«Տիգրան Հայրապետյան» գրադարանը հավաքից հավաք 2016թ.

Հեղինակ: 

Կրթահամալիրում հեղինակային մանկավարժության հեղինակների մայիսյան հավաքը մայիսից մայիս ընկած ժամանակահատվածում տարված մեր աշխատանքի հաշվետվությունն է։ Ներկայացնենք նաև «Տիգրան Հայրապետյան» գրադարանի աշխատանքը:

Մի քանի ձեռքբերումների մասին։ 

Առաջին ձեռքբերում`Շրջիկ գրադարան։

Ի՞նչ ասել է շրջիկ գրադարան, շարժական գրադարան (bookmobile), քայլող գրադարան, շրջող գրադարան: Դա գրադարանային ծառայությունների ձևերից մեկն է: Այսօր գրադարանային բառապաշարի մեջ շատ տարածված են շարժունություն, մոբիլութուն բառերը (передвижная/traveling, мобильная/mobile):

Կրթահամալիրի գրադարանի համար մոբիլ լինելը կենսաձև է: Երբ գրադարանը ձգտում է զարգացման, երբ շարժվում է ժամանակին համընթաց, երբ փոփոխվում է՝ կլինի ֆիզիկական, միջավայրի, նախագծային, թե աշխատաձևի, միևնույն է, դա արդեն խոսում է նորացվող գրադարանի մասին: Ցավոք սրտի, աշխարհում, ինչպես նաև Հայաստանում, բազում գրադարաններ փակվել են կամ լուծարվել, քանի որ չեն փոփոխվել:

«Շրջիկ գրադարան» նախագծի նպատակն է սովորողների շրջանում խրախուսել տպագիր գրքի ընթերցանությունը, զարգացնել ընթերցանության նկատմամբ սովորողների հետաքրքրությունը, սովորողների նախասիրությունները համատեղել գրադարանի կողմից առաջարկվող նախագծերին և ծրագրերին: Ըստ այդմ, կրթահամալիրի օրացույցի համապատախան, գրադարանի շրջիկ անձնակազմը անցնում է կրթահամալիրի դպրոցներով և կազմակերպում ընթերցանության ժամեր: Մեր առջև խնդիր է դրված. յուրաքանչյուր ընթերցողի ծանոթացնել գրադարանում առկա նոր գրքին: Ամեն անգամ կարևորում ենք գրականության ընտրությունը՝ հաշվի առնելով սովորող-ընթերցողի տարիքը, նախասիրությունները, հետաքրքրասիրությունները: Շատ կարևոր է, որ գիրքը գրավիչ, հետաքրքիր, գունազարդ լինի սովորողի համար:

Ընթերցանության ժամանակ ընթերցողը ինքնաբերաբար փոխվում-բացահայտվում է, ի ցույց դնում իր կարողությունները: Այնուհետև գիրքը գովազդվում է. սովորողը իր ցանկությամբ պատրաստում է ռադիոլուր: Բայց հիմա երևի կմտածեք. «Ի՞նչ է, ընթերցողը գրադարանի տեղը չգիտե՞ր»: Իհարկե գիտեր և գիտի, բայց դասարանային ընթերցումները, քննարկումները ավելի գրավիչ են: Երբ յուրաքանչյուր սովորող գովազդում կամ քննադատում է կարդացած գիրքը, դա արդեն խոսում է գրքի հանդեպ տածած հետաքրքրության մասին: Գիրք շնչում ու ապրում է, երբ իրեն կարդում են:

Հաջորդ ձեռքբերումը՝ ամառային ընթերցանություն։

Ընթերցասիրությունը խրախուսելու ու զարգացնելու համար գրադարանը անընդհատ նոր մեթոդներ է մշակում: Այս անգամ էլ «Ամառային ընթերցանությունը» դարձավ մեր նպատակների իրականացման նախագիծ: 
Ծրագրում ընդգրկված գրքերը «Զանգակ» հրատարակչության վերջին շրջանի հրատարակություններն են՝ և՛ դասական, և՛ ժամանակակից գրականության, համաշխարհային ու հայ հեղինակների լավագույն ստեղծագործությունները: Ամառային ընթերցանությունը ամենամյա մանկապատանեկան ծրագիր է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են կարդալ և փոխանցել իրենց տպավորությունները ընկերոջը, ծանոթին, անգամ անծանոթի: Տանը, գրախանութներում, քաղաքում, լողափներում, բակերում ընթերցանությունը, հանդիպումները գրքերի հեղինակների և թարգմանիչների հետ, քննարկումները զարգացնում են ազատ խոսքն ու միտքը:

Շատ գրավիչ էր Ջրային ընթերցանությունը։

Արևը կլոր էր, լողավազանը՝ կլոր, երկինքը՝ բարձր, ջուրն էլ՝ տաք…. Ծիրանի ծառին փարված կլոր սեղանի շուրջ այսօր փորձարկեցինք «Ջրային ընթերցանություն» մարզաձևը և քննարկման դրեցինք Լյոնեբերգացի Էմիլի անկարգությունները:

Արդյունքում կրթահամալիրի ակտիվ մասնակցության շնորհիվ ստացանք գրապահարան տնակը, որը վեց ամիս շարունակ շրջեց կրթահամալիրի կրտսեր դպրոցներում և Մայր դպրոցի կենտրոնական ընթերցարանում: Հրավիրվեցին թարգմանիչներ, հեղինակներ, ընթերցվեց շուրջ 25 անուն գիրք: Վկան՝ գրադարանավարի բլոգը:

2015թ նախագծային ձեռքբերումներից է գրադարանի գործառությունների և սպասարկման կազմակերպման ավտոմատացման նոր ծրագրի կիրառումը:

Նախագծային աշխատանքներ

Այս աշխատանքի համար արժանացանք գլխավոր մրցանակի: Իսկ մրցանակը «Օձուն 2016» վրանային-ընթերցողական ամառային ճամբար նախագիծն է:

  • Գրադարանային նախագծեր։ 
    Կրթահամալիրի միջավայրը անընդհատ զարգացում է ապրում: Այս անգամ էլ նկուղային տարածքը բարեկարգվեց, նորոգվեց և վերածվեց տաք, լուսավոր և հարմարավետ դասասենյակների: Ամեն մի փոփոխություն ընթերցողի համար գրավիչ է (Աննա Գսպոյան «Նորից նորի մասին»):

Աշխատանքներ շատ կան՝ պետք է թվայնացնել կրթահամալիրի քոլեջի՝ միջին մասնագիտական կրթական ծրագրի 1990-2000-ական թթ շրջանավարտների դիպլոմային այն աշխատանքները, որոնք այսօր էլ կարող են կիրառվել որպես ուսումնական նյութ, պետք է համալրել կրթահամալիրի պատմության թանգարանը, ձեռք բերել նոր հրատարակված գրքեր, կազմակերպել հանդիպումներ գրողների, թարգմանիչների հետ, մասնակցել և կազմակերպել գրքերի շնորհանդեսներ…

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский