Ֆլեշմոբը՝ որպես ուսուցման կազմակերպման միջոց

Իմ խորին համոզմամբ ներկայիս դպրոցի առջև դրված կարևորագույն խնդիրներից մեկը կրթության պրոցեսի արդյունավետ կազմակերպումն է: Ի դեմս կրթության մենք գործ ունենք անընդհատ զարգացող երևույթի հետ, ինչը ենթադրում է կրթության կազմակերպման նոր գործիքների ներդրում և դրանց օգտագործում: Սույն հոդվածով կփորձեմ ներկայացնել այդպիսի գործքներից մեկը՝ ֆլեշմոբը:

Որպես բնագիտական առարկաներից ֆլեշմոբի համակարգող՝ կցանկանայի կատարել որոշակի բովանդակային եզրահանգումներ՝ նպատակ ունենալով առավել մեծացնելու ֆլեշմոբների արդյունավետությունը: Բնագիտական առարկաների ֆլեշմոբը կազմակերպվում է սկսված 4-12-րդ դասարանի սովորողների համար և յուրաքնաչյուր տարիքային խմբում ունի իր առանձնահատկությունները:
Սույն հոդվածով կփորձեմ ներկայացնել այն բոլոր առավելությունները, որոնք ընձեռում է ֆլեշմոբը:

  • Ապահովում է ընդգրկվածություն:
  • Հնարավորություն է տալիս գիտելիքների ստուգման:
  • Ի հայտ է բերում կրթական ծրագրում եղած բացթողումները:
  • Սովորողներին մղում է ինքնակրթության:
  • Այլ միջոցառումների համար հանդիսանում է հարթակ:
  • Տարածում է կրթական ծրագիրը:

Յուրաքանչյուր ֆլեշմոբ կազմակերպվում է կրթահամալիրի օրացույցով նախատեսված օրը, ժամը՝ 19:00-ից և տևում է 3-4 ժամ, ինչը պատշաճ մասնակցելու հնարավորություն է տալիս ոչ միայն սովորողին, այլ նաև նրա ընտանիքի անդամներին: Ֆլեշմոբը, որը հասնում է սովորողի ընտանիք, հնարավորություն է տալիս ծնողին ևս ընդգրկված լինելու ուսումնական պրոցեսում: Այսպիսով, ծնողը ոչ միայն հնարավորություն է ունենում ծանոթանալու կրթահամալիրում իրականացվող ծրագրերին, այլ նաև հետևելու սեփական երեխայի գիտելիքներին: Ֆլեշմոբի ընտանիք թափանցելու լավագույն արդյունքը կարելի է համարել այլն, երբ սովորողն ու ծնողը կատարում են համատեղ ուսումնական աշխատանք:

Կրթական պրոցեսի անքակտելի մաս է կազմում գիտելիքների ստուգումն ու գնահատումը: Յուրաքանչյուր ամիս ֆլեշմոբին հաջորդում է գրանցված արդյունքների ամփոփումն ու արդյունքների վերլուծությունը: Այդ արդյունքները ցանկացած տարիքային խմբում գիտելիքների ստուգման լավ ցուցանիշներ են, որոնք ցույց են տալիս տվյալ ծրագրի յուրացվածության աստիճանը: Այս առումով կարելի է առանձնացնել ավարտական դասարանների համար կազմակերպող ֆլեշմոբը, որը ուղղված է նաև ավարտական ու միասնական քննություններին նախապատրաստվելուն:

Ֆլեշմոբի արդյունքների մանրամասն վերլուծությունը հնարավորություն է տալիս նաև տեսնելու կրթական ծրագրի իրականացման ընթացքում եղած բացթողումները, ինչպես դասընթացի մասով, այնպես է առանձին թեմայի մասով:

Առանձին դեպքերում ֆլեշմոբը կարող է ունենալ թեմատիկ ուղղություն: Այս պայմանական բաժանումը առավել լավ է ընդգծում առաձին թեմաների շուրջ եղած բացթողումները և, իհարկե, ավելի է հեշտացոնւմ դրանց վերացման աշխատանքները: Այս առումով առավել պարզ են 4-6-րդ դասարաններում կատարվող աշխատանքները: Որպես ակնկալվող արդյունք՝ նշեմ նաև, որ ֆլեշմոբերի արդյունքների վերլուծությունը կնպաստի նաև նոր ուսումնական տարում առարակայական ծրագրերի մշակմանը:

Ցանակացած ժամանակում էլ ուսուցման պրոցեսում մեծագույն դերը միշտ էլ պատկանել է սովորողին, այս դեպքում դասավանդողի համար կարևոր խնդիր է դառնում սովորողին անընդհատ մղել ինքնակրթության: Ինքնակրթության մղելու նորագույն գործիք է հենց ֆլեշմոբը: Առաջադրված հարցերում մեծ տեղ են հատկացվում նաև այնպիսի հարցերին, որոնք հիմնված չեն կոնկրետ գիտելիքի և իմացության վրա, այլ տվյալ հարցերին պատասխանելու համար սովորողը պետք է կատարի որոշակի ուսումնասիրություն կամ տրամաբանելով գտնի ճիշտ պատասխանը: Նմանատիպ հարցադրումները անընդհատ սովորողնին մղում են ինքնակրթության՝ էապես մեծացնելով ֆլեշմոբի արդյունավետությունը:

Ֆլեշմոբի առավելությունների շարքում պետք է նշել նաև նրա տեխնիկական առավելությունները, որոնք հնարավորություն են տալիս գրանցելու ու պահպանելու արձանագրված արդյունքները: Լավագույն արդյունքներ գրանցած սովորողները ընդգրկվում են ամենատարբեր մրցույթներում: Մասնավորապես առարակայական օլիմպիադաների մասնակիցների ցուցակում տեղ են գտնում այն սովորողները, ովքեր լավ արդյունքներ են գրանցել նախորդող ֆլեշմոբերում:

Կրթահամալիրի որդեգրած սկզբունքներից կարևորագույնն իմ կարծիքով բաց գործելաոճն է, որն ավելի ու ավելի լայն թափ է հավաքում: Անշուշտ, լավ ցուցանիշ է ամենատարբեր ստուգատեսների մասնակցության մեծացող աշխարհագրությունը, սակայն այս առումով ֆլեշմոբը ևս գրանցում է հաջողություններ: Թեև բնագիտական առարկաներից  ֆլեշմոբ կազմակերպվել է 3 անգամ, բայց կարելի է խոսել մեկ տասնյակի հասնող այլ դպրոցների սովորողների մասնակցության մասին, որը, անշուշտ, ընդլայնման միտում ունի: 

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский