Սովորեցրեք ձեր սեփականը
Primary tabs
Հեգնանք
Դպրոց հաճախելու մասին մի պատմության մեջ «Բոստոն Գլոբ» օրաթերթը գրում է. «Սովորական օրերին դպրոցական համակարգում սովորող 65.000 երեխաների 70 տոկոսն է դասի հաճախում»: Ոչինչ չի ասվում մնացած 30 տոկոսի մասին: Ովքե՞ր են նրանք: Ինչո՞ւ են մնում ստվերում: Ի՞նչ են դպրոցներն անում նրանց համար:
Պատասխանն այն է, որ երևի նրանց մեծ մասն աղքատ է, և դպրոց չեն գալիս, քանզի ատում են դպրոցն ու, եթե անգամ առանձնապես ուրիշ ոչինչ չունեն անելու, տեսնում են, որ դպրոցը ժամանակի կորուստ է և ոչինչ չի անում իրենց գրավելու համար:
Այստեղ հեգնանք կա: Պարտադիր դպրոց հաճախելու մասին օրենքները գրել են հարուստ մարդիկ՝ նկատի ունենալով աղքատ երեխաներին: Ըստ էության, հարուստներն ասել են. «Մենք կրթված մարդիկ ենք և միանգամայն ունակ` կրթելու մեր սեփական երեխաներին, իսկ դուք, աղքատներ, թքած ունեք ձեր երեխաների վրա և նույնիսկ ցանկության դեպքում չեք կարող նրանց որևէ բան սովորեցնել, որովհետև ոչինչ չգիտեք: Եվ ուրեմն, եթե ողջ օրը չկողպենք այդ երեխաներին դպրոցներում, նրանք կվազվզեն փողոցներում, անախորժություն կպատճառեն, վատ սովորություններ ձեռք կբերեն, կդառնան հարբեցող ու հանցագործ: Պետք է նրանց դպրոց տանենք, որպեսզի հնազանդ, ջանասեր աշխատող բանվորական ձեռք ստանանք »:
Ամենազավեշտալին այստեղ այն է, որ եթե դու իսկապես հենց այն երեխաներից ես, որոնց սկզբում ի նկատի են ունցել պարտադիր հաճախումն ամրագրելիս, ողջ տարին կփախչես դպրոցից, և ոչ ոք ուշադրություն չի դարձնի: Յուրաքանչյուր օր փողոցները լի են երեխաներով, որոնց դպրոցը պիտի փողոցից զերծ պահեր: Սակայն եթե դուք այն քչերից եք, որ իսկապես մտածում են իրենց երեխաների աճի մասին և ուզում են այդ աճը խթանելու պատասխանատվություն կրել, դպրոցները կարող են բղավել ձեզ վրա՝ վկայակոչելով դատարաններն ու բանտերը:
Այդուհանդերձ, հենց վերջերս մեկն ուղարկել է մեզ նոր մի պատմություն ֆիլադելֆիացի մի հոր մասին, որը սեփական ուսումնասիրությունների շնորհիվ պարզել էր, որ իր որդու միջնակարգ հանրակրթական դպրոցում սովորական մի օր աշակերտների կեսից ավելին բացակա է, ցուցանիշ, որ շատ ավելի բարձր է պաշտոնականից: Հասկանալով, որ սա ամեն կերպ նվազեցնում է որդու դպրոցի որակը, հայրը պահանջել է, որ դպրոցի ղեկավարությունը որևէ բան ձեռնարկի՝ այս բացակայությունները դադարեցնելու նպատակով: Բնական է, որ ղեկավարությունն ստիպել է նրան անցնել դպրոցական բյուրոկրատիայի բոլոր միջանցքներով: Համարյա մեկ տարի կամ ավելի նա փորձել է դպրոցական համակարգում գտնել մեկին, որ զբաղվի այս բացակայություններով կամ գոնե հաստատի իրական բացակայությունների վերաբերյալ իր հաշվարկները: Նա բացարձակ ոչնչի չի հասել: Ի վերջո, հուսահատ, դեպքը հանձնել է թերթերին: Դա նրան գոհացրել է, թե ոչ, չգիտեմ:
Իմ ասածն այն է, որ մի ողջ տարի տքնաջան աշխատելով` այս հայրը չի կարողացել ստիպել, որ դպրոցներն ինչ-որ բան ձեռնարկեն իր որդու դպրոցում տեղ գտած լուրջ բացակայությունների վերաբերյալ: Բայց պատկերացնենք, թե նա վերջապես զզվանքով ասեր.
- Ես հոգնել եմ աղաչելուց, որ դուք կարգի բերեք ձեր դպրոցները. ես կհանեմ իմ տղային դպրոցից ու կկրթեմ նրան տանը:
Դպրոցները մի քանի օրվա ընթացքում ոստիկանություն կկանգնեցնեին նրա շեմքին:
Ո՞ւմ են դպրոցներն օգնում
Դպրոցի հետ կապ ունեցող մարդիկ անկեղծորեն ու նույնիսկ ջերմագին հավատում են, որ դպրոցներն ստեղծվել են աղքատ երեխաներին հասարակության մեջ բարձրանալու առավել լավ հնարավորություն տալու համար և տալիս են: Պետք է հասկանանք, թե ինչից է, որ սա հազվադեպ է այսպես լինում, կամ ընդհանրապես այսպես չի լինում:
Երբ պատահել է այնպես, որ մեր երկրում քիչ են հարուստ ու հզոր մարդիկ, իսկ աղքատներն ու թույլերը շատ են, բնական է, որ հարուստներն ուզում են վստահ լինել, որ իրենց երեխաները չեն հայտնվի աղքատների շարքում: Հարուստ լինելու ամենակարևոր առավելություններից մեկն այսպես անելու կարողությունն է: Այսպես անելու մի ճանապարհ գիտելիքը դժվարամատչելի, թանկ դարձնելն է, սրանով իսկ մուտքը դեպի հզորություն, արտոնություն և ունեցվածք դժվարացնելը: Սա մի մասն է այն բանի, ինչ դպրոցներն անում են. սա անում են աշխարհի բոլոր երկրներում՝ անկախ քաղաքական հայացքներից ու պիտակներից:
Այսօր ԱՄՆ-ում շատ մարդիկ արագ աճող արևային էներգիայի բնագավառում այդ առարկայից չունեն բակալավրի աստիճան: Գործի մեծ մասը, ընդ որում ամենակարևոր մասը, կատարվում է փոքր բիզնեսների, ինքնուս գյուտարարների, սիրողների կողմից: Ցանկացած մեկը կարող է իմանալ այն ամենը, ինչ արդեն հայտնի է, ու կցվել գործին: Քոլեջներն ու համալսարանները նոր են սկսում աստիճաններ շնորհել արևային էներգիայի բնագավառում: Այսօրվանից սկսած` տասը տարի անց միայն (դեռևս ոչ բոլորը) բնագավառի ներկայացուցիչներից շատերը կունենան այս աստիճանը: Երբ բավականաչափ մարդ ստանա այս աստիճանը, թե´ նրանք, թե´ այս աստիճանը շնորհած քոլեջներն ու համալսարանները կսկսեն առանց աստիճանի արևային էներգիայի ոլորտում կարևոր գործ կատարելն արգելող օրենքներ ընդունել ու միջոցառումներ ձեռք առնել: Կարճ ասած, նրանք կփորձեն մարդկային հայտնագործությունների և գործողությունների ևս մեկ ոլորտ դարձնել մասնագիտություն, օրինական մոնոպոլիա, որով կարող են զբաղվել միայն նրանք, ովքեր ունեցել են շատ թանկ կրթություն:
Այսպես արդեն պատահել է ինչպես օրենսդրության, այնպես էլ շատ այլ ոլորտներում: Աբրահամ Լինքոլնը և շատ շատերը օրենսդրություն սովորել են ոչ թե իրավաբանական դպրոց հաճախելով, այլ իրավաբանական գրքեր կարդալով: Մինչև վերջերս մարդիկ խոսելիս ոչ թե «օրենք սովորել» էին ասում, այլ «օրենք ընթերցել» (Անգլիայում օրենք սովորելը տակավին «օրենք ընթերցելն» է): Աղքատ երեխաների համար միշտ էլ (ավելի հազավադեպ՝ աղջիկների համար) հավանական էր իրավաբան դառնալ՝ օրենքներ ընթերցելով ու հետո իրավաբանական գրասենյակներում աշխատելով՝ սկզբում իրավաբանական գործեր անելով, բայց շատ սովորելով ու առավել մեծ պատասխանատվություն ստանձնելով՝ սովորելուն համընթաց, գուցե ոչ մոտ ապագայում իրենց սեփական գրասենյակները բացելով: Կասկած չկա, որ նույնիսկ այդ դեպքում հարուստների զավակներն ունեին մեծ առավելություն: Սակայն աղքատները, միևնույն է, ունեին ելք, որն այլևս չկա: Շատ նահանգներում կամ նահանգների մեծ մասում չի կարելի զբաղվել իրավաբանությամբ կամ, նույնիսկ, դատավորի քննություն հանձնել՝ առանց իրավաբանական դպրոց ավարտելու, և իրավաբանական դպրոցներ ընդունվել փորձողներն ավելի շատ են, քան հատկացված տեղերը:
Բացի դրանից, իրավաբանական «լավ» գործերին, առանց բացառության, արժանանում են իրավաբանական «լավ» դպրոցների շրջանավարտները, որոնցից շատերը «լավ», այսինքն թանկարժեք քոլեջների շրջանավարտներ են: («Պատատուկի լիգա»-ն և նմանատիպ քոլեջները հիմա տարին 10.000 դոլար արժեն): Ընդամենը մի քանի աղքատ երեխա կարող է անցնել մրցավազքի այս խոչընդոտը` զուտ մարդկանց խաբելու, թե սա արդար մրցավազք է: Ջախջախիչ մեծամասնությունը դուրս է մնում: Իհարկե, աղքատ մարդկանց մեծ մասը զգում է, որ այն պարզ պատճառով, որ իրենք չեն կարող իրենց թույլ տալ երեխաների թանկ կրթություն տալ, իրենց երեխաները զրկված են նույնիսկ այնպիսի ոչ հեղինակավոր կարիերայից, ինչպիսին դայակությունն է: Այնուամենայնիվ, համարյա այն ամենը, ինչ մարդիկ չեն կարող անել առանց գիտական աստիճանի, հիմա՝ հաճախ բարձր աստիճանի, ոչ շատ առաջ անում էին նման կոչումներ չունեցող մարդիկ: Ինչպե՞ս և որտե՞ղ էին նրանք սովորում այն, ինչ գիտեին: Նրանք սովորում էին Լինքոլնի պես՝ գրքեր կարդալով, օգտագործելով իրենց ականջներն ու աչքերը, հարցեր տալով, աշխատելով շատ բան իմացող մարդկանց հետ կամ նրանց համար:
Դպրոցները սիրում են ասել, որ իրենք գիտելիք են ստեղծում ու տարածում: Ճշմարտությանն ավելի մոտ կլիներ ասել, որ նրանք կուտակում ու պահեստավորում են գիտելիք, հնարավորության դեպքում մենաշնորհելով այն այնպես, որ կարողանան վաճառել հնարավոր ամենաբարձր գնով: Ահա թե ինչու` նրանք ուզում են, որ բոլորը հավատան, որ միայն դպրոցում սովորածն է արժեքավոր: Սակայն այս գաղափարը, մյուսների հետ հավասար, կարծրացնում է հասարակության դասակարգային կառուցվածքը՝ աղքատներին փակելով աղքատության մեջ: Ցանկացած հասարակությունում հարուստ և հզոր լինելու ևս մեկ արտոնությունն այն է, որ դու իրավունք ունես ասելու, որ գիտելիքի որոշ տեսակներ, այսինքն այն, ինչ դու գիտես, շատ ավելի կարևոր են, քան մյուսները, և ուրեմն, դրանց տիրապետող մարդիկ, այսինքն` դու և ընկերներդ, շատ ավելի կարևոր եք և շատ ավելի պահանջված, քան ուրիշ գիտելիքի տիրապետողներ: Շատ հեշտ է տեսնել, թե ինչու ցանկացած հասարակությունում ամենահզոր մարդիկ, կլինեն դրանք հարուստներ թե պարզապես պետական բարձր պաշտոնյաներ, կասեն, որ այն գիտելիքը, որ մարդկանց մեծամասնությունը ստանում է ամենօրյա կյանքից ու աշխատանքից, ավելի քիչ արժեքավոր է, քան այն, որը կարելի է ձեռք բերել միայն հատուկ վայրերում, մասնավորապես, երբ հենց իրենք են հսկում մուտքը դեպի այդ վայրեր:
Կյանքի դասեր առած մարդը
Իր «Ճանապարհորդություններ Ամերիկայի շուրջը» գրքում (Նյու Յորք, Ուոքր և ընկերներ. 1976), Հարիսոն Սելիսբըրին նկարագրում է որոշ նախնիների՝ դեպի արևմուտք տանող ուղուն հետևելու իր փորձերը: Նա այսպես է նկարագրում դրանցից մեկը. «Նա (Հայրըմ Սելիսբըրի) ահա այս ժամանակի (1815) մարդ էր: …Ես աչքի եմ անցկացնում ամսագիրը, որպեսզի հուշումներ գտնեմ ու վարականգնեմ հետհեղափոխական ամերիկացուն: Ես թվում եմ նրա հմտությունները, սևագիր էջեր՝ մեկը մյուսի ետևից: Նա գիտեր բոլոր օրավարձով ֆերմաները: Նա կթում էր կովերին ու ներկա njhում հորթերի ծննդյանը: Բուժում էր իր ձիուն: Նա վարում էր, ցանում, մշակում, հնձում խոտը, սրսկում պտղատու ծառերը, ցորեն հնձում ու կալսում, տրորում վարսակը: Նա ծեծում էր ցորենն ու ձմռան համար բանջարեղեն պահեստավորում: Սիդր էր պատրաստում ու կառուցում սիդրի արտադրության գործարաններ: Պանիր էր պատրաստում և մոդելավորում պանիր բռնելու աքցաններ: Նա անդամատում էր խոզերին ու խուզում ոչխարներին: Աղ էր դնում կարագը: Օճառ ու մոմ էր պատրաստում, ծածկում ամբարները ծղոտով ու միս ապխտելու ծխանոցներ կառուցում: Նա մորթում էր եզներին ու լծում նրանց: Պայքարում էր անտառային հրդեհների դեմ և հողը հողակտորների բաժանում: Նա Սմիթի գործարանում վերանորոգեց իր կռունկը, և մի կեռիկ ստեղծեց, որի օգնությամբ իր սեփական վառարանի վրա կարողանում էր թեյնիկ կախել: Նա երկաթ էր հավաքում գյուղական համայնքներից ու ձուլում: Դրանով նորոգում էր երեխաների և իր կոշիկները: Պատրաստում էր ծալովի մահճակալներ, սահնակներ, վագոններ, գնացքի անիվներ ու անվահեծեր: Նա գերաններից տախտակ էր ու փայտից ցանկապատի ցցեր էր պատրաստում: Նա պատրաստում էր նաև տան հիմնակմախքներ, հեծաններ: Վեց մարդու օգնությամբ կանգնեցնում էր հիմնակմախքներն ու տներ կառուցում: Նա մի կոկիկ, բալենու փայտի դարակներով պահարան է պատրաստել զարմիկի համար, ուղղել ժամացույցներն ու գնացել ձկնորսության: Պատրաստել է չափումների իր սեփական սանդղակն ու վաճառել դրանք՝ հատը մեկ դոլարով: Նա փեղկերը էր պատրաստում, նորոգում կողպեքներն ու ուղղում կողմնացույցը: Հատում էր անտառը, հետազոտում, գրագրություն վարում ու կրում կարճ սափրած բաքեր: Նա ստուգում էր քաղաքային գրանցամատյաններն ու վերստուգում Բարեկամության օթյակի գրքերը՝ երկրի գավառական ամենահին մասոնական օթյակը (որ մինչ օրս գոյություն ունի): Նա սանդերքագզման հաստոցներ էր պատրաստում, հրացանակոթեր փորագրում ու ջուլհակահաստոց պատրաստում: Տապանաքարեր էր տեղադրում ու գնացքի սռնիներ պատրաստում: Նա գրախանութ ուներ, և կարողանում էր ընդամենը մի կեսօրում թղթե տոպրակ պատրաստել: Ե´վ նահանգի Գլխավոր ասամբլեայի անդամ էր, և´ աղքատների խնամքի ծխական հոգաբարձու, ևˊգույք գնահատող, և´ քաղաքային խորհրդի աշխատակից: Նա հազարներով օղակներ էր պատրաստում, ինչպես նաև անագե ծորակներ: Երկար տարիներ հավաքում էր քաղաքային հարկերը»: Հայրըմի բոլոր հմտությունները չէ, որ թվարկել եմ, բայց կարծում եմ, որ թվարկածներս էլ հերիք են: Չեմ կարծում, թե նա արտասովոր մարդ էր: Եթե ինձ դնեին Հայրըմի ապրած աշխարհում, երկար չէի դիմանա: Եթե Հայրըմին բերեինք մեր աշխարհ, գուցե թե չնչին խնդիր ունենար համակարգչի հետ, բայց շատ ավելի արագ կհաղթահարեր այն, քան ես կկարողանայի մեկ փուտ վարսակ կալսել: Ես համաձայն եմ Հարիսոն Սելիսբըրիի հետ, որ Հայրըմը, իր ժամանակի համար ոչ սովորական մարդ լինելով, շատ ավելի ոչ սովորական կլիներ մեր օրերում՝ շատ ավելի բանիմաց, հմուտ, խելացի, ճարպիկ, հարմարվող, հնարամիտ ու ձեռնհաս, քան այսօր ապրող մարդկանցից շատերը՝ որևիցե քաղաքում կամ երկրում՝ անկախ կրթությունից: Բայց հարցը, որ իրականում կուզեի բարձրացնել ու դրան պատասխանել, այն է, թե ինչպես է Հայրըմը սովորել այս ամենը: Ինձ համար անժխտելի է, որ նա չի սովորել դրանք ո´չ դպրոցում, ո´չ վարպետաց դասերի ժամանակ, ո´չ էլ որևիցէ նմանատիպ դպրոցական գործունեության ընթացքում: Համարյա հաստատ է, որ այդ ամենը, ընդ որում, դրա մեծ մասը` շատ հմտորեն, սովորել է՝ լինելով այն մարդկանց կողքին, որոնք անում էին դա: Ոչ ոք ամբար չի կառուցել զուտ այն նպատակով, որ Հայրըմը տեսնի, թե ինչպես է ամբարը կառուցվում: Նրանք կառուցել են դա, որովհետև անհրաժեշտ է եղել: Ոչ էլ ասել են.
- Հայրըմ, քանի դեռ ես ամբար եմ կառուցում, կարող ես գալ ու սովորել, թե ինչպես է դա արվում:
Նրանք ասել են.
- Հայրըմ, ամբար եմ կառուցում և քո օգնության կարիքն ունեմ:
Նա այնտեղ էր՝ օգնելու, ոչ թե սովորելու, սակայն, օգնելու ընթացքում սովորում էր:
Համարյա մեկ դար անց Ջոն Դյուին խոսեց անելով սովորելու մասին: Որպեսզի երիտասարդները սովորեն (օրինակի համար), թե ինչպես են կավե աման պատրաստում, ոչ թե պիտի կարդան պատրաստման մասին, այլ ուղղակի պատրաստեն: Սա միանշանակ այսպես է: Սակայն դպրոցում կավե ամաններ պատրաստելը սովորելու նպատակով, միևնույն է, նույնքան օգտավետ չէ, որքան պատրաստելը (և սովորելը դրանից) հենց այն պատճառով, որ ինչ-որ մեկին դրանք անհրաժեշտ են: Գործը լավ անել սովորելու և լավ կատարելու լավագույն խթանն իմանալն է, որ գործը պետք է արվի, որ այն իրապես օգտակար կլինի ինչ-որ մեկին:
Իր «Ինտելեկտ» էսսեում Էմերսոնը շատ արտահայտիչ խոսում է սովորական մարդկանց գիտելիքի արժեքի մասին. «Յուրաքանչյուր ուղեղ ունի իր սեփական մեթոդը: Իսկական մարդը երբեք չի հետևում քոլեջի կանոններին: Այն, ինչ կուտակվել է բնական ճանապարհով, զարմացնում ու հիացնում է իրականացվելուց հետո, քանի որ հնարավոր չէ տեսնել բոլորի կիրառած գաղտնիքները: Հետևաբար, մարդկանց տարբերությունները բնատուր ձիրքի տեսակետից աննշան են նրանց անհատական աշխատանքային որակների համեմատությամբ: Իրո՞ք կարծում եք, թե բեռնակիրն ու խոհարարը ոչ մի անեկդոտ, ոչ մի փորձ, ոչ մի հրաշք չունեն ձեզ համար պահած: Ցանկացած մեկն իմաստուն է: Կոշտ ուղեղների պատերն ամբողջովին խզմզված են փաստերով, մտքերով: Մի օր նրանք պետք է լուսամփոփ բերեն ու կարդան մակագրությունները»:
Երեխաներին դպրոցից հանելն ու բանվոր դասակարգը
Դին Շնայդերը, որը որոշ ժամանակ դասավանդում էր Նյուարքի կենտրոնում գտնվող (Նյու Ջերսիի ամենամեծ քաղաքը) մի փոքրիկ այլընտրանքային դպրոցում, գրում էր. «Օրերս տեղի ունեցած վարպետության դասին վարողը խոսում էր Նյուարքում երեխաներին դպրոցից հանելու հետ կապված իր փորձառության մասին: Նա, լինելով քաղաքի աղքատների գործակալության անդամ ու նախկին ուսուցիչ, ուներ ընկեր, որը երբեք իր երեխային չէր գրանցել` դպրոց հաճախելու համար: Երբ նրա երեխան դարձավ վեց թե յոթ տարեկան, և դեռ դպրոց չէր հաճախում, դպրոցական իշխանություններն սկսեցին սպառնալ ու հետապնդել նրան (չգիտեմ՝ ումից էին իմացել «հանցանք»-ի մասին): Չնայած նա շարունակ պաշտպանվում էր՝ հայտարարելով, որ տանն ինքը շատ արդյունավետ ուսուցանում է երեխային, իշխանությունները շարունակում էին օգտագործել իրենց լծակները: Ենթարկվելու փոխարեն մայրը վերցրեց երեխային ու տեղափոխվեց այլ նահանգ: Սա 1974-ին կամ 1975-ին էր: Հանդիպումից հետո ես հետաքրքրվեցի՝ ուրիշ ի՞նչ դեպքեր գիտե նյուարքցի ծնողների մասին, որոնք վերջնական հանել են երեխաներին դպրոցներից և ուսուցանել նրանց տանը: Նա ասաց, որ հինգ թե վեց ընկեր ունի, որ լրջորեն մտածում են այդ մասին: Դրանք միայնակ ծնողներ են (մայրակենտրոն ընտանիքների թիվը Նյուարքում հասնում է 50%-ի), որոնք, իրենց հերթին, անցել են Նյուարքի հանրակրթական դպրոցների բովով, և չեն ուզում, որ երեխաները տեսենեն այն, ինչի միջով իրենք անցել են: Նրանք բավականաչափ հեռատես են եղել և պլանավորել են աշխատանքը, կյանքն ու միջոցներն այնպես, որ կարողանան երեք կամ ավելի տարով արձակուրդ վերցնել, կամ առնվազն այնպես դասավորել ժամանակը, որ տանը լինելու և երեխային ուսուցանելու հնարավորություն ունենան: Արդյոք նրանք նույնպես կենթարկվեին պաշտոնական ճնշման, թե ոչ, հայտնի չէ. 1967-ին Նյու Ջերսիում երեխաներին տանը կրթելը դարձավ օրինական՝ համաձայն մի շարք որոշումների: Սակայն այս որոշումներն իրականում չէին խանգարում քաղաքական կամ իրավական այնպիսի մանևրներ անել, ինչպիսիք հաճախ անում էին այն նահանգներում, որտեղ երեխաներին տանը կրթելն օրինական էր: Վերջերս լսել եմ ծնողների՝ երեխաներին դպրոցից հանելու այլ օրինակներ: Իմ դիմացի հարևանն անցյալ տարի լրջորեն մտածում էր տանը կրթել դստերը, բայց հետո որոշեց նրան ընդունել այլընտրանքային դպրոց, որը հենց մեր փողոցում էր: Նույնիսկ երբ երեխաները սովորում են նախընտրելի դպրոցներում, կարելի է լսել, թե ինչպես են եղբայրներն ու քույրերը, մորաքույրներն ու քեռիները, զարմիկներն ու ծնողները գիշերը կամ շաբաթ-կիրակի փորձում տանը պարապել նրանց հետ՝ մեղմելու կամ չեզոքացնելու համար հանրակրթական դպրոցների հասցրած վնասը: Մի աշակերտ այն դպրոցում, որտեղ ես դասավանդում էի, այսպես պատասխանեց, երբ ես հարցրի նրան.
- Ինչպե՞ս ես դու սովորելու այս ամենը, եթե չես լսում:
- Իմ քեռին պարապում է ինձ հետ տանը:
Մեկ այլ նախկին աշակերտ մեր երրորդ դասարանում շատ անկանոն էր հաճախում, և սա խնդիր էր համարվում: Ամառվա ընթացքում պարապեցի նրա հետ. նա շատ արագ էր ըմբռնում ամեն ինչ, և անշուշտ առաջ անցավ երրորդ դասարանցի իր ընկերներից: Նրա ասածից հասկացա, որ մայրն ամեն օր պարապում էր հետը դասերից հետո: Մեկ այլ աշակերտ ինձ այսօր պատմեց, որ ինքը մասնավոր ուսուցիչ ուներ, որը ժամանակ առ ժամանակ գալիս էր տուն:
Երեխային դպրոցից հանելու հետ կապված հարցի վերաբերյալ մի ծնող (մայր) և մի ուսուցիչ ինձ շա՜տ հետաքրքիր նամակ էին գրել: Ահա նրանց որոշ նկատառումներն ու իմ մեկնաբանությունները: Իրենց երեխաներին ապահով կարող են դպրոցից հանել միայն բարձր ու միջին խավի սպիտակամորթները: Բոլորովին պարտադիր չէ, որ սա այսպես լինի, և իրականում սա այնքան էլ այսպես չէ: Ինձ գրող մարդկանցից շատերը հանել են իրենց երեխաներին դպրոցից և բացարձակ միջին խավից չեն: Ոմանք նպաստառու մայրեր են: Ընդամենը մեկ շաբաթ առաջ ես խոսեցի մի կնոջ հետ, որը տարիներ առաջ Սան Ֆրանցիսկոյում մասնավոր վճարովի դասեր էր տալիս դպրոց չհաճախող ընտանիքներ ունեցող ծնողներին: Նա ասաց, որ իր հաճախորդների յոթանասուն տոկոսն աշխատավոր ընտանիք է: Ես չգիտեմ՝ այս մարդիկ երեխաներին դպրոցից հանել են դպրոցի համաձայնությա՞մբ, թե՞ պարզապես դպոցներից թաքցրել են նրանց: Ես հիշում եմ, որ նա ասաց, որ թվում է, թե քաղաքի բոլոր ավտոբուսների վարորդները հանել են իրենց երեխաներին դպրոցներից: Ես հարցրի, թե ինչու: Նա ասաց, որ համարյա բոլոր թվարկված դեպքերում դպրոցնեը չէին օգնում, որ երեխաները սովորեն, ասելով, որ նրանք ուղղակի սովորելու ընդունակ չեն: Որոշ ընտանիքներ պարզապես հրաժարվեցին ընդունել սա ու սկսեցին իրենք պարապել երեխաների հետ կամ ուսուցիչ վարձել:
Իշխանությունները հնարավորինս հետապնդում են բանվոր դասակարգին, և հատկապես, այն սևամորթ ծնողներին, որոնք դպրոցներից հանում են երեխաներին: Նախ և առաջ, իրականությունն այն է, որ իշխանություններն ընդամենը մի քանի սպիտակամորթ, միջին խավի և մտավորական ընտանիքների են հետապնդում: Եթե դպրոցները հետապնդելու մտադրություն ունեն, ապա կհետապնդեն բոլորին: Անշուշտ, նրանք ավելի շուտ կանհանգստանան միջին խավին պատկանող երեխաներին կորցնելիս, քան եթե կորցնեն աղքատ երեխաներին, քանի որ նրանք միջին խավի աջակցության կարիքն ավելի շատ ունեն, քան աղքատների՝ ավելի ու ավելի շատ փող ստանալու նպատակով: Երբ դպրոցի աշխատողների հետ խոսում եմ երեխաներին դպրոցից հանելու մասին, իրենց համար սարսափելի մղձավանջներից մեկը, որ օրինակ են բերում, դպրոցներում միայն աղքատ երեխաներ ունենալն է:
Ցանկացած պարագայում իշխանությունները չեն անհանգստացնի, եթե չիմանան, որ երեխաները դպրոց չեն հաճախում: Սա մեծ քաղաքներում ավելի հեշտ է իրականացնել, քան ցանկացած այլ տեղ: Ինչպես գիտենք, բոլոր մեծ քաղաքներում մեծ թվով դասալիք երեխաներ կան: Եթե երեխաների համար այդքան հեշտ է պարզապես փողոցներում թափառելը, ապա շատ ավելի հեշտ կլինի տանը (կամ որևէ տեղ) մնալը՝ հետաքրքիր ու արժեքավոր ինչ-որ բան անելով: Ես չեմ ժխտում, որ իշխանությունների հետ բացահայտ վեճի բռնվելիս, աղքատ, մասնավորապես ոչ սպիտակամորթ ծնողների համար ավելի դժվար է, քան միջին խավի սպիտակամորթների: Այս հարցի մասին երկու կարծիք լինել չի կարող: Սակայն ըստ էության հնարավոր է խուսափել նման վեճերից: Աղքատ երեխաներին ավելի շատ է պետք ավագ դպրոցի ավարտական վկայականը, քան միջին խավի երեխաներին: Մի՞թե նրանց համար շատ ավելի բարդ է առանց դրա աշխատանք գտնելը: Ես չգիտեմ՝ որքանով է ավագ դպրոցի ավարտական վկայականն իրականում օգնում աղքատ երեխաներին. նրանց շատ դաժան ճակատագիր է բաժին հասնում, անկախ նրանից, վկայական ունեն, թե ոչ: Սակայն, հանուն արդարության, համաձայնենք, որ աղքատ երեխաներին անսահման պետք է ավագ դպրոցի վկայականը: Խնդիրն այն է, որ կարելի է դրանք ստանալ առանց ավագ դպրոցում փաստացի լինելու՝ անցնելով հեռավար ուսուցման կամ համապատասխանության քննություն հանձնելով: Բացի այդ, մի քանի տարով դպրոցից դուրս մնացածները միշտ կարող են վերադառնալ, եթե զգում են որևիցե կարգի դպրոցի վկայականի կարիք: Փորձը ցույց է տալիս, որ երբ այդպիսիները վերադառնում են դպրոց, սովորաբար բավական առաջ են անցնում նրանցից, ովքեր առանց ընդմիջման շարունակել են ուսումը:
Բանվոր դասակարգից սերող ծնողներն ավելի անվստահ են սեփական երեխաներին կրթել կարողանալու գործում (որովհետև եթե դու այդքան խելացի ես, ինչո՞ւ հարուստ չես), ահա թե ինչու իրականում ավելի քիչ են կարողանում ուսուցանել իրենց երեխաներին: Գուցե և սա ճիշտ է, բայց այս պարագայում միջին խավի ու բանվոր դասակարգի ընտանիքների միջև տարբերությունն այնքան էլ մեծ չէ: Գիտական աստիճաններ ունեցող մարդիկ ինձ հաճախ են ասել, որ այդքան գիտելիք չունեն, որպեսզի սովորեցնեն իրենց դեռահաս զավակներին: Ցանկացած սոցիալական խավում քիչ կլինեն մարդիկ, որոնք կարծում են, թե կարող են սովորեցնել սեփական երեխաներին ու դպրոցներից լավ կատարել այդ գործը: Մենք պետք է սկսենք նրանցից, որ խավից էլ որ լինեն՝ հուսալով, որ մյուսները կհետևեն նրանց օրինակին: Երեխաներին տանը կրթելը ոչ մի կերպ չի խաթարում սոցիալական կառուցվածքը: «Խաթարել» բառն այս երկրում չի բնութագրում իմ կյանքի օրոք պատահելիք իրադարձությունների և ոչ մի շարան: Ինչպես արդեն վերը նշեցի, խորը սոցիալական փոփոխությունները, ամենայն հավանականությամբ, կգան փոքր քայլերով. դա է միակ ձևը: Այս շարժումը ոչ այլ ինչ է, քան հասարակությունից դուրս մնացած մի փոքր խմբի ստեղծում: Ընդհակառակը, իսկական տնային կրթության շարժումն օգնում է երիտասարդներին հասարակության մեջ վարել ակտիվ, պատասխանատու կյանք և գտնել արժանավայել աշխատանք: Մենք պետք է օգնենք իրար՝ մեր երեխաներին սովորեցնելու, ուրիշների երեխաներին սովորեցնելու, դասավորելու մեր կյանքն այնպես, որ ավելի մեծ թվով մարդիկ, ոչ թե պարզապես հատուկենտ ընտանիքներ, կիսեն երեխաներին տանը կրթելու պատասխանատվությունը: Ես մտածում եմ, օրինակ, քննարկման տեղային խմբեր ստեղծելու մասին, որոնք կքննարկեն, թե ինչ են դպրոցներն անում երեխաների համար և ինչու: Մարդիկ դպրոցների հետ կապված ի՞նչ փորձ են կուտակել, և այդ փորձն ինչի՞ մասին է խոսում: Ծնողերն իրար կարող են խորհուրդներ տալ, թե ինչպես պայքարեն այս կամ այն իրավիճակում, և օգնեն իրար՝ այլընտրանք կառուցելու: Ես բոլորովին նկատի չունեմ, թե պետք է մեր ասածը մեղմացնենք՝ շատ մարդկանց ընդունելի լինելու համար: Կարծում եմ՝ պետք է բացարձակ անկեղծ լինել դպրոցներից ճնշված հնարավորինս մեծ թվով մարդկանց հետ, և պետք է որ շատ մարդիկ համաձայնեն մեզ հետ ու մեծ փորձ ու բազում մտքեր ունենան առաջարկելու: Նման աջակցությունը կօգնի այն երեխաներին ու ծնողներին, որոնք դեռ պատրաստ չեն հանելու երեխաներին դպրոցից կամ գոնե հոգեբանորեն ճիշտ ընկալելու դպրոցում ունեցած իրենց փորձը: Այն կօգնի, որպեսզի դպրոցում յուրաքանչյուրը կարողանա տիրապետել իրեն համակած ագրեսիային, ոչ թե այն ներս գցի ու մեղադրի ինքն իրեն, ինչպես դպրոցներն են ուզում, որ լինի: Երկրի որոշ մասերում ծնողներն արդեն կազմել են փոխօգնության խմբեր, որոնց մասին մենք խոսում էինք, և որքան մեծանա մեր ամսագրում լույս տեսնող «Դայրեքթորի» ցանցին միացած ծնողների քանակը, այնքան շատ խմբեր կստեղծվեն: Ինչ վերաբերում է այն մարդկանց, որոնք թյուրիմացաբար մեղադրում են իրենք իրենց՝ դպրոցների հասցրած վնասի համար, ապա առաջին անգամ սրան անդրադարձել եմ դեռևս 1970-ին, իմ «Երկուշաբթի ի՞նչ եմ անում» գրքում: «Եթե ես ու ամուսինս կայացնեինք այսպիսի որոշում, ես շատ խնդիրներ կունենայի: Խուսափեք անախորժություններից, եթե կարող եք: Իշխանություններին դեմ գնալու պատճառ չեմ տեսնում, եթե կարելի է խույս տալ»:
Երեխաներին դպրոցից հանելն ու միայնակ ծնողները
Երեխաներին դպրոցից դուրս պահել ցանկացող շատ մարդիկ անհանգստանում են՝ արդյոք աշխատող մայրերը, հատկապես նրանք, որ միայնակ են, կարո՞ղ են դա անել: Մի կին, որ գրել էր մեզ իր տղայի մասին, որն օգնում էր իրեն լաբորատորիայում (տես 12-րդ գլուխը), նաև գրում էր. «Ջ-ն մնաց տանը, և ընդհանրապես հարկ չեղավ համոզելու, որ անի դա: Ժամանակի հետ ինձ ավելի ու ավելի էր ուրախացնում կատարված փոփոխությունը: Թվում էր, թե նա խնդրում է թույլ տալ իրեն ընդմիշտ մնալ տանը: Մի քանի օրից նա սկսեց կարոտել իր որոշ ընկերների, բայց, միևնույն է, չուզեց վերադառնալ: Ոմանց հետ հասցնում էինք հանդիպել շաբաթ-կիրակի, և դա, կարծես, գոհացնում էր նրան: Աշխատանքային օրերին ես աշխատանքի եմ գնում, իսկ նա մնում է տանը: Սկզբում սա ինձ անհանգստացնում էր, բայց նա ասում էր, որ դա շատ հաճելի է, և ինքը դարձել է միանգամայն ինքնավստահ: Մեր հարաբերությունները շատ են հեշտացել: Ես այլևս չեմ ստիպում նրան դպրոց գնալ՝ հակառակ իր կամքի, և նա սկսել է նորից վստահել ինձ ճիշտ այնպես, ինչպես անում էր նախքան դպրոցը, որ արդեն մոռացել էի: Ես նույնպես ավելի շատ ժամանակ ունեմ նրա համար հիմա, երբ այլևս երկար ժամանակ չեմ վատնում դպրոցի վրա: Մի օր նա պատմեց, թե ինչպես է մայրը փրկել իրեն դպրոցից: Ես ինձ հերոսուհի էի զգում»:
Մի միայնակ մայր գրում էր. «Ես գրում եմ ի պատասխան «Ռեդքլիֆ Քուոթերլի»-ի վերջին համարի ձեր գրառման: Իբրև ֆեմինիստ միայնակ մայր` ինձ հուզում են իմ ու երեխայիս իրական կյանքի ենթադրյալ հետևանքները: Մայրերի ու երեխաների կյանքը փոխկապակցված է, լավ թե վատ՝ մեր ճակատագրերը միահյուսված են: Փաստն այն է, որ չգիտեմ, թե ինչպես կգոյատևեի, եթե դուստրս չգնար դպրոց: Ահա իմ կյանքի պայմանները. իրավաբանական դպրոցում երեք տարի սովորելու պատճառով ես շատ պարտքեր ունեմ: Ես որոշեցի իրավաբանական դպրոց հաճախել, ինչպես միշտ, իմ ու երեխայիս բարօրությանն ուղղված գործնական հեռանկարների ճնշման ներքո: Դստրիկս հիմա վեց տարեկան է և սովորում է տեղի հանրակրթական դպրոցի առաջին դասարանում: Նա դժգոհ է, թեև դպրոցը լավ համբավ ունի, և մշտապես տուն է գալիս վրդովված այն նվաստացումներից, որոնց ենթարկվում է. օրինակ, թույլ չեն տալիս զուգարան գնալ, երբ կամենա, կամ խոսել նախաճաշի ժամանակ, կամ դպրոցական նոթատրետրի հակառակ կողմում նկարել՝ սպասելիս: Ոչ էլ թվում է, թե պատշաճ տեմպով սովորում է կարդալ կամ մաթեմատիկա: Եվ թեև ինձ համար պարզ է, որ նա ունի արտակարգ տրամաբանող ու ստեղծագործ միտք, նրա մոտ սկսել է համոզմունք արմատանալ, թե ուսուցչի աչքում ինքն իրոք բութ է: Նա աղաչում է չստիպել իրեն դպրոց գնալ: Ես փորձում եմ հասկանալ նրան, բայց միակ այլընտրանքը նրան ինձ հետ իրավաբանական դպրոց գալ թույլ տալն է, սակայն դուստրս դա էլ չի ուզում (դա ևս պատճառ ունի): Մյուս տարի հրավիրված դոցենտի աշխատանք կունենամ Մայամիի իրավաբանական դպրոցի համալսարանում, որը, դժբախտաբար, նշանակում է, որ ավելի, քան երբեք, զբաղված եմ լինելու: (Ամենազավեշտալին այն է, որ իմ կարդալիք դասախոսություններից մեկը լինելու է «Երեխաների և ծնողների իրավունքները»): Փողի խնդիր ենք ունենալու, այնպես որ խորապես կասկածում եմ, որ կարողանամ որևէ կարգի ուսուցիչ, փոխնակ մայր վարձել նրա համար: Բացի դրանից, չունենք ընկերական այնպիսի շրջապատ, որ կարողանար բացը լրացնել: (Ես գիտեմ՝ նման միջոցառումները երբեմն օգուտ տալիս են, բայց չի կարելի հույսը միայն դրա վրա դնել): Այդ դեպքում ի՞նչ կարող եմ անել, որպեսզի իրականում դստերս ապահովեմ սովորելու և ապրելու պատշաճ միջավայր: Ես իսկապես չգիտեմ: Թվում է, որ թեև իմ ունեցած խնդրի հանգամանքները եզակի են, դրա հիմնական կառուցվածքը միշտ համընդհանուր է: Ժամանակի և գումարի բացակայություն, յոլա գնալու անհրաժեշտություն: Խնդիրն այն չէ, որ ես կամ մյուս մտահոգ ծնողներն իրենց հայացքներում բավականաչափ վճռական չեն: Ես իրականում միանգամայն պատրաստ էի մեկուսանալու, քանի դեռ թվում էր՝ դա է մարդկային գոյությունը պահպանելու ամենակայուն միջոցը: Սակայն հասարակական սոցիալ-տնտեսական աշխարհում ապրելու իմ գործնական ու մարդկային պահանջն անխուսափելի էր: Բացի դրանից, ես գիտակցեցի, որ իմ դուստրը չի զգում կյանքը դստեր համար միանգամից «կատարյալ» աշխարհ կառուցելուն նվիրաբերած մոր կարիք. վերջ ի վերջո ինքը ևս ապրելու է այն աշխարհում, որտեղ ես ապրում եմ: Թվում էր, թե սա կբերի համապատասխան լուծում, սակայն այդպես չեղավ, որովհետև երբեք չես իմանա, թե երբ է մարդ սկսում ռացիոնալացնել այն, ինչ աչքի է զարնում առաջին հայացքից: Դրա փոխարեն, շատ ընկերներիս պես հայտնաբերեցի, որ մշտապես գտնվում եմ դժվարին կացության մեջ: Մի բան հաստատ է հիմա, երբ մտածում եմ դստերս մասին. նրա խնդիրներին լուծում տալու համար պետք է հաշվի առնել նաև իմ ունեցած խնդիրները: Չգիտեմ՝ արդյոք այս ամենն ասում եմ, որովհետև կարծում եմ՝ որևէ անհապաղ օգտակար բան կունենաք ինձ խորհուրդ տալու, թե ոչ, բայց քանի որ անցյալում արդեն օգտավետ շատ բան եք ասել, միգուցե, եթե երեխաների մասին մտածելը փոխարինեք մայրերի և երեխաների մասին մտածելով, գաք ինչ-որ հայտարարի: Համենայն դեպս, ես հուսով եմ»:
Ի պատասխան, ես ոչ ավելի, ոչ պակաս, գրեցի. «Անչափ շնորհակալ եմ ձեր հաճելի նամակի համար: Հասկանում եմ ձեր խնդիրը, համենայն դեպս, գոնե փոքր-ինչ, քանզի իմ ութ թե ավելի տարի ճանաչած ընկերուհիներից մեկը եղել է նույն վիճակում: Այս բոլոր տարիների ընթացքում նա աշխատում էր՝ ապահովելու համար իրեն ու երեխային: Հետո սովորում էր՝ կրթության ոլորտում մագիստրոսի կոչում ստանալու համար, և հիմա իրավաբանական դպրոցի երկրորդ կուրսում է: Այդ ողջ ընթացքում նրա համար շատ դժվար կլիներ, եթե իր երեխան դպրոց չհաճախեր, թեև ձեզ պես ստիպված կլիներ այլ միջոցներ ձեռք առնել դպրոցական արձակուրդների ժամանակ: Այնուամենայնիվ, երևի բավականին լավ եմ ճանաչում նրան, որպեսզի ասեմ, որ եթե այս բոլոր տարիների ընթացքում որևիցե ժամանակ նրա երեխան իսկապես վատ զգար դպրոցում, կամ ինքը զգար, որ դա փաստացի վնաս է հասցնում երեխային, անպայման այլ միջոցներ ձեռք կառներ, որքան էլ դժվար լիներ: Քանի որ երեխայի հայրն ունակ էր և վճարում էր մասնավոր կրթության համար, մայրն ի վիճակի էր ուղարկելու երեխային շատ ավելի հանգիստ տարրական դպրոց, որտեղ երեխան միանգամայն լավ էր զգում և հնարավորություն ուներ աշխարհի մասին ինքնուրույն պատկերացում կազմելու: Արդյունքում նա հիմա ընթերցանությունից չորս կամ հինգ տարով առաջ է անցել իր տարեկիցների մեծ մասից: Դպրոցում (հանրակրթական) նրա անցկացրած վերջին երկու տարիներն այնքան էլ հետաքրքիր չէին, սակայն գոնե զերծ էր այն բազում մտավախություններից, որ հանգիստ չեն տալիս մյուս երեխաներին, և մինչև հիմա աշխարհի մասին իր սեփական հայտնագործություններն անելու հնարավորություն ունի: Նաև լավ է սպորտից և սիրված մյուս երեխաների կողմից, դա էլ, անշուշտ, օգնում է: Հասկանում եմ, որ ձեր կացությունն ավելի բարդ է, քանի որ բացի հանրակրթական դպրոցից, ուրիշ ոչինչ չեք կարող ձեզ թույլ տալ: Կարծես միակ տարբերակը մնում է երեխային ձեզ հետ ամենուր տանելը կամ նրան հանրակրթական դպրոցում թողնելը: Արդյոք կարո՞ղ եմ ես այլ տարբերակ առաջարկել մոտ ապագայի համար: Եթե առաջինը խնամակալական խնամքի տարբերակը քննարկենք, նույնիսկ վեց տարեկանն ունի ինչ-որ կարգի դայակի կարիք, բայց համոզված կասեմ, որ տասը կամ նույնիսկ ութ տարեկանի պարագայում սա այսպես չէ: Այլ կերպ ասած, կարծում եմ (քանի որ մարդիկ արդեն արել են այդպես), որ եթե սկսես երեխայիդ անկախության ու ինքնավստահության ոգով դաստիարակել, երկու տարում կամ գուցե ավելի արագ նա կատարելապես պատրաստ կլինի շատ ժամանակն ինքնուրույն անցկացնելու տանը: Այդ ժամանակ նա արդեն կիմանա՝ ինչպես և ում կանչել տարբեր պատահարների դեպքում, ինչպես հոգալ սեփական կարիքները (ուտել և այլն) և ինչպես զբաղվել տարբեր գործերով՝ ուրախ ու կոնստրուկտիվ: Սակայն եթե նա իմ դուստրը լիներ, ու ձեր փոխարեն ես լինեի, ահա թե ինչ կառաջարկեի նրան: Կասեի, որ մի որոշ ժամանակ նա կա´մ պետք է հաճախի հանրակրթական դպրոց, մի բան, որը նույնքան վատ է նրա համար, որքան հիմա, կա´մ մնա տանը օրվա մեծ մասը և գուցե ողջ օրը, ինքնուրույն: Հետո կասեի.
- Եթե ուզում ես ընտրել երկրորդը, կամ պատրաստվել դա ընտրելու, պետք է մի շարք բաներ սովորես, օրինակ՝ ինչպես եփես, կամ պահպանես ու մշակես սնունդը, ինչպես գտնես հեռախոսագրքի համարները, ինչպես խոսես անծանոթ մեծահասակների հետ հեռախոսով և ինչպես հետաքրքիր անելիք գտնես՝ ժամեր շարունակ ինքնուրույն զբաղվելու համար: Դու ուզո՞ւմ ես այդ բոլորն անել: Եթե չես ուզում, լավ, բայց այդ դեպքում այլընտրանքը դպրոցն է:
Դուք կարող եք նրան անսահման ժամանակ տալ, քննարկել այդ և այսպես շարունակ: Սակայն որոշումը նա պետք է կայացնի: Եթե որոշի պատրաստվել անկախությանն ու ինքնավստահությանը, կարող եք անմիջապես սկսել աշխատել այդ ուղղությամբ: Եթե այս հնարավորությունը հետաքրքրում է ձեզ, հավանաբար կարող ենք հաջորդ նամակներում խոսել այն մասին, թե ինչպես դա անեք: Ես ընտրությունը շատ սուր եմ դրել՝ գնալ դպրո՞ց, թե՞ ողջ օրն ինքնուրույն մնալ տանը: Իրականում ընտրությունը կարող է այդ աստիճան սուր չլինել: Իսկ դուք, եթե երեխան չի գնալու դպրոց, հաճախ պետք է կարողանաք ապահովել, որ նա այցելի դասընկերներին, դպրոցում դասերն ավարտվելուց հետո: Հնարավոր է, այլ վայրեր լինեն, ուր կարող է այցելել, այնպիսին, ինչպիսին մանկական սենյակն է կամ հանրային գրադարանը: Դասերն ավարտվելուց հետո երեխան այլևս «օրենքից դուրս» չէ, և կարող է հանգիստ երևալ հասարակական վայրերում: Եթե ապրում եք մեծ քաղաքում, և նա սովոր է քարտեզներ գործածել, ճանապարհը գտնել ու օգտվել հասարակական տրանսպորտից, մի շարք հետաքրքիր վայրեր կան, ուր կարող է ինքնուրույն գնալ: Բացի այդ, կկարողանաք ապահովել, որ որոշ մարդիկ երեխայի հետ օրվա ընթացքում փոքր-ինչ ժամանակ անցկացնեն ու տանեն նրան այնպիսի տեղեր, ուր երեխան միայնակ չի կարող գնալ: Հենց որ հաղթահարում ենք այն միտքը, թե որևէ մեծահասակ պիտի երեխայի հետ մնա օրվա յուրաքանչյուր պահի, խնդիրն ավելի լուծելի է դառնում: Կարելի է նույնիսկ մարդիկ գտնել, որոնք դա առանց որևէ վճարի կանեն, հավանաբար փոխանակման պայմանավորվածության դիմաց: Համոզված չեմ՝ ինչ կարգի հմտություններ դուք կարող եք փոխանակել, սակայն անշուշտ փոխանակաման ենթակա բավականաչափ հմտություններ ունեք: Այլ հարց է, թե արդյո՞ք կարող եք առանց մեծ փող ծախսելու ձեր տունը, որ, հավանաբար, փոքր բնակարան է, դարձնեք մի այնպիսի վայր, որտեղ ձեր դուստրը կարողանա բազում երջանիկ, հետաքրքիր ու բեղուն ժամեր անցկացնել ինքն իրենով: Ոչ միայն պետք է, այլև կարող եք այն վերածել մի միջավայրի, որը շատ ավելի բարենպաստ է, քան այն, ինչ նա կարող է գտնել դպրոցում: Եվ արդյո՞ք երեխաներն ի վիճակի են անցկացնելու երկար ու ձիգ երջանիկ ու բեղուն ժամեր՝ առանց մեծահասակների մշտական հսկողության և ուշադրության: Այո´, կարող են. ոչ շատ ժամանակ առաջ մեծ թվով երեխաներ այդպես էին անում ողջ ժամանակ: Տուն գալուց հետո պետք է սրտանց պատասխանել ուշադրության ու ընկերության նրա պահանջներին: Սակայն, միևնույն է, անպայմանորեն ցանկանալու եք անել դա, ու դպրոց հաճախելու դեպքում նա ավելի շատ է ունենալու այդ բերկրանքի և մխիթարության կարիքը: Եվ օգտակար կլինի (այնքանով, որքանով նա ուզի, և դուք կարողանաք) ձեր օրվա մեջ նրան մի բաժին հատկացնել, որն անելը կհեշտանա նրա մեծանալուն զուգընթաց: Իմ ընկերոջ դուստրը տասը տարեկանում մի քանի անգամ դասի հաճախեց իրավունքի դպրոցում ու գտնում էր, որ դրանք հետաքրքիր են: Կարծում եմ՝ այս գաղափարներից մի քանիսն օգտակար եղան, և շատ կուզեի իմանալ, եթե կարողանայիք ժամանակ գտնել՝ այդ մասին ինձ պատմելու:
Էնն Մքքոնելը, ի պատասխան, ինձ գրեց. «Ես ու դուստրս ինքնուրույն ենք գտել լուծումները: Միանգամայն համաձայն եմ, որ նա պետք է մասնակցի իր դպրոց հաճախել-չհաճախելու որոշման կայացմանը: Նույնիսկ վեց տարեկանում նա կարողանում է իր մասին հոգալ (թեև ոչ ամբողջովին), համենայն դեպս, ցերեկը: Այնպես որ նրա՝ տանը մնալու հավանականությունն ինձ անհեթեթ չի թվում: Ես արդեն երբեմն նրան մենակ եմ թողնում տանը՝ մեկ-երկու ժամով: Նա ընդունում է հեռախոսային հաղորդագրությունները, դոնդողով ու գետնանուշի կարագով սենդվիչներ է պատրաստում և ձայնապնակ միացնում: Միևնույն է, չեմ կարծում, թե նա ուրախ կլինի ժամանակի մեծ մասը միայնակ անցկացնել, այն պարզ պատճառով, որ շատ շփվող անձնավորություն է: Սա է դպրոցի դեմ ունեցած նրա գլխավոր առարկություններից մեկը. ուսուցիչներն այնտեղ չափազանց շատ են խոչընդոտում միջանձնային հաղորդակցությանը: Չնայած սրան, ես մի փայլուն գաղափար հղացա՝ ոչ դպրոցական միջավայրում նրան օգնելու լավ ընթերցել սովորել. որոշեցի սահուն ընթերցել կարողացող մի ինը տարեկան վարձել, որպեսզի օգնի նրան: Այս ինը տարեկանն իմ լավ ընկերոջ որդին է, և ներկայումս խնդիրներ ունի այն նույն դպրոցում, ուր սովորում է դուստրս, քանի որ փոխանակ իր աշխատանքային տետրում աշխատի, գրասեղանի տակ «Երկու քաղաքների մասին հեքիաթ»-ն է կարդում: Տարիքային տարբերությունը մոտավորապես այսպես եմ պատկերացնում. Ս-ն իրեն թերարժեք չի զգա, որ Ա-ն իրենից այդքան լավ է կարդում, որովհետև ակնհայտ է, որ Ա-ն Ս-ից երեք տարով մեծ է: Գաղափարն Ա-ին էլ դուր եկավ: (Նրա լրջությունը փոփոխություն իրականացնելու համար դրական առավելություն է): Ես դեռ կտեսնեմ, թե ինչպես իրադարձությունները կզարգանան, սակայն ինձ թվում է, թե ես իմ խնդրի մեծ մասի լուծումը գտել եմ: Մյուս տարի մենք կտեղափոխվենք Մայամի: Եվ ես ավելի շատ փող կունենամ, քան հիմա: Կփորձեմ խելքին մոտ մի մասնավոր դպրոց գտնել Ս-ի համար: (Թեև անպայման նրա հետ կքննարկեմ ամբողջովին տանը մնալու հնարավորությունը): Մայամիում, ի տարբերություն Նյու Հեյվնի, կան բազում հնարավորություններ՝ երեխաների համար` մանկական թատերական խմբակ, իսպաներեն սովորելու հնարավորություն, լողի հաճախելն էլ շատ մատչելի է: Այս բոլոր հնարավորությունները Ս-ին մեծապես հետաքրքրում են: Այսպիսով, դպրոցի կարևորությունն այնքան էլ մեծ չի լինի այնտեղ: Համենայն դեպս, ես այդպես եմ կարծում»:
Թարգմանություն անգլերենից
- Բացվել է 1952 անգամ