Հայկական տեղանուններ. տեղանվանահիմքերի իմաստաբանական դաշտը
Primary tabs
Տեղանունները, ունենալով արդեն 6 և ավելի հազարամյակների պատմություն, ինքնուրույն ուսումնասիրության նյութ դարձել են միայն 18-19-րդ դարերից: Սկզբնապես դրանք ծառայել են պատմագիտությանը: Այս առումով՝ առաջին տեղանվանագետները հույն պատմիչներն էին՝ Ստրաբոնը, Հերոդոտոսը, Քսենոփոնը և այլք, որոնք թե՛ հունական, թե՛ այլալեզու տեղանունները փորձում էին բացատրել, դարձնել հասկանալի նշաններ: Հայոց պատմության մեջ այդպիսի մեծ առաքելություն ստանձնել են մեր մատենագիրները՝ քերթողահայր Մովսես Խորենացու գլխավորությամբ:
Հայկական բարձրավանդակը տեղանունների ուսումնասիրության տեսանկյունից խիստ հարուստ նյութ է ընձեռում, քանզի հազարամյակներ շարունակ այստեղ ապրել են մարդիկ, որոնք անվանել են շրջապատող աշխարհը, իրենց բնակավայրերը: Հետագայում այնտեղ հաստատված մյուս ժողովուրդները պահպանել են այդ տեղանունները՝ ձևափոխելով դրանք՝ ըստ իրենց լեզվամտածողության և հնչյունական համակարգերի: Ժամանակի ընթացքում տեղանունները կորցրել են իրենց բառային նշանակությունը, ուստի լեզվաբանները, երբ 19-րդ դարում իրենց ուշադրությունը սևեռեցին հատուկ անուններին, առաջինը ձեռնամուխ եղան դրանց ստուգաբանությանը:
Տեղանունների ուսումնասիրության ստուգաբանական փուլն անխուսափելիորեն հանգեցնում է դրանց իմաստակառուցվածքային կաղապարների առանձնացմանը, որն արդեն միավորում է բոլոր ժողովուրդներին՝ երևան բերելով անվանադրման ընդհանուր կաղապարները:
Տեղանունների քննությունը վերժամանակյա մոտեցում է ենթադրում, որովհետև դրանց քննությունը ցույց է տալիս, որ համաժամանակյա և տարժամանակյա սկզբունքները հանդես են գալիս գիրկընդխառն:
5-րդ դարից մինչև 18-րդ դարավերջ հայկական տեղանունների նկարագրության և ստուգաբանության ամփոփիչ երկ պետք է համարել Մ. Սեբաստացու և նրա աշակերտների «Բառգիրք յատուկ անուանց, որք գտանին յայլ եւ այլ գիրս արտաքոյ Աստուածաշունչ գրոց» բառարանը, որը ընդգրկված է Բառգիրք հայկական լեզուի 2-րդ հատորում:
Տեղանվանագիտության մեջ նկատելի ներդրում ունեցած բանասեր-պատմաբաններից նշենք Ղ. Ինճիճյանին, Ն. Սարգսյանին, Հ. Շահխաթունյանին, Գ. Սրվանձտյանին, Ա. Տևկանցին և, իհարկե, Ղ. Ալիշանին:
Տեղանվանագիտական ուսումնասիրությունների գիտական շրջանը սկզբնավորում է Հ. Հյուբշմանի «Հին Հայոց տեղւոյ անունները Հայոց աշխարհին պատմական տեղագրութեան մասին ուսումնասիրութիւններով» հետազոտությունը, որը, փաստորեն, հայկական տեղանունների, հատկապես նահանգների և գավառանունների առաջին լեզվաբանական քննությունն է:
Հյուբշմանից հետո տեղանվանագիտական լուրջ քննություն է կատարվում Ն. Ադոնցի կողմից նրա կոթողային երկի՝ «Հայաստանը Հուստինիանոսի դրաշրջանում» (Ս. Պետերբուրգ, 1908) և ապա «Քննական պատմություն Հայոց» (Փարիզ, 1946) անավարտ մնացած աշխատությունների մեջ: Այս հետազոտություններում Ադոնցը ստուգաբանում է Արևելյան և Արևմտյան Հայաստանների վարչատարածքային, տարածքային բաժանումների անվանումները, նշանավոր բնականունները, լեռնանունները և գետանունները, նախարարական տոհմանունները, դիցանունները:
Տեղանուններից լեզվական լուրջ քննության են ենթարկվում ջրանունները Վ. Ջիհանյանի կողմից: Նրա «Հայկական լեռնաշխարհի ջրանունները» մենագրությունը լույս է տեսել 1991 թ.: Վ. Ջիհանյանը ստուգաբանական-ծագումնաբանական ուսումնասիրության է ենթարկել հայ մատենագրության մեջ հիշատակված գրեթե 70 ջրանունները՝ գետի, լճի կամ ծովակի անվանումները:
Տեղանվանագիտությունը մի նոր մակարդակի բարձրացրին Գ. Ջահուկյանի աշխատությունները՝ «Հայերենը և հնդեվրոպական հին լեզուները» (1970 թ.), «Հայոց լեզվի պատմություն. նախագրային ժամանակաշրջան» (1987 թ.):
Հայկական տեղանվանագիտության ներկա և հետագա զարգացման համար անգնահատելի աղբյուրագիտական արժեք ունի Թ. Հակոբյանի, Ստ. Մելիք-Բախշյանի և Հովհ. Բարսեղյանի ջանքերով կազմված «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանը» (1-ին հատոր՝ 1986 թ., 2-րդ հատոր՝ 1988թ., 3-րդ հատոր՝ 1991 թ., 4-րդ հատոր՝ 1998թ., 5-րդ հատոր՝ 2001 թ.):
Տեղանվանագիտությունը չի հայտնագործում նորահայտ ու ինքնակերտ բառեր՝ յուրահատուկ բառակազմական կաղապարներով ու քերականությամբ, տեղանունները ծնվում են ընդհանուր խոսակցական լեզվի սովորական բառերից և ենթարկվում համապատասխան ձևափոխությունների: Սակայն այս պարզ իրողությունն ունի իր տրամաբանական զարգացումը. բառը, դառնալով տեղանուն, հաճախ առանց որևէ հնչյունական արտաքին փոփոխության, կտրուկ սահմանազատվում է իրեն ծնող բառարանային միավորից, այսինքն՝ զրկվում է իր ելակետային իմաստից, թեև այդ իմաստը կարող է հեշտ գուշակվել: Ո՞ւմ է Անձրևք տեղանունը ներկայանում որպես հորդառատ շիթերով անձրև, կամ Հուրը, Բոցիկը՝ իբրև կրակի փայլատակում՝ բացի, իհարկե, առաջին անգամ դրանք լսող և տեղանքին անծանոթ ունկնդրից:
Արդ ուրվագծենք հայոց տեղանունների իմաստաբանական դաշտը.
1. Տեղանք և ընդհանրապես բնության, տիեզերքի միավորներ նշանակող բառերը կամ բնաշխարհագրական եզրույթները հայերենի տեղանունների հիմքում ամենահաճախ հանդիպող և տարածված բաղադրիչներն են՝ սար, լեռ, լանջ, քար, գետ, ծով, լիճ, աղբյուր, ձոր: Նույնը վերաբերում է բնակավայրերի տիպեր արտահայտող բառերին՝ շեն, ավան, քաղաք, գյուղ, ոստան, գավառ, ագարակ, նման բառաձևերից կազմված տեղանունները տեղանվանագիտության մեջ համարվում են հնագույն կառուցվածքներ կամ կաղապարներ: Ինչպես նշում է հայազգի տեղանվանագետ Էդ. Մուրզաևը. «Չի կարելի մոռանալ, որ նախնադարում մարդը լեռն անվանել է լեռ, գետը կամ լիճը՝ ջուր և այսպես շարունակ: Այլ կերպ ասած՝ տեղանունները ինչ-որ ժամանակ նույնանում էին տեղանքի աշխարհագրական միավորների կամ բնակավայր արտահայտող բառերի հետ»[1]:
Տեղանքի միավորների կամ բնակավայրերի տեսակների ընդհանուր անունները հատուկ անուն դառնում են հետևյալ եղանակներով՝ ա) եզրույթն ուղիղ ձևով վերածվում է տեղանվան՝ Դաշտ, Ջրվեժ, Գետափ, Անձավ, Բլուր, Աղբյուր, Արեգ, Հանդ, Ավազան, Լեռնանցք, Ոստան, Շեն, Ավան, Բերդ, Գավառ, Ագարակ. օտար լեզուներով՝ Դաղ, Գյոլ, Դարա, Քենդ…
բ) Ածանցմամբ. այս եղանակով կազմված տեղանուններն առավել տարածված են: Ինչպես օրինակ՝ Բերդակ, Լանջապատ, Գետիկ, Արևիկ, Անձավապատ, Աշխարհիկ, Աստղիկ, Ծովակ, Շենիկ, Անտառուտ, Անտառապատ, Լեոնուտ, Լեռնապատ: Լեզվի համաժամանակյա քննության տեսանկյունից տվյալ շարքին կարող ենք դասել նաև գրաբարյան ք, ունք, ինք, անք, ական, ան հոգնակերտներով կազմությունները, որոնք բավական մեծաթիվ են:
«Ք» բաղադրիչն աշխարհաբարում արդեն կորցրել է հոգնակիության իմաստը՝ վերածվելով բառակազմական ձևույթի՝ Լիճք, Գետք, Զովք, Աղբերք, Տեղք, Անձրևք, Հողք, Շողք, Արևիք, Ոսկիք: Արդիհայերենյան հոգնակերտ մասնիկները՝ եր, ներ, հազվադեպ են դառնում տեղանվան բաղադրիչ՝ Շարան քարեր, Շատջրեր-Շատջրերք, Շողեր, Հողեր, Եռաթմբեր և այլն:
գ) Բառաբարդմամբ. չափազանց շատ են այն բարդ տեղանունները, որտեղ բաղադրիչներից նվազագույնը մեկը, հաճախ երկուսն էլ տեղանքի կամ բնության միավոր, բնակավայր նշանակող բառեր են: Օրինակ՝ Կաթնաջուր, Կաթնաղբյուր, Կաթնագյուղ, Կաթնասար, Ծաղկառու, Ծաղկասար, Ծաղկահովիտ, Ծաղկաբերդ, Ծաղկաձոր, Գետափ, Գետավան, Գետահովիտ, Գետաշեն, Եռաբլուր, Եռագագաթ, Կալաքար, Աստղասար, Արևաբլուր և այլն:
դ) Բառակապակցություն-տեղանուններ. այստեղ աշխարհագրական եզրույթները և բնակավայրերի տեսակ արտահայտող բառերն ունեն տարբեր խոսքի մասերից (գոյական, ածական, թվական, դերբայ) ծագող որոշիչներ՝ հոլովված և անհոլով, ինչպես նաև հատկացուցիչներ: Օրինակ՝ Առաջին գյուղ, Երրորդ գյուղ, Առաջին մաս, Երրորդ մաս, Առաքելոց ձոր, Այծից քար, Գազանայ լեռնանցք, Լեռնանցքի ջուր, Կարմիր բլուր, Կապույտ լիճ, Գառնոյ լիճ, Քարի լիճ, Չոբանի լեռ, Չոբանի գյուղ, Սատանի լեռ, Նշխարաց գետ, Շեկ քար…
2. Մարմնամասեր նշանակող բառերից կազմված տեղանուններ: Ժամանակակից փուլում տեղանվանաստեղծման այս կաղապարը արդյունավետ չէ՝ բացառյալ նախնականորեն մարմնամաս նշանակող, սակայն հետագայում ըստ զուգորդման՝ բառիմաստի ընդլայնմամբ նաև ռելիեֆի տարրեր անվանող բառերից կազմված կառույցները: Դիցուք՝ Ակն, Ականց, Ակնաջուր, Ակնալիճ,Ակնածով, Ակնաշեն, Ակնախաչ, Ակնատաշտ, Աչաջուր,Աչքասար, Աչքահան, Ուղտի աչք, Բազմակն, Բազմական,Բյուրակնանի:
Երկրորդ առավել վկայված, բայց արդեն ոչ գործուն կաղապարը կազմված է «փոր» բառից` Ազորդաց փոր, Ուռեաց փոր, Բերդաց փոր/Բերդափոր, Արսյաց փոր, Գոմոփոր, Գումբեթփոր, Կողբոփոր,Բողնոփոր, Դաստափոր, Պարտիզափոր/Պարտիզացփոր, Ծակփոր,Քթափոր և այլն:
«Ոտք»-ի և նրա մասերի անվանումները հին շրջանում ծնունդ են տվել մի շարք գեղեցիկ տեղանունների և բուն բառիմաստով՝ Առնիոտն. ստուգաբանվում է որպես Առ Նոյ ոտն, այստեղից էլ տեղանվան տարբերակները՝ Ոտն Առնո, Ոտքն Առնո, և «ոտք» բառի ածանցյալ իմաստներով՝ իբրև ծայր, ստորոտ՝ Արագածոտն (Արագածոոտն), Մասյացոտն, Ծնկագեղ, Թաթ, Թաթիկ և այլն:
«Բերան» բառից կազմված տեղանուններն ունեն ընդգրկման մեծ ոլորտ, դրանք նշանակում են նահանգներ, գավառներ, լեռնանցքներ, բերդեր ու շեներ՝ Տուրուբերան, Տավրո բերան, Առբերան, Գայլու բերան, Բերան, Բերան Երասխա, Բացբերան, Երախ և այլն:
3. Կենդանանուններից բաղադրված տեղանուններ: Կենդանանուններն այն լեզվական բառաշերտն են, որից բավական արդյունավետ բաղադրվում են տեղանունները, ընդ որում տեղանվանակերտման այս կաղապարն առավել տարածված էր լեզվի հնագույն և հին ժամանակներում: Օրինակ՝ Արջք, Արջավազ, Արջաբարեր, Գայլի, Գայլի դրունք, Գայլի դուռ, Աղվեսաձոր, Աղվեսաշեն, Աղվեսաշինու ամրոց, Առյուծ, Առյուծաբերդ, Աոյուծ-թիլ, Աոյուծասար, Խոզաբեր, Խոզաբերդ, Խոզաբերք, Խոզաղբյուր, Խոզաղբերք, Խոզաձոր, Օձ, Օձդեղ, Օձգյուղ, Օձթուխ, Օձաղբյուր, Օձաձոր և այլն:
4. Բուսանուններ: Բուսանունների հիմքից կազմված տեղանունները, ի տարբերություն կենդանանունները որպես հիմք ունեցող կառույցների, շատ ավելի կենսունակ ու գործուն են նաև արդի հայերենում՝ Գարի, Ծաղիկ, Նռնենիք, Հասկունք, Վարդանոց, Ուրցաձոր, Վարդահովիտ, Խաշխաշի լեռ, Թեղենյաց լեռնաշղթա, Կաղնու ձոր և այլն:
5. Գունանունը մեծ կարևորություն ունի շրջակա աշխարհի ճանաչման ընթացքում, որովհետև իրականությունը մարդն ըմբռնում է գույների միջոցով:
Տեղանվան հիմք դառնալով` գունանունը նկատելիորեն ընդլայնում է իր իմաստային դաշտը, ընդ որում և՛ ուղղակի, և՛ փոխաբերական իմաստները: Այսպես` Սպիտակ տեղանվանահիմքը իր բուն գունային բովանդակության հետ մեկտեղ ձեռք է բերում կրաքարով, պեռլիտով և նման հանքաքարերով հարուստ տարածք մատնանշելու իմաստ, Կարմիրը` երկաթի պարունակության ցուցիչ է, ինչպես նաև հրաբխային ապարներով` պեմզայով, կարմիր տուֆով հարուստ լինելու հայտնի նշանակություն ունի և այլն:
Տեսականորեն տեղանվանահիմք դառնում են գրեթե բոլոր հիմնային գույները` սպիտակ, կարմիր, կապույտ, կանաչ, դեղին, սև և այլն, ինչպես՝ Կարմրաջուր, Կարմրալանջ, Կարմրահող, Սև ջուր, Սևսար, Ոսկեհող, Ոսկեհանդ, Երփնաձոր, Գինեգույն, Սևուկբերդակ, Սևուտ, Գորշ լիճ, Գորշ դարեր, Գորշի ետև, Կանաչաղբյուր, Կանաչ սար, Կանաչ բլուր և այլն:
6. Անձանուններից կազմված տեղանուններն իրենց տարածվածությամբ չեն զիջում բնության, տեղանքի միավորներ և բնակավայրերի տեսակներ նշանակող բառերից կազմված կառույցներին, սակայն վերջիններիս համեմատ նրանք առավել երիտասարդ են, քանզի հնադարում մարդու մտածողությունն ու աշխարհընկալումը կուսական և անեղծ էր՝ չծանրաբեռնված գաղափարական տարբեր հոսանքներով, դրանց հիմնադիրների և առաջամարտիկների անուններով, անձի պաշտամունքի այլազան դրսևորումներն էլ դեռևս չէին արմատավորվել: Օր.՝ Տիր (լեռ Հայկական Տավրոսի լեռնահամակարգում), Տրի (գյուղ), Տրոց, Տիր (գյուղեր, բլուրներ), Անահիտ երկիր – Անահտա գավառ-Անահտական (գավառ՝ Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհում), Անահտա աթոռ (լեռնագագաթ՝ Հայկական լեռնաշղթայում, ըստ ավանդության՝ այստեղ եղել է Անահիտ աստվածուհու տաճարը), Անահտական (գյուղ), Անահիտ (գետակ՝ Եփրատի ավազանում), Վահագնյան ձոր, Վահագնի Վերին, Վահագնի Ստորին, Վահագն (գյուղեր Գուգարքում), Նանե (գյուղ Սասունում), Նանենից (գետ Տիգրիսի ափին), Արայի լեռ, Արայի գյուղ, Շամիրամա ակ-Շամիրամագետ, Շամիրամալաթի բլուր, Հայկաձոր (գյուղեր Վանի գավառում, Շիրակի մարզում, ձոր Խնուսի շրջանում), Հայկաձորի լեռնանցք, Հայկան (գավառակ՝ Վանում, գյուղեր), Հայկանետ, Հայկաշեն (ավան, գյուղեր՝ Վանի և Էրզրումի նահանգներում), Հայկապ (բերդ, գյուղ՝ Էրզրումի նահանգում), Հայկավան (գյուղեր՝ Սյունիքի և Արմավիրի մարզերում), Հայկաբանք (վանքեր, գյուղ՝ Վանի և Բիթլիսի նահանգերում), Բելաթո (գյուղ՝ Վանի նահանգում՝ հատկանշական է, որ այսպես է կոչվել նեստորական ասորիների գյուղը), Բելեմեդիկ—Բելամալիկ (լեռ՝ Լեռնային Կիլիկիայում), Բելամալիկ Բողազ (լեռնանցք՝ Լեռնային Կիլիկիայում), Բելենց (գյուղ) տեղանունները: Մհեր՝ Մհերի դարպասներ-Մհերի դուռ-Մհեր Կափուսի (քարաժայռ Վանի մոտ, ժողովուրդն այն Մհերի անվան հետ է կապում՝ պնդելով, թե դյուցազներգության հերոս Փոքր Մհերը, աշխարհի չարիքից հոգնած, փակվել է այդտեղ) և այլն: Մարիամ-Մարիամո (գյուղեր Վանի և Էրզրումի նահանգներում), Մարիամ (քարայր և ուխտավայր՝ Երզնկայի գավառում), Մարիամ-Մարիամի լեռներ, Սուրբ Մարիամի լեռ, Մարիամ դաղ (լեռներ և լեռնագագաթ՝ Հայկական պար լեռնահամակարգում) և այլն: Շուշան գյուղ -Շուշանիկ -Շուշանից գյուղ, Շուշանց և այլն:
7. Կրոնական բովանդակությամբ բառեր: Յուրաքանչյուր ազգի անցած պատմական ուղին և դրա խտացումը՝ հոգևոր մշակույթը, իր աստիճանական զարգացմամբ արտահայտվում և մարմնավորվում է ոչ միայն նյութական մշակույթի հուշարձաններում կամ գիտական գրականության ու արվեստի գործերի մեջ, այլև ազգի ինքնուրույն կեցության կարևորագույն հիմքերից մեկի՝ լեզվի մեջ:
Կրոնական բովանդակությամբ տեղանունները նախ բաժանվում են հեթանոսական և քրիստոնեական խմբերի, մահմեդականության հետ կապված տեղանունները սակավաթիվ են՝ Իսլամաձոր, Իսլամ փաշա, Մուհամմեդի գյուղ և այլն:
Այնուհետև այս երկու խմբերում էլ, ըստ հայոց տեղանունների քննությունը ստանձնած Ն. Դիլբարյանի, առանձնանում են. ա) լեգենդների, ավանդությունների հիմքի վրա ստաջացած տեղանուններ՝ Ագռավի տապան, Ծննդոց անտառ, Գյուղ ութից, Նոյան տապանի լեո, Նոյի գերեզման, Նոյ ճգնավորի մենաստան. բ) կրոնական ծեսերի և հավատքի ատրիբուտների հետ կապված տեղանուններ՝ Ավետյաց խաչ, Մատա-ղաբլուր, Ինը մասունք, Բագին, Նշխարք, Նշխարոյ գետ, Սաղմոսավանք, Uբ. Նշան Չարչարանաց Լուսավորիչ, Սարկավագաց… գ) դիցանունների, սրբերի և դրանց հակադիր բևեռի՝ մութ ուժերի անունների հիման վրա ծագած տեղանուններ՝ Դից մայրի, Անահտական, Հուդայի դուռս, Գրիգորաշեն, Ս. Պետրոսի ճկույթի վանք, Պողոս-Պետրոս վանք, U. Մեսրոպի լեռ, Սատանայի գերեզման, դ) կրոնական զգացումներ արտահայտող տեղանուններ՝ Կամակատար, Երաշխավոր, Զորավիգ, Ոգիս Փառավոր Բարձրյալ, Գոհանամ, Հավատամք. ե) կրոնական շինություններ ու հաստատություններ նշանակող տեղանուններ՝ Վանք, Անապատ, Եկեղեցի, Կուսաստան, Կուսաց վանք, Մատուռ և այլն[2]:
Կրոնական բովանդակության մի շարք տեղանուններ իրենց անունները ստացել են ժողովրդական ստուգաբանությամբ: Հին Հռոմում միամիտ, արհեստական ստուգաբանությունը կոչում էին elimologia bovina՝ ցուլի ստուգաբանություն՝ թերևս նկատի ունենալով դրանց անմիջական կոպտությունը[3]: Ն. Դիլբարյանի փասմամբ՝ «Վերջին ժամանակներս գիտական գրականության մեջ ժողովրդական ստուգաբանությունը կոչվում է հարանվանական կամ համանվանական աղավաղում»[4]:
Զորօրինակ՝ Վանի նահանգի գյուղերից մեկի անունը՝ Խարականց, ըստ ավանդության մեկնաբանվում է հետևյալ կերպ. գյուղում հաստատվել են հեթանոս աստվածների համար ականակուռ թագեր պատրաստող քրմեր, այստեղից էլ՝ Խառն ականց:
Իբրև ամփոփում հայոց տեղանունների իմաստաբանական համառոտ քննության՝ նկատենք.
Ա) տեղանքի միավորներ նշանակող բառերի կամ աշխարհագրական եզրույթների դերը տեղանվանաստեղծման մեջ միարժեք չէ: Դրանք ջրանունների, լեռնանունների դեպքում գործուն են և նվազ հաճախադեպ՝ բնակավայրերի անվանումների կազմության ժամանակ:
Բ) Տեղանունների հիմքում ընկած մարմնամաս արտահայտող բառերն աստիճանաբար կորցնում են իրենց բուն իմաստը՝ դառնալով աշխարհագրական եզրեր՝ Սարալանջ, Արևկող, Սևակն, Ակնալիճ, Արագածոտն, Ձորոփոր, Մասյացոտն և այլն: Ըստ կազմության՝ մարմնամասից կազմված տեղանունները հիմնականում երկբաղադրիչ են. բաղադրիչներից առաջինը կա՛մ ածական որոշիչ է, կա՛մ, ավելի հաճախ, հասարակ գոյական է՝ դրված սեռական հոլովով որպես հատկացուցիչ, իսկ լրացյալը մարմնամաս նշանակող բառն է՝ Փոխ գլուխ, Դև սիրտ, Երկու երես, Մասյաց թիկունք, Մասյաց ոտն, Բերդաց փոր, Ազորդաց փոր, Ծակ փոր, Բազեի քիթ, Տավրո բերան, Գայլու բերան և այլն: Սակայն այս վերլուծական կազմությունները միտում ունեն վերածվելու միաբաղադրիչ միավորների, բարդ բառերի՝ Բերդաց փոր-Բերդափոր, Արագածու ոտն-Արագածոտն և այլն:
Գ) Հայաստանում իրենց քանակով և տարածման հաճախականությամբ աչքի են ընկում արջ բառից կազմված տեղանունները՝ Արջք, Արջաձոր, Արջափոր, Արջավազ, Արջաքարեր, Արջանոց լեռ, Արջի սար, Արջի ձագ, Արջադուռ այլն:
Արջ-ին զուգահեռ՝ մեր տարածքում գերիշխող է գայլը, որի անունից բաղադրված տեղանունները նույնպես հայերենի հին շրջանում տարածված էին՝ Գայլ՝ գետեր, լեռներ, Գայլի, Գայլի դրունք, Գայլի դուռ, Գայլու անապատ, Գայլու, Գայլու ձոր, Գայլ Գին, Գայլգոմք, Գայլաքար, Գայլագետ և այլն:
Ընտանի կենդանանուններից մեր տարածքում գործուն տեղանվանահիմքերն են՝ գառն, եզն, խոզ և շուն ձևերը: Այսպե` Գառներ, Գառնակերտ, Գառմորփի, Գառնուկ, Եզ, Եզնաքար, Եզան անցք, Եզնասար, Խոզաբեր, Խոզաղբյուր, Խոզիկ, Շներ, Շնաղբյուր, Շնամորթ և այլն:
Դ) Բուսանուններից կազմված տեղանունները, ի տարբերություն կենդանանուններից բաղադրված կառույցների, կենսունակ տեղանվանահիմքեր են և ներկայումս էլ ծառայում են որպես նոր բնակավայրերի անվանակոչման կամ հների վերանվանման աղբյուր: Սակայն ինչպես Ն. Դիլբարյանն է նկատում, նոր շրջանում ստեղծված նման տեղանուններում բուսանուններն ունեն հիմնականում պայմանական իմաստ, այսինքն՝ ուղղակի կապ չունեն տեղանքի բուն նկարագրի հետ: Զորօրինակ՝ Նռնասար գյուղում կարող են բնավ նռնենիներ չաճել:
[1] Э. М. Мурзаев, Очерки топонимики. М., 1971, էջ 122:
[2] Դիլբարյան Ն., Հայոց տեղանունների իմաստակառուցվածքային քննություն, Եր., 2016, էջ 125:
[3] Տե՛ս В. Никонов, Введение в топонимику, М., 1965, էջ 132:
[4] Դիլբարյան Ն., նշվ. աշխ., էջ 129:
- Բացվել է 9005 անգամ