Գրական պատումի թատրոն

Պարզ ու գեղեցիկ խոսելը գիտություն է, որն իր օրենքներն ունի: Անհրաժեշտ է փոքրիկ քայլերով սովորել տիրապետել խոսքի արվեստը: Դրա հիմքերը պետք է երաժշտության մեջ փնտրել: Խոսքը, բանաստեղծությունը նույն երաժշտությունն է, նույն երգարվեստը: Ձայնը պետք է հնչի և՛ խոսելիս, և՛ բանաստեղծություն ընթերցելիս, հնչի ջութակի պես, ոչ թե  բառերով կտկտա: Չընդհատվողը, նոտան է պակասում  մեր խոսքում: Բառերի երկար շարքում ձայնավորներից մի քանիսը աննկատելիորեն պետք է հոսեն ու թափվեն մյուսների մեջ և նրանց արանքում բաղաձայնները ոչ թե պետք է կտկտան, այլ պետք է երգեն, քանի որ նրանցից շատերն ունեն ձգվող, կոկորդային, սուլական, դժժացող հնչյուններ, որոնք նրանց առանձնահատկություններն են: Այ, երբ, բոլոր հնչյունները երգեն, այն ժամանակ կսկսվի նաև խոսքի երաժշտությունը, կլինի այն նյութը, որ վրա կարելի է աշխատել:

Գեղարվեստական ստեղծագործության բովանդակության մեկնաբանման ընթացքում կատարվում է նյութի, պայմանականորեն ասած, հոգեբանական և տրամաբանական վերլուծություն: Տրամաբանական վերլուծության ընթացքում բացահայտվում են իմաստային առումով գլխավոր նախադասությունները, յուրաքանչյուր նախադասության շեշտակիր բառերը և տրամաբանական դադարները, որոնց միջոցով բառերը խմբավորվում են իմաստային միավորներով, ուսումնասիրվում է կետադրական նշանների գործառույթը՝ յուրաքանչյուր կոնկրետ նյութից ելնելով: Առաջին քայլերից մեկն այն է, որ պետք է փոխել վերաբերմունքը Պատումի թատրոնի նկատմամբ: Թատրոնը ուսումնական գործիք կդառնա միայն այն ժամանակ, երբ զերծ կլինի արհեստական, միջոցառումային վերաբերմունքից: Յուրաքանչյուր դասավանդող մինչ որևէ թատերական ներկայացում հանձնելը պետք է կարևորի դրված խոսքը, այնուհետև անցնի էքսպերիմենտալ, ժանրային լուծումների:

Ստեղծագործական թեման և բառերը մենք ստանում ենք գրական նյութից: Դասվարը, դասավանդողը գրական նյութի հետ աշխատելիս պետք է  դառնա բանաստեղծի (գրողի) գործակիցը, ընկալի թեման, բառային կառուցվածքը և նույն աշխատանքը պետք է փոխանցվի սովորողին:

Կարդում ենք ստուգատեսը լավ առիթ էր Պատումի թատրոնը վերլուծելու, հետևելու, արդյունքները գրանցելու համար: Հաճախ նկատելի էր, որ սովորողները ժամանակի ու սովորության հետևանքով բառերը արտասանում էին անգիտակցաբար, մեխանիկորեն լեզվամկանների տնօրինության հանձնած:Որի արդյունքում բառերնը դառնում են դատարկ, անհոգի, սառը, ներքնապես չջերմացած, մտքով չարդարացված, ձևական: Այսպես կատարվում է խոսքի խեղումը  և մտքի, զգայականի, կամքի ու բոլոր հոգևոր տարրերի աշխատանքը կանխող բառասացությունը: Եթե այս ամենին էլ հավելենք երաժշտություն, միզանսցենա որպեսզի կոծկենք թերի խոսքը ամեն ինչ ավելի կընդգծենք: Հունիսյան թատերական փառատոն 2016-ի առանցքը լինելու է պատումի թատրոնը: Դրան պատրաստվելու համար պետք է  ճանաչենք մեր աշխատանքային խոչընդոտները, սխալները: Ընթերցելիս, խոսելիս, բեմում, հարթակում անհոգի, անզգացմունք բառեր չպետք է լինեն: Հարկավոր չեն գաղափարազուրկ, գորշողություն չունեցող բառեր: Հիշենք, որ բառը կարող է արթնացնել մեր հինգ զգայարանները: Բառը, դերի տեքստը արժեքավոր են այն ներքին բովանդակությամբ կամ ենթատեքստով, որն ամփոփված է նրանում: Բառ կամ հնչյունային գոյ:

Մարդը իր կառուցվածքով այնպիսին է, որ դիմացինի հետ վերբալ հաղորդակցման ընթացքում տեսնում է այն, ինչի մասին զրուցում են, և միայն հետո խոսում է տեսածի մասին: Իսկ եթե լսում ենք դիմացինին, ապա սկզբում ականջով ընկալում ենք այն, ինչ որ մեզ ասում են, հետո լսվածը աչքով տեսնում:

Լսել նշանակում է տեսնել, իսկ խոսել՝ տեսողական կերպարներ  նկարել:
Բառը պարզունակ հնչյուն չէ, այլ հարուցիչ: Ընթերցելիս պետք չէ կենտրոնանալ տեքստը շտապ անգիր անելու վրա, այն պետք է ժամանակի ընթացքում  դառնա սովորողինը, աստիճանաբար ներքին տեսողությամբ այն տեսնի և զգա յուրքանչյուր բառի ենթատեքստը, իրեն հանձնարարված բառերը:

Մեռած բառասացության դեմ պայքարելու լավագույն միջոցը այն է, որ սովորողը  ունենա ճշմարիտ ցանկություն, ձգտում մյուսներին իր ներքին տեսունակության մտապատկերները հաղորդելու: Մտապատկերները զգացաբար փոխանցելու, բառի գործողությունը ցուցադրելու:

Ի՞նչ ասել է բառի գործողություն:  Դա կենդանի խոսքի գործընթացի պահերից մեկն է, որը պարզ բառասացությունը դարձնում է ճշմարիտ, արդյունավետ ու նպատակամղված գործողություն: Երեք հետագծեր՝ մտքով, մտապատկերով ու բառային գործողությամբ պետք է աշխատել սովորողի հետ, որպեսզի կյանքի կոչվի  իրական, կենդանի պատումի՝ խոսքի թատրոնը:

Խոսքում կարևոր դեր ունի կետադրությունը «կարդալը»: Կետադրությունը պահանջում է պարտադրված ձայնելևէջներ: Վերջակետը, ստորակետը, հարցական ու բացականչական նշանները ունեն միայն իրենց բնորոշ, պարտադիր ձայնային դարձվածքներ: Առանց այդ հնչերանգների դրանք իրենց  խնդիրն ու կոչումը կատարել չեն կարող: Կետադրական նշանների ուղղակի պարտավորությունն է խոսքի բառերը համախմբել ու նշել կանգառներն ու դադարները: Դրանք տարբեր են ոչ միայն  տևողությամբ, այլև բնույթով՝ պայմանավորված այն ձայնելևէջնորով, որոնք ուղղորդում են խոսքային կանգառները: Այլ  կերպ ասած՝ յուրաքանչյուր կետադրական նշան պահանջում է համապատասխան յուրահատուկ ձայնելևէջ: Խոսքում պակաս կարևոր չէն տակտերը: Տակտերով ընթերցումն ունի կարևոր գործնական խորհուրդ՝ օգնում, խթանում է խոսքի վերապրմանը: Խոսքը նշագծերով բաժանելն ու ընթերցելը ստիպում է առանձին ֆրազները վերլուծել, մտնել խոսքի էության մեջ: Խոսքը ոչ միայն դառնում է մատչելի, այլև բովանդակությամբ՝ խորը:  Աշխատանքը խոսքի վրա պետք է սկսել խոսքային տակտերի բաժանելուց կամ, այլ կերպ ասած՝ տրամաբանական, հոգեբանական դադարներից:

Միայն բոլոր վերը նշված փուլերն անցնելուց հետ կարելի կլինի անցնել գեղարվեստական լուծումների՝ երաժշտական, ժանրային ձևավորումների:

Ուղեցույցը՝ այստեղ:

Կարդում ենք Չարենց 

Կարդում ենք Տերյան

Երգ երգոց

«Կատարսիս» թատրոն-ակումբի էջը «Ձայնադարան» ցանցում։ 

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский