2-4 տարեկանների ծնողների ակումբ
Primary tabs
Նոր դպրոցի նախակրթարանի տարատարիք խմբում համերաշխություն ու միասնականություն կան: Դրան հեշտ չենք հասել, կամ հասել ենք ծնողների աջակցությամբ և նրանց ներառելու միջոցով։
2-3 տարեկանները պարտեզ են գալիս, որովհետև մայրիկներն աշխատանքի են, 3-4 տարեկաններն էլ գալիս են, որովհետև ծնողներն են ուզում. «Շատ եմ ուզում եմ, որ երեխաս պարտեզ գա, շփվի, ընկերներ ունենա, նախապատրաստվի դպրոցին»:
Երկու տարեկանները, որ դեռ չեն խոսում կամ էլ նոր են սկսում բլբլալ, հայտնվում են պարտեզում: Երբևէ մտածե՞լ եք՝ ի՞նչ են զգում փոքրիկները, երբ հարցեր են տալիս, «կամակորություն են անում»։
- Մամաս կգա, չէ՞։
- Մամաս շո՞ւտ կգա, մամաս ո՞ւր է գնացել:
- Ես կգնամ մեր տանը հաց կուտեմ:
- Ես կգնամ մեր տանը կքնեմ, ես մեր տանը արդեն քնել եմ:
- Իմ խաղալիքը չեմ բերի պարտեզ։
Երեխաները, որ դեռ նոր են համակերպվում տանը, ընտանիքում առանց մայրիկի, հիմա էլ պարտեզում, խմբում պիտի մնան առանց նրա։ Ինչպե՞ս 2-4 տարեկանների համար պատեզը, խմբասենյակը տուն, ընտանիք, ընտանեկան միջավայր դարձնենք: Իհարկե, կարևոր է երեխայի անվտանգությունը, բայց երեխայի հոգեբանական վիճակը պակաս կարևոր չէ։
«Երեխաս բոլորին խփում է, կամակոր է, լացում է, անհանգիստ է, բայց պարտեզում շատ ուրախ է»:
«Երեխաս հենց ինձ տեսնում է, գժվում է»:
Միանշանակ ասեմ՝ կարևոր է, որ ծնողներն իրենց երեխաների հետ հաճախակի լինեն խմբում, դիտորդից դառնան մասնակից, խաղան, զրուցեն, 2-4 տարեկաների հետ դառնան լավ ընկերներ: Եթե ուզում ենք, որ պարտեզը իրոք մանկան տուն լինի, ուրեմն մայրիկ-հայրիկներն էլ այսպեղ պիտի լինեն։ Մենք դա փորձել ենք։
Սկզբնական շրջանում խմբի բոլոր ծնողները դիտորդի դերում էին: Շատերը պարզապես չէին պատկերացնում իրենց մասնակցության կարևորությունը, մյուսներն էլ պահանջատերի կարգավիճակով հասկացնում էին. «Պատասխանատու եք, արեք»:
Արսինեի հայրիկը երբ խմբասենյակ է մտնում, բոլոր երեխաները վազում են մոտը, կարծես բոլորի հայրիկն է, հետո սկսում են ֆուտբոլ խաղալ: Սկզբում Արսինեն խանդում էր, լաց էր լինում, բայց քիչ- քիչ ինքն էլ սկսեց խաղալ:
Նախակրթարանում գործում է Ծնողական ակումբ:
Ծնողը և դաստիարակը հանագործակցում են:
Ծնողի մուտքը ազատ է պարտեզում:
Ծնողը մասնակից է նախակրթարանում իրականացվող ծրագրերին:
Ծնողը խմբի երեխաների ընկերն է:
Ծնողը հեղինակային կրթական ծրագրի մասնակիցն է և տարածողը:
Ծնողը սովորում և սովորեցնում է:
Ծնողը գիտի՝ իր երեխան ի՞նչ է արել պարտեզում և ի՞նչ պետք է անի տանը:
Համոզվում ենք, որ պարտեզում ծնողի դերը շատ կարևոր է և անհրաժեշտ:
Նոր դպրոցի նախակրթարանում ամեն շաբաթ գործում է Ծնողական ակումբը: Հանդիպում ենք ծնողների և երեխաների հետ: Չեմ կարող չարձագրել Ծնողական ակումբի անդրանիկ հանդիպումը: Բոլոր ծնողներին թվում էր, որ եկել են ծնողական ժողովի: Այնուհետև ճամփորդության գնացինք Արարատի մարզ՝ գյուղ Մրգանուշ։ Լոշիկ էլ թխեցինք, իրար հյուրասիրեցինք, պարեցինք, երգեցինք, խաղացինք: Մեծ և փոքր ընկերներ ենք:
Խմբում կարևոր սկզբունք մշակեցինք՝ յուրաքանչյուր երեխա անհատականություն է: Հետո էլ ծնողներին ծանոթացրեցի Կրթահամալիրում իրականացվող կրթական ծրագրերին: Միասին մասնակցեցինք «Սեբաստացու օրեր» նախագծին:
Թթու դրեցինք, մեր դրած թթվով հարիսա կերանք։
Նախապատրաստվեցինք Ամանորին ու Ամանորի ծեսը արեցինք։
Ծնողներն օր օրի համախմբվում են։ Որպես դաստիարակ՝ շատ օգնականներ ունեմ: Ծնողները ճանաչում են խմբի բոլոր երեխաներին, երեխաներն էլ՝ ծնողներին: Ծնողների ոգևորությունը և պատասխանատվությունն այնքան մեծ է, որ այսուհետ ծնողական ակումբը ամեն շաբաթ մեկ ծնող է վարելու։
2016թ հունվարի 10-ից շարունակվելու էին ուսումնական բնականոն պարապմունքները, սակայն ՀՀ-ում գրանցվեց է H1N1 վիրուսային հիվանդությունը, ինչի պատճառով էլ ֆիզիկական միջավայրում դադարեցվեցին մեր պարապմունքները, բայց անհանգստանալու կարիք չկար: Աշխատանքային նախագծերը մեկ ամիս կազմակերպվեցին առցանց հեռավար ուսուցմամբ: Ծնողների համար անակնկալ էր պարտեզում առցանց-հեռավար ուսուցմանը մասնակցելը: Շատ ծնողներ մեդիանյութ պատրաստել չգիտեին:
Ծնողների արձագանքից
Երեք շաբաթվա ընթացքում մեդիահմտությունների կարողություններին ավելի լավ սկսեցինք տիրապետել` Ձեր և, ինչու չէ, նաև բարեկամի, ծանոթի միջոցով։
Արսենի մայրիկն էլ ասաց.
- Ի՜նչ լավ է, եղբայրը դաս է անում, Արսենն էլ է ուզում աշխատել: Շատ լավ է, որ պարտեզում էլ է իրականացվում նման նախագիծ:
Առցանց-հեռավար ուսուցման արդյունքները տեսեք իմ բլոգում։