Հեծանիվը որպես մարմնակրթության գործիք
Primary tabs
Հեծանիվը հայերեն հեծնելու անիվն է, իսկ լատիներեն անվանումն առաջացել է «վելոցիս» (արագ) և «պեդիս» (ոտք) բառերից: Այսօր հեծանիվը կիառվում է ոչ միայն սպորտում, այլև շատերի համար հարմար, մատչելի փոխադրամիջոց է: Հեծանիվը բացառիկ դրական ներգործություն ունի մարդու օրգանիզմի վրա, բարձրացնում է մարդու շարժողական ակտիվությունը: ՄԱԿ-ի տվյալների համաձայն աշխարհում ամենատարածված մարզաձևը հեծանվասպորտն է, հաշվվում է, որ երկրագնդում կան 420 միլիոն հեծանվորդներ:
Հեծանիվը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հեծանվային մարզաձևը եղել է դեռ 90-ական թվականներից: Այն իր գործունեությունը վերսկսեց 2014-2015 ուստարում: Մի խումբ դասավանդողներ «Օլիմպիական հերթափոխի» մարզադպրոցում սովորեցին հեծանիվ վարել, իսկ մի մասը կատարելագործեց իր հեծանվային հմտությունները: Կրթահամալիրը ձեռք բերեց մեծ թվով հեծանիվներ տարատարիք սովորողների և դասավանդողների համար: Կրթահամալիրում վերաբացվեց հեծանվային ակումբը: Այսօր կրթահամալիրում հեծանիվը ոչ միայն մարզաձև է, այլ նաև փոխադրամիջոց՝ կրթահամալիրի տնօրենի, փոխտնօրենի, որոշ դասավանդողների համար:
Հեծանիվը որպես մարմնակրթության բաղկացուցիչ
Քանի որ հեծանիվը (հեծանվային մարզաձևը) մարմնակրթության բաղկացուցիչ է, այն նույնպես նպաստում է մարմնակրթության որոշ խնդիրների լուծմանը: Եվ այսպես, մարմնամարզության հիմնական նպատակը ֆիզիկապես առողջ, համակողմանի զարգացած, առողջ ապրելակերպի կանոններին տիրապետող մարդ ձևավորելն է: Հեծանիվ վարելը` որպես մարզաձև, լուծում է հետևյալ խնդիրները.
- սովորողների առողջության ամրապնդում և ճիշտ կեցվածքի ձևավորում.
- շարժողական ընդունակությունների (արագաշարժություն, ուժ, դիմնացկունություն, ճկունություն) մշակում.
- սովորողների պատասխանատվության, ընկերասիրության, փոխօգնության և այլ հատկանիշների դաստիարակում.
- առողջ ապրելակերպի պահպանում և վնասակար սովորություններից խուսափելը.
- Ֆիզիկական վարժություններով պարբերաբար պարապելու պահանջմունքի դաստիարակում:
Հեծանիվը (հեծանվային մարզաձևը) կրտսեր դպրոցում
Կրտսեր դպրոցականների համար նախատեսված հեծանիվի կառուցվածքը նույնն է, ինչ մեծահասակների կողմից օգտագործվող հեծանիվներինը: Նախադպրոցական տարիքի երեխաների հեծանիվները կարող են լինել երկու կամ երեք անիվներով, ինչպես նաև՝ համակցված, որը հնարավոր է եռանիվից դարձնել երկանիվ: Կրտսեր դպրոցում (1-3-րդ դասարաններում) մարմնակրթությունը (ֆիզկուլտուրան) մտնում է «Իմացումի հրճվանք» ծրագրի մեջ և այն վարում է դասվարը: Մարմնակրթություն բաղկացուցիչն է հեծանիվը: Ուսուցչին անհրաժեշտ են որոշակի հմտություններ, կարողություններ, ուսուցում կազմակերպելու մեթոդների, որոշ կանոնների իմացություն: Կարևոր է իմանալ` ինչից սկսել և ուր հասնել: Եվ դասվար-դաստիարակներն էլ սովորողների հետ միասին սովորում են հեծանիվ վարել:
Երբ կրթահամալիրը ձեռք բերեց հեծանիվների առաջին խմբաքանակը, մարմնակրթության համար նախատեսված ժամանակի մի մասը հատկացրեցինք հեծանվային ցուցադրական էստաֆետներին, որին մասնակցում էին 2-րդ և 3-րդ դասարանցիները: Սովորողների մի մասը կարողանում էր վարել, իսկ ովքեր դժվարանում էին, օգնում էինք մենք՝ նախապես ձեռք բերած հմտությունների շնորհիվ: Օգնելիս մենք չէինք վարում սովորողի փոխարեն, այլ բռնում էնք հեծանիվի նստատեղից և օգնում սովորողին պահել հավասարակշռությունը:
Հեծանիվ վարելու համար մի քանի կարևոր սկզբունքներ.
- Հեծանվորդը պետք է ունենա համապատասխան հանդերձանք (սաղավարտ, ձեռնոց, մարզակոշիկ և մարզահագուստ):
- Հեծանիվ վարելուց առաջ պետք է կատարել նախավարժանք (քայլք, վազք, կքանիստ, բադիկաքայլ և այլն):
- Հեծանիվ վարելիս պետք է նայել ուղիղ, ոչ թե անիվին:
- Հեծանիվն արգելակելիս պետք է երկու արգելակները միաժամանակ սեղմել:
- Հեծանիվն արգելակելուց հետո պետք չէ երկու ոտքը միաժամանակ գետնին դնել:
- Սկզբնական շրջանում հեծանիվ վարողների միջև հեռավորությունը պետք է լինի 5-6 մետր, այնուհետև տարածությունը պետք է փոքրացնել:
- Պետք է բոլորը հեծանվորդները վարեն նույն ուղղությամբ:
- Սկզբնական շրջանում, շրջադարձ կատարելիս, շրջադարձի շառավիղը պետք է ավելի մեծ լինի, այնուհետև՝ աստիճանաբար կարելի է այն փոքրացնել:
- Շրջադարձ կատարելիս, որ կողմ որ թեքվում է հեծանվորդը, այդ կողմի ոտնակը պետք է լինի վերևի դիրքում:
- Երբ հեծանվորդը չի վարում հեծանիվը, այլ բռնած քայլում է, պետք է քայլի շղթայի հակառակ կողմով (շղթան չվնասելու և հագուստը չկեղտոտելու համար):
- Հեծանվորդի համար կարևոր է երթևեկության կանոնների իմացությունը (երբ հեծանվորդը վարում է խճուղում):
Վերը նշված սկզբունքները, կանոնները ինչպես նաև սովորողների ոգևորությունը նպաստում են հեծանվասպորտի (հեծանվային պարապմունքների) արդյունավետ կազմակերպմանը և հետագա զարգացմանը:
- Բացվել է 3950 անգամ