«Մարզում ենք գլխուղեղը» նախագիծ

 Նուրբ մոտորիկայի, այսինքն՝ մատների նուրբ շարժողականության ձևավորում-զարգացումը լոգոպեդական աշխատանքում կարևոր բաղկացուցիչ է։ Ակնհայտ և ապացուցված է նուրբ մոտորիկայի կապը խոսքի, ինտելեկտի զարգացման հետ։ Հենց այս առիթով էլ հատկապես փոքրերի հետ աշխատանքում զգալի տեղ է հատկացվում մատների տարբեր շարժումներով զուգակցված խաղերին, վարժանքներին։ Իմ ամենօրյա գործունեության ընթացքում և՛ անհատական, և՛ խմբային պարապմունքներ իրականացնելիս մշտապես կարևորում եմ նուրբ մոտորիկայի զարգացումը։

2015 թ․ սեպտեմբերից իրականացնում եմ «Մարզում ենք գլխուղեղը» նախագիծը, որը միանգամից սիրելի և սպասված դարձավ պարտեզի սաներիդպրոցի սովորողների,ծնողական ակումբի ու նաև դասավանդողների կողմից։  

Նախագիծը վարժությունների շարք է (հիմնականում ձեռքի մատներով), որ նպաստում է գլխուղեղի զարգացմանը, ընդլայնում է ուղեղի ֆունկցիոնալ հնարավորությունները, զգալիորեն բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը: Դրանք դիմանիկ վարժություններ են, որ զարգացնում են հիշողությունը, գլխուղեղի կիսագնդերի փոխհամաձայնեցված աշխատանքը, մեծացնում են մտածողության, որոշումներ կայացնելու, ռեակցիաների արագությունը: Բացի այդ, վարժություններն ունեն ընդհանուր առողջարարական ազդեցություն, քանի որ ընթացքում ակտիվանում են մատների ծայրերին տեղակայված բիոակտիվ կետերը:

Նախագիծն ըստ համապատասխան բարդության նախատեսված է տարատարիք խմբերի համար՝ սկսած 2-3 տարեկանից և առանց մեծերի տարիքային սահմանափակման:

Նախագիծը որպես հանրակրթության բաղկացուցիչ կիրառելն ինքնին նորույթ է։ Այստեղ խմբավորված են սովորողի տարիքին և հնարավորություններին համարժեք խաղ-վարժություններ, որոնք հատկապես շեշտադրում են երկու ձեռքով միաժամանակ տարբեր գործողություններ կատարելու հմտության ձևավորումնու զարգացումը։ Նպատակահարմար է վարժություններն ընտրել պարզից բարդ սկզբունքով, յուրաքանչյուրը մինչև 1 րոպե տևողությամբ: Վարժությունների քանակը չի սահմանափակվում կոնկրետ թվով և չի պահանջում որոշակի պարտադիր հաջորդականություն, հետևաբար կարելի է ցանկացած պահի ընդհատել: Այսպիսով այն հեշտությամբ կարելի է կիրառել և՛ ուսումնական պարապմունքի ընթացքում` որպես գործունեթյան մի ձևց մյուսին անցում կամ օգտակար դադար, և՛ դրանից դուրս: Առանձնահատուկ կարևորությամբ եմ նշում այս վարժությունների՝ որպես յուրօրինակ ախտորոշիչ թեսթ լինելը, ինչը բացահայտվեց և հաստատվեց նախագծի իրականացման ամիսների ընթացքում։ 2-5-րդ դասարանի սովորողների շրջանում հետազոտությունը բացահայտեց մի օրինաչափություն, համաձայն որի դիսլեքսիայով/դիսգրաֆիայով երեխաները տիպիկ և կայուն ձևով դժվարանում են այս վարժությունների կատարման մեջ։ Դժվարանալ ասելով՝ նկատի չունեմ այն առաջին շփոթմունքը կամ անսովոր առաջադրանքից առաջ եկող անկանոն, չհամաձայնեցված, դժվար կառավարելի շարժումները, որ շատ հաճախ առկա են վարժություններն առաջին անգամ փորձելիս, և որոնք հավելյալ կենտրոնացման դեպքում բավականին արագ հաղթահարվում են, դառնում սահուն և, ի վերջո, կարող են կատարվել նաև մեխանիկորեն։ Դիսլեքսիայով/դիսգրաֆիայով սովորողների դեպքում անգամ բազմակի փորձերից հետո վարժություններն այդպես էլ չեն դառնում բավարար չափով սահուն, իսկ որոշները մնում են անիրագործելի, թեև պարզ տարբերակները (նախատեսված ամենացածր տարիքային խմբի համար)՝ կարող են յուրացվել և ավտոմատիզացվել։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում նախագիծը հաջողությամբ մաս է կազմում նաև առավոտյան ընդհանուր պարապմունքների և Մեդիաուրբաթների: Ուրախությամբ եմ նշում, որ «Մարզում ենք գլխուղեղը» հասցրել է դառնալ նաև ընտանեկան նախագիծ:

Ոգևորող են սովորողների հետաքրքրությունը և կրկին ու կրկին ջանք գործադրելը, առաջին հայացքից պարզ, սակայն իրականում անսովոր, երբեմն էլ բավականաչափ կենտրոնացում ու հմտություն պահանջող վարժությունները կատարելիս։ Տպավորիչ են պարտեզի հատկապես 2-3 տարեկանների հաճույքով մասնակցությունն ու ձգտումը և, իհարկե, դասավանդողների շփոթված ժպիտները, երբ քանիցս փորձելուց հետո անգամ չի ստացվում թվացյալ պարզ վարժությունը:

Կարևոր են նաև արձագանքներն այն մասին, որ վարժություններն առանձին իրավիճակներում օգնել են արագ կենտրոնանալուն, լարվածությունը թուլացնելուն, խմբում դրական մթնոլորտ ապահովելուն:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский