխատողների, եղա անգամ գյուղացիական տնտեսությունում. մեր ձիանոցի կառուցումը մոտենում է ավարտին… Մասնակցեցի կրթահամալիրային աղբահանության ֆլեշմոբին, ու այսպես անընդհատ՝ մինչև երեկոյան ութը, հասցրի թողարկել իմ օրագիրը, «Սեյրան Ավագյանի գալուստն իր ժողովրդին» տեսարանը վայելել… հարցազրույց-տեսազրույց տալ «Ա1+»-ին, «1in.am»-ի լուրերի հյուրը եղա՝ տաղավարում իրենց, նորամուտ նշեցի՝ 106.5՝ «Իմպուլս» ռադիոկայանի, խորհրդակցություն ունեցա մանկավարժական լաբորատորիայում ու, ոտքի վրա, մոբիլ իմ կաբինետներում տասնյակ առանձնազրույցներ ունեցա դրսում-ներսում դպրոցների և ուսումնական կենտրոնների ղեկավարների, կազմակերպիչների, սովորողների, ուսուցիչների… ծնողների հետ… Պատկերացնո՞ւմ եք այս կյանքը՝ կաբինետ-սպասասրահ-քարտուղար անշարժ եռանկյունում, ես քանի՜ մարդու իր առօրյայից-գործից պիտի կտրեի՝ իմ ու իրենց առողջության հաշվին… Բայց գլխավորը՝ ես խորին հարգանքով ժամանակ գտա՝ իրենց հարմար, ու կարողացա անմիջական ուղեկցել նոր՝ հնարավոր պատվիրատուին. պապիկին, որ որոշել է հենց Բլեյանի հետ ճշտել թոռանը մեր կրթահամալիր տեղափոխելու հետ կապված իր որոշումը, ու իմ վաղեմի կրտսեր բարեկամ Միքայել Հովհաննիսյանին, ով իր կնոջ ու երկու դպրոցահասակ երեխաների հետ այցելել էին կրթահամալիր՝ ծանոթանալու… Ես նրանց ընդունեցի Բաբաջանյանի վերգետնյա անցումի հարևանությամբ, ու ընտանիքի հետ քայլեցինք «Յուրի Բախշյան» մանկակական այգով՝ Դպրոց-պարտեզ… Շտապել չի կարելի այստեղ. սա իմ, ձեր, Տաթև Բլեյանի ու Սոնա Փափազյանի գլխավոր գործն է՝ մեր կրթության պատվիրատուին իրեն հարմար եղանակով ներկայացնելը մեր հեղինակած մանկավարժությունը… Բայց գլխավորը՝ ճարտարապետի, Արտավազդ Թարխանյանի հետ, ում քաղաքապետարանը ճանաչել է արդեն որպես «Կրթական պարտեզ» առաջարկի ծրագրի նախագծող, նորից տեղում, կրթական պարտեզում քննարկեցինք նոր զարգացումներ ու լուծումներ…
Իսկ կրթական պարտեզում գարուն է… ատամների կրճտոց… ոչ մի կիսատ-պռատ գործ 2015-ին, օրվա հոգսով ամեն օր ու յուրաքանչյուրս՝ լեցուն… Ի՜նչ հիացմունք է պարգևում Նոր դպրոցի քարափը՝ կրթական պարտեզը բացող «զաբոռների» խորտակումը… Շնորհակալ եմ, Նառա Նիկողոսյան, Ձյունանուշ քույրիկ, ես իմ նվերը ձեզնից ստացա… Բացե՛ք մեր հայացքը, մեր այդ բնական՝ Բանգլադեշի կառուցումից առաջացած քարափները մաքրե՛ք հիմա… Գարուն է մեր պարտեզում… Այոˊ, Մարթա Ասատրյան ու Գեղարվեստ, մեր պարտեզի սարալանջի աղբակույտերը վերացրեք՝ խրախճանքով մի՝ որպես ցույց «нет» աղբին: Կրթական պարտեզում որևէ ձևով ո՛չ մի ցանկապատ-ո՛չ մի աղբ-ո՛չ մի բաժանում-անջրպետ-նեղացում-չհասկացում… Էլ ի՜նչ Նոր տարի, նոր մեկնարկ-բեկում, հենա էս բոլորից հին տարում՝ անցնող-անցած, լիուլի կար… Անցուկը մոռցուկ կըլլա… Նեղանալ… չենք կարող. հայորդաց տանն իմ խոսքում ասացի՝ ծանոթ-անծանոթ, ի՜նչ նեղանալու շռայլությունից եք օգտվում… այն մեզ թուլացնում է, թույլ չի տալիս հանդիպումը գործի վերածել, իրար ճանաչել, միասին շարունակել աշխատել, եթե նույն գործը պիտի անենք, եթե այլ բան մեր մտքում չկա, նեղանալս ո՜րն է, դա ի՞նչ իրավունք է, որտե՞ղ է գրված, ասեք՝ բացենք, կարդանք… Որ ի՞նչ…
****
Կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիայում (Մեդիակենտրոնի հոմանիշն է) մի քանի տարբեր առիթներով մեր խոսակցության կենտրոնում Մանուշակ Աբրահամյանն է՝ սեբաստացի չորրորդ ու վեցերորդ դասարանցի Արտյոմ և Գոհար Ստեփանյանների, մեկ ամսական Արփիի մայրիկը, ով ֆիզարձակուրդում Գևորգ Հակոբյանի խմբագրությամբ Լուսինե Պետրոսյանի հետ՝ թարգմանում է Այզեկ Ազիմովի «Թվեր: Թվաբանությունից մինչև բարձրագույն մաթեմատիկա» և Իգոր Առնոլդի «Թվերի ընտրության և թվաբանական խնդիրների կազմության սկզբունքները» աշխատությունները, Մարինե Ամիրջանյանը՝ սեբաստացիներ մեկ տարեկան Գրիշա, յոթերորդ դասարանցի Նարեկ և տասնմեկերորդ դասարանցի հայտնի Էմմա Իսախանյանների մայրիկը, Սուսան Մարկոսյանի խմբագրությամբ ավարտեց Մասարու Իբուկայի «Երեք տարեկանից հետո արդեն ուշ է» գրքի թարգմանությունը և շարունակում է Քեն Ռոբինզոնի «Մտածեք այլ կերպ»-ը… Երկու սիրելի, անխոնջ աշխատավորներ, սքանչելի երիատասարդ կանայք, հեղինակային ծրագրի լավ ուսուցիչներ, որոնք նաև նոր կենցաղային պայմաններում, տեսեք, ի՜նչ հուզիչ բարեխղճություն են ցուցաբերում, կարծեմ մեր՝ իմ, Յուրա Գանջալյանի, Սուսան Հովհաննիսյանի նշանավոր դարձրած սոցիոլոգ Սթիվ Ջոնսոնի բառերով ասած՝ «ծածուկ բարերար ազդեցություն» են շարունակում գործել մեր աշխարհի, տեսեք՝ ինձ վրա… Տեսա՞ք՝ ի՜նչ արագությամբ Յուրա Գանջալյանը կարդաց մեր Սթիվ Ջոնսոնի անգլերեն «Ամեն ինչի վատը լավ է քեզ համար» աշխատությունը, ներկայացրեց մեզ ու դեռ իր գրածի չափ քոմենթ էլ գրեց… Թարգմանությունը, որպես հեղինակային կրթական ծրագրով անընդհատ գործունեություն, կապ է արձակուրդի՝ ֆիզիկական միջավայրում գործունեության դադարի մեջ գտնվող մարդու համար՝ որպես հանրակրթության ամենահարմար ձևերից մեկը… Ես անհամբեր սպասում եմ Մարինեի, Մանուշակի հրապարակումներին՝ թարգմանչի գործի, ինքնազգացողության, գործիքների, նրա կենցաղի, կյանքի, արհեստանոցի մասին: Իսկ Անահիտ Հարությունյանին խնդրել ենք մեր սոցիոլոգ-գնահատող Լուսինե Ալեքսանյանի հետ մի համեստ-ցուցադրող ուսումնասիրություն անել, թե այս թարգմանությունները կոնկրետ ինչպես են ազդում ֆիզիկական կրթական միջավայրում նրանց գործընկերների վրա… Ինչպե՞ս են Մարինեի-Մանուշակի ընկերները «Դպիր»-ում կարդում այս հրապարակումները, որ կարդում են, ի՞նչն է փոխվում նրանց գործունեության մեջ, ինչպե՞ս են տարածում… Մեկն էլ շիտակ, էլի Սթիվ Ջոնսոնի օրինակով դներ ու մեզ ապացուցեր՝ ինչո՞ւ չի կարդում, և ճի՞շտ է անում… Հայերեն լեզվով մասնագիտական ընթերցանության նյութեր ստեղծողի և ընթերցողի մասին «Դպիր»-ում այսպիսի հասկացությունն ինձ պահանջված թվաց… Իսկ տեսա-էլեկտրոնային խաղերի, ինչպես բոլոր՝ սեղանի ու մյուս բոլոր խաղերի ոչ միայն «ծածուկ բարերար», այլև բացահայտ ազդեցությունն ընդունած Գևորգ Հակոբյանը խոստանում է 2016-ի հունվարյան ուսումնական ճամբարը դարձնել դրանցով աշխուժանալու շրջան, մի նոր նախաձեռնության մեկնարկ, որով մենք կմտնենք նաև ընտանիք ու… կպաշտպանենք մեր՝ համակարգչով խաղացող երեխաներին մեծերի դժվար հաղթահարվող շնչից… Տեսնենք, տեսնենք…
***
Երբ հանդիսատեսներ չկան, ու կան միայն մասնակիցներ՝ իրար աջակցող, օրվա հերոսին կենտրոն բերող-կենտրոնում պահող աջակիցներ համերաշխ… Սեբաստացի հինգ տարեկան՝ նոյեմբերիկներն են Մարմարյա սրահում, կենտրոնում, հետո մարմնամարզական մեծ դահլիճում… Ու տեսեք ի՜նչ մասնակիցների օղակով են շրջապատված՝ ծնողներ բոլոր կարգի, ուսուցիչներ, քոլեջի ուսանողներ, Հասմիկ Թոփչյանն իր 8-րդ դասարանով, այլք… Բոլորը՝ մասնակից, թևերը քշտած, դիտորդ հանդիսատեսը՝ չկա… Ինչ պարզ բանաձև է՝ չկա հանդիսատես. նույն կրթական ծրագիրն է՝ մարզանքը, երգերը, պարերը, ուրախությունը, խաղերը, միասին արքայարմավ ուտելը… Միասին ապրելը, կյանքը… Ու դեկտեմբերյան վայելքի անհամբեր սպասումով պիտի ամեն օր պատրաստենք մեր դեկտեմբերիկի հանդիպումը…
Կրթահամալիրի կրտսեր դպրոցների՝ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրով ավարտական երրորդ դասարանների սովորողների գործունեությունն իմ ուշադրության կենտրոնում է… Գեղարվեստի Կարինե Մամիկոնյանի և Հասմիկ Մաթևոսյանի նախագիծը՝ «Երգող թռչունները», Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցում տպավորիչ է նույնքան, որքան դրա մեդիաներկայացումը… Տեսե՛ք, ի՜նչ ճաշակ, ի՜նչ խոսք, ի՜նչ դինամիկա՝ պատումի… Երկու անգամ լսեցի չորս րոպեանոց այս ռադիոելույթը… Լսեˊք, անպայման, ինչպես Նոր դպրոցի Աշխեն Գրիգորյանի երրորդ դասարանի հեղինակային հաշվետու ռադիո-լրատուն… Բրավո՜… ասում եմ սովորողների ինքնուրույնությանը, մեդիահմտություններին, նախագծային ուսուցման մակարդակին… Ի՜նչ լավ է, որ այսքան հետևողական ենք երաժշտական գործունեության, ծառայության մեջ… Երեկ տեսա երաժշտական գործիքների վերականգնման-նորոգման պատրաստման մեր նոր արհեստանոցը… Երկու նորամո՞ւտ՝ արհեստանոց և Մերի Առաքելյանի՝ «Ֆիլհարմոնիա կրթական պարտեզում» նախագիծը:
Նախագծային ուսուցմամբ իմ հետաքրքրության կիզակետում այս օրերին հասարակագետ-պատմաբան Տիգրանյան Աշոտի «Այլընտրանքային պատմություն» նախագիծն է շարունակում մնալ… Աշոտի ձևակերպումը՝ լրացուցիչ կրթությունն այսպիսի նախագծով սովորողի ամենօրյա հետազոտական գործունեության կազմակերպման այնպիսի կազմակերպում, որ ենթադրում է թարգմանության (օտար լեզուների) և մեդիատեխնոլոգիական գործիքների մշտական գործածում, իսկ նախագծի արդյունքում ուսուցչի-սովորողների, ավելացնեմ նաև, ամենօրյա արդյունքների հրապարակմամբ ստեղծվում-ամբողջանում է պատմության այլընտրանքային էլեկտրոնային ծրագիր՝ Միջին դպրոցի համար… Կեցցեˊք: Ինչու է Հիսուսը ծնվել դեկտեմբերի 25-ին. Միջին դպրոցի Շուշան Ադամյանի այս ուսումնասիրությունը «Այլընտրանքային պատմություն» նախագծի «Կրոնական զուգահեռներ» ծրագրով, ինձ անակնկալի բերեց. նախ՝ ես չէի մտածել այս մասին, ո՜նց չէի հասցրել-հետաքրքրվել մինչև հիմա… երբ ինձ համար իրոք հետաքրքիր-կարևոր է իմ ուսուցիչ Հիսուս Քրիստոսի կյանքն ու գործը՝ ողջ մանրամասնություններով… Հետո ես կլանված-հետաքրքրված էի տեսանյութի ողջ քսան րոպեի ընթացքում… Հետաքրքիր-գրավիչ-կլանված լինելը, համաձայնեք, կյանքի այնքա՜ն պակասող-արժեքավոր որակ է, ինքնին հիմնավորում, եթե կրթությունը քո կյանքն է իրական, քո ժամանակը, քո սեփական ներդրումը՝ ջանքերի, ժամանակի, նյութական միջոցների ձևով…
Այոˊ, Միջին դպրոց, այոˊ, Հերմինե Անտոնյան, ես «Ամենախելացին» տիպի (հիշողության-անգիրի վրա կառուցված) խաղերի սիրահար չեմ… Ի՜նչ լավ է, որ հեղինակային ծրագիրը՝ իր ընտանեկան ֆլեշմոբերով, տո հենց«Մարզելու ենք ուղեղը» նոր խաղով, մեծ թվով մարդկանց, ուսուցիչների համար իրական ընտրություն է առաջարկում: Առա՜ջ…
Նոր տարին երևում է, չէ՞, մեր պարտեզում, և դա այնքան լավ արտահայտվել է… Պարտեզի բլոգներից մեկում… Արտաքին պատերազմներից խաղաղություն չի ծնվում… Սա համոզմունք է, որ ես կարդացի կրթահամալիրի Ավագ դպրոցի իններորդցի Գոհար Հովհաննիսյանի բլոգում. իր և ընկերների համոզմունքն է… Ոչ մի պատերազմ չի՞ բերում ներքին խաղաղություն… «Պետք չէ նաև պատերազմել՝ հասկանալով, որ դա ոչ քեզ է օգուտ, ոչ էլ շրջապատիդ»: Պատերազմի հոմանիշն այստեղ կարող է լինել պայքարե՞լը… Ոչ մի պայքա՞ր… Կրթական պարտեզում չեն կռվում, այոˊ, չեն պայքարում, ապրում են… Այնպիսի կյա՜նք կա, գիտե՞ք, առաջանում է, նոր է, գրավում է, կանչում… Ընտանիքներում դեկտեմբերյան ֆլեշմոբները ծիսական կարգավորում են սկսում ձեռք բերել… Սա էլ մի լաբորատորիա է՝ լաբորատորիաների ուրույն ցանց… Սեբաստացի ցանց: Շնորհակալ եմ… Տեսա՞ք՝ ինչպես երկու-երեք ամսում մեր հեղինակած ուսումնական-ընտանեկան նախագծերի ֆլեշմոբը, մեր պատմաբան-հասարակագետներ Վահրամ Թոքմաջյանի, Աշոտ Տիգրանյանի ձեռամբ վերածվեց ֆլեշ-բոմբի… Ի՜նչ արժանի լսարան եղավ Միջին-Ավագ դպրոցի բլոգերների մի խումբ հայտնի մեդիասրահում Արթուր Բախտամյանի ու Լևոն Գալստյանի համար՝ իրենց ներկայացրած «Չարտասանված նոբելյան ճառեր» ֆիլմին… Նոր անվանակարգ եմ հայտարարում՝ որպես հանրակրթության ցուցանիշ՝ «Նոբելյան մրցանակի արժանի լսարան»…
Աիդա Պետրոսյանի փորձով նորացվող ծննդյան ծեսը պիտի մեր բոլորիս ամանորյա շռայլությունը բերի՝ որպես կոլաժային նոր լուծումների-իրականության այլափոխման-անսովորականի ես ի՜նչ գիտեմ՝ ինչպիսի՜ ձևեր-թափեր ընդունող այս նոր ընթացքի մեջ. Աիդան ու մեր ոգևորված դաստիարակները թույլ չեն տա, որ սա միջոցառում դառնա, մի նոր պարապմունք, ընդամենը… Ո՛չ, պարտեզ-բնակարան նոր կապուղի է հաստատվում, մի տեսակ, նոր փոխադրամիջոց… երբ քո ձեռքի տակ եղած բոլոր իրերը, որպես պիտույքներ, սկսում են ոչ թե խանգարել, սոսկ լինել, այլ շարունակում են ապրել, այլ դառնալ, մտնել նոր կապերի մեջ…
Սուրբ Ծննդյան հունվարի 5-ը միասին կանցկացնենք, մեր հաստատած բարի-անսասան սեբաստացիական ավանդույթով-տոնացույցով, Մեդիակենտրոնում, իսկ հունվարի 6-ի առավոտյան կշարժվենք… Դե, ասեˊք՝ այս անգամ ոˊր եկեղեցի, միասին Ավետիս տարածելու և Սուրբ Ծննդյան պատարագ լսելու… Առաջ հո չընկա՞, այսօր վճռական օր է պատրաստության համար մեր դեկտեմբերի 16-ի համերգի. մենք մեր ուսուցչական, պատանեկան, մանկական երգչախմբերով, վոկալ խմբերով երաժշտական լաբորատորիայում երգում ենք Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում և Հայորդաց տանը… Թափառելու ենք իրիկնային Էջմիածնով… Հզոր լիցքեր առնենք ու տարածենք… Ավետի՜ս… Այս՝ ավանդական դարձող կյանքի մեջ է հեղինակային կրթական ծրագրի իրական այլընտրանքը… Չթուլանաք, ողջ ուժով, թափով, հավեսով, զի՜լ ձայնով… Լսելի…
Չտեսնել-չհիանալ չեք կարող, ի՜նչ ժամանակին մեր բակերն ամանորյա հեքիաթի կանչ են ստանում՝ գույներով-ձայներով-լույսերով… Ինչպես «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը ճգնաժամը ոչ միայն հաղթահարեց, այլև մաեստրոյին՝ մեր Հարություն Թոփիկյանին ինքնավստահությունն ու առաքելականությունը վերադարձրեց։ Ի՜նչ ժամանակին կատարված իրարանցում է Էջմիածին քաղաքի համար, Սվետա Ճաղարյան և ընկերներ, մեր այսօրվա համերգ-ներկայացումը…
Ձմեռ պապի նվերը՝ նախածննդյան-ամանորյա ուսումնական ճամբարի տեսքով, մեր՝ բոլոր տարիքների սեբաստացիներիս կյանքը դեկտեմբերի 21-ից 25-ը կազմակերպելու մասին, տեսանելի խանդավառություն առաջացրեց… Ամանորյա ուսումնական նախագծերի ուրբաթ օրվա մեդիապարապմունք-ներկայացումն այդպիսի սպասված ճամբարի լավ մեկնարկ էր…. Ու սրանով շաբաթ-կիրակին մեր կդառնա կամավոր-ընտրված-խանդավառ լրացուցիչ կրթություն-աշխատանք երկուշաբթի սկսվող ճամբարային կյանքի պատրաստության համար։ Ճար չունենք։ Նոր գինին՝ նոր տիկերի մեջ. ասված է արդեն։ Այո, նոր ուսումնական բովանդակություն է ձմեռային ճամբարի շաբաթը, որն արագ պիտի ձևակերպվի, անհատական մակարդակում հասկանալի լինի յուրաքանչյուր սեբաստացու՝ ուսուցիչ, սովորող թե ծնող… Եվ այս նորը՝ Տոնը որպես ուսումնական կարողությունների դրսևորում, պիտի որպես համատեղ աշխատանք կազմակերպվի, գրավիչ-հարմար-համապատասխան ձևեր ստանա… Մենք սրա համար և՛ միջավայր ունենք ֆիզիկական, և՛ սեփական հեղինակային փորձառություն:
Ավագ դպրոցի մեր սովորող Կարինե Կիրակոսյանին՝ «Անպատ դպրոցի սովորողը» հրապարակման հեղինակին, արձագանքում եմ՝ խիզախե՛ք որպես ուսանողներ՝ փլուզելու բուհական ուսումնառության խոչընդոտ դարձած պատերը… Քանի՜ տարի, «անպատ դպրոցի» քանի՛ շրջանավարտ ուսումնառության 4-6 տարի հարմարվում է հասարակական կյանքից խուլ պատերով մեկուսացված բարձրագույն ուսումնական հաստատություններում: Ինչո՞ւ… Իսկ կրթահամալիրի միջին ու ավագ դպրոցի քանի՞ սովորող ի՛նչ պատեր է քանդել կրթահամալիրում, ազատության բաց հասարակության ընդարձակման, ի՞նչ նախագծերի հեղինակներ են դարձել: Լավ-վատ, ընդամենը օգտվել են մեր աշխարհից, ինչպես հայաստանցիները, երբ հայտնվում են Արևմուտքում: Բա ո՞վ է Հայաստանում Արևմուտք ստեղծելու, կամ ինչպե՞ս է ասիական Հայաստանը Եվրոպա դառնալու..
***
Սկսում ենք առցանց կապի հաստատմամբ, որպես համատեղ ուսումնական նախագիծ՝ դպրոցի, կրթահամալիրի կանոնադրությամբ ու ՀՀ օրենքով պարտադիր՝ դպրոցների 2016-2018 թթ զարգացման ծրագրերի մշակումը: Մեր չորս դպրոց-պարտեզների համար դրանց մշակումը խմբային աշխատանք կարող է լինել՝ մեկ զարգացման ծրագիր՝ իր առանձնահատկություններով: 2016-ի հունվարին կրթահամալիրի խորհրդին ես, զարգացման ծրագրերն ունենալով, ինքս գործուն, ինչպես յուրաքանչյուր սովորող և ծնող, դպրոցի բարեկամ, մասնակցելով դրանց ստեղծմանը, կներկայացնեմ խորհրդին, դրանց իրագործողներին՝ որպես հաստատուն ղեկավարների… Հետո դրանց հիման վրա կկազմվի կրթահամալիրի զարգացման 2016թ. և 2017-2019թթ միջնաժամկետ ծրագրերը։ Այսպես է լինում միասին-ը
Չեղա՞վ, եղավ զարգացում, զարգացման ծրագիր կոչվածը, որ հավաստագիր ունեցող-չունեցող դպրոցի ղեկավարի մեր հավակնորդները՝ Շամիրամ Պողոսյանը, Արմինե Թոփչյանը, Տաթև Բլեյանը, Նառա Նիկողոսյանը, Նվարդ Սարգսյանը, Մարթա Ասատրյանը, Մարգարիտ Սարգսյանը 2016-ի հունվարի վերջին իմ միջոցով պիտի ներկայացնեն կրթահամալիրի նորակազմ խորհրդին… Յուրաքանչյուր դպրոցի ամեն մի սովորող-ուսուցիչ-ծնող կարող է ու պիտի մասնակցի-յուրացնի-համաձայն լինի միջնաժամկետ (2016-2018)՝ իր կրթական նախագծի իրագործմանն ուղղված գործողությունների պլանին… Ահա ինչու՝ բաց-մշտական-հարմար մեդիաֆորումները քննարկման պարտադիր ձևեր են, ինչպես Ավագ դպրոց-վարժարանը սկսեց, ինչպես օրինակը ցույց տվեց մեր արհմիութենական կազմակերպության նախագահ Հերմինե Անտոնյանը… Քննարկում՝ երես առ երես, խմբով՝ սպոնտան ու որոշակի, մեծ խմբերով, անորոշ խմբով՝ ֆիզիկական ու մեդիամիջավայրում… մենք պիտի ազատվենք անհոգի-ձևական (ներկան գրանցելու-մի բան ասելու-իբր լսած լինելու համար) գոյությունից… Ասված է՝ սոսկ հանդիսատես չենք հանդուրժելու՝ 2015-ի այս գրից… շարունակած… Մերն է, չէ՞, մեր կրթականը, աշխարհ է, չէ՞, ի՜նչ արհեստականություն, սա չէ՞ ձերը. հասուն մարդիկ ենք՝ սովորող թե ուսուցիչ-ծնող, ընտրեˊք ձեր տունը, ձեր աշխարհն ու ապրեք այնպես, որ ձեր ընտանեկան տանը շարունակեք այդ կյանքը…
- Բացվել է 1449 անգամ