Շրջիկ նախագիծ կամ ուսուցման ազատություն
Primary tabs
Նախագծային ուսուցումը հետաքրքիր է հենց իր ազատ դրսևորումների մեջ, երբ կազմակերպման մեջ սովորողի ընտրությունը հնարավորինս լայն է, գործունեությունը՝ հնարավորինս ստեղծագործ: Կարծում եմ` մեր կրթահամալիրում այս գործունեությունն արդեն այնքան է խմորվել, որ կարող ենք անցում կատարել նաև` նախագծային շրջիկ գործունեությանը: Սա ուսումնական պլանի կազմակերպման նոր մոդելի նախատիպ է՝ սովորողի ընտրությամբ բաղադրիչի (ընտրությամբ գործունեություն, ակումբ) մասով։
Ի՞նչ է շրջիկ նախագիծը: Անունն, իհարկե, պայմանական է. սիրով սպասում եմ այլ, ավելի հարմար անվան առաջարկի։ Սա ավելի շուտ նախագծերի կազմակերպման մոդել է, որի մտահղացումն առաջացավ միայն նախագծերով ուսուցման շաբաթվա ծրագրի մշակման, կազմակերպման, արդյունքների ամփոփման, սովորողների, գործընկերներիս հետ քննարկումների արդյունքում։
Սկսեցինք մոդելի մշակման, ձևակերպման աշխատանքները։ Ներկայացնում եմ իմ մշակումը, ուրախ-բաց կլինեմ լրամշակման, կոնկրետ և կառուցողական դիտարկումների, քննարկումների համար։
Սկսենք։
«Շրջիկ նախագիծ» կազմակերպումը կարող է ունենալ ինչպես տասնօրյա, այնպես էլ մեկամսյա, կեստարյա-մեկտարյա տևողություն` կախված այն խնդրից, խնդիրներից, որոնք պետք է լուծվեն, բացահայտվեն, վերհանվեն այդ ընթացքում: Այն կարող է ունենալ և՛ քաղաքացիական, և՛ սոցիոլոգիական, գրական, բնագիտական, թատերական, նկարչական-դիզայներական, բնագիտական-մաթեմատիկական, լեզվակիրառական բաղադրիչներ՝ նախատեսված տարբեր տարիքային խմբերի սովորողների համար՝ աշխատանքի տարբեր բարդության ու ծավալի մասերով, համապատասխան աշխատընթացքով, արդյունքներով:
Այստեղ առանցքային է այն հարցադրումը, որ մի նախագիծը կարող է պտտվել կրթահամալիրի տարբեր դպրոցներում, նույն դպրոցի տարբեր խմբերում ու սովորողների տարբեր խմբերի հետ զարգացման մի փուլ հաղթահարել: Այսպիսով ապահովվում են և՛ նախագծի տարածումը, և՛ դրա մատչելիությունը հնարավորինս մեծ խմբի համար, և՛ արդյունքների ստեղծումը:
Այս մոդելը կիրառելի ու հարմար է հատկապես լայնաֆորմատ նախագծերի համար, երբ ուզում ենք, որ տվյալ նախագիծը հնարավորինս բացվի, ծավալվի: Սա դասավանդողի համար դրսևորման լավ հնարավորություն կդառնա, որովհետև հաճախ նախագծի վրա աշխատելու, դրա մեջ խորանալու, այն բացելու-ընդարձակելու ժամանակը քիչ է լինում, այսպես ժամանակի խնդիր չենք ունենում։ Բացի դրանից, հաճախ նախագծի մի փուլը հարմար է իրականացնել տարիքային մի խմբում. այդպես և՛ ավելի արդյունավետ է, և՛ տվյալ տարիքի սովորողների ընտրությունն է, մյուս փուլը` այլ տարիքային խմբում, որտեղ նախագծի ինչ-որ փուլի ինչ-որ խնդիրներ պարզունակ կամ բարդ են թվում, աշխատանքը չի հետաքրքում: Էսպես ստացվում է, որ բոլոր փուլերը հաղթահարվում են, տարատարիք սովորողներն ազատ ընտրելու, աշխատելու, ինքնադրսևորվելու, ցուցադրելու հնարավորություն-խթան են ունենում:
Էսպես նախագիծն ինքնուրույն ու ազատ կյանքի իրավունք է ստանում, այն համակարգող մասնագետը` ազատություն. չի սահմանափակվում մի դպրոցով, կամ դասաբաշխում-դասացուցակով իրեն կցված խմբի հետ աշխատանքով:
Համակարգողի կողմից ներկայացված՝ հրապարակված, սովորողների նախաձեռնող խմբի կողմից ընտրված, ընտրությունը գրանցված-հաստատված, նախագիծն ընտրում են այն սովորողները, ում հետաքրքիր է, ում նախասիրությունները տվյալ պահին այդ նախագծի շրջանակում տեղավորվում են:
Նման նախագիծը․
- Ապահովում է տարատարիք սովորողների ներառումը
- Իրոք գրանցում ու կարևորում է սովորողի հետաքրքրությունները
- Կարևոր ու կոնկրտ հմտություններ է զարգացնում
- Ինչ-որ փուլում կոնկրետ արդյունք գրանցում։
Նախագիծն իր մեջ ներառում է․
- Կազմակերպչական փուլը․ նախագծի մտահղացում, ձևակերպում, քննարկում և լրամշակում
- Ընտրության փուլ․ նախագծի պատշաճ ներկայացում-տարածում, սովորողներին՝ կողմնորոշում, ընտրության գրանցում
- Աշխատանքի բաժանում-պլանավորում
- Գործունեություն՝ ըստ նախապես ֆիքսված ժամանակացույցի
- Արդյունքների ներկայացում, լրամշակում
- Ամփոփում, քննարկում, հրապարակում
Նախագիծն ապահովում է․
- նախագծին ներկայացվող բոլոր պահանջները կամ գրանցում նորերը. ըստ այդմ կարող ենք փոփոխություններ առաջարկվել ուսումնական նախագծի մշակման և իրականացման գործող կարգում, հեղինակային կրթական ծրագրերի կազմակերպման մեջ.
- նախագծում ընդգրկված սովորողների ուսումնական գործունեության իրականացումը՝ դրա ամբողջական կազմակերպումը.
- նախագծի հանրայնացումն ու տարածումը.
- ընթացքի, արդյունքների պարբերական հրապարակումը, ներկայացումը.
- նախագծում ընդգրկված սովորողների, նաև՝ տարատարիք, համագործակցությունը՝ փոխօգնության, միմյանց ուսուցանել-օգնելու, աշխատանքի բաժանման բոլոր բաղադրիչներով։
Նախագծի առարկայական-համագործակցային, ամբողջականությանն ուղղված հնարավորությունները
Առարկայական մասնագետների մի խմբի համար (երկու-երեք դասավանդող) համար միասին աշխատելու, ստեղծել-նախատեսել-իրականացնելու լավ հնարավորություն է, նաև՝ ինքնակրթություն։
Միջառարկայական համագործակցություն ապահովող գործունեություն է։ Այս կետը հատկապես շատ եմ կարևորում․ նախագծի տարբեր փուլեր իրականացնելու համար այս համագործակցությունը շատ կարևոր է՝ մեզանում պակասող։ Լեզվի մասնգետն խմբի հետ իրականացնում է աշխատանքի իր բաժինը՝ ասենք՝ խոսքի մշակումը, հրապարակումներում խոսքի մշակումը, օտար լեզվի մասնագետն իր խմբի հետ՝ նյութերի տարածում-հանրայնացումն օտար լեզվով, դիզայնինը՝ հետաքրքիր լուծումների, ձևավորումների մասը, երաժշտությանը՝ երաժշտական և այլն։ Այստեղ խնդիրներ առաջ է քաշում հենց նախագիծը, որը կարող է ունենալ համակարգող դասավանդող կամ սովորող և տարբեր մասերի համակարգող մասնագետներ՝ առարկայական տարբեր մասնագետներ, սովորողներ և՝ աշխատանքային խումբ։ Արդյունքում՝բազմատարր, ամբողջական, ցուցադրելի նախագիծ։
Արդեն քննարկված, լրամշակված, իրականացվող շրջիկ նախագծեր։ Այս փուլում նախագծերն իրականացվում են միջին դպրոցի սովորողների և կրթահամալիրի հինգերորդ դասարանցիների տարբեր խմբերի հետ համատեղ․
- Հասմիկ Թոփչյան
- Ժաննա Հակոբյան
- Մերի Առաքելյան
- Լուսինե Բուշ
- Սյուզի Հակոբյան, Լիանա Հակոբյան
- Արևիկ Ներսիսյան
- Տաթև Ալեքսանյան։
Թվարկածս նախագծերն ընթացքի մեջ են, ընթացքի, արդյունքների մասին կտեղեկանք կրթահամալիրի կայքից, դասավանդողների, սովորողների բլոգներից, հաջորդ հոդված-հրապարակումներից։
- Բացվել է 1548 անգամ