Ազգային երգի կոմիտասյան գրառումները
Primary tabs
Ազգային երգ - ներածություն
Ազգային մշակույթ ասելով` հասկանում ենք արժեքների այնպիսի համակարգ, որը բնորոշ է կոնկրետ ազգի, ստեղծվել է այդ ազգի մշակութային համակարգում: Իսկ ազգի մշակույթը դիտարկելիս ի նկատի ունենք հատկապես այն արժեքների ամբողջությունը, որոնք ժամանակին, մշակութային փոխառնչակցությունների միջոցով վերցրել է կոնկրետ ազգը և դարերի ընթացքում հանդես բերել սեփական մոտեցումներով:
Ազգային երգը, ազգային մշակույթի արժեքների համակարգում գրավելով իր կարևորագույն տեղերից մեկը, իր վրա է կրում ազգային գենետիկ կոդը, առաքելությունը, ազգային լեզվամտածողությունը, կեցությունը, ներքին հոգեկան զգացումի արտահայտության ձևը և այլն: Կոմիտասը փայլուն գիտեր ազգային երգի արժեքը, նա գիտեր՝ ինչ երգեր է գրառում և թողնում սերունդներին: Այդ պատճառով էլ հենց նրա գրառած երգերն ընտրեցի կատարման ու տարածման համար:
Ազգային երգը, բացի Կոմիտասից, մեր երգահաններից գրառել են Քրիստափոր Կարա-Մուրզան, Սպիրիդոն Մելիքյանը, Մակար Եկմալյանը և այլք: Հետաքրքիր է՝ գիտակցու՞մ էին, որ կգա այսպիսի ժամանակ, երբ այլևս չի լինի այն հայ ժողովուրդը, որը դրանք ստեղծողն էր, որ այլևս չի լինի գութան, դրա հետ էլ՝ գութանով արտը վարողը, որը աշխատանքի ընթացքում իր բացականչություններով, հողին սիրահարված աշխատավորի անկեղծ մաքրությամբ ստեղծում էր հողի, հացի երգը: Չի լինի իր մանկանն օրորող այն գեղջուկ հայուհին, որը ստեղծում էր իր օրորոցայինը, սիրահարված այն պատանին, սիրո կրակով վառված այն աղջնակը, որոնք սիրած էակին գոնե մեկ հայացքով տեսնելու տենչով ստեղծում էին իսկապես ազգային սիրային երգերի գլուխգործոցներ և թողնում սերունդներին... Կգա մի սերունդ, որը, չկրելով ազգային մշակույթը, կրողը կդառնա զանգվածային մշակույթի տարբեր դրսևորումների՝ դրական և բացասական առումներով: Հայ «պանդուխտները», իրենց բարեկեցությունն ապահոված, կդիմեն հայրենիքի կարոտը հանգստացնող Արմենչիկի երգերին ու տաշ-տուշ կանեն՝ մոռացած կռունկին էլ, հայ երգն էլ ու մնացած ազգային արժեքներն էլ: Էստրադային «աստղիկները», ինչ որ տեղից փորած, գտած մի ազգային երգ կաղավաղեն, չգիտես որտեղից ստեղծված «նորաոճ երգեցողությամբ» կկատարեն ու կդարձնեն էստրադային ռաբիս: Համոզված եմ, որ մեր արժեքները պահպանել ցանկացողները, եթե անգամ չեն կանխազգացել այս օրը, հաստատ, գնահատելով ազգային անգնահատելի արժեքը՝ փորձել են հավաքել, պահել, կորուստից փրկել:
Իսկ ո՞րն էր Կոմիտասի արժեքը և յուրահատկությունն այդ գործում: Տիգրան Մանսուրյանը հայ ազգային երգերի, պարեղանակների Կոմիտասի գրառումները շատ պատկերավոր համեմատում էր թիթեռի թռիչքը թղթի վրա զետեղելու հետ: Ընդ որում այնքան վարպետորեն, որ մեղեդին բացարձակապես չի կորցնում իր բնական հնչողությունը՝ ներկայանալով ճիշտ այն գույներով, որպիսին ստեղծվել է: Նրա գրառած երգերը իսկապես արժեք են, և դրանց մեջ ես տեսա նրա խմբերգերի բնագիր երգերը ու հիացած զարմացա՝ ինչպես է կարողացել այդ պարզ մեղեդիների արժեքը ոչ միայն հասկանալ, այլև դրանք համադրելով ստանալ երաժշտական գունային հարուստ կտավ ու սերունդներին թողնել խմբերգերի անգնահատելի հարուստ ժառանգություն:
Երեք տարի առաջ «Կոմիտասյան օրեր» ստուգատեսին, հիշելով Արթուր Շահնազարյանի ցանկությունը՝ կատարվեն Կոմիտասի գրառած հայ ազգային երգերը, ներկայացրեցի նախագիծ՝ «Կոմիտասի գրառած երգերի կատարում, ձայնագրում»: Սկսեցի հատորների մեջ փնտրել չկատարված երգերը: Չեմ կարող վստահ ասել, որ երբևէ չեն կատարվել, համենայն դեպս մենք դրանք չենք լսել ու չենք լսում: Սկզբից անակնկալի եկա՝ հիմնականում երգերի բառերը մեկ տուն էին: Աշխատանքի ընթացքում հասկացա, որ Կոմիտասը շատ լավ գիտակցում էր, որ դրանք վերականգնել կարող են նրանք, ովքեր ազգային երգը իր կառույցով իմացողներն են, և նրանց համար հասկանալի է՝ ինչպես վերականգնել երգը, ինչ բառեր ավելացնել, որտեղից վերցնել: Ընդհանրապես, համեմատաբար հեշտ են վերականգնվում մեր կողմերում խանա, մանի ասված երգերը, պարերգերը, որտեղ կան կրկնվող բառեր, արտահայտություններ, տողեր կամ էլ դրանց համադրությունները: Երգի ռիթմիկ կառույցը որոշելուց հետո հարկավոր է ընտրել երգին համապատասխան թափառիկ խաղիկներ: Կոմիտաս վարդապետը «Հազար ու մի խաղ» վերնագրով գրքում ժամանակին հրատարակել է իր գրառած երգերի տեքտերը, մեր օրերում այն վերահրատարակվել է: Այստեղից էլ կարելի է գտնել վերը նշված երգերի ռիթմիկ կառույցով և բնույթին համապատասխան խաղիկները: Բացի դրանից, երբեմն, չնայած իրենց չափով դրանք համապատասխանում են տվյալ երգին, բայց ռիթմիկ կառույցը թելադրում է որոշակի խաղիկներ ընտրել, որտեղ խաղիկի կառույցը կհամապատասխանի երգի ռիթմիկ կառույցին (բառը չի տրոհվի երկու մասի, որտեղ կամ պետք կլինի շունչ առնել ու շարունակել կամ ստիպված չընդհատել՝ պահելով հնչյունը, որ բառը հնչի ամբողջական):
Երգը վերականգնելուց հետո հարկավոր է կատարել: Ընդհանրապես, ազգային երգը կատարելու համար հարկավոր է ամբողջ էությամբ զգալ այն, իմանալ արժեքը, ծանոթ լինել ազգային երգարվեստին: Առաջին երգերը՝ «Սարեն կուգաս», «Հե՜յ, գյուլ եմ», «Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն» մեծ վարպետությամբ կատարեց մեր կրթահամալիրի երաժշտության դասավանդող Տաթև Ստեփանյանը: Հաջորդ 9 երգերից երեքը՝ «Կաքավն եկավ», «Թագվոր, քո ձիուն», «Այն վերի գլխախնձոր» դարձյալ կատարեց Տաթև Ստեփանյանը: Այս անգամ նրան միացան Սյուզի Մարգարյանը՝ «Մարե, Մարե», «Տարան Նուբարս, տարան», «Ամա՜ն, ամա՜ն, Դերիկո յար», և Լիանա Տեր-Պողոսյանը՝ «Ծաղիկ ունիմ, շատ բաց ա», «Աբարանը քարոտ ա», «Շուշոն էլեր կերթեր էգին» երգերով: Վերջիններս առաջին անգամ էին կատարում ազգային երգեր, դժվար էր ոչ թե երգերի ուսուցումն ու վերարտադրումը, այլ ազատ, անկաշկանդ, անմիջական կատարելը, չլարվելը: Բնական է՝ միանգամից չէր կարող տեղը տեղին ստացվել, բայց փորձել պետք էր: Եթե մենք ուզում ենք երգերը տարածել, ինչպե՞ս կարող ենք դրանք դարձնել մենակատարի մենաշնորհ, որին լսելուց հետո շատերը կվախենան, չեն համարձակվի կատարել, որոշելով, որ իրենց մոտ չի ստացվի: Դրա համար երգերի կատարումը վստահեցի նրանց: Կրթահամալիրի համերգասրահում ներկայացրեցինք նոր երգերը:
Կատարման մեջ բազմագույն – բազմազանություն մտավ, որտեղ յուրաքանչյուրը կատարեց իր ձայնի յուրահատուկ գույնով, ներկայացրեց իր ներքին զգացողությամբ: Կարելի է կատարման նկատմամբ ունենալ վերաբերմունք՝ լավ էր, շատ լավ էր, ոչինչ, կարելի էր նաև այսպես, բայց երգերը... Կոմիտասի ընտրության նկատմամբ չի կարելի կասկած դրսևորել, եթե երգը դեռ «չի մտնում», քո ներքին աշխարհում դեռ «չի տեղավորվում», չի նշանակում, որ պետք է ուղղորդվենք «ճաշակին ընկեր չկա», այս դեպքում, կոպիտ կարգախոսով: Մեր խնդիրը՝ նախ ազգային արժեքի հետ ծանոթացումն է, ճանաչելը, ապա՝ այն զգալը, իր ստեղծված գույներով տեսնելը: Յուրաքանչյուրն իր տեսակին հարիր կատարումով է ներկայացնում երգը, բայց, կարևորը նախ երգը նոտաների միջից գտնելն ու վերականգնելն է, ապա՝ իմանալն ու տարածելը: Նախագծի նպատակը մենակատարների հայտնագործումը չի, այլ Կոմիտասի գրառած երգերի կատարումն ու տարածումը, որն էլ մեծ պատասխանատվությամբ կատարվել է բոլորիս կողմից: Շնորհակալ եմ բոլորից՝ կատարման ու տարածման համար: Կրթահամալիրի երաժիշտների բարեխիղճ ու հետևողական աշխատանքի շնորհիվ կրթահամալիրում արդեն կատարվում են այդ երգերից շատերը: Կան երգեր, որոնք մասսայական կատարման համար փոքր-ինչ բարդ են, այդ պատճառով էլ դեռ չեն կատարվում, բայց, դրանք ունկնդրելու հնարավորություն էլ կա՝ ձայնագրման ստուդիայում բոլոր երգերը ձայնագրվելու են (վեց երգ արդեն ձայնագրվել է), ապա տեղադրվելու են կրթահամալիրի կայքի «Ձայնադարան» բաժնում և հասանելի են դառնալու հասարակությանը:
Այժմ էլի երգեր եմ պատրաստել կատարման համար, գիտեմ, որ մեծ սիրով ու պատասխանատվությամբ կկատարվեն մեր շատ սիրելի երգիչների կողմից: Կներգրավվեն նոր կատարողներ, բայց, մեզ արդեն ծանոթ ու շատ սիրելի Տաթևի, Լիանայի, Սյուզիի առաջին կատարումները շատ կարևոր դեր են կատարել և կատարելու են: Իսկ ես կշարունակեմ Կոմիտասի հատորների մեջ փնտրել ու մոռացումից վեր հանել ազգային մշակութային արժեք ներկայացնող երգեր:
Երգերը ես չեմ ստեղծել, երգերը ժողովուրդն է ստեղծել, ուրեմն, իրավունքով էլ պահանջ ունի՝ տվեք իմ հասանելիքը, տվեք իմ ազգային մշակութային արժեքը, կկարողանամ՝ կկատարեմ, չէ՝ գոնե կունկնդրեմ:
«Գեղջուկը բնութեան հարազատ զաւակն է. ուստի ճաշակել է բնութիւնը բովանդակ հոգով ու սրտով: Իր երգելու մեջ բնութիւնը կը խօսե, որովհետև բնութիւնն է նախ իր մեջ խօսած: Իր սրտի մեջ բնութեան ծովը կը յուզուի, վասն զի ինքն իսկ բնութեան ալիքներու վրայ կը դեգերէ: Իր ամբողջ կեանքը իր երգերու մեջն է ներշնչած: Վերջապես գեղջուկ երգերը տեսակ տեսակ ասուն հայելիներ են, որոնք զատ զատ, իրենց ծնունդ առած վայրերուն դիրքը, կլիման, բնութիւնը եւ կեանքը կանդրադարձնեն»:
Կոմիտաս
- Բացվել է 2340 անգամ