Նախագծից նախագիծ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ամեն օրդ միշտ լինում է յուրովի ու մեկը մյուսից հետաքրքիր ու հետաքրքիր: Այդ աշխարհը քո առաջ բացում է մեծ հնարավորություններ ու մեկտեղ խիստ պահանջկոտությամբ ստիպում օգտվել այդ հնարավորություններից, ժամանակից հետ չմնալ, սլանալ, ճանապարհին բացահայտել քեզ, քո սովորողներին, ձեր հնարավորությունները, ոգևորվել դրանից ու կրկին շարունակել սլանալ՝ բացահայտելու նորը, ավելի հետաքրքիրը: Ինչու՞ հնարավորություն, այլ ոչ ուղղակի աշխատանք, որովհետև քեզ ազատություն է տրված, դու ես արարիչը, դու ես մտածում, փնտրում, գտնում մի քանի լուծումներ, փորձում, մեկ-մեկ սայթաքում, նորից վեր բարձրանում, նորից փորձում, նորը փորձում… 

Մարտի 21-25-ը՝ նախագծային շաբաթը, կրթահամալիրի ընձեռած բազում հնարավորություններից մեկն էր: Այդ շաբաթ իմ և իմ սովորողների ձեռքբերումներն էին առանց գրատախտակ ուսուցումը և մաթեմատիկական խմբագրման նոր ծրագրի օգտագործումը: Առաջինը թերևս կթվա անհավական, որովհետև ինչպես շատերը ես նույնպես միշտ մտածել եմ, որ մաթեմատիկայի դասավանդումն առանց գրատախտակ գրեթե անհնար է, բայց այս աշխարհում, հատկապես կրթահամալիրում երևի անհնար ոչինչ չկա: Անհնարության հարցը մեկնաբանվում էր այսպես. անհատապես բոլորին մոտենալու փոխարեն կարելի է ուղղակի մի քանի րոպեում բոլորի համար գրատախտակին գրելով բացատրել, քննարկել անհասկանալի խնդիրը կամ վարժությունը: Իրականում այս դեպքում ժամանակը օպտիմալ է օգտագործվում, բայց ոչ մի երաշխիք չկա, որ այդ օպտիմալությունն արդյունավետ է: Սովորողը կարող է առանց հասկանալու ուղղակի արտագրել գրվածը: Նման վտանգներից խուսափելու համար ըստ իս լավագույն տարբերակը յուրաքանչյուր սովորողի հետ անհատական աշխատանքն է, որի դեպքում գրատախտակի գործածությունն արդեն դառնում է ոչ էական: Իսկ ժամանակի հարցը կարգավորելու համար անհրաժեշտ է ուղղակի սովորողներին կամավորական աշխատանքի ներգրավել, այսինքն` խնդիրը, վարժությունը հասկացած սովորողը դառնում է կամավոր, բացատրում կողքինին, կողքինը փոխանցում մյուսին և այսպես շարունակ… Այս մեթոդն իհարկե նորություն չէ, բայց այն յուրովի զարգացնել, հետևողականորեն կիրառելն էլ ավելի օգտակար և հետաքրքիր է:

Մաթեմատիկական խմբագրման ծրագրի հարցը գոնե ինձ համար միշտ եղել է անհանգստացնող: Ամեն օր փոփոխվող, զարգացող տեխնիկայի համար փորձել ենք գտնել, օգտագործել հարմար ծրագրեր: Եվ մարտի 21-25-ի նախագծերից մեկն էր ավելի լրջորեն զբաղվել այդ հարցով: Միջին և Ավագ դպրոցներում փորձարկվեց math-o-mir մաթեմատիկական խմբագրման ծրագիրը: Համեմատած մինչ այժմ օգտագործած ծրագրերի, ունի ավելի շատ արդյունավետ գործիքներ, որոնց օգնությամբ մուտքագրումները դառնում են հեշտ, ոչ ժամանակատար: Կարելի է համարել, որ արագության տեսանկյունից չի զիջում թուղթ ու գրիչով գրառմանը, հարմար է տարբեր տարիքային սովորողների համար՝ կրտսեր դպրոցից մինչև ավագ դպրոց: Մի փոքր մանրամասներ ծրագրի մասին. math-o-mir ծրագիրը բավականին թեթև է, համացանցից հնարավոր է անվճար և արագ ներբեռնել, տեղադրել համակարգչում: Այն իրենից ներկայացնում է մաթեմատիկական նոթատետր, որտեղ հնարավոր է արագ մուտքագրել մաթեմատիկական արտահայտությունները: Ինտերֆեյսը պարզեցված է, ձախ և վերևի մասում տեղադրված են գործիքների և ֆունկցիաների կոճակները: Մինչ այժմ օգտագործած ծրագրերի (word, smart notebook, geogebra, math type, google doc) համեմատ math-o-mir-ի հիմնական առավելություններն են.

  • ինտերֆեյսում ցանկացած տեղ տեղադրելով մկնիկի կուրսորը՝ հնարավոր է մուտքագրել տեքստ, գծել գծագրեր,
  • պարունակում է գոնե դպրոցական ծրագրերի համար անհրաժեշտ բոլոր մաթեմատիկական նշանները,
  • մաթեմատիկական նշանների մուտքագրումը հարմարեցված է նաև ստեղնաշարի կոճակներին, որն ավելի է արագացնում մուտքագրումը,
  • պատճենման ֆունկցիան կարելի է կանչել մկնիկի միայն մեկ սեղմումով, և երկար մաթեմատիկական արտահայտությունների մուտքագրումը դառնում է մի քանի վայրկյանի աշխատանք:

Իսկ որպես թերություն՝ math-o-mir մաթեմատիկական նոթատետրը հնարավորություն չի տալիս գրել հայատառ: Բայց ինչպես ասում են՝ չկա չարիք առանց բարիքի: Հարցը լուծելու համար սկսել ենք երկու նոր նախագիծ՝

  • ծրագրում հայերեն տառատեսակի ներբեռնման խնդրի լուծում,
  • մաթեմատիկական տերմինների անգլերեն թարգմանություն:

9-րդ դասարանցիներն արդեն սկսել են երկրորդ նախագիծը. նոթատետրում հայերենով մաթեմատիկական տերմինները լատինատառ գրելու փոխարեն սկզբում գտնում են տերմինների անգլերեն թարգմանությունը, ապա մուտքագրում անգլերեն:

Ոգևորված նոր ծրագրով` սովորողները նախագծային շաբաթվա ընթացքում հանդես եկան նախաձեռնություններով. ծրագրի մասին փոքր տեղեկագիրք իր բլոգում ներկայացրեց 9-րդ դասարանի սովորող Սիրանուշ Ասատրանը, մի քանի սովորողներ վարպետության դաս անցկացրին Միջին դպրոցի սովորողների համար՝ ներկայացնելով մաթեմատիկական խմբագրման ծրագիրը, նրա առավելությունները:

Կարելի է համարել, որ նախագծային շաբաթը ստացվեց. այն նույն ստեղծականությամբ դեռ շարունակվում է…

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский