Թվային միջոցները՝ համագործակցության արդյունավետ միջոց նախակրթարանում
Primary tabs
Նախակրթարանի 2-4 տարեկանների տարատարիք խումբ. այն արդեն իսկ ենթադրում է ճանաչողական, խոսքի, հոգեբանական զարգացման տարբեր մակարդակներ: Մեր համատեղ` դաստիարակ-լոգոպեդ համագործակցությունը հենց սկսվեց` մտածելով իրագործել այնպիսի ընդհանուր զարգացնող խաղ-վարժությունների շարք, որոնք հետաքրքիր, արդյունավետ կլինեն խմբի բոլոր սաների համար:
Սկսեցինք Բլբլավարժություններից `միասին հայտնաբերեցինք, թե մեր խոսքն, առհասարակ, ինչպես է ստեղծվում-ծնվում։ Կարևոր է, որ սանն ինքը բացահայտի, մեկնաբանի, համեմատի, եզրակացնի: Եթե չի էլ ամփոփի մտքում, մեկ է, մտքում կամ ենթագիտակցության մեջ մի կարևոր ինֆորմացիա կմնա: Սա մի փոքրիկ քայլ է՝ դեպի սեփական խոսքի ինքնակարգավորում, վերահսկում և, իհարկե, արժևորում: Կամաց-կամաց երեխան սեփական խոսքին հետևելու սովորություն է ձեռք բերում: Այդ վարժություններից հետո փորձեցինք «ս» և «շ» հնչյունների արտասանման տարբերությունները պարզել, որոնք հաճախ են շփոթվում այս տարիքային խմբերում: Օգտագործելով մեր վերլուծիչները՝ տեսողական, լսողական, շոշափողա-շարժողական, միասին հայտնաբերեցինք, թե որքան տարբեր են այդ երկու, առաջին հայացքից իրար նման, հնչյունները: Իսկ դրա տրամաբանական շարունակությունը մեր հաջորդ խաղ-վարժությունն էր, որի ժամանակ բոլորս դարձանք զատիկներ և բզեզներ. խմբի սաների մի մասը սկսեց «բզզալ» զատիկների նման, մյուս մասը՝ «ղժժալ» բզեզների նման: «Խաղալիքները» «զ» և «ժ» հնչյուններն էին, և երեխաներն սկսեցին տարբերակել այդ հնչյունները:
Խոսքային հմտությունների ուղղությամբ հաջորդ վարժությունը. ունկնդրում էինք բնաձայնություններ, փորձելով գուշակել՝ ինչ ձայն է, և վերարտադրել լսած ձայնը: Դա ուսումնական աշխատանք բոլորի համար. երբ սանը նոր-նոր է սկսում առանձին վանկեր, բառեր արտաբերել, բնաձայնությունները կրկնելը նրա համար ոչ միայն զվարճալի, այլ նաև օգտակար վարժություն է, իսկ ավելի զարգացած խոսք ունեցողը ճանաչում և տարբերակում է բնության, կենդանիների ձայները:
Խոսքը միայն ձայնարտաբերում չէ, այն մեր արտաբերական օրգանների համակցված շարժումն է՝ համապատասխան խոսքային շնչառությամբ: Ուստի համատեղ որոշեցինք խմբում անցկացնել շնչառական վարժությունների շարք, որի ժամանակ սաները, նախևառաջ ստացան դրական հույզեր, ինքնաբուխ էին, առանց լարվածության կենտրոնացված ու ինքնավստահ: Խոսքային ճիշտ շնչառությունը ստեղծում է սահուն, արտահայտիչ խոսք, ուստի խմբում անհրաժեշտ համարեցինք ժամանակ առ ժամանակ կիրառել:
Խոսքն, ինչպես վերը նշեցինք, նաև շարժում է, ուստի անհրաժեշտ է զարգացնել ընդհանուր և, հատկապես, նուրբ շարժումները: Որքան ճկուն և շարժունակ լինեն մատիկները, այնքան ավելի հեշտ կհաղթահարվեն խոսքային մի շարք խնդիրներ: Որոշեցինք սկսել սաների ամենասիրած գործունեություններից մեկով՝ խմորով աշխատանքով. խմորը միաժամանակ դարձրինք թե՛ մատների ճկունությունն ապահովող միջոց, թե՛ համրելու և թե՛ երևակայական կերպարներ ստեղծելու միջոց:
Սանի հետ աշխատանքը պետք է լինի անընդհատ, շարունակական՝ խմբում, թե տանը, արձակուրդի, թե նույնիսկ հիվանդության ժամանակ ՝ ներգրավելով առցանց ուսուցման մեջ, աշխատելով սկայպով:
Մասնագետ-դաստիարակ համագործակցությունը, անխոս, շատ կարևոր է և արդյունավետ, սակայն առանց ծնողի ներգրավման, միևնույն է դառնում է ոչ լիարժեք և թերի: Ուստի ծնողը պետք է դառնա մեր սեմինարի, ընդհանուր գործունեությունների ակտիվ մասնակիցը՝ անմիջապես մասնակցելով, մշտապես հետևելով դաստիարակի, մասնագետի բլոգներին, դառնա առավել իրազեկ, իրեն հուզող հարցերի պատասխանները ստացող, վստահ:
- Բացվել է 1857 անգամ