Ուսումնական պարապմունքը վարում են ծնողները

Անհատի ձևավորման և դաստիարակության գործում  ընտանիքի դերն անժխտելի է:  Հետևապես, ուսումնական գործընթացի հաջողության կարևոր գրավականներից մեկը ծնողական համայնքի հետ համագործակցությունն է:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ծնողը ուսումնական գործընթացի ակտիվ մասնակից է: Էլեկտրոնային փոստը, դասարանական, դասավանդողի, սովորողի բլոգները, կրթահամալիրի կայքն ու ենթակայքերը, դպրոցի էլեկտրոնային գրասենյակը մշտապես ծնողների ուշադրության կենտրոնում են, և դրանց հետևելը նրանց մեծամասնության համար դարձել է օրվա կարևոր բաղադրիչ: Առցանց միջավայրի շնորհիվ ծնողը տեղեկանում է իր երեխայի ուսումնական գործունեության բոլոր ձևերին:

Այս ամենի հետ մեկտեղ,  պետք է նշել, կրտսեր դպրոցում իմ դիտարկումները ցույց են տվել, որ ծնողները դպրոցական կյանքի նկատմամբ առավելապես մեծ հետաքրքրություն և ակտիվություն ցուցաբերում են ուսումնառության առաջին տարում: Նրանք մասնակցում և միջամտում են դասարանական կյանքին, ուսումնական օրացույցով նախատեսված տոներին, ստուգատեսներին, փառատոներին, համագործակցում են դասվարի, դասավանդող ուսուցիչների հետ:  Հետագայում այդ հետաքրքրությունը կարծես թե մարում է. և´ ծնողների հետաքրքրասիրությունն է բավարարաված լինում, ավելի վստահում են դպրոցին ու դասվարին, և´ երեխաներն են ուզում ավելի ինքնուրույն հանդես գալ, ու դասվարի առջև խնդիր է ծագում՝ ծնողական համայնքի հետ համագործակցության  նոր ձևեր և եղանակներ գտնելու, նրանց ուսումնական գործունեության մեջ ընդգրկելու համար:

Այս մտորումներից  ծնվեց այն նախագծի գաղափարը, որը սկսել ենք իրականացնել  ուսումնական տարվա սկզբից:

Այս տարի դասավանդում եմ «Իմացումի հրճվանք» ծրագրի երրորդ դասարանում: Ծրագրի բաղկացուցիչ «Ես և շրջակա աշխարհը» դասընթացը ենթադրում է  ուսումնական ճամփորդությունների, դիտարկումների ու փորձերի, ուսումնասիրությունների ու հետազոտությունների միջոցով, իրական կյանքի տարբեր իրավիճակներում  ճանաչել  մեզ շրջապատող աշխարհը, սովորողների մոտ ձևավորել  ինքնաճանաչման, ինքնադրսևորման, ինքնաարտահայտման  հմտություններ, հոգատար վերաբերմունք շրջապատի նկատմամբ:

Տարեսկզբին ծնողներին առաջարկեցի միասին իրականացնել «Ինձ շրջապատող աշխարհը» նախագիծը: Նախագծի գաղափարը հետևյալն է. ուսումնական տարվա ընթացքում ծնողներից  յուրաքանչյուրը վարում է որևէ  ուսումնական պարապմունք:  Պարապմունքի թեմաները քննարկվում և համաձայնեցվում են դասվարի հետ, դասվարն ու  ծնողը ապահովում են պարապմունքին  անհրաժեշտ նյութերը, գործիքները, ընտրում են գործունեության ձևը, միջավայրը, անցկացման օրը, և ծրագիրը հրապարակում են դասարանական բլոգում:

Նախագծի նպատակը ծնողներին  իրենց երեխաների ուսումնական գործընթացի լիիրավ մասնակից դարձնելն է, նրանց ընդհանուր գործի մեջ համախմբելը :

Նախագծի իրականացման ժամկետը մեկ ուսումնական տարի է:

Առաջարկս մեծ խանդավառությամբ ընդունվեց  ծնողների կողմից:

Նախագծի մեկնարկը տրվեց Հեղինակային կրթական ծրագրերի աշնանային ստեղծագործական 10–րդ հավաքի  օրերին: Ռուբենի մայրիկը՝ Մարիամ Մովսեսյանը, տեխնոլոգիական աշխույժով լցրեց դասարանը:  Նա ներկայացրեց  օրիգամի արվեստը, նրա ստեղծման պատմությունը, սովորեցինք  ծալման եղանակով թղթե հետաքրքիր պատկերներ ստանալ:  Մանրամասները՝  դասարանական բլոգում:

Քանի որ օրիգամիի արվեստը ծագել է Չինաստանում, և սովորողներն արդեն որոշակի տեղեկություններ ունեին մեր մոլորակի  այդ  անկյունի մասին, Միհրանի մայրիկը՝ Խոնարհ Հակոբյանն առաջարկեց նախագծի հաջորդ պարապմունքը Չինաստանի մասին անել: Նշեմ, որ Միհրանն ու մայրիկը հաճախում են չինարենի դասընթացների, և նրանք սիրով մեզ փոխանցեցին մի շարք հմտություններ: Դասարան-լաբորատորիան այս անգամ լցված էր չինական շնչով: Մանրամասները տեսանյութով ներկայացված են դասարանական բլոգում:

Մեր ուսումնական միջավայրը չի սահմանափակվում դասարան-լաբորատորիայով:  Ճամփորդությունները ուսումնական գործընթացի անբաժանելի մասն են կազմում և բակը, այգին,  սարը, բարձունքը, թատրոնը, թանգարանը, հուշակոթողը և բազում այլ վայրեր կարող են իսկական ուսումնական միջավայր հանդիսանալ սովորողի համար: Նախագծի հերթական պարապմունքի համար այդպիսի միջավայր հանդիսացավ ռազմական օդանավակայանը: Միգուցե զարմանալի է, բայց պատկերացրեք սովորողի խանդավառությունը, երբ զրուցում է իրական օդաչուի հետ,  հարցեր է ուղղում նրան, ուղղաթիռ է նստում, հետևում, թե այն ինչպես է պատրաստվում թռիչքի, տեսնում է  թռիչքը, տեղեկություններ ու պատմություններ է լսում պատերազմին մասնակից ուղղաթիռների մասին և այլն:  Այդչափ հետաքրքիր ճամփորդությունը մեզ համար կազմակերպել էր Զավենի ընտանիքը: Զավենի հորեղբայրը ռազմական օդաչու է, և այդ հանդիպումից հետո դասարանի տղաների մեծ մասը որոշել է օդաչու դառնալ:

«Մխիթար Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոնին բաց դաս-պարապմունք անցկացրեց մեր Նարեի մայրիկը՝ լրագրող Նելլի Ռաֆայելյանը: Քանի որ մենք դասարանական ռադիո ունենք, և լրագրողական աշխատանք ենք կատարում, շատ հետաքրքիր էր ծանոթանալ լրագրողի աշխատանքի նրբություններին, մասնագիտական կողմերին:  Պարապմունքի գործնական մասն անցավ եռանդուն մթնոլորտում: Սովորողները բաժանվեցին խմբերի: Յուրաքանչյուր խումբ պետք է փոքրիկ ռեպորտաժ ստեղծեր առաջարկված թեմայով:  Այնուհետև յուրաքանչյուր խումբ ներկայացրեց իր աշխատանքը: Նարեի մայրիկն առաջարկեց, որ դրանք նկարահանվեն ու ձայնագրվեն «Շողակաթ» հեռուստաընկերությունում, որտեղ ինքն աշխատում է: Իհարկե, մենք մեծ ոգևորությամբ համաձայնեցինք և որոշ ժամանակ անց հյուրընկալվեցինք հեռուստաընկերությունում:  Արդյունքում հետաքրքիր  ռեպորտաժ ստեղծվեց, որը, ի դեպ, ներկայացրել ենք Դիջիթեք 2016-ին:

Այս օրերին կրթահամալիրում մեկնարկել են ստուգատեսները: Մեր նախագծի այս անգամվա պարապմունքը բնագիտական ուղղվածություն ուներ: Այն վարում էր Դավիթի մայրիկ, կրթահամալիրի դասավանդող Շուշան Ալեքսանյանը: Սովորողները ծանոթացան բույսի կառուցվածքին, մանրադիտակով ուսումնասիրեցին այն, թաղարներ տնկեցին ու սովորեցին, թե ինչպես խնամել դրանք:

Նախագիծը շարունակվելու է մինչև տարեվերջ: Ուսումնական պարապմունքների այսպիսի կազմակերպումը  ավելի է համախմբել ծնողական համայնքին, ոգևորել է և´ սովորողներին, և´ ծնողներին: Իսկ ի՞նչն է ոգևորում  դասավանդողին:  Իհարկե, այն միջավայրը, որտեղ նա կարող է կազմել և իրականացնել նորանոր նախագծեր, որոնք նպաստում են ուսումնական գործընթացի բարելավմանը: Ինձ շրջապատող աշխարհը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը,  հենց այդպիսին է: 

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский