Հերթականի սպասումով
Primary tabs
Սովորաբար, նախորդ տարիների ավանդույթով, Մայիսյան հավաքին ամփոփվում էր անցնող մանկավարժական տարին: Սակայն այլ է այս տարվա բովանդակությունը, ասել կուզե` փոխվել է փիլիսոփայությունը: Հաշվի առնելով այս հանգամանքը և առաջադրված կռվանները՝ չենք փորձի ամփոփել ինչ-որ իրողություններ կամ նախագծեր, այլ կփորձենք ներկայացնել ընթացք, որը ենթադրում է շարունակականություն:
Սույն հոդվածում կխոսեմ նախագծային ուսուցման մի ձևի մասին, որը անվանել եմ «Հանրամատչելի հոդվածաշար»: Կրթահամալիրում իրականացվող այլընտրանքային կրթության շրջանակում, արդեն բավականին ժամանակ է, ինչ իրականացվում է նախագծային ուսուցում: Ասել, թե այն կայացել է բոլոր առումներով, բավականին սխալ կլինի: Ացնումային փուլում եղան բավականին թվով հրապարակումներ կրթահամալիրի մանկավարժական աշխատողների կողմից այն մասին, թե ինչպես են պատկերացնում նախագծային ուսուցումը: Սակայն այլ է պատկերացումը, այլ է իրականությունը: Այստեղ խնդիր կա նաև այն առումով, որ որպես անընդհատ զարգացող կրթական ձև, այն չի կարող կայանալ, ասել է թե` քարանալ որոշակի աստիճանում: Այն ունի անընդհատ զարգացման միտումներ: Սակայն հարկ է, որ որոշակի ընկալումներ և բաղադրիչներ գտնեն վերջնական ձև, որը ցավոք այսօր չունենք: Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, բերենք մեկ օրինակ, որը վերաբերում է սովորողների նախագծային աշխատանքներին (անհատական, թե խմբային, էական չէ): Ասվածը հատկապես վերաբերում է այն աշխատանքներին, որոնց մեջ գերակշիռ է տեսական բաղադրիչը: Սովորողը հիմնականում պատկերացնում է արտագրություն կամ արտատպում ինչ-որ կայքից, որից հետո քեզ ուղարկում է աշխատանքը և պնդում, որ այն իրենն է: Սա դասական գրագողություն է: Իհարկե, այդ պնդումներն սկսվում են այն ժամանակ, երբ դասավանդողը լինում է հետևողական: Բայց շատ դեպքերում, այսպես ասված նախագիծ-քոփին, պարզապես, «ներկայի» համար հայտնվում է բլոգում ու մնում այդպես: Դաշտում որոշակի փոփոխությունների համար էլ նախաձեռնեցինք «Հանրամատչելի հոդվածաշարը»: Նախագիծը նպատակ է հետապնդում զարգացնել սովորողների հետաքրքրությունների շրջանակը՝ դրանք բերելով ավելի համակարգված դաշտ: Նախագծի շրջանակում սովորողները պետք է յուրացնեն տեքստի հետ աշխատելու հմտություններ, հղումներ տալու, աղբյուրներից օգտվելու գրագիտություն, հասարակագիտական տեքստ կազմելու մշակույթ: Ինչպես նաև հանրամատչելի լեզվով և լայն շրջանակների համար կարողանան ներկայացնել իրենց նախասիրությունները, հետաքրքրությունները, ավելի ուսումնական միջոցով` հոդվածների և համապարփակ նյութերի միջոցով: Սա նաև նպատակ է հետապնդում սովորողի մոտ զարգացնելու սեփական խոսքը, հիմնավոր կարծիք և տեսակետ արտահայտելու հնարավորությունները, կայացած փաստերին գնահատականներ տալու կարողությունը և այլն: Ժամանակի ընթացքում, նախագիծը դուրս եկավ հասարակագիտական շրջանակներից և ընդգրկեց այլ ոլորտներ ևս: Դա բնական է, քանի որ սովորողի հետաքրքրությունները չեն կարող սահմանափակվել միայն հասարակագիտական շրջանակներում: Այդպիսի վառ օրինակներ են Արինա և Էլինա Հակոբյանների աշխատանքները: Դրանք բավականին շատ են, սակայն ներկայացնենք երկուսը` Կենսաբանության պատմությունից և Բակտերիաներ: Այս երկու հոդվածների հետաքրքրականն այն է, որ դրանցում խառնված են մի քանի գիտություններ` պատմություն, կենսաբանություն, գենետիկա, բակտերիոլոգիա և այլն: Համադրելով այս մի քանի գիտությունները՝ սովորողներն ամեն դեպքում տեքստը չեն դարձնում ձանձրալի: Նեղ մասնագիտական տերմիններ օգտագործելու դեպքում փորձում են դրանք բացատրել և ընկալելի դարձնել ընթերցողների համար: Չեն հեռանում բուն նպատակից: Տեքստն ընթերցելուց անմիջապես հասկանալի է դառնում, որ սովորողը կատարել է ուսումնասիրություն, օգտվել է աղբյուրներից և կարողացել է ներկայացնել իր աշխատանքը:
Այլ է բովանդակային և ներկայացման առանցքը մի շարք այլ հոդվածների պարագայում, ինչպիսիք են օրինակ`Բալետ, Տիկնիկների պատմությունը և հետաքրքիր փաստեր դրանց մասին, Տեսախցիկների պատմությունից: Սրանք թեթև տեղեկատվական նյութեր են, ընթերցելու և ընդհանուր զարգացման համար: Այս կարգի հոդվածների շուրջ սովորողներն աշխատում են ըստ նախասիրությունների: Նմանատիպ նյութերում սովորողը չի կարող արտահայտել սեփական տեսակետ: Նա պարզապես ձեռք է բերում որոշակի գիտելիքներ և տեքստի հետ աշխատելու հմտություններ, իր նախընտրած թեմաների վերաբերյալ:
Այլ խնդիրներ են դրվում սովորողի առջև, երբ խոսքը բուն պատմական իրադարձությունների, երևույթների կամ անհատների մասին հոդվածներ մասին է լինում: Այստեղ շատ կարևոր է, որ սովորողն արտահայտի տեսակետ, կատարի փոքրիկ վերլուծություն, կարողանա կառուցել սեփական միտքը, հարկ եղած դեպքում անցկացնի անհրաժեշտ զուգահեռներ և կատարի եզրահանգումներ: Իհարկե, այդպիսի հոդվածները կարող են լինել նաև զուտ տեղեկատվական բնույթի հոդվածներ այս կամ այն անհատի, կամ պատմական որևէ իրադարձության վերաբերյալ: Այդ շարքին են պատկանում` Մարդակեր Դրակուլա, Արաբական թերակղզին բեդվիններից մինչև միլիարդատերեր, Մայր Թերեզա, Իննօրյա թագուհին, Սպարտացիներն իրենց սպարտացի չեն կոչել, Վիկինգներ, Իրավահաջորդության զուգահեռներ և այլն: Իհարկե, որևէ հոդվածում չի կարող պահպանվել և կիրառվել վերոնշյալ բոլոր բաղադրիչները միասին վերցրած: Բայց շատ կարևոր է, որ սովորողը տիրապետի այդ հմտություններին և հնարավորության դեպքում դրանք կիրառի: Այս նախագիծը ենթադրում է անընդհատ շարունակականություն և զարգացում:
Նախագծի ընթացքում առաջանում են մի շարք խնդիրներ: Դրանցից հատկապես առաջնային է այն հանգամանքը, որ սովորողները դժվարանում են մուտքային խոսք կառուցել, ինչպես նաև տեքստը բերել տրամաբանական ավարտի: Դժվարություններ կան նաև դասավանդողի համար: Դասավանդողը բավականին երկար ժամանակ պետք է հատկացնի տեքստեր ընթերցելու, դրանց վերաբերյալ դիտարկումներ և առաջարկություններ անելու համար: Լինում են դեպքեր, երբ տեքստը կամ դրա առանձին բաղադրիչներ փոխվում են 4-5 անգամ: Պատահում են նաև թեմաներ, որոնց դասավանդողն ընդհանրապես չի տիրապետում և սովորողի կատարած աշխատանքն ընկալելու համար պետք է որոշակի չափով թեմային ծանոթանա: Ինչ խոսք, սա օգնում է դասավանդողին ինքնակրթության առումով:
- Բացվել է 1554 անգամ