Ֆլեշմոբը որպես ուսումնական նոր մեդիագործիք
Primary tabs
Մաթեմատիկական ֆլեշմոբ կրթահամալիրում և կրթահամալիրից դուրս
Մաթեմատիկայի ուսուցման գործընթացում կարևոր տեղ ունեն արտակաբինետային աշխատանքները, որոնք լրացնում և ամրապնդում են սովորողների ստացած գիտելիքները, կարողություններն ու հմտությունները, ձևավորում նոր որակներ, զարգացնում արագ կողմնորոշվելու ունակությունը և տրամաբանական մտածողության մակարդակը, ընդլայնում մաթեմատիկական գործունեության դաշտը կրթահամալիրում և կրթահամալիրից դուրս, ընտանիքներում: Այսպիսին է մաթեմատիկայի այընտրանքային պարապմունքը` մաթեմատիկական ֆլեշմոբը:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 2015թ. սեպտեմբերից անցկացվում է ամենամսյա մաթեմատիկական ֆլեշմոբ, այսինքն` ամեն ամսվա վերջին չորեքշաբթի օրը սովորողներն իրենց տանը` հարմար պայմաններում, փորձում են լուծել մաթեմատիկական խնդիրներ:
Ընդ որում, աշխատանքը կարելի կատարել ինչպես ինքնուրույն, այնպես էլ ծնողների, ընկերների, բարեկամների հետ: Այսինքն` ամեն ամսվա վերջին չորեքշաբթի օրվա երեկոն վերածվում է իսկական մաթեմատիկական ընկերական-ընտանեկան տոնի:
Ֆլեշմոբը՝ որպես մեդիաուսուցում, հնարավորություն է տալիս միավորելու սովորողներին, ծնողներին, դասավանդողներին, բոլոր նրանց, որ հետաքրքրվում են մաթեմատիկայով, անգամ մեր արտերկրյա բարեկամներին: Այս առումով կարող ենք ասել, որ ֆլեշմոբը սահմաններ չունի:
Ելնելով սովորողների մեծաքանակ արձագանքներից` մաթեմատիկական ֆլեշմոբը դարձավ իսկական «վիրուս» մնացած առարկաների համար` հայերեն, անգլերեն, ռուսաց լեզու, պատմություն, բնագիտություն: Մեկնարկի է պատրաստվում նաև շախմատային ֆլեշմոբը։
Առարկայական ֆլեշմոբները ուսումնական աշխատանքում ներգրավում են ծնողին` ծնողի մասնակցությամբ փոխելով սովորողի ուսումնական գործունեությունը տանը, հաղթահարելով ավանդական անգիրի դպրոցը, առարկայական տնային մեխանիկական աշխատանքը, շտկողական-ռեպետիտորական դպրոցը:
Մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրները կազմում են մաթեմատիկա առարկայի դասավանդողները: Ես կազմում եմ երկու տարբեր տարիքային խմբերի համար` մինչև երրորդ և 4-5 –րդ դասարաններ: Մեծ հաճույքով եմ այս աշխատանքը կատարում, քանի որ այն լավ առիթ է անընդհատ ուսումնասիրելու մաթեմատիկական տարբեր կայքեր, կարդալու մաթեմատիկական ամսագրեր, ծանոթանալու այլոց փորձին: Հետո բոլորի կողմից ընտրված խնդիրները մաթեմատիկայի դասավանդողների հերթական սեմինարների ժամանակ քննարկում ենք և առանձնացնում տարիքային չորս խմբերի համար լավագույն 10 խնդիրները: Խնդիրների ընտրության հարցում նախապատվությունը տալիս ենք ոչ ստանդարտ լուծում ունեցողներին: Սա է պատճառը, որ այս մի քանի ամսում ավելի շատ խնդիրներ եմ թարգմանել ռուսերենից, անգլերենից հայերեն, ինչու չէ նաև հորինել: Եվ հետաքրքիր է, որ կան ծնողներ, որ այս փուլում ևս պատրաստ են գործընկեր դառնալու, հետաքրքրվում են, թե որտեղից են վերցվում խնդիրները՝ նախապես պատրաստվելու համար, անձամբ ուզում են խնդիրներ տրամադրել մաթեմատիկական ֆլեշմոբի համար:
Այսինքն շատ շուտով ծնողները ոչ միայն կօգնեն սովորողներին՝ տանը խնդիր լուծելիս, այլ նաև մեզ` դասավանդողներիս, խնդիրներ կազմելիս:
Մաթեմատիկայից ֆլեշմոբի առաջադրանքները
Ֆլեշմոբից հետո ևս սովորողների համար տոն է, քանի որ քննարկում ենք այդ տարիքային խմբի խնդիրները, գտնում տարբեր լուծումներ:
Բերեմ օրինակ: Խնդիրը կարդալուց հետո 4-5-րդ դասարանցի սովորողների հետ քննարկում ենք, թե ինչպես կլուծի 5 տարեկանը, առաջին, երկրորդ, երրրորդ, չորրորդ դասարանցին:
Խնդիր 1. Ունենք երեք տարբեր գույնի կտորներ՝ կարմիր,դեղին, սպիտակ: Քանի՞
ձևով կարող եսպատրաստել իրարից տարբեր եռագույն դրոշներ (հորիզոնական շերտերով):
Խնդրի լուծումը մինչև հինգ տարեկան երեխաների համար: Նկարում ենք դրոշներ և սկսում գունավորել երեք տարբեր գույներով՝ կարմիր, դեղին, սպիտակ: Հետո հաշվում ենք հնարավոր տարբերակները: Կստանանք վեց լուծում:
Խնդրի լուծումը առաջին դասարանցիների համար: Բոլոր հնարավոր ձևերով դասավորում ենք բառերը.
- Կարմիր
- Սպիտակ
- Դեղին
- Կարմիր
- Դեղին
- Սպիտակ
- Սպիտակ
- Դեղին
- Կարմիր
- Սպիտակ
- Կարմիր
- Դեղին
- Դեղին
- Սպիտակ
- Կարմիր
- Դեղին
- Կարմիր
- Սպիտակ
Ստացվեց վեց լուծում:
Խնդրի լուծումը երկրորդ, երրորդ դասարանցիների համար. միանգամից ստանում ենք տառային հապավումներ՝ ԿԴՍ, ԴՍԿ, ՍԴԿ, ԿՍԴ, ԴԿՍ, ՍԿԴ: Ստացվեց վեց լուծում:
Խնդրի լուծումը 4-րդ դասարանցիների համար: Անում ենք նշանակում` կարմիր-1, դեղին-2, սպիտակ-3: Կստանանք՝ 123, 132,213, 231, 312, 321: Ստացվեց վեց լուծում:
Հետո քննարկում ենք՝ խնդիրը կարելի՞ է զարգացնել և հաշվել, թե քանի հնարավոր լուծում կունենա, եթե վերցնենք չորս կամ հինգ տարբեր գույնի կտորներ:
Կարևոր եմ համարում նաև մաթեմատիկական ֆլեշմոբի երրորդ փուլը` վերլուծությունը։ Որպես ֆլեշմոբի պատասխանատու՝ այդ աշխատանքն անում եմ սովորողների հետ։ Նրանք հաշվում են excel ծրագրով՝ քանի սովորող է մասնակցել, որ դասարանը, որ դպրոցն է ավելի ակտիվ եղել, որ խնդիրն է, որ ոչ մի սովորող չի կարողացել լուծել, և այլն: Այս ընթացքում սովորողները յուրացրին excel ծրագրի նոր հնարավորությունները (ասենք՝ filtr կոճակի): Մաթեմատիկական ֆլեշմոբը հնարավորություն է տալիս զարգացնելու տրամաբանական մտածողությունը և ձեռք բերել վերլուծություն կատարելու հմտություններ: Կրթահամալիրում և կրթահամալիրից դուրս ֆլեշմոբը դարձավ նաև նոր մեդիագործիք սովորողների համար:
Ստորև ներկայացնում եմ մաթեմատիկական ֆլեշմոբի վերլուծությունը սովորողների օգնությամբ:
Ընդհանրացրելով՝ նշեմ, որ ֆլեշմոբը լավ առիթ է գոնե ամիսը մեկ անգամ ընտանիքով հավաքվելու, համատեղ ուսումնական աշխատանք կատարելու` ներառվելու մեր այլընտրանքային մանկավարժության մեջ: Այդ իսկ պատճառով խնդիրները ուղղված չեն միայն սովորողներին, այլ նաև նախատեսված են տարատարիք մաթեմատիկասերների համար:
- Բացվել է 2416 անգամ