Ուսուցման հիմքում այլևս մտապահումը չի լինի
Primary tabs
Հարցազրույց
2013-ին «Նյու Յորք թայմս» թերթը Միցիո Կակուին անվանեց Նյու Յորքի ամենախելացի մարդկանցից մեկը: Ճապոնական ծագումով ամերիկյան ֆիզիկոսը մի շարք հետազոտություններ է կատարել սև խոռոչների և տիեզերքի ընդլայնման բնագավառներում: Հայտնի է իբրև գիտությունն ակտիվորեն հանրայնացնող գիտնական: Գիտնականը մի քանի բեսթսելեր ունի (դրանցից շատերը թարգմանված են ռուսերեն, այդ թվում` «Սուպերլարերի տեսության ներածություն», «Անհնարինի ֆիզիկան», «Ապագայի ֆիզիկան»), հաղորդումների շարք՝ BBC-ում և «Discovery»-ում: Կակուն համաշխարհային հռչակ ունեցող ուսուցիչ է. նա նյույորքյան «Սիթի» քոլեջի տեսական ֆիզիկայի պրոֆեսոր է, շատ է ճամփորդում՝ դասախոսելով աշխարհով մեկ: Վերջերս Միցիո Կակուն պատմել է «Դրամի իշխանություն (Власть Денег)» պարբերականին, թե ինչպես է տեսնում ապագայի կրթությունը:
- Ձեր «Ապագայի ֆիզիկան» գրքում գրում եք, որ կրթության հիմքում կլինեն համացանցի տեխնոլոգիաներն ու «Google Glass» տեսակի գաջեթները:
Ուրիշ ի՞նչ խոշոր փոփոխություններ կլինեն կրթության բնագավառում:
- Ամենակարևորը՝ կրթության հիմքում այլևս մտապահումը չի լինի: Շատ շուտով համակարգիչներն ու «Google Glass » ակնոցները կփոխարկվեն աննշան ոսպնյակների, որոնք հնարավորություն կընձեռեն ներբեռնելու ողջ անհրաժեշտ տեղեկությունը: Արդեն գոյություն ունեն հավելյալ իրականության ակնոցներ, որոնք ունեն նույնպիսի գործառույթ: Այդ իսկ պատճառով մեկ-երկու տարուց քննությունների ժամանակ դպրոցականները հեշտությամբ կկարողանան հարցերի պատասխանները համացանցում գտնել. աչքդ թարթես` և անհրաժեշտ տեղեկությունը կհայտնվի: Մի կողմից՝ ուղեղն անօգուտ գիտելիքով ծանրաբեռնելու կարիք չի լինի, որի հիմնական մասը, ինչպես փորձը ցույց է տալիս, այնուհետև չի օգտագործվում: Մյուս կողմից՝ ազատված մտավոր ներուժը կուղղվի մտածելու, վերլուծելու, պատճառաբանելու և, արդյունքում, ճիշտ որոշումներ կայացնելու կարողության զարգացմանը:
- Այս դեպքում քննությունների և դասավանդողների կարիք այլևս չի՞ լինի:
- Անշուշտ, մենք առավել ինքնավար կդառնանք, մեր կյանքի համար մեծ պատասխանատվություն կկրենք, և հետևաբար ոչ մի «վերահսկող մարմնի» կարիք այլևս չի լինի: Մարդիկ կսկսեն զբաղվել ինքնակրթությամբ, ընդ որում, իրապես գիտակցելով, թե կոնկրետ ինչ գիտելիքներ են հարկավոր: Իսկ եթե խորհրդակցության կարիք զգացվի, կստանան այն, օրինակ, «խելացի» պատից: Շատ շուտով արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների օգնությամբ ստեղծված այդպիսի սարքերը ամենուրեք կլինեն՝ բնակարանում, գրասենյակում, փողոցում: Բավական կլինի ընդամենը մոտենալ պատին ու ասել.
- Ցանկանում եմ կենսաբան-պրոֆեսորի հետ զրուցել:
Եվ անմիջապես պատին կհայտնվի այն գիտնականը, որ անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը կարող է տալ: Այս համակարգը կկիրառվի ոչ միայն կրթության, այլև այլ բնագավառներում՝ բժշկության, իրավաբանության, դիզայնի, հոգեբանության և այլն: Իհարկե, իրական մասնագետները, ասենք, վիրաբույժները, պետք կլինեն, սակայն հասարակ խնդիրները հնարավոր կլինի վիրտուալ լուծել: Ինչ վերաբերում է ուսուցիչներին, ապա նրանց «անձնական ներկայության» կարիքը հաստատ չի զգացվի:
- Մարդիկ կկարողանա՞ն արդյոք արագ անցնել ինքնակրթության, առցանց ուսուցման:
- Համալսարանական առցանց կուրսեր արդեն կան. դա իսկապես փայլուն գաղափար է: Թեև, դեռևս բարձր է այդ ծրագրերով սովորելուց հրաժարվածների տոկոսը: Դա կապված է նրա հետ, որ մարդիկ դեռևս սովոր չեն առանց ուսուցչի ՝ «միայն դու և համակարգչի մոնիտորը» սկզբունքով աշխատելու, նրանք չունեն բարձր մոտիվացիա: Մյուս կողմից` առցանց համակարգը դեռ նոր է ծնվում, այն պետք է շտկվի: Չնայած, նա բավականին արագ է զարգանում ու կատարելագործվում, և անշուշտ առաջիկա հիսուն տարին կրթությունն այդ կերպ կզարգանա: Համալսարանները կպահպանվեն, բայց դրանք մեծ մասամբ կլինեն վիրտուալ բուհեր, որտեղ ուսուցումն անցկացվում է ըստ բնագավառների: Իսկ նրանց, որ կհաճախեն ավանդական ուսումնական հաստատություններում ընթացող դասախոսություններին, կհամարեն ձախողակ: Նրանց մասին կասեն. «Չկարողացավ իր ուսումն ինքնուրույն կազմել»:
- Հիմա դիպլոմն է ստացված գիտելիքի հաստատումը: Ապագայում ինչպե՞ս է մասնագետը հաստատելու իր բանիմացությունն այս կամ այն ոլորտում:
- Դիպլոմները կվերանան, քանի որ այլևս դրանց կարիքը չի զգացվի, նախ և առաջ այն պատճառով, որ կրթությունն այլևս ինչ-ինչ ժամանակային կամ տարածական շրջանակներով չի սահմանափակվի: Ամենայն հավանականությամբ կբացվեն վկայագրման կենտրոններ, որտեղ մասնագետները կհանձնեն որակավորման քննություններ, որոնք կորոշեն հմտությունների ու կարողությունների համախումբը: Այս արդյունքներից կախված՝ մարդը կստանա կամ չի ստանա որոշակի պաշտոն: Հավանաբար, ժամանակի ընթացքում կմտցնեն նաև գնահատականների ընդհանուր սանդղակ: Հետևաբար, համալսարանները կդառնան ծառայություններ մատուցողներ, բայց այդ ծառայություններն իրենք չեն գնահատի: ԱՄՆ-ում, Կանադայում, Ճապոնիայում, Եվրոպայում շատ տարածված է պորտֆոլիոյի համակարգը, երբ ուսումնառության ընթացքում անձը կուտակում է դիպլոմներ, վկայականներ, վկայագրեր և դրանք ներկայացնում է գործատուին: Ապագայում կուտակած ինտելեկտուալ պաշարը կդառնա կրթության համակարգի առանցքային տարրերից մեկը, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաները մարդու վաստակը մատչելի և թափանցիկ կդարձնեն:
- Եթե մեծահասակներից կարել է ակնկալել կրթության հանդեպ գիտակցական վերաբերմունք, ապա երեխաները դժվար թե սովորեն առանց մշտական վերահսկողության…
- Կսկսեն ակտիվորեն զարգանալ մանկական կրթական ծառայությունները: Առաջիկա տասը-տասնհինգ տարին այն, ինչ հիմա անվանում ենք արտադպրոցական կրթություն, անսահման հնարավորություններ ձեռք կբերի: Մանավորապես, կլինի այնպիսի ծառայություն, ինչպիսին է առցանց մանկավարժությունը: Ընդ որում առցանց` չի նշանակում, որ բոլորը նստած են համակարգիչների առջև ու նայում են մոնիտորներին. փոխվում է հենց միջավայրը, որում ապրում են մարդիկ, և նրանց հետ փոխազդող ինտերֆեյսները: Ապագայի` տեղեկատվական-հաղորդակացական լուծումներով լի քաղաքներն իրենք իրենցով կդառնան նոր կրթական միջավայրի մասնակիցներ: Մասնավորապես, մանուկների համար կառաջարկվեն մեծ խաղեր, որոնք օրեր շարունակ կանցկացվեն քաղաքային իրական կամ հատուկ նախապատրաստված տարածքներում: Դասագրքերը կսովորեն արհեստական ինտելեկտ «լցոնել», և նա կկարողանա ուսումնական նյութեր՝ ֆոտոներ, տեքստեր, տեսագրություններ, հանձնարարություններ, սխեմաներ ընտրել ըստ յուրաքանչյուր աշակերտի պահանջների, անկախ նրանից, թե սովորողը քանի տարեկան է՝ վեց թե վաթսուն: Այդպիսի մշակումները շատ են, աստիճանաբար ներդրվում են:
- Հիմա լավ մասնագետ դառնալու համար հարկավոր է գիտելիք կուտակել ու փորձ ձեռք բերել: Ի՞նչ է հարկավոր ապագայում հաջողակ մարդ դառնալու համար:
- Իրական հաջողության հասնելու համար պետք է զարգացնել այն ընդունակությունները, որոնք ռոբոտների համար անմատչելի են՝ ստեղծականությունը, երևակայությունը, նախաձեռնողականությունը, առաջնորդի հատկանիշները: Զուր չէ, որ Թոնի Բլերը սիրում է ասել, որ Անգլիան ավելի շատ եկամուտ ստանում է իր ռոք-ն-ռոլից, քան հանքահորերից: Հաջողության առավել մեծ հնարավորություն կունենան այն երկրները, որոնք կկարողանան հավասարակշռել ապրանքային շուկաներն ու ճանաչողական-ստեղծական պոտենցիալը: Այն ազգերը, որոնք հավատում են բացառապես գյուղատնտեսությանը, երկար չեն դիմակայի, նրանք դատապարտված են աղքատության:
- Ապագան կանխատեսող մասնագետները (ֆուտուրոլոգները) պնդում են, որ աշխատատեղերի առյուծի բաժինը շուտով կզբաղեցնեն ռոբոտները: Ի՞նչ կմնա մարդուն:
- Ամենաբարձր վճարվողները կլինեն բիոտեխնոլոգները, նանոտեխնոլոգներն ու արհեստական ինտելեկտը: Փոխվում է ոչ միայն կրթական, այլև աշխատանքային համակարգը: Շատ շուտով ֆաբրիկաներում մարդ չի մնա, դրա փոխարեն բազմաթիվ մասնագիտություններ կառաջանանան ինտելեկտուալ բնագավառում: Ամենակարևորը՝ ժամանակին կողմնորոշվես և անցում կատարես: Մարդկանց մեծ մասի խնդիրն այն է, որ իներտ են և նույնիսկ քայլ չեն կարող կատարել առանց ամբոխին նայելու: Առաջինը, որ պետք է սովորեք, եթե ապագայում ուզում եք հասնել հաջողության, տարբերվելուց չվախենալն է, սեփական կյանքի ողջ պատասխանատվությունը կրելը, մեկ օրում ամեն ինչ փոխելուց ու նոր ուղով շարունակելուց չվախենալը:
- Դեռ երբեք գործազրկության մակարդակն այսքան բարձր չի եղել ինչպես հիմա՝ առաջին հերթին երիտասարդության: Արժե՞ դա զուտ համաշխարհային ճգնաժամին վերագրել, թե՞ մեղքի իր բաժինն ունի նաև կրթական ոչ արդյունավետ համակարգը:
- Գործող կրթական համակարգը պատրաստում է անցյալի մասնագետներ: Մենք սովորեցնում ենք մարդկանց, որ գնան մի աշխատանքի, որն արդեն գոյություն չունի, ապահովում ենք մտավոր գործիքներով, որոնք վաղուց ապարդյուն են: Ահա, թե ինչու է գործազուրկների թիվն աշխարհում այդքան մեծ: Ինչո՞ւ պետք է գործատուն ընդունի շրջանավարտներին. բացի նրանից, որ համապատասխան գիտելիք չունեն, փորձ էլ չունեն: Արդյունքում, համաշխարհային առաջատար ընկերություններում մեծամասնությունը հիսուն-վաթսուն տարեկան է: Իսկ չէ՞ որ նրանք շարունակելու են սովորել. հենց որ մարդիկ հանգիստ սկսեն հարյուր քսան տարի ապրել ու հետևել, այն մոտեցմանը, որ պետք է անընդհատ սովորել, որը, ըստ իս, անխուսափելի է: Ահա թե ինչու կրթական համակարգի մասնագետները հիմա արմատապես վերանայում են բնագիտական այն ուսումնական ծրագրերը, որոնք անմիջական կապ ունեն ապագայի տեխնոլոգիաների հետ:
- Բայց չէ՞ որ ոչ բոլորն ունեն մտավոր աշխատանքի ձիրք: Ի՞նչ տաղանդ պիտի ունենա մտավոր աշխատանքի ձիրք չունեցող մարդը, որպեսզի գոյատևի ռոբոտների աշխարհում:
- Ոչ մի բարձր զարգացած ինտելեկտ չի կարող ամբողջությամբ փոխարինել մարդուն: Իրականում մեքենաների համեմատ շատ ավելի շատ առավելություններ ունենք, քան կարելի է պատկերացնել: Օրինակ, ռոբոտները չունեն պատկերավոր մտածելակերպ, նրանք չունեն գիտակցություն, ներքին ձայն (ինտուիցիա): Կգոյատևեն այգեպանները, շինարարները, ֆիզիկական այնպիսի աշխատանք կատարողները, որոնց աշխատանքը կապված է ստեղծականության հետ, այսինքն` ենթադրվում է ոչ թե ֆունկցիաների ավտոմատ կատարում, այլ տարբեր փուլերում մոտեցման փոփոխություն: Մոտ ապագայում «բանվորական» կհամարվեն այն մասնագիտությունները, որոնք հիմա մտավոր են համարվում՝ ծրագրավորումը, համակարգչային դիզայնը, 3D նախագծումը: Ինչ էլ որ մարդն անի, պիտի ամեն ինչի հանդեպ ունենա ստեղծագործ մոտեցում, կենդանի երևակայություն, փոփոխվող պայմաններում արագ կողմնորոշվելու կարողություն և լավ զարգացած ներքին ձայն:
- Ինչպիսի՞ փոփոխություններ են սպասում մարդկային ինտելեկտին ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման հետ՝ բժշկությունից մինչև կիբեռնետիկա:
- Միանգամայն ռեալ է, որ մինչև 2050թ. ստեղծված կլինի գերխելքը, որը կգերազանցի մարդկության լավագույն ուղեղներին՝ համարյա բոլոր բնագավառներում: Օրինակ, բոլորովին վերջերս, գիտնականների բազմազգ մի խումբ մեկ միլիարդ դոլարանոց «Մարդկային ուղեղ» (Human Brain Project ) նախագծի շրջանակում ստեղծել է մարդու ուղեղի մի բացառիկ քարտեզ՝ «Մեծ ուղեղը» (Big Brain), որը ցույց է տալիս նրա հանգամանալից կառուցվածքը մինչև 20 միկրոմետր ճշտությամբ: Այդպիսի անատոմիական ատլասը ոչ միայն կհեշտացնի նյարդաբանների և նյարդավիրաբույժների աշխատանքը, կօգնի ծանր հիվանդություններ բուժել, այլև հնարավորություն կընձեռի տեսնելու, թե ինչպես է ուղեղը մշակում հույզերը, ինֆորմացիա ընկալում: Դա զգալի կարագացնի գերխելքի ստեղծման ընթացքը, ինչպես նաև թույլ կտա առավելագույնս անվտանգ կատարելագործել և խթանել բնական ճանաչողական գործընթացները, կուտակել գիտելիքների բազա:
Թարգմանություն ռուսերենից
Լուսանկարի աղբյուրը
- Բացվել է 2119 անգամ