Նախագծային ուսուցման շաբաթ՝ արդյունքներ և անելիքներ
Primary tabs
Վերջին տարիներին մեզանում նախագծային ուսուցումը դարձել է մեր առօրյան: Իսկ ահա միայն նախագծային շաբաթը կրթահամալիրի ընձեռած հերթական հնարավորություններից մեկն էր: Նախատեսել էի իրականացնել երկու նախագիծ՝
- «Ցտեսություն» ուսումնական-տոնական նախագիծ
- Հայրենագիտական – ճանաչողական ճամփորդություն Մաստարա գյուղ, Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցի, Թալինի բերդ, Սուրբ Կաթողիկե եկեղեցի
Մինչ նախագծային շաբաթվան անցնելն արդեն սկսել էինք աշխատել ամենամյա դարձած «Ցտեսություն» ուսումնական-տոնական նախագծով: Սակայն մի կողմից սովորողների՝ այլ նախագծերին, հասարակագիտական ստուգատեսին և առարկայական ֆլեշմոբերին մասնակցությունը, մյուս կողմից՝ դասավանդողի բազմազբաղությունը, դանդաղեցնում էին նախագծի աշխատանքների ընթացքը: Ուստի պիտի հավաստեմ, որ մարտի 21-25-ը սպասված ժամանակահատված էր՝ նախագծին լայն թափ հաղորդելու համար: Աշխատանքները ծրագրեցինք կազմակերպել
- Դպրոցում ուսումնական աշխատանքով
- Առցանց, այդ թվում՝ սովորողի էլեկտրոնային հասցեով, ֆեյսբուքով
Աշխատանքային երկու ձևերն էլ հետաքրքիր էին և անսպասելիություններով լի: Հենց աշխատանքի ընթացքում պարզվեց, որ երկրորդ տարբերակն ավելի գործուն է, միայն նրանով, որ իմ շրջանավարտների մի մասը մեկնել էր Վրաստան, մի ուրիշ մաս՝ այլ մեկօրյա ճամփորդությունների, և նրանց ֆիզիկական ներկայությունը դպրոցում անհնար էր լինում: Այստեղ է, որ բերկրանքի, ուրախության առիթ ես ունենում՝ գործ ունենալով պարաճանաչ, պատասխանատու սովորողի հետ: Դե, իսկ կենդանի շփման դեպքում հնարավոր է դառում յուրաքանչյուր սովորողի հետ անհատական աշխատանք իրականացնել, մոտիկից ճանաչել նրան, նրա նախասիրությունները, շփվելու, մտերմանալու, միասին կատակելու ու զրուցելու պահեր ապրել: Լավ է, երբ զուտ մարդկային շփման հետ մեկտեղ հնարավոր է դառնում նաև ուսուցման գործընթացն իրականացնել առավել ազատ ու անկաշկանդ միջավայրում: «Ցտեսություն» նախագիծը լավ առիթ էր սովորողի համար բլոգավարությունը խթանելու, սեփական բլոգը թարմացնելու, կայքում, երթակայքում տպագրած նյութերը բլոգ տեղափոխելու, շտկումներ ու խմբագրումներ անելու համար:
Նախագծի առավելություններից կամ առանձնահատկություններից մեկն էլ նրա շարունակականությունն է: Աշխատանքները այսօր էլ շարունակվում են, և սովորողների պատումները օր օրի ավելի հետաքրքիր են դառնում: Ահա այդ պատումները.
- Կրթահամալիր, որ փոխեց մտածելակերպս... Լաուրա Սարիբեկյան
- Կրթահամալիրը իմ կյանքի մասնիկն է. Դավիթ Կիրակոսյան
- Ցտեսություն, իմ դպրոց. Հռիփսիմե Սվազյան
- Մեր դպրոցի սովորողները հավերժ Սեբաստացի են. Էրիկ Նիկողոսյան
- Իմ կրթահամալիրը իրավունք է տալիս. Տիգրան Բոյաջյան
- Կրթահամալիրն իմ մի մասն է... Ստելլա Բարեղամյան
- Ցտեսություն, իմ դպրոց. Ժենյա Դավթյան
- Ցտեսություն, իմ կրթահամալիր. Թամար Հակոբյան
- Հրաժեշտ իմ դպրոցին. Մարիա Պանովա
- Երանի հնարավոր լիներ... Ինեսսա Դավթյան
Երկրորդ նախագիծը ճանաչողական, հայրենագիտական ճամփորդությունն էր Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցի, Թալինի բերդ, Թալինի Սուրբ Կաթողիկե եկեղեցի: Մասնակից սովորողների ոգևորությունը մեծ էր: Նրանցից շատերը առաջին անգամ պիտի լինեին Թալինում: Գուցե դրանով էր պայմանավորված նախապատրաստական փուլում նվիրումով աշխատելը: Մինչ ճամփորդությունը սովորողները համացանցով ուսումնասիրություններ իրականացրին, ծանոթացան տեղանքին ու տեսնելիք ճարտարապետական կոթողներին: Կրթական փոխանակումների շրջանակում էլ որոշեցինք այցելել Մաստարա գյուղի դպրոց, ճանաչել նրանց ու պատմել մեր մասին, կրթահամալիրում իրականացվող ծրագրերի, այլընտրանքային ուսուցման, մեդիակրթության մասին: Որքա՜ն կարևոր են հասակակից սովորողների շփումները: Ուսուցչի համար ավելի մեծ բերկրանք չկա, երբ տեսնում է, թե տառացիորեն մի քանի րոպեների ընթացքում ինչպես են ձևավորվում այդ շփումները: Մեր այցն անսպասելի էր, հանդիպման նախնական պայմանավորվածություն չունեինք, դրա համար էլ իբրև ուսուցիչ՝ տպավորված էի թե՛ դպրոցի ուսուցչական կոլեկտիվի և թե՛ սովորողների պատրաստակամ վերաբերմունքից: Մինչ եկեղեցի հասնելը մեզ ուղեկցող ուսուցիչների ու սովորողների հետ գյուղում քայլարշավ իրականացնելով ՝ հնարավոր եղավ հետագա մի քանի պայմանավորվածություն ձեռք բելել: Այսպես՝ քանի որ գյուղի շրջակա բարձունքներին շատ են սրբավայրերը, մատուռները, որոշեցինք մայիսի 28-ի բարձունքի հաղթահարման նախագիծը համատեղ իրականացնել՝ տեսնելով Սուրբ Ստեփանոս Նախավկայի, Ճգնավորի և էլի մի քանի պահպանված ու խոնարհված մատուռներ: Ահա կայքում հրապարակված աշխատանքները.
Նախապատրաստական փուլ և հայտ
- Թալինի Սուրբ Կաթողիկե եկեղեցի
- Քաղենիի ամրոց, կամ Թալինի բերդ
- Մաստարայի Սուրբ Հովհաննես Եկեղեցի
- Հայտ և մասնակիցների ցուցակ
Ճամփորդությունից հետո սովորողների լուսաբանումներ
- Մենք՝ Թալինում — Լաուրա Սարիբեկյան
- Ճամփորդություն դեպի Մաստարա և Թալին — Արամ Գեղամյան
- Մաստարա գյուղն ու նրա մարդիկ — Սոնա Կիրակոսյան
Իբրև ուսուցիչ՝ ուզում եմ ամփոփել, թե ինչ տվեց ինձ այս նախագծային շաբաթը:
- Սիրով ու նվիրումով աշխատելու անհրաժեշտ խթան
- Նոր մարդկային շփումներ, հանդիպումներ
- Իմ սովորողների հետ նոր մտահաղացումներ իրականցնելու հնարավորություն
- Կարդալու, հետազոտելու, որոնելու ու բացահայտելու նորանոր առիթներ
- Նախագծային ուսուցման հնարավոր զարգացումներ:
- Բացվել է 1550 անգամ