Խոշորացույց
Primary tabs
Սույն խորագրով սկսվում է հանրամատչելի հոդվածաշար, որի նպատակն է անդրադառնալ հայոց պատմության մի շարք առանցքային թեմաների, որոնք այս կամ այն կերպ, այլ են ներկայացված դասագրքերում կամ պատմագիտական մտքում: Նախորդ բոլոր հոդվածներում, որոնք վերաբերել են պատմության դասագրքերին կամ դասավանդմանը, եղել են բազմաթիվ անդրադարձներ այն խնդիրներին, թե ինչպես է մեզանում կեղծվում պատմությունը կամ գոնե ենթարկվում գաղափարական եզրաբանության փոփոխության` համապատասխանեցնելով օրվա իշխող վարչակարգի պատկերացումներին: Այդ մտացածին իրողությունները լայն առումով գալիս են կրթական դաշտ և պայմանավորում այդ դաշտի մասնակիցների` տվյալ դեպքում սովորողների մտածողությունը: Միգուցե, կան թեմաներ, որոնք առաջին հայացքից ներկայացված են առավել քան օբյեկտիվ պրիզմայով, սակայն խորքային վերլուծությունը ցույց է տալիս, որ անգամ այդ թեմաները չեն ներակայացված այնպես, ինչպես առկա են աղբյուրագիտության մեջ: Ավելին` բազմաթիվ նմանատիպ թեմաներ մատուցվում են` շեղելով սովորողի ուշադրությունը թեմայում առկա կիրառելիությունից կամ արդիականությունից: Ասել կուզե, ամրապնդելով վերոգրյալ մոտեցումները, տարբեր հեղինակներ զրկում են պատմությունը օրվա կիրառելի հմտության հմայքից, այն վերածելով անցյալականության շղարշի, լավագույն դեպքում, ոչինչ չտվող կեղծ պատմական հերոսական հիշողության: Շարքում փորձ կկատարվի հիմնավորել կամ հերքել պնդումներ, որոնք մինչ այս պահը եղել են թելադրող կամ պարտադրված: Որպես մարդկային թուլության արտացոլում, չէի կարող շարքը չսկսել 1722-1730թթ. իրադարձություններով, որը մեզանում կոչվում է «Ազատագրական պայքարը Սյունիքում և Արցախում»:
Դավիթ Բեկ. հայոց հերթական պետականությունը
Ընթերցողին չձանձրացնելու համար, երկար-բարակ անդրադարձ չենք կատարի Դավիթ Բեկի ղեկավարած շարժմանը, դրան վերաբերվող գործողություններին, փաստական տվյալներին: Դրանք քիչ են և կան ինչպես ցանկացած դասագրքում, այնպես էլ ակադեմիական հրատարակություններում: Այս թեմայից առավել հետաքրքրական է դրա ընկալումը և մատուցումը տարբեր ժամանակահատվածներում: Այն հայոց պատմության մեջ ինքուրույնությամբ հաջողված բավականին եզակի դրվագ է, որը կշարունակվեր, եթե չլիներ Դավիթ Բեկի մահվան դիպվածը: Հենց սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ Դավիթ Բեկը և նրան հարող գործիչները` Մխիթար Սպարապետ, Տեր Ավետիս, Եսայի Հասան Ջալալյան և այլք, բավականին լայն տարածում են գտել ոչ միայն պատմագիտության և գեղարվեստական գրականության մեջ, այլ տարբեր քաղաքական նպատակներով օգտագործվել ամենատարբեր համակարգերի կողմից և շարունակվում են օգտագործվել: Պատմական այս դրվագի հաջողվածությունն էր նաև պատճառը, որ այն լավ ամրապնդված է սերնդային հիշողության և ընկալումների մակարդակում:
Եթե անդրադառնանաք Բեկի քաղաքական կամ գաղափարական օգտագործման սիմվոլիկային, ապա պետք է շրջանցենք 19-րդ դարը, որտեղ այն առկա է միայն կրթական ծրագրերի ցածր աստիճանում և գանք միանգամից Նժդեհին: Հայտնվելով լիակատար շրջափակման մեջ` Նժդեհն օգտագործեց պատմության վերականգման հետաքրքիր և նոր մեթոդ, որը հնարավորություն տվեց նրան տոնելու գոնե կարճաժամկետ հաղթանակներ, այդ ամենը հայտնի է «Դավիթբեկյան ուխտեր» անվանումով: Ինքը` Նժդեհը, բացի գաղափարից շատ հաջող անձնավորեց նաև Դավիթ Բեկ գործչի նախատիպը: Ու սա ունեցավ իր հոգեբանական և բարոյական գործոնների հաջողությունը, որը վերաձևակերպեց ռազմական իրավիճակում: Դրվագն ընտրված էր ճիշտ և այդ պահին գործեց առավելագույնն արդյունավետ: Սակայն եթե կուզենաք կարդալ սուբյեկտիվ կարծիք, ապա պետք է փաստել, որ պատմությունը գործիք է: Տվյալ պարագայում Նժդեհին անհրաժեշտ էր ոգևորող խթան հերոսականացման մակարդակում, և նա կիրառեց դա Դավիթ Բեկի տեսքով: Բայց այլ էր Նժդեհի ժամանակն իր պահանջներով, այլ էր Խորհրդային փուլը, և այլ է արդի փուլը: Այս հոլովույթում է, որ պնդում եմ, թե պատմությունն անցյալական չէ և առավել քան մշտական հմտություն ու գործիք է:
Թերևս մեր պատմությունը որևէ այլ փուլում չի կեղծվել այնքան, որքան խորհրդային փուլում: Ու այստեղ նորից պետք է դիմենք դավիթբեկյան ֆենոմենին: Խորհրդային իշխանությունները, ակնհայտորեն խախտելով ժամանակագրությունը և կեղծելով պատմությունը, ֆինանսավորեցին և թույլատրեցին մի ֆիլմ, որը նվիրված էր Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու 150-ամյակին: Այլ կերպ` դա կարելի է վերաձևակերպել որպես հայ-ռուսական եղբայրության 150-ամյակին նվիրված ֆիլմ: Խոսքը «Հուսո աստղ» ֆիլմի մասին է: Ի դեպ, դա անում էր այն իշխանությունը, որը փորձում էր բանվորների և գյուղացիների դասակարգային հաղթանակի սիրերգներում վերացնել ազգային ցանկացած սահման և պատմական հիշողությունը: Պատմական հիշողությունն այդ իշխանությունը կիրառում էր դրվագային` այնտեղ, որտեղ գտնում էր անհրաժեշտ: Չխորանալով վերոնշյալ ֆիլմի անհաջող գեղարվեստական արժեքի, խեղաթյուրված փաստերի և այլ իրողությունների մեջ` պարզապես ընդգծեմ, որ ֆիլմում օգտագործվեց բացարձակապես այլ պատմական ժամանակահատվածում գործած հերոսների գաղափարաբանությունը, որը հաճո էր մասսաներին: Այսինքն, ութամյա այս փուլը ԽՍՀՄ գաղափարախոսներին ծառայեց փայլուն գործիք` զանգվածների վրա ևս մեկ, ոչ ավելորդ անգամ ազդելու համար: Չէ՞ որ, անկախ բոլոր փորձերից, հասարակության պատմական հիշողությունը ջնջել չէր հաջողվում, և այնպես, ինչպես օգնեց «Քաջ Վարդանը» Երկրորդ համաշխարհայինի տարիներին, նույն կերպ օգնեց Դավիթ Բեկի կարճաժամկետ էֆեկտը ազգային հուզումների իրավիճակում: Ականատեսները կարող են հիշել, թե ինչ փուլում էր կատարվում այդ ամենը, իսկ այդ ժամանակը չտեսածները կարող են ծանոթանալ հսկայական արխիվային և սկզբնաղբյուրային ժառանգության միջոցով:
Ինչպես տեսանք, նախորդ երկու պատամական անցքերում դավիթբեկյան փուլն օգտագործվեց շատ ռացիոնալ, իսկ ինչպե՞ս ենք մենք այժմ օգտագործում այդ դրվագը, և ինչպես պետք է օգտագործեինք այն:
Բոլոր դասագրքերում` բուհական, թե դպրոցական, անխտիր զարգացված է այն միտքը, որ պատմական այս փուլն ազգային-ազատագրական շարժում է` այլ կերպ ասված` ոչինչ չտվող հերոսականացման վակուում: Այսինքն` պատմության ընկալման պրոգրեսը նույնն է մեզանում ինչ 5-րդ դարում: 16 դար շարունակ, մեր պատմագիտական միտքը կամ այդ մտքի օգտագործումը զարգացում չի ապրել: Գոնե պատմության դրվագային կիրառելիությունը սա է ցույց տալիս: Ազգային-ազատագրական ցանկացած շարժում ունենում է իր տրամաբանական ընթացքը և ավարտը: Որպես ավարտ, մեր այդակերպ շարժումների մեծ մասը չեն հաջողել կամ ունեցել են կարճաժամկետ ազդեցություններ: Որպես կանոն, մենք հետագայի դիտանկյունից փորձել ենք գնահատականներ տալ միայն ավարտված իրողություններին, բայց երբևէ չենք փորձել մոտեցում ցույց տալ ընթացքին`պատմության համածիրում: Այս առումով բացառություն չէ նաև Բեկի շարժման ներկայիս մատուցումը: Բնական է, ներկայիս քաղաքական իրավիճակում, թեման ինքնին փայլուն գաղափարական գործիքներից մեկն է: Երբ հասարակությունը մեխանիկորեն ներքաշված է իր կամքից անկախ պատերազմի մեջ: Իշխողներին պետք է «ոչինչ չգիտակցող և միայն հերոսականացման պատրաստ հասարակություն», որը սակայն չկա: Ահա, հենց այս խնդրի լուծման պարագայում է, որ պետք է օգնության գա Դավիթ Բեկի շարժման նման մոտիվացիոն ներարկումը սովորողների մեջ: Այս խնդիրն է լուծում այսօրվա դասագիրքը, ինչպես նաև բուհական և հանրակրթական միջավայրում այս դրվագի ուսուցումը: Սակայն իմ մոտեցումն այս հարցի շուրջ տրամագծորեն հակառակն է: Դրվագի օգտագործմանը, որպես ժամանակակից գործիք պետք է առավելագույնս սթափ նայել: Մենք պատմական մի «ջահիլիայի» փուլում ենք, որն ունի խնդիր` պետականության գիտակցում սերմանելու և այն կայացնելու: Այս առումով, պատմությունը` իր տարբեր, նաև քննարկվող դրվագով, լավագույն գործիք է: Մինչ սովորողին ազգային-ազատագրական-հերոսա-մահաբերական շաբլոն ընկալումը պարտադրելը, այս շարժման մասով, նախ և առաջ հարկ է ներկայացնել կամ մատուցել, ինչպես կուզեք, պատմական այս դրվագը` որպես կայացած պետականության դրվագ: Այստեղ է, որ հատվում է գաղափարական ֆարսի և իրականության սահմանը: Իհարկե, դիլետանտություն կհնչեր սույն տեքստում շարադրվածը, եթե չլինեին հիմնավորումներ, թե ինչու պետականություն, պետականության ընկալում: Շարադրենք ստորև:
Մինչ օրս, ո´չ քաղաքագիտության մեջ, ո´չ միջազգային իրավունքում, հստակ սահմանված չէ կամ համընդհանուր տեսակետի բերված չէ, թե ինչ ասել պետություն: Ուստի փորձենք մի քանի զուգահեռներ անցկացնել ներկայիս` Հայաստանի երրորդ հանրապետության և Դավիթ Բեկի պետության միջև: Ի՞նչ ունենք այժմ, որ չունեինք այն ժամանակ: Խոսքն այստեղ պետական կառավարման մոդելի մասին չէ: Խոսքը գնում է պետություն ընկալման գաղափարական եզրույթի մասին: ՀՀ-ն ունի սահմաններ և սահմանային վեճեր: Դավիթ Բեկի պետությունն ուներ սահմաններ և ավելի քիչ սահմանային վեճեր: Ի տարբերություն ՀՀ-ի, Դավիթ Բեկի իշխանությունն ընդունում էին նաև հարևան մահմեդական իշխանությունները, որոնք անգամ նրան զորք էին տրամադրում հակաթուրքական պայքարում: ՀՀ-ն ունի դրոշ, զինանշան: Դավիթ Բեկի պետությունն ուներ դրոշ և զինանշան: ՀՀ-ն ունի բանակ: Դավիթ Բեկն ուներ բանակ: ՀՀ-ն ունի պետական արժույթ` դրամ: Դավիթ Բեկն ուներ դրամ հատելու իրավունք: ՀՀ-ն ունի միջազգային ճանաչում: Դավիթ Բեկն ուներ միջազգային ճանաչում: Տարածաշրջանում գործող բոլոր երեք խոշոր պետությունների` Օսմանյան Թուրքիայի, Ցարական Ռուսաստանի և Պարսկաստանի քաղաքական շրջանակները ճանաչում էին Դավիթ Բեկի իշխանությունը և բանակցում նրա հետ: Դավիթ Բեկն ուներ նաև իր յուրօրինակ դատական համակարգը, որը, արդարության դեմ չմեղանչելու համար պետք է ասենք, որ հիմնվում էր անհատի վրա: Այս առումով, որևէ տարբերություն չկա ներկայիս համակարգի հետ համեմատելիս:
Բոլոր այն գործիչները և խավերը, որոնք համախմբված էին Բեկի շուրջ, ունեին իրենց գիտակցված և չգիտակցված դասակարգային շահերը և մղումները, որոնք բնորոշ են ամենատարբեր պետական համակարգերին:
Ամփոփելով գրածը` կարող ենք փաստել, որ այսօր մեր պատմագիտության և պատմության ուսուցման մեջ հստակ հասունացել է պահը վերախմբագրելու մոտեցումները դավիթբեկյան փուլի մատուցմանը: Ազատագրական վիճակից այն պետք է բերել մատուցման գաղափարական նոր` պետականաշինության և պետականության ընկալման դաշտ: Սա է, որ հնարավորություն կտա դրվագը օգտագործելու որպես ռացիոնալ գործիք:
- Բացվել է 1920 անգամ